Ֆիզիկական աշխարհագրությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի տարածքում ֆիզիկաաշխարհագրական հետազոտություններ սկսել են կատարել արևմտաեվրոպական և ռուս ճանապարհորդները դեռևս 18-րդ դարում:

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Աբովյանի դիմանկարը

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո գեոդեզիական հետազոտությունների և քարտեզագրության համար ստեղծվել է եռանկյունաչափական ցանց։ Ստեղծվել են օդերևութաբանական կայաններ։ 1840-ին Երևանի գիմնազիայի բակում Խաչատուր Աբովյանն ստեղծել է Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանը և դրա տվյալների հիման վրա գրել «Օդի բարեխառնությունը Երևանում» հոդվածը։ Ռուսական ԳԱ և բանակի ռազմատեղագրական վարչության արշավախմբերն ուսումնասիրել են Արևելյան Հայաստանի տարածքի ռելիեֆը և երկրաբանությունը, կազմել և հրատարակել առաջին քարտեզները (Ֆրիդրիխ Պարրոտ, Հ. Աբիխ, Ի. Խոձկո)։ Արևելյան Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական բնութագրերը սահմանվել են ռուսական միապետության աշխարհագրությանը նվիրված ճյուղային և համալիր նկարագրություններում։

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեւոնդ Ալիշանը, իր «Հայապատում» գիրքէն (1901)

Արևմտյան Հայաստանի ուսումնասիրությամբ այդ ժամանակ զբաղվել են ռուս և արևմտաեվրոպացի առանձին հետազոտողներ։ Լույս է տեսել Հ. Լինչի «Հայաստան» (1901) մենագրությունը։ Նախահեղափոխական շրջանում հայկական աշխարհագրական միտքը հիմնականում զարգացել է Հայաստանից դուրս։ Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում (Ղևոնդ Ալիշան, Գ. Ինճիճյան)։

Խորհրդային շրջանի հետազոտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանա լիճը

Խորհրդային իշխանության առաջին տարիներին հանրապետությունում ծավալվել են երկրաձևաբանական (գեոմորֆոլոգիական) հետազոտություններ՝ կապված հանքային հարստությունների յուրացման, հողաշինարարական, ջրաշինարարական, քաղաքաշինարարական, ճանապարհաշինարարական աշխատանքների հետ։ Հանրապետության հողակլիմայական պաշարների ռացիոնալ օգտագործման համար կատարվել են կլիմայական հետազոտություններ, ընդարձակվել է օդերևութաբանական կայանների ցանցը, լույս են տեսել առաջին կլիմայական տեղեկատուները։ Ջրատեխնիկական և ջրաէներգետիկական շինարարության ծավալման նպատակով ընդլայնվել են ջրագիտական հետազոտությունները։ Օրակարգ է ներառվել Սևանա լճի ջրի պաշարների ջրաէներգետիկական օգտագործման խնդիրը։ Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական հետազոտությունների ծավալման գործում զգալի դեր են կատարել ԽՍՀՄ ԳԱ այսրկովկասյան արշավախումբը՝ Ֆ. Լևինսոն-Լեսինգի և Սևանի ջրաօդերևութաբանական կայանը՝ Վ. Դավիդովի գլխավորությամբ։ Կենսաաշխարհագրական հետազոտություններում զգալի դեր են ունեցել Ն. Վավիլովի ուսումնասիրությունները։ Ֆիզիկաաշխարհագրական բնութագրություններն ընդգրկվել են Լ. Բերգի, Ա. Գրիգորևի աշխատություններում։ ՀԽՍՀ աշխարհագրական գիտության ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ԵՊՀ-ն, որտեղ 1929-ին Հ. Հովհաննիսյանի, Հ. Կարապետյանի, Բ. Գալստյանի, Ս. Լիսիցյանի, Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդհանուր աշխարհագրության ամբիոն, 1933-1934 ուսումնական տարում՝ աշխարհագրական երկրաբանական ֆակուլտետ։ 1935-ին կազմակերպվել է Հայկական աշխարհագրական ընկերությունը։ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945) նախորդող տարիներին հրատարակվել են առաջին դպրոց, դասագրքերը, բուհ, ձեռնարկներն ու քարտեզները (այդ թվում՝ Ս. Լիսիցյանի «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» (դեմոգրաֆիայով) աշխատությունը, 1940

