Ֆլյաիշմարկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլյաիշմարկտ
Fleischmarkt 01.JPG
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Գտնվում էՎիեննա
Կոորդինատներ: 48°12′38.361600100001″ հս․ լ. 16°22′37.873200099997″ ավ. ե. / 48.21065600002777529° հս․. լ. 16.37718700002777794° ավ. ե. / 48.21065600002777529; 16.37718700002777794
Տեսարան դեպի Ֆլյաիշմարկտ փողոց Սուրբ Երրորդություն եկեղեցու կողմից

Ֆլյաիշմարկտ (գերմ.՝ Fleischmarkt` «մսի շուկա»), փողոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Ներքին քաղաք պատմական շրջանում[1][2][3][4][5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյաիշմարկտը Ներքին քաղաքի ամենահին փողոցներից մեկն է: Դրա մասին առաջին հիշատակությունն արվել է 1220 թվականին, երբ փողոցը հիշատակվել է որպես «carnifices Viennensis»: Այստեղ են տեղակայված Վիեննայի ամենահին մսի շուկան և մսի վաճառքի հնագույն տաղավարները[1][2][3]:

1333 թվականի մի հրամանով Ֆլյաիշմարկտ փողոցում տեղակայվում է մսագործների գիլդիայի տունը: Մինչև 1256 թվականը մսի ամբողջ վաճառքը Վիեննայում կազմակերպվում էր հարևան Լիխտենշթեգ (Lichtensteg) փոքրիկ փողոցում: Այն փաստաթղթերում հիշատակվում էր տարբեր անվանումներով, օրինակ՝ «հին (նախկին) մսի շուկա» («domus in antiquo foro carnium», 1258) կամ «մսի շուկա» («in foro carnium», 1314): Խառը ժամանակաշրջանում, օրինակ 1450 թ.-ից 1460 թվականների ժամանակահատվածում, մսի շուկայի պանդոկներն ու գինետները ապստամբների ու բողոքավորների հավաքատեղիներ էին դառնում[1][2][3]:

Միջնադարի և Նոր ժամանակների միջև ընկած շրջանում Ֆլյաիշմարկետ փողոցին սկսեցին վերագրել նաև մսի շուկային հարող, բայց մոտակա փողոցների ու նրբանցքների (Դրախենգասե, Պոստգասե, Վոլֆենգասե, Գրիխենգասե և Լիխտենշեգ) տները[1][2][3]:

1683 թվականին թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ շրջափակման ժամանակ Ֆլյաիշմարկտը սաստիկ տուժեց հրետակոծությունների հետևանքով[1][2][3]:

Երկար ժամանակ Ֆլյաիշմարկտում կարելի էր գնել ոչ միայն միս, այլ նաև փայտ: Ավելի ուշ՝ 1742 թվականին փայտի շուկան տեղափոխվեց Ռոզաու շրջան: 1759 թ.-ին Ֆլյաիշմարկտի խոշոր վերակառուցման արդյունքում հայտնաբերվեցին հռոմեական ժամանակաշրջանին վերաբերվող տարբեր առարկաներ և բազմաթիվ քարե դագաղներ[1][2][3]:

18-րդ դարում՝ Ավստրիայի և Վենետիկի միջև 1718 թվականին կնքված «Պասարովիցյան խաղաղություն» խաղաղության համաձայնագիրը կնքելուց հետո, Վիեննա են սկսում ժամանել հույներ, որոնց ձեռքում այն ժամանակ կենտրոնացած էր Բալկանների և Լիբանանի առևտուրը: Շատ հույներ Վիեննայում սկսում են բնակություն հաստատել հենց Ֆլյաիշմարկտում, և այդ հանգամանքն իր արտացոլումն է գտնում փողոցի ընդհանուր տեսքի վրա: Ի հայտ են գալիս բազմաթիվ հայտնի տեսարժան վայրեր՝ Գրիխենբայսլը (№ 11), հունական Երրորդություն եկեղեցին (№ 13), հույն առևտրական, բանկիր և բարոն Գեորգ Սիմոն ֆոն Սինի դեսպանի պալատը (№ 20-22): Միևնույն ժամանակ բազմաթիվ տներ, որոնք կառուցվել էին դեռ գոթական ոճով, վերակառուցման են ենթարկվում բարոկկոյի ոճով: 19-րդ դարի սկզբին կառուցվում է փողոցի արևելյան կողմի մեծ մասը: 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ փողոցը կարճ ժամանակով անվանափոխվում է՝ դառնալով Բարիկադների փողոց ( «Barrikadenstraße»), սակայն 1862 թվականին այն կրկին ստանում է իր այժմյան Ֆլյաիշմարկտ անվանումը[1][2][3]:

20-րդ դարասկզբին Ֆլյաիշմարկտ փողոցում հայտնվում են մի քանի յուգենդ ոճի շենքեր (№ 1,3,5,7,14): 1913 թվականին Ֆլյաիշմարկտ փողոցը երկարում է՝ հասնելով Բաուերնմարկտ և Յուդենշտրասսե փողոցների հատման վայրը: Դրանով հանդերձ տների հին համարակալումը պահպանվում է և հայտնվում են այնպիսի նոր հասցեներ, ինչպիսին է օրինակ՝ 1а: Այս ընդլայնման արդյունքում Ֆլյաիշմարկտ փողոցը հատվում է Ռոտենտուրմշտրասսեի հետ[1][2][3]:

Շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի Ֆլյաիշմարկտ փողոցի հատկանշական շենքերն են[1]

№ 1 (Ռոտենտուրմշտրասսե 20, Շտաիրերհոֆ 2)[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին այս հասցեում նախկին քանդված տանը ապրել է կոմպոզիտոր Թեոդոր Կարայանը: 1799 թվականից այդ տանը տեղակայված է եղել Յոհան Մեկեի երաժշտական և տպագրական հրատարակչությունը: 1909 թ.-ից 1910 թվականներին ավստրիացի ճարտարապետ Արթուր Բարոնը շենքը վերակառուցել է Սեցեսիոնի ոճով:

№ 2 (Ռոտենտուրմշտրասսե 18, Քյոլներհոֆգասե 5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում շենքում տեղակայված է եղել «Ոսկե գայլի մոտ» պանդոկը, ավելի ուշ՝ «Ավստրիական բակ» հյուրանոցը (շենքը ոչնչացվել է 1945 թվականին):

№ 5 (Գրեխենգասե 6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում «Շագանակագույն եղջերուի մոտ» գարեջրատուն, որտեղ այցելել է Բեթհովենը[5]:

№ 10[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականի գարնանը այս հասցեում է բնակվել Նիկոլո Պագանինին, միևնույնժամանակ շենքում է բնակվել նաև Յոզեֆ Ֆիշհոֆը: 1828 թ. Մայիսի 31-ին այս տանը, Ֆիշհոֆը Պագանինիի հետ միասին սոնատի համերգ է տվել:

№ 11 (Գրիխենգասե 9) «Կարմիր վիշապի մոտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգին նվիրված հուշատախտակ

1679 թվականին տանը տեղակայվել է Գրիհենբայսլ պանդոկը, որտեղ, համաձայն լեգենդի գրվել է «Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգը: Ի պատիվ այդ հանգամանքի, տան դիմերեսին կախված է երգի հեղինակի պատկերով խոշոր ցուցանակ:

№ 13 Երրորդության եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հունական եկեղեցին կառուցվել է 1858 թվականին՝ Թեոֆիլ Հանսենի կողմից, ով Ռինգշտրասե փողոցի նախագծի հեղինակներից մեկն էր: Շիանարարական աշխատանքներն իրականացվել են բարոն Գերոգ Սիմոն ֆոն Սինի գումարով, ով կամավոր նվիրատվություն է կատարել 70 հազար ֆլորին[6]: Շենքն կառուցվել է բյուզանդական ոճով և ճոխ զարդարում ունի ինչպես ներսում, այնպես էլ դրսում: 1963 թվականից եկեղեցին Ավստրիայի և Հունգարիայի հունական ուղղափառ եկեղեցու տաճար է դարձել[7]:

№ 15[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Մորից ֆոն Շվինդի հարազատ տունն է, ով Ֆրանց Շուբերտի ամենամոտ ընկերներից էր և այս տանը ապրել է մինչև 1828 թվականը: Այստեղ նաև ապրել և մահացել է բանաստեղծ Հենրիխ Ջոզեֆ Կոլլինը[5]:

№ 24[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շենքում հաջորդաբար տեղակայվել են «Լոնդոն», «Սպիտակ գայլի մոտ» և «Ռաբլ» հյուրանոցները: 1901 թվականից շենքում գործում է «Փոստ» հյուրանոցը: 1762 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1763 թվականի հունվարի 1-ը «Սպիտակ գայլի մոտ» հյուրանոցում Վիեննա կատարած իր առաջին այցի ընթացքում բնակվել է Լեոպոլդ Մոցարտն իր երեխաների հետ: 1830 թվականին Վիեննա կատարած երկրորդ այցի ժամանակ նույն հյուրանոցում է բնակվել նաև Շոպենը: 1872 թ.-ից մինչև 1876 թվականները «Սպիտակ գայլի մոտ» հյուրանոց են այցելել Ֆերենց Լիստը և Ռիխարդ Վագները: Այստեղ տեղակայված է եղել նաև կամերային օպերա[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fleischmarkt.(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Вена / Филипп Бене, Рената Хольцбахова. — М.: Вече, 2012.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Австрия. - М.: Авангард, 2004.(ռուս.)
  4. These Streets in Vienna Are Rich in History.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Street Fleischmarkt in Vienna.(անգլ.)
  6. Վիեննայի հունական համայնքի պատմություն, Տեոֆանաս Պամպաս.(գերմ.)
  7. Griechisch Orthodoxe Kirche in Wien.(գերմ.)