Jump to content

Ֆոտոկերատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոտոկերատիտ
Տեսակհիվանդության տեսակը և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն

Ֆոտոկերատիտ կամ ուլտրամանուշակագույն կերատիտ, աչքի ցավոտ և ախտաբանական վիճակ, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից՝ բավարար պաշտպանություն չլինելու դեպքում, ինչպես բնական (օրինակ՝ ուժեղ ուղղակի կամ անդրադարձված արևի լույս), այնպես էլ արհեստական (օրինակ՝ էլեկտրական աղեղի եռակցման ժամանակ) աղբյուրներից։ Ֆոտոկերատիտը նման է եղջերաթաղանթի և շաղկապենու արևայրուքի։

Վնասվածքը հնարավոր է կանխել կրելով պաշտպանիչ միջոցներ, որոնք արգելակում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ մասը, ինչպիսիք են համապատասխան ֆիլտրերով ակնոցները, եռակցողի սաղավարտը, բավարար ՈՒՄ պաշտպանությամբ գնահատված արևային ակնոցները կամ համապատասխան ձյան ակնոցները։ Վիճակը սովորաբար բուժվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուրից հեռացմամբ, եղջերաթաղանթների ծածկմամբ և ցավազրկման միջոցների կիրառմամբ։ Ֆոտոկերատիտը հայտնի է նաև տարբեր այլ անվանումներով, այդ թվում՝ ձյան կուրություն, աղեղնաձև աչք, եռակցողի լուսարձակ, ավազե աչքեր, եղջերաթաղանթի լուսարձակող այրվածքներ, նիֆաբլեպսիա կամ ֆոտոէլեկտրական կերատոկոնյունկտիվիտ։

Ախտանիշներ և նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված ախտանիշներն են ցավը, ինտենսիվ արցունքահոսությունը, կոպերի թրթռոցը, պայծառ լույսից առաջացած անհարմարությունը[1], ինչպես նաև նեղացած բբերը։

Ուլտրամանուշակագույն լույսի ցանկացած ինտենսիվ ազդեցություն հանգեցնում է ֆոտոկերատիտի[2]։ 2010 թվականին Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտի օպտոմետրիայի բաժինը հրապարակել է, որ ֆոտոկերատիտի շեմը կազմում է 0.12 Ջ/մ²[3]։ Մինչ այդ, 1975 թվականին, ԱՄՆ Ճառագայթային առողջության բյուրոյի կենսաբանական ազդեցությունների բաժինը հրապարակել է, որ մարդու համար ֆոտոկերատիտի շեմը կազմում է 50 Ջ/մ²[4]։ Տարածված պատճառներից է եռակցումը՝ աչքերի պատշաճ պաշտպանություն չօգտագործելու դեպքում, օրինակ՝ համապատասխան եռակցման սաղավարտի կամ եռակցման ակնոցների բացակայության ժամանակ։ Սա անվանվում է աղեղային աչք, մինչդեռ սառույցից և ձյունից արտացոլված արևի լույսի ազդեցությամբ առաջացած ֆոտոկերատիտը, հատկապես բարձրադիր վայրերում, սովորաբար կոչվում է ձնային կուրություն[5]։ Այն կարող է առաջանալ նաև սոլյարիումի (tanning beds) օգտագործման հետևանքով՝ առանց համապատասխան պաշտպանիչ միջոցների։ Բնական աղբյուրներից են արևի պայծառ լույսը, որը անդրադառնում է ձյունից կամ սառույցից, կամ ավելի հազվադեպ՝ ծովից կամ ավազից[6]։ Թարմ ձյունը անդրադարձնսում է ուլտրամանուշակագույն ճառագայթման մոտ 80%-ը՝ համեմատած չոր ավազոտ լողափի (15%) կամ ծովային փրփուրի (25%) հետ։ Սա հատկապես լուրջ խնդիր է բևեռային շրջաններում և բարձրադիր վայրերում[5], քանի որ ծովի մակարդակից յուրաքանչյուր 300 մ (980 ֆուտ) բարձրացման դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը աճում է շուրջ 4%-ով[7]։

Ֆլուորեսցեինային ներկով գունավորումը ուլտրամանուշակագույն լույսի տակ կբացահայտի եղջերաթաղանթի վնասվածքները[8]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինուիտների լեռնագնացության համար օգտածործվող ձյան ակնոց

