Ֆիլիպ Վիշնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Վիշնիչ
սերբ.՝ Филип Вишњић
Դիմանկար
Ծնվել է1767[1][2][3][…]
ԾննդավայրGornja Trnova, Օսմանյան կայսրություն
Մահացել է1834[1][2][3][…]
Մահվան վայրVišnjićevo, Ավստրիական կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունսերբ
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտություներաժիշտ, gusle player, գրող և բանաստեղծ
Filip Višnjić Վիքիպահեստում
Վիշնիչի հուշարձանը Լոզնիցայում
Հուշարձան Վիշնիչևոյում
Կրուշևացի հուշարձանը
Ֆիլիպ Վիշնիչը Լոզնիցայի ճակատամարտում /նկարազարդում/

Ֆիլիպ Վիշնիչ, (սերբերեն՝ Filip Višnjić, կյուրեղագիր՝ Филип Вишњић, 1767[1][2][3][…], Gornja Trnova, Օսմանյան կայսրություն - 1834[1][2][3][…], Višnjićevo, Ավստրիական կայսրություն), սերբ բանաստեղծ և գուսլեհար (գուսլյար)՝ ծնված Հյուսիսային Բոսնիայում: Դառնալով սերբական պատմության կարևորագույն իրադարձությունների ականատես՝ հորինել է էպիկական պոեմներ, որոնք այսօր կազմում են սերբական ավանդական էպոսի նշանակալից մասը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկական հասակում Ֆիլիպը կորցրել է հորը, ութ տարեկանում, ծաղիկ հիվանդության պատճառով, կորցրել է նաև իր տեսողությունը: Երբ քսան տարեկան է եղել, թուրքերը մորթել են նրա ընտանիքի անդամներին, հրդեհի մատնել նրանց գյուղը: Այդ ժամանակից Ֆիլիպ Վիշնիչն սկսել է պոեմներ հորինել ու ասմունքել կամ երգել՝ իր գուսլիի նվագակցությամբ[4][5][6]:

Տարիներ շարունակ, թափառաշրջիկի պես, դեգերել է Բալկաններով՝ ապրուստը հայթայթելով բանաստեղծի ու երաժիշտի իր տաղանդով, որի շնորհիվ շահել է բազմաթիվ ազդեցիկ անձանց հովանավորությունը: 1798 թվականին ամուսնացել է Նաստա Չուկովիչի հետ, ով ունևոր ընտանիքից էր: Ունեցել են վեց երեխա, որոնցից մի քանիսը մահացել են մանուկ հասակում: 1809 թվականին թողել են Բոսնիան ու եկել Սերբիա, որտեղ թուրք զավթիչների դեմ ապստամբել էին դեռ 1804 թվականից: Կույր բանաստեղծը ասմունքելով ու նվագելով շրջել է Դրինա գետի ափերին գտնվող բնակավայրերով՝ ջանալով իր արվեստով բարձրացնել ապստամբ ռազմիկների մարտական ոգին: Նրա կատարումները հիրավի, զգալի ազդեցություն են գործել ըմբոստ քաջերի, այդ թվում՝ ապստամբության առաջնորդներից Իրժի Չառնիի վրա: Բայց 1813-ին թուրքերին հաջողվել է ճնշել ժողովրդական ընդվզումը: Վիշնիչն ընտանիքով տեղափոխվել է նախ՝ Ավստրիա, ապա՝ Գըրկ գյուղը (Grk)[4]: Այստեղ Վիշնիչը ծանոթացել է լեզվաբան, բանահավաք Վուկ Կարաջիչի հետ, ով գրի է առել նրա ստեղծագործություններն ու հետագայում հրատարակել «Narodna srpska pjesnarica» («Սերբական ժողովրդական երգարան») ժողովածուում[7][8]: Հրատարակված էպիկական պոեմներն ու երգերը լայն ճանաչում են բերել նրան, նաև՝ արտասահմանում: Վիշնիչն ընտանիքով ապրել է Գրկում մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1834 թվականին: Հետագայում Գըրկ գյուղը նրա պատվին վերանվանվել է Վիշնիչևո[4]:

Ֆիլիպ Վիշնիչին պատկերավոր կերպով անվանում են «սերբական Հոմերոս»: Նրա անունը ներառվել է «100 ամենանշանավոր սերբեր» գրքում[9]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Վիշնիչի թողած գրական ժառանգությունը բաղկացած է չորս էպիկական պոեմներից և տասներեք ընդարձակ բանաստեղծություններից, որոնք բոլորն էլ ստեղծվել են սերբական առաջին ապստամբության տարիներին (1804-1813): Դրանց գլխավոր թեման պայքարն է թուրք զավթիչների դեմ: Գործողությունները հիմնականում ծավալվում են Պոդրինիե երկրամասում, որ տարածվում է Դրինա գետի ափերով: Վիշնիչի բանաստեղծական ողջ արտադրանքը ընդհանուր առմամբ կազմում է 5.001 տող[4][6]:

Ստորև ներկայացված է այն ստեղծագործությունների ցանկը, որոնց հեղինակությունը առանց որևէ վերապահման վերագրվում է Ֆիլիպ Վիշնիչին[4].

  1. Početak bune protiv dahija
  2. Boj na Čokešini
  3. Boj na Salašu
  4. Boj na Mišaru
  5. Boj na Loznici
  6. Uzimanje Užica
  7. Knez Ivo Knežević
  8. Luka Lazarević i Pejzo
  9. Miloš Stojićević i Meho Orugdžić
  10. Hvala Čupićeva
  11. Stanić Stanojlo
  12. Bjelić Ignjatije
  13. Lazar Mutap i Arapin

Ժողովրդական վիպերգուի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Početak bune protiv dahija պոեմը[10], որտեղ հեղինակը պատկերավոր ու արտահայտիչ կերպով ներկայացրել է սերբական առաջին ապստամբության ծագումնաբանությունը և սկզբնական շրջանը, երբ սերբերը հաղթանակներ են տարել քանակով ու զինվածությամբ իրենց գերազանցող թուրքերի նկատմամբ[11]:

Վիշինիչն իր ստեղծագործական ճակատագրի տեսակետից 18-րդ դարի և 19-րդ հարյուրամյակի սկզբների սերբ ժողովրդական բանաստեղծների մեջ այն եզակի բախտավորներից է, ում ստեղծագործությունները տարածվել են ոչ միայն բանավոր կերպով, այլև արժանացել են տպագրված լինելու բարեբախտությանը. մյուսների շատ ու շատ երկեր, որ միայն բանավոր են ավանդված եղել, չեն պահպանվել ու մատնվել են մոռացության[12]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Šašić, Branko (1998). „Филип Вишњић”. Знаменити Шапчани и Подринци. Šabac, Štampa „Dragan Srnić”. s. 59–62.
  5. Wachtel, Andrew Baruch (1998), Making a Nation, Breaking a Nation: Literature and Cultural Politics in Yugoslavia, Stanford, Stanford University Press, s. 32.
  6. 6,0 6,1 Carmichael, Cathie (2015), A Concise History of Bosnia, Cambridge, Cambridge University Press, s. 28–30.
  7. Wilson, Duncan (1970), The Life and Times of Vuk Stefanović Karadžić, 1787–1864: Literacy, Literature and National Independence in Serbia, Oksford, Oxford University Press, s. 111.
  8. Neubauer, John (2007), „Introduction: Folklore and National Awakening”. [W:] Cornis-Pope, Marcel; Neubauer, John, The Making and Remaking of Literary Institutions. History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and Disjunctures in the 19th and 20th Centuries, 3. Amsterdam, John Benjamins Publishing, s. 269–284.
  9. «Књига 100 НАЈЗНАМЕНИТИЈИХ СРБА» (սերբերեն)։ Վերցված է 2016-03-22 
  10. Zlatar, Zdenko (2007), Njegoš. The Poetics of Slavdom: The Mythopoeic Foundations of Yugoslavia. 2. Berno, Peter Lang, s. 602.
  11. Norris, David A. (2008). Belgrade: A Cultural History, Oksford, Oxford University Press, s. 33–35.
  12. Vucinich, Wayne S. (1963). „Some Aspects of the Ottoman Legacy”. [W:] Jelavich, Charles; Jelavich, Barbara. The Balkans in Transition: Essays on the Development of Balkan Life and Politics Since the Eighteenth Century, Los Angeles, University of California Press, s. 56–80.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]