Ֆոտիս Կոնտօգլու
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1895[2] |
Ծննդավայր | Այվալըք, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 13, 1965[3][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան[1] |
Մասնագիտություն | նկարիչ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց |
Ժանրեր | Սրբանկարչութիւն |
Գրական ուղղություններ | 30-ականների սերունդ |
Աշխատավայր | Աթենքի գեղարվեստի դպրոց |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Ֆոտիս Կոնտօգլու (նոյեմբերի 8, 1895[2], Այվալըք, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա[1] - հուլիսի 13, 1965[3][2], Աթենք, Հունաստան[1]), 20-րդ դարի առաջին կեսի հույն գրող, նկարիչ: «Հունաստանի հարյուր տարին» հանրագումարող գրքում բնութագրված է որպես «արվեստը հունական ազգային ավանդույթներին և ուղղափառ գեղագիտությանը վերադարձնողների հոսանքի առաջին և հիմնական ներկայացուցիչ»:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոտիս Կոնտօգլուն (իսկական անուն-ազգանունը՝ Ֆոտիոս Ապոստոլելիս) ծնվել է Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում՝ Էգեյան ծովի ափին գտնվող Կիդոնիես (ներկայումս՝ Այվալըք, Թուրքիա) քաղաքում, Նիկոլաոս Ապոստոլելիսի և Դեսպոինա Կոնտօգլուի ընտանիքում: Տղան մեկ տարեկան էր, երբ հայրը մահացավ, և երեխայի խնամքի ու դաստիարակության գործով զբաղվել են մայրն ու քեռին՝ Ստեֆանոս Կոնտօգլուն, որը մերձակայքում գտնվող Ագիա Պարասկևի (Սուրբ Պարասկևի) վանքի վանահայրն էր: Ֆոտիսի մանկությունն անցել է վանքում՝ վանականների կամ ծովափին՝ ձկնորսների շրջապատում:
1913 թվականին ընդունվել է Աթենքի գեղարվեստի դպրոցը, բայց ուսումն այստեղ կիսատ թողնելով՝ 1914 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է նկարչական տարբեր դպրոցների ներկայացուցիչների աշխատանքները, միաժամանակ աշխատակցել Illustration ամսագրին: 1916 թվականին նորվեգացի գրող Կնուտ Համսունի «Սովը» գրքի համար նրա կատարած նկարազարդումները լավագույնն են ճանաչվել ու առաջին մրցանակի արժանացել այդ ամսագրի խմբագրության հայտարարած մրցույթում:
1917 թվականին Ֆոտիսը ճամփորդել է Իսպանիայում և Պորտուգալիայում, հաջորդ տարի վերադարձել Ֆրանսիա: Այդ ընթացքում գրել է իր առաջին գիրքը՝ «Պեդրո Կազասը»:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականի մայիսին հունական բանակը, Անտանտի հանձնած մանդատի համաձայն, իր հսկողության տակ վերցրեց Զմյուռնիան ու հարակից տարածքները: Շատ-շատերի հետ Ֆոտիսը նույնպես վերադարձավ հայրենի բնօրրան՝ Կիդոնիես: Այստեղ նա ստեղծեց «Նոր մարդիկ» մշակութային ընկերությունը, որին անդամագրվեցին Վենեզիսը, Դուկասը, Դադիոտիսը և տեղացի այլ գրողներ ու նկարիչներ: Հայրենի քաղաքի տպարանում Ֆոտիսը հրատարակեց «Պեդրո Կազաս» գիրքը՝ իր իսկ հրաշալի նկարազարդումներով: Այս ամենի հետ մեկտեղ՝ նա ֆրանսերեն և արվեստի պատմություն էր դասավանդում Կիդոնիեսի իգական գիմնազիայում:
Բայց դաշնակից պետությունների գաղտնի, դավաճանական խաղերի պատճառով թուրքերը կարողացան վերագրավել Զմյուռնիան՝ հարակից տարածքներով,, գրեթե ամբողջությամբ բնաջնջեին կամ բռնագաղթեցրին խաղաղ բնակչությանը: Կանտօգլուն փրկվածների մեջ էր: Սկզբում ապաստանեց Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում, բայց շուտով, ընդունելով իր գրքից տպավորված մի խումբ աթենացի գրողների հրավերը, տեղափոխվեց Աթենք: 1923 թվականին նա որոշ ժամանակ ապրեց Աթոս լեռան վրա գտնվող Աֆոնի և այլ վանքերում, իր համար հայտնագործեց ու խորությամբ ուսումնասիրեց բյուզանդական սրբապատկերների տեխնիկան, բազմաթիվ ընդօրինակումներ կատարեց, նոթագրեց իր նկատառումներն ու տպավորությունները: Վերադառնալով Աթենք՝ հրատարակեց «Աֆոնի արվեստը» ալբոմը, կազմակերպեց իր նկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը, իսկ 1925 թվականից սկսեց հրատարակել «Ֆիլիկի Էթերիա» հանդեսը, որտեղ տպագրեց հետագայում ճանաչում ստացած շատ նկարիչների գործեր:
1931 թվականից Կոնտօգլուն Աթենքի Բյուզանդական և Քրիստոնեական թանգարաններում աշխատել է որպես վերականգնող նկարիչ, բացի այդ, իր որմնանկարներով զարդարել է մի շարք վանքեր ու եկեղեցիներ (Կապնիկարեայի Աստվածածինը, Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքարանը, Սուրբ Վարվառայի, Սուրբ Անդրեասի,Սուրբ Գեորգիի և այլ վանքեր) կամ վերականգնել է հին վանքերի վնասված որմնանկարները (Պեանիայի Կենարար աղբյուրի վանք, Հռոդոսի Մայր տաճար և այլն): Միաժամանակ, 1933 թվականից արվեստի պատմություն է դասավանդել Աթենքի համալսարանում, Ամերիկյան քոլեջում: Հետագա տարիներին մասնակցել է Կերկիրայի թանգարանի բյուզանդական բաժնի ձևավորմանը (1935 թ.), բյուզանդական ամրոց-քաղաք Միստրայի որմնանկարների վերականգնմանը (1935-1937 թթ.): 1937 թվականին հրավիրվել է Եգիպտոս՝ մասնակցելու Կահիրեի Ղպտիական թանգարանում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Նրա շնորհալի աշակերտները, շարունակելով իրենց ուսուցիչ-վարպետի գործը, վանքեր ու եկեղեցիներ են պատկերազարդել ոչ միայն Հունաստանում, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում:
Ֆոտիս Կոնտօգլուի հիշարժան աշխատանքներից են նաև Աթենքի քաղաքապետարանի որմնանկարները, որոնցում բյուզանդական գեղանկարչության ոճով պատկերել է հունական առասպելաբանության և պատմության քառասուն հերոսների:
1932 թվականին նա Աթենքում կառուցել էր իր առանձնատունը, որի բոլոր պատերը ինքն ու իր լավագույն աշակերտներից Յանիս Ծառուկիսն ու Նիկոս Էնգոնոպուլոսը զարդարել էին որմնանկարներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Հունաստանը ենթարկվել էր եռակի՝ գերմանա-իտալա-բուլղարական օկուպացիայի, և 1945 թվականին Աթենքում սովն էր իշխում, արվեստագետը, ստիպված, տունը փոխանակեց մի պարկ ալյուրով, իսկ նոր տանտերը ներկել տվեց բոլոր պատերը:
Արժե հավելել, որ Ֆոտիս Կոնտօգլուն այս ամենի հետ մեկտեղ գեղարվեստական թարգմանություններ է կատարել; 1938 թվականին թարգմանել է Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությունը (ի դեպ, դա 1939 թվականին բեմադրվել է Աթենքի Ազգային թատրոնում), իսկ 1952 թվականին նրա թարգմանությամբ հրատարակվել է Լ. Ուսպենսկու «Սրբապատկերը» գիրքը:
Գնահատելով նրա գրական վաստակը՝ Աթենքի ակադեմիան 1961 թվականին մրցանակ է շնորհել նրան «Ուղղափառ սրբանկարչության արտահայտությունը» գրքի, 1963 թվականին «Տասներկուսի խումբը»՝ իր սահմանած Պուրֆինի մրցանակը՝ «Այվալըք, իմ հայրենիք» գրքի համար: Աթենքի ակադեմիան, Կոնտօգլուի աշխատությունների ամբողջությունը արժևորելով, նրան մրցանակ է շնորհել նաև արվեստում և գրականության մեջ ունեցած վաստակի համար; Այն էլ պետք է ասել, որ տաղանդաշատ արվեստագետի գրական աշխատությունների զգալի մասը լույս է տեսել նրա մահից հետո:
Ֆոտիս Կոնտօգլուի գործի նշանակությունը առավել ևս կարևորվում է՝ հաշվի առնելով երկու հանգամանք. առաջինը այն է, որ բյուզանդական արվեստը Փոքր Ասիայում անխնա կերպով ոչնչացվում կամ աղավաղվում է թուրքերի կողմից, և երկրորդը՝ արևմտյան արվեստի գրոհի առջև ազգային շատ ու շատ ավանդույթներ տեղի են տալիս, մոռացության մատնվում (ի դեպ, արվեստում ազգային ավանդույթները, ուղղափառ քրիստոնեության գեղագիտությունը պաշտպանելու և պահպանելու նպատակին էր նա ծառայեցնում նաև Կոստիսոս Բաստիասի և Վասիլիս Մուստակիսի հետ համատեղ իր հիմնադրած «Տապան» ամսագրում տպագրվող նյութերն ու կերպարվեստի գործերի վերատպությունները):
Ֆոտիս Կոնտօգլուն մահացել է 1965 թվականի հուլիսի 13-ին, հիվանդանոցում, հետվիրահատական վարակման պատճառով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/kontoglou-photis.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arapoglou E. Kontoglou, Fotis // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047336
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|