Ֆոտոկերատիտը կանխվում է՝ օգտագործելով արևային ակնոցներ կամ աչքերի պաշտպանիչ միջոցներ, որոնք փոխանցում են տեսանելի լույսի 5–10%-ը և կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների գրեթե ամբողջ մասը։ Բացի այդ, այդ ակնոցները պետք է ունենան մեծ ոսպնյակներ և կողային վահաններ՝ պատահական լույսի ազդեցությունից խուսափելու համար։ Արևային ակնոցները պետք է միշտ կրել, նույնիսկ երբ երկինքը ամպամած է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են անցնել ամպերի միջով[9]։

Ինուիտները, յուպիկները և այլ բևեռային ժողովուրդներ հազարամյակներ շարունակ ձյունային կուրությունը կանխելու համար պատրաստել են ձնային ակնոցներ՝ օգտագործելով նյութեր, ինչպիսիք են լողացող փայտը կամ կարիբու եղջյուրները[10]։ Ակնոցները եղել են կլորավուն՝ հարմարեցված օգտագործողի դեմքին, հետևի մասում մեծ ակոսով՝ քթի համար, և թույլ են տվել լույսի փոքր քանակությամբ մուտք՝ իրենց երկարությամբ կտրված բարակ ճեղքի միջով։ Ակնոցները գլխին ամրացվել են կարիբուի ջլերից պատրաստված լարով[11]։

Արևային ակնոցների ոսպնյակների բացակայության դեպքում արտակարգ իրավիճակներում հնարավոր է պատրաստել ժամանակավոր ոսպնյակներ՝ մուգ կտորի կամ ինքն իր վրա ծալված ժապավենի մեջ ճեղքեր կտրելով[12]։«SAS Survival Guide»-ը խորհուրդ է տալիս աչքերի շուրջ մաշկը սևացնել փայտածխով (ինչպես արել են հին եգիպտացիները)՝ լրացուցիչ անդրադարձումը նվազեցնելու համար[13][14]։

Արկտիկական և Անտարկտիկական հետազոտողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային շրջանների հետազոտողները կիրառել են տարբեր մեթոդներ և նյութեր՝ ձյունածածկ միջավայրերում ուժեղ անդրադարձից աչքերը պաշտպանելու համար։ Էդվարդ Էվանսը նշել է դեղին և նարնջագույն երանգով ակնոցների տարածվածությունը հետազոտողների շրջանում, թեև որոշները նախընտրել են կանաչը[15]։

Չնայած կապույտ և մանուշակագույն ակնոցների առկայությանը՝ Էդվարդ Լ. Աթկինսոնը խորհուրդ է տվել, որ բոլոր ակնոցները՝ անկախ գույնից, ենթարկվեն սպեկտրոսկոպիկ փորձարկման՝ դրանց արդյունավետությունը ապահովելու համար։

Ռոբերտ Ֆալկոն Սքոթը նախընտրել է ավելի պարզ մոտեցում՝ ընտրելով կաշվից կամ փայտից պատրաստված ակնոցներ՝ նեղ ճեղքերով, որոնք կանխել են սառույցից անդրադարձած լույսի կուտակումը։ Նմանատիպ կառուցվածքային սկզբունք կիրառվել է նաև արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ երբ շվեդական արշավախումբը նավաբեկությունից հետո պատրաստել է ինքնաշեն ակնոցներ փայտից կամ մետաղալարից շրջանակներով՝ պատված շվեդական դրոշի կտորով։

Թագավորական աշխարհագրական ընկերության ճանապարհորդական ուղեցույցները ներառել են բարձրադիր շրջանների բնիկ ժողովուրդների կողմից կիրառվող մի մեթոդ, որը ենթադրել է աչքերի և քթի շուրջ մաշկի մգեցում՝ ձնային կուրության վտանգը նվազեցնելու նպատակով։ Այս մեթոդը կիրառվել է «Terra Nova»-ի հյուսիսային խմբի կողմից՝ ավանդական ակնոցների բացակայության պայմաններում։

Ձնային կուրության ազդեցությունը տարածվել է նաև կենդանիների վրա։ Արշավախմբի ձիերը նույնպես տուժել են այս վիճակից։ Լոուրենս Օութսը առաջարկել է կանխարգելիչ նպատակով ներկել ձիերի ճակատային մազերը, ինչպես նաև նրանց աչքերին տեղադրվել են ծոպեր՝ պաշտպանության համար։ Նմանապես, ձիերին տրամադրվել են կտավից պատրաստված ձնային ակնոցներ, ինչը ցույց է տալիս բևեռային հետազոտությունների ընթացքում մշակված ռազմավարությունների բազմազանությունը այս համատարած խնդրի դեմ պայքարելու համար[16]։

