Ֆոքսլի գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոքսլի գործողություն
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական 1944 թվական
Վայր Բերգհոֆ
Պատճառ Ադոլֆ Հիտլերի սպանություն
Արդյունք Չեղարկված գործողություն

«Ֆոքսլի» գործողություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Ադոլֆ Հիտլերի սպանության ծրագիր, որը մշակել է Հատուկ գործողությունների բրիտանական վարչությունը (SOE): Չնայած մանրակրկիտ նախապատրաստությանը՝ այդ ծրագիրն իրականացնելու ոչ մի փորձ չի ձեռնարկվել։ Պատմաբանները կարծում են, որ մահափորձի ամենահավանական ամսաթիվը կլիներ 1944 թվականի հուլիսի 13-14-ը՝ Հիտլերի՝ Բերգհոֆ կատարած այցերից մեկի ժամանակ։

Նախորդ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի սպանության առաջին բրիտանական պլաններից մեկը եղել է «Ամերիկա» հատուկ գնացքը պայթեցնելը (1943 թվականին վերանվանվել է «Բրանդենբուրգ»), որում նա եղել է, SOE-ն պայթուցիկի օգտագործմամբ գնացքներ պայթեցնելու մեծ փորձ է ունեցել։ Ծրագիրը չեղյալ է հայտարարվել, քանի որ Հիտլերի ժամանակացույցը չափազանց անկանոն և անկանխատեսելի էր. կայանները տեղեկացրել են նրա ժամանման մասին ընդամենը մի քանի րոպե առաջ։

Մեկ այլ ծրագիր էր ինչ-որ անհամ, բայց մահացու թույնը գնացքում լցնել Հիտլերի խմելու ջրի մեջ։ Այնուամենայնիվ, այս ծրագիրը շատ բարդ էր համարվում, քանի որ անհրաժեշտ էր ունենալ «ներսի մարդ»։

Գործողության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական լեռային զորքերի համզգեստը․ մարդասպանները պետք է հագնվեին սրա նման

Ի վերջո, դիպուկահարի կողմից սպանության իրականացումը համարվում էր հաջողության հասնելու ամենահավանական մեթոդը։ 1944 թվականի ամռանը մի գերմանացի, որը Հիտլերի անձնական թիկնապահն էր Բերգհոֆում, գերի էր վերցվել Նորմանդիայում։ Նա պատմել է, որ Բերգհոֆում Հիտլերը միշտ 20 րոպե առավոտյան զբոսանք է կատարել մոտավորապես նույն ժամին (10:00-ից հետո)։ Հիտլերը սիրում էր, որ ինքը մենակ լինի այդ զբոսանքի ժամանակ՝ թողնելով իրեն առանց պաշտպանության ինչ-որ անտառի մոտ։ Երբ Հիտլերը եղել է Բերգհոֆում, հարևան քաղաքից տեսանելի է եղել ծածանվող նացիստական դրոշը։

Ծրագրվում էր Հիտլերին սպանել առավոտյան մարզման ժամանակ, երբ նա անպաշտպան էր։ Սխեման նախատեսում էր, որ SOE-ն Ավստրիայում  պարաշյուտով կիջեցնի գերմանախոս լեհ և բրիտանացի դիպուկահարին։ Հավաքագրվել էր նաև «ներսի մարդը», ով հանդիսանում էր Դեզիր անունով ռազմագերու հորեղբայրը, որը հարևան (20 կմ) Զալցբուրգում ապրող խանութպան էր․ նա կոչվում  էր Հայդենտալեր և մոլի հականացիստ էր[1]։ Նա պարտավոր էր թաքցնել գործակալներին և տեղափոխել նրանց Բերխտեսգադեն՝ թաքցնելով գերմանական լեռնային զորքերից, որտեղ նրանք պետք է մոտենան բարենպաստ վայրի՝ սպանությունն իրականացնելու համար[2]։