Ճյուղային գիտությունների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմից հետո ՀԽՍՀ-ում ձևավորվել են ֆիզիկաաշխարհագրության ճյուղային գիտությունները՝ երկրաձևաբանությունը, կլիմայագիտությունը, ջրաբանությունը, հողերի աշխարհագրությունը և կենսաաշխարհագրությունը։ 1950-ական թվականներին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության բաժնում (հետագայում՝ ինստիտուտ) սկսվել են հանրապետության բնական պայմանների և պաշարների հաշվառման աշխատանքներ, կիրառվել են ֆիզիկաաշխարհագրական հետազոտությունների համեմատ., գնահատական և քարտեզագրական մեթոդները, կազմակերպվել են արշավախմբային հետազոտություններ։ ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրվել են հանրապետության Երկրաձևաբանական և կլիմական պայմանները։

Երկրաձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեզը

Հայկական լեռնաշխարհի երկրաձևաբանությանը նվիրված առաջին ամփոփ ուսումնասիրությունը Ա. Ղուկասովի «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուսական, 1901) աշխատությունն է։ Հետպատերազմյան շրջանում սկսել են ընդարձակվել երկրաձևաբանական աշխատանքները, մեծ ուշադրություն է հատկացվել ռելիեֆի կազմավորման ընթացքում նորագույն տեկտոնական շարժումների, երիտասարդ հրաբխային ռելիեֆի կազմավորման և զարգացման, ծագումնային տիպերի, հարթված մակերևույթների, հովտային ցանցի ձևավորման հիմնախնդիրներին, լեռնային ռելիեֆի ձևավորման ընթացքում ներծին և արտածին գործոնների դերի, չորրորդական սառցապատման նշանակության, ինչպես նաև հնէաաշխարհագրական հիմնախնդիրներին (Ս. Բալյան, Ա. Գաբրիելյան, Ն. Դումիտրաշկո, Պ. Հովհաննիսյան, Լ. Զոհրաբյան և ուրիշներ)։ Աշխատանքներ են կատարվել գետային հուների շարժի, սելավների, սողանքների, լանջային շարժընթացների, էրոզիայի, փլուզումների և այլ քայքայիչ շարժընթացների ուս ումնասիրության ուղղությամբ (Ի. Եղիազարով, Մ. Վելիկանով, Հ. Գաբրիելյան, Գ. Տեր-Ստեփանյան և ուրիշներ)։ Երկրաձևաբանական հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրատարակվել են «ՀՍՍՀ երկրաբանություն» բազմահատորյակի առաջին հատորում՝ «Գեոմորֆոլոգիա» (ռուսական, 1962)՝ 1:500000 մասշտաբի քարտեզով, Ս. Բալյանի «Հայկական բարձրավանդակի և հարակից շրջանների կառուցվածքային գեոմորֆոլոգիա» գրքում (ռուսական, 1969) և այլ մենագրություններում։ Հայկական լեռնաշխարհի կլիմայի ուսումնասիրությամբ զբաղվել են Ա. Վոյեյկովը և Ի. Ֆիգուրովսկին։ Վերջինս 1920-ին հրատարակել է «Հյուսիս-արևելյան Հայաստանի և հարևան շրջանների կլիմայական ակնարկ» (ռուսական) աշխատությունը։

Օդերևութաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկուտ

Օդերևութաբանական դիտարկումների ամփոփման հիման վրա 1937-ին հրատարակվել է Ռ. Քրիստոստուրյանի «Հայկական ՍՍՀ կլիմայական նկարագրությունը» (ռուսական) գիրքը։ Պատրաստվել և հրատարակվել են զանազան ամփոփագրեր և տեղեկատուներ, այդ թվում՝ կլիմայի առանձին տարրերի ու երևույթների (օդի ջերմաստիճան, տեղումներ, ձնածածկույթ, քամի, ամպրոպներ, կարկուտ և այլն) ամփոփումները, արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը (Գ. Ալեքսանդրյան, Ա. Բաղդասարյան, Գ. Զուբյան, Ա. Մխիթարյան, Խ. Պողոսյան)։ Նկարագրվել է Հայաստանի կլիման՝ կլիմայական վերլուծության ժամանակակից մեթոդների (միջինների, համալիր և դինամիկ) համատեղ օգտագործմամբ (Ա. Բաղդասարյան, «Հայկական ԽՍՀ կլիման», ռուսական, 1958) և միջինների մեթոդով (Ա. Ներսեսյան, «Հայաստանի կլիման», 1964)։ Դրանց հիման վրա մշակվել են լեռնային երկրների կլիմայի տիպաբանական դասակարգման և հանրապետության կլիմայական շրջանացման սխեմաները, կատարվել կիրառական կլիմայագիտական, գյուղատնտեսական, առողջարանային, ռեկրեացիոն և այլն ) հետազոտություններ։

Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Հրազդան քաղաքից

Ջրաբանական հետազոտությունները նախապատերազմյան շրջանում հիմնականում կապված էին ոռոգման համակարգերի ստեղծման և Սևանի հիմնախնդրի լուծման հետ (Վ. Դավիդով և Բ. Զայկով)։ Հետագայում հանրապետության ջրագրության և ջրային հաշվեկշռի մշակման աշխատանքներ են կատարվել Ջրային հիմնախնդիրների և հիդրոտեխնիկայի ինստիտուտում (Ա. Մխիթարյան, Վ. Վալեսյան, Ե. Սաֆարով, Մ. Տիմոֆեև)։ Հետազոտություններ են կատարվել հանրապետության ջրագրության՝ գետերի և լճերի ռեժիմի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի հաշվարկման ու հոսքի վերաբաշխման ուղղությամբ՝ պայմանավորված Սևանի հիմնախնդրի և ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման խնդրով։ Մշակվել են լեռնային լանդշաֆտների խոնավաշրջանառության հարցերը։ 1981-ին լույս է տեսել «Հայկական ԽՍՀ ջրագրություն» աշխատությունը (Գ. Ալեքսանդրյան, Վ. Ավետիսյան, Ա. Բաղդասարյան, Հ. Գաբրիելյան և ուրիշներ)։ ՀԽՍՀ ԳԱ հողագիտության բաժնում, հետագայում նաև Հողագիտության և ագրոքիմիայի ինստիտուտում կազմվել են հողածածկույթի քարտեզներ (Բ. Գալստյան, Խ. Միրիմանյան, Է. Հայրապետյան, Ռ. էդիլյան, Ա. Չիթչյան և ուրիշներ)։

Կենսաաշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաաշխարհագրական հետազոտություններ են կատարվել ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտներում և այլ հիմնարկներում։ Մշակվել են լեռնային երկրների կենսաաշխարհագրական շրջանացման սկզբունքները, սահմանվել է հանրապետության տարածքի երկրաբուսաբանական և կենդանաաշխարհագրական բնութագիրը, ստեղծվել են քարտեզներ։ 1958-ին ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում կազմակերպված աշխարհագրության բաժինը ֆիզիկաաշխարհագրական ճյուղային ուսումնասիրություններին զուգահեռ սկսել է նաև տարածքի համալիր հետազոտություններ՝ հատկապես լեռնային համակարգերի լանդշաֆտային և ընդհանուր երկրագիտական հիմնախնդիրների ուղղությամբ։ Կատարվել են խոշոր մասշտաբի լանդշաֆտային հանույթներ, կազմվել քարտեզներ։ Լանդշաֆտային քարտեզներ է պարունակում «Հայկական ԽՍՀ ատլասը» (1961), որը հանրապետության առաջին ազգային համալիր ատլասն է։ Կուտակված հարուստ նյութի հիման վրա ստեղծվել է հանրապետության լեռն, լանդշաֆտների դասակարգման սխեմա, կատարելագործվել են ֆիզիկաաշխարհագրական շրջանացման սկզբունքները, և մշակվել հանրապետության տարածքի շրջանացման նոր սխեմաներ։ 1971-ին հրատարակվել է «Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» գիրքը՝ բնական շրջանների բնութագրերով (Ա. Ասլանյան, Ա. Բաղդասարյան, Լ. Ձոհրաբյան և ուրիշներ)։

Լանդշաֆտագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրվել են լանդշաֆտի երկրաֆիզիկան, երկրաքիմիան, ինչպես նաև էներգիայի և նյութերի տարածային տեղաշարժերի օրինաչափությունները, վերընթաց լանդշաֆտային գոտիների կառուցվածքը, պարզաբանվել և քարտեզագրվել է դրանց շարժը։ Հետազոտվել են միջավայրի հիմնախնդիրների լանդշաֆտային տարածաշրջանային առանձնահատկություններն ու այդ հիմքի վրա՝ լեռնային համակարգերի բնության պահպանության հիմնախնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել լեռն, լանդշաֆտագիտության կիրառական (գյուղատնտեսական, բժշկական, հողբարելավման, ռեկրեացիոն և այլն) ասպեկտներին։ Լանդշաֆտագիտական հետազոտություններում օգտագործվել են օդատիեզական (աերոկոսմիկական), հեռազննման (դիստանցիոն) և այլ մեթոդների նյութերը (Ա. Բաղդասարյան, Գ. Գրիգորյան, Հ. Գաբրիելյան, Դ. Պողոսյան, Ա. Քոչարյան, Տ. Տրիֆոևովա և ուրիշներ)։ Երկրագիտության ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա կազմվել է «Սովետական Միություն» 22-հատորանոց հրատ-յան «Հայաստան» (1969) հատորը։

Քարտեզագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ են կատարվել բնական տարրերի տարբեր մասշտաբների քարտեզների և ատլասների կազմման, հայ ժողովրդի աշխարհագրական ժառանգության ուսումնասիրման ուղղությամբ (Ա. Ասլանյան, Ս. Երեմյան, Հ. Ստեփանյան, Թ. Հակոբյան և ուրիշներ)։ Կազմվել է ՀԽՍՀ բնական պայմանների, ռեսուրսների և բնության պահպանության 1:500000 մասշտաբի համալիր ատլասը։ Անկախ պետականության 20 տարիների ընթացքում ֆիզիկական աշխարհագր. գիտությունը և կրթությունը զարգացել են հիմնականում միջազգային գիտակրթական բարեփոխումներին համահունչ։ Ջրաբանական հետազոտությունները հիմնականում կապված են Սևանա լճի ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման, լճի մակարդակի բարձրացման, լճի էկոլոգիական վիճակի բարելավման, ջրի ազգային ծրագրի մշակման, փոքր գետերի ջրաէներգետիկական պաշարների օգտագործման, ջրային փոքր էլեկտրակայանների և փոքր ջրամբարների կառուցման, ՀՀ գետերի ու լճերի ջրային տարբեր բնութագրիչների բազմակողմանի ուս ումնասիրությունների հետ։

Ջրային հաշվեկշիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաձոր

Աշխատանքներ են կատարվել ՀՀ տարբեր գետավազանների և առանձին տարածքների ջրային հաշվեկշռի կազմման, ջրային պաշարների գնահատման, գետերի հոսքի հաշվեկշռի ու կանխատեսման (Բ. Մնացականյան), ՀՀ գետերի նվազագույն հոսքի բազմակողմանի ուսումնասիրության, ամառ-աշնանային և ձմեռային սակավաջուր հոսքի ու դրանց բազմամյա միջին 30-օրյա, 10-օրյա և օրական նվազագույն հոսքի արժեքների ճշգրտման ու լրացման, ամառ-աշնանային և ձմեռային սակավաջուր հոսքի բնույթի ՀՀ տարածքի շրջանացման, դրանց հոսքի մոդուլի 1:600 000 մասշտաբի քարտեզների կազմման, մարդածին ճանապարհով խախտված գետերի նվազագույն հոսքի վերականգնման նոր մեթոդի մշակման, ջրային աղետների և ջրային պաշարների վրա կլիմայի գլոբալ փոփոխության (Թ. Վարդանյան), ՀՀ գետերի ջերմասառցային ռեժիմի մարդածին փոփոխությունների գնահատման (Ա. Գրիգորյան), ՀՀ տարածքի ջրային ու ջերմային հաշվեկշռի փոխադարձ կապերի, Սևանի ավազանում արհեստական անձրևների առաջացման, ՀՀ-ում մթնոլորտային տեղումների փոփոխության գնահատման (մինչև 2100-ը), առանձին գետային ավազաններում մթնոլորտային տեղումների քարտեզագրման, մթնոլորտային տեղումների և գետային հոսքի միջև եղած օրինաչափությունների ուսումնասիրության, Սևանա լճից ջրի գոլորշիացման ու գոլորշիացումը պայմանավորող գործոնների որոշման մեթոդների, խոշոր գետավազաններից գետային ամսական, սեզոնային և տարեկան հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակման, ՀՀ տարածքի ձնածածկույթի ձևավորման ու դրա մեջ ջրային պաշարների հաշվարկման, ԼՂՀ ջրային պաշարների ումնասիրության և այլ ուղղություններով։ Աշխատանքներ են կատարվում նաև «Ջրի ազգային ծրագրի» մշակման և ՀՀ տարբեր գետավազաններում փոքր ջրամբարների ու ջրէկների նախագծման և կառուցման ուղղությամբ (Բ. Մնացականյան, Թ. Վարդանյան, Բ. Ձաքարյան և ուրիշներ)։ 2003-ին Ծաղկաձորում կազմակերպվել է «Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և պահպանումը փոփոխվող շրջակա միջավայրում», 2007-ին Երևանում «Բնական աղետները և