Ցավը կարող է ժամանակավորապես մեղմացվել հետազոտության ընթացքում կիրառվող անզգայացնող աչքի կաթիլներով, սակայն դրանք չեն օգտագործվում շարունակական բուժման համար,[17] քանի որ աչքի անզգայացումը խանգարում է եղջերաթաղանթի ապաքինմանը և կարող է հանգեցնել եղջերաթաղանթի խոցերի առաջացման, նույնիսկ՝ աչքի կորստի[18]։ 1900-ական թվականներին բևեռային հետազոտողները ձնային կուրությունը բուժել են՝ աչքի մեջ կոկաին կաթեցնելով[19]։ Սառը, խոնավ կոմպրեսները աչքերի վրա և արհեստական արցունքները կարող են օգնել տեղային ախտանիշների մեղմացմանը, երբ զգացողությունը վերադառնում է։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների աչքի կաթիլները լայնորեն օգտագործվում են բորբոքումը և աչքի ցավը նվազեցնելու համար, սակայն կլինիկական փորձարկումներով դրանց արդյունավետությունը չի ապացուցվել։ Ծանր անհարմարության դեպքում նշանակվում են համակարգային ցավազրկող դեղամիջոցներ։ Ապաքինումը սովորաբար արագ է (24–72 ժամ), եթե վնասման աղբյուրը վերացվում է։ Հետագա վնասվածքներից պետք է խուսափել՝ մեկուսանալով մութ սենյակում, հեռացնելով կոնտակտային ոսպնյակները, աչքերը չտրորելը և արևային ակնոցներ կրելը մինչև ախտանիշների բարելավումը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Arc eye – General Practice Notebook». 2007-03-25. Արխիվացված է օրիգինալից 2007-03-25-ին. Վերցված է 2012-02-07-ին.
  2. Porter, Daniel (2019 թ․ փետրվարի 16). «What is Photokeratitis — Including Snow Blindness?». American Academy of Ophthalmology. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Review of Photokeratitis: Corneal response to ultraviolet radiation (UVR) exposure*». The South African Optometrist. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «A Review of Biological Effects and Potential Risks Associated with Ultraviolet Radiation as used in Dentistry». FDA, The US Bureau of Radiological Health. 1975. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. 1 2 3 Brozen, Reed; Christian Fromm (2008 թ․ փետրվարի 4). «Ultraviolet Keratitis». eMedicine. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Snow blindness». General Practice Notebook. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Sun Safety». University of California, Berkeley. 2005 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Reed Brozen (2011 թ․ ապրիլի 15). «Ultraviolet Keratitis». Medscape.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Butler, Frank Jr. «Base Camp MD – Guide to High Altitude Medicine». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. Jessica Stewart (2021-12-17). «Indigenous People in Alaska Invented Snow Goggles Centuries Ago To Protect Eyes and Improve Vision».
  11. Mogens Norn (1996). Eskimo Snow Goggles in Danish and Greenlandic Museums, Their Protective and Optical Properties. Museum Tusculanum Press. էջեր 3–. ISBN 978-87-635-1233-6.
  12. Henry, Jeff. Survive: Snow Country. էջ 107.
  13. Wiseman, John (2004). «Climate & Terrain». SAS Survival Guide: How to survive in the wild, in any climate on land or at sea. Harper Collins. էջ 45. ISBN 0-00-718330-5.
  14. «Egyptian Make Up». King-tut.org.uk. 2007-05-29. Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին. Վերցված է 2012-02-07-ին.
  15. Wilson, Edward Adrian; King, Harold Godfrey Rudolf; Scott, Robert Falcon (1972). Diary of the "Terra Nova" Expedition to the Antarctic, 1910-1912: an account of Scott's last expedition; [with 27 watercolour ill. by the author). London: Blandford Press. էջ 179. ISBN 978-0-7137-0562-1.
  16. Guly, H. (2012): Snow blindness and other eye problems during the heroic age of Antarctic exploration. Wilderness Environ Med. 2012 Mar;23(1):77-82. doi: 10.1016/j.wem.2011.10.006
  17. «Photokeratitis (Ultraviolet [UV] burn, Arc eye, Snow Blindness)». The College of Optometrists. 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. Khakshoor, Hamid (2012 թ․ հոկտեմբեր). «Anesthetic keratopathy presenting as bilateral Mooren-like ulcers». Clinical Ophthalmology. 6: 1719–1722. doi:10.2147/OPTH.S36611. PMC 3484722. PMID 23118524.
  19. «Shackleton's Medical Kit». Granta (ամերիկյան անգլերեն). 2012-09-26. Վերցված է 2024-07-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]