Վարձվել էր դիպուկահար էր, նրան հրահանգավորել էին և ներկայացրել պլանը[3]։ Նա մարզվել էր՝ Մաուզեր օպտիկական նշանառություն ունեցող, Վերմախտի ստանդարտ Kar98k հրացանով նախատեսված հարձակումը նմանակող պայմաններում անվրեպ կրակելով շարժվող կեղծ թիրախների վրա։ Բացի այդ, տրամադրվել է Պարաբելլում Լյուգեր ատրճանակ, որն ուներ բրիտանական արտադրության խլացուցիչ, որպեսզի դիպուկահարը հանգիստ կարողանար հաղթահարել ցանկացած սպառնալիքներ՝ մոտենալով թիրախին։ Ներկայումս «Լյուգերը» ցուցադրվում է թանգարանում[4]։

Բրիտանական ղեկավարության մեջ կար որոշ ընդդիմություն, որը դեմ էր Հիտլերի սպանության գործողությանը։ Մասնավորապես դրան դեմ էին Հատուկ գործողությունների բրիտանական վարչության գերմանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ռոնալդ Թորնլին։ Այնուամենայնիվ նրա ղեկավար Ջերալդ Թեմփլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը աջակցել են գործողության իրականացմանը։

Գործողության առաջարկը ներկայացվել է 1944 թվականի նոյեմբերին, սակայն այդպես էլ հավանության չի արժանացել բրիտանական կառավարությունում տարաձայնությունների պատճառով։ Քննարկվել է, թե արդյոք Հիտլերի հեռացումը խելամիտ միջոց է հաղթանակը արագացնելու համար։ Այդ ժամանակ բրիտանացիները նրան այնքան վատ ստրատեգ էին համարում, որ հնարավոր էր համարվում, որ թեկնածուները, որոնք կարող էին դառնալ նրա իշխանության ժառանգներ, կարող էին մեծ խնդիր ներկայացնել դաշնակիցների ռազմական ջանքերի համար։ Թորնլին նաև պնդում էր, որ Գերմանիան գրեթե պարտություն է կրել, և եթե Հիտլերը սպանվի, նա կդառնա նահատակ որոշ գերմանացիների համար և գուցե մի առասպել առաջացնի, ըստ որի՝ Գերմանիան կարող էր հաղթել, եթե նա գաղտնի միջոցներով չսպանվեր, ինչը կհանգեցնի Գերմանիայի հետ նոր պատերազմների սպառնալիքին։ Քանի որ դաշնակիցների ռազմական նպատակները ոչ միայն երրորդ ռեյխի ռազմական պարտությունն էին, այլև Կենտրոնական Եվրոպայում նացիստական քաղաքական գաղափարախոսության ոչնչացումը, դա պոտենցիալ անցանկալի գործողություն էր դարձնում։ Բրիտանական կառավարությունը կիսել են նրա հայացքները, այդ պատճառով գործողությունը չի արտոնվել։ Գործողության իրականացման հավանությունը նաև չի տրվել Բերգհոֆում Հիտլերի օրվա ռեժիմի մասին հավաստի հետախուզական տվյալների բացակայության պատճառով, ինչն անհրաժեշտ էր, որպեսզի ապահովվեր գրոհային խմբի հաջողության ողջամիտ շանսերը[3]։

Հիտլերը վերջին անգամ լքել է Բերգհոֆը 1944 թվականի հուլիսի 14-ին և ինքնասպան է եղել Բեռլինում 1945 թվականի ապրիլի 30-ին՝ Եվրոպայում պատերազմի ավարտից մի քանի օր առաջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Russell, Shahan (2016 թ․ հունվարի 6). «Britain's Plan to Kill Hitler By Having a Sniper Shoot Him During His Daily Walk To The Tea House». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Operation Foxley: Kill Hitler!».
  3. 3,0 3,1 Felton, Mark (2014 թ․ օգոստոսի 4). Guarding Hitler: The Secret World of the Fuhrer. Pen and Sword. ISBN 9781473838383. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին – via Google Books.
  4. Mustermann, Erik (2014 թ․ հուլիսի 31). «Luger Pistol Meant for Hitler Assassination». WAR HISTORY ONLINE (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]