Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոզեֆ Ռայթ[1] |
տարի | 1771 |
բարձրություն | 127 սանտիմետր[1] |
լայնություն | 101,6 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
հավաքածու | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» (անգլ.՝ The Alchemist Discovering Phosphorus), անգլիացի նկարիչ, դիմանկարի և բնանկարի վարպետ Ջոզեֆ Ռայթի կտավներից: Հեղինակն այս ստեղծագործությունը վրձնել է 1771 թվականին և վերափոխման ենթարկել 1795 թվականին[2]: Նկարի լրիվ անվանումն է՝ «Ալքիմիկոսը, ով փիլիսոփայական քարի փնտրտուքների մեջ է, հայտնաբերում է ֆոսֆորը և աղոթում, որպեսզի իր գործողությունները բարեհաջող ընթացք ունենան՝ համաձայն հնադարյան քիմիական աստղագետների սովորության»: Առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ «Ալքիմիկոսը» նկարագրում է ֆոսֆորի բացահայտումը Հեննինգ Բրանդի կողմից, որը տեղի է ունեցել 1669 թվականին Համբուրգում[3]: Այս պատմությունը լայն տարածում գտավ և հաճախակի էր հիշատակվում քիմիային վերաբերող գիտական գրականությունում Ջոզեֆ Ռայթի կենդանության օրոք:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» նկարում պատկերված է ալքիմիկոս, ով փորձում է ստանալ փիլիսոփայական քարը, որը, ըստ այդ ժամանակաշրջանի տարածված կարծիքի, կկարողանար սովորական մետաղները փոխակերպել ոսկու: Սակայն, դրա փոխարեն, ի զարմանս ալքիմիկոսի, հայտաբերվում է ֆոսֆորը: Ջոզեֆ Ռայթը չի պատկերել 17-րդ դարին բնորոշ ալքիմիկոսի: Հեղինակը առավել ռոմանտիկ կերպով է ստեղծել նկարը՝ ինտերիերում ավելացնելով միջնադարյան գոթական բարձր կամարներ ու սրածայր պատուհաններ, կարծես ալքիմիկոսը գտնվում է եկեղեցում: Ջոզեֆ Ռայթը ազնվացրել է ֆոսֆորի ստացման գործընթացը, որն իրենից ներկայացնում է մեզի շոգիացման երևույթը: 1730 թվականին հիշատակվում է ֆոսֆորի ստացման եղանակը, որտեղ նկարագրվում է, որ ֆոսֆոր ստանալու համար անհրաժեշտ է հիսուն կամ վաթսուն դույլ հոտած մեզ, որտեղ արդեն ձևավորվել են որդերը[4]:

Նկարիչը կտավը ստեղծելիս կիրառել է նաև կրոնական ակնարկ: Ալքիմիկոսը պատկերված է ծնկաչոք վիճակում՝ շողշողացող անոթի դիմաց. ձեռքը մեկնած է այն ժեստով, որն օգտագործել է Էլ Գրեկոն իր «Սուրբ Ֆրանցիսկը, ով ստանում է խարանադրոշմ» կամ «Աղոթող սուրբ Հիերոնիմը» ստեղծագործություններում[5]: Նիկոլսոնը այս դիրքը համեմատում է առաքյալների դիրքի հետ, որոնք հաղորդություն են ստանում: Նա համարում է, որ նկարի կոմպոզիցիան, հնարավոր է, որ հոլանդացի նկարիչ Թոմաս Վեյկի «Ալքիմիկոսը» կտավից է վերցրած, որտեղ նույնպես բազմաթիվ զուգահեռներ ու նմանություններ կան՝ անկանոն թափթփված առարկաներ, ալքիմիկոսների օգնականներ: 16-րդ դարի վերոնշյալ ստեղծագործությունը Ջոզեֆ Ռայթն իր կենդանության օրոք տեսել է, երբ այն ցուցադրվել է Լոնդոնում[6]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը ցուցադրվել է 1771 թվականին: Այն բազմաթիվ հակադիր կարծիքների առարկա դարձավ: Կտավի գաղտնիքը, ակնհայտորեն անհանգստացրել է շատ ու շատ դիտողների XVIII դարում: Չնայած այն հանգամանքին, որ Ջոզեֆ Ռայթը միջազգային համբավ ունեցող նկարիչ էր, «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը չգնվեց ոչ մեկի կողմից: Հեղինակն այն վերցրեց իր հետ իտալական ճանապարհորդության ընթացքում՝ 1773-ից 1775 թվականներին ու կրկին հետ բերեց հայրենիք՝ Միացյալ Թագավորություն: Այստեղ, 1795 թվականին վերափխման աշխատանքներ է կատարում հեղինակը և դրանից հետո միայն, երեք տարի անց Ջոզեֆ Ռայթի մահվանից հետո վաճառվում է կտավը: «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» և նկարիչի մի շարք այլ առարկաներ վաճառվում է «Քրիսթիս» աճուրդի տանը:
Այսօր «Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մեծ Բրիտանիայի Դերբիի թանգարան և գեղարվեստի պատկերասրահում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://artuk.org/discover/artworks/the-alchymist-61181
- ↑ Vertesi Janet։ «Light and Enlightenment in Joseph Wright of Derby’s The Alchymist»։ ReoCities։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է ապրիլի 26, 2011
- ↑ «The Alchymist in Search of the Philosopher’s Stone (Exhibited 1771)»։ Revolutionary Players։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է մայիսի 1, 2011
- ↑ Whitten Kenneth W. (2007)։ Chemistry p.126։ Cengage Learning։ էջ 1066
- ↑ «Art treasure - The Alchymist»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-14-ին։ Վերցված է մայիսի 1, 2011
- ↑ Nicholson Benedict (1968)։ Joseph Wright of Derby: painter of light, Volume 1։ Taylor & Francis։ էջ 52
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆոսֆոր հայտնաբերող ալքիմիկոսը (նկար) կատեգորիայում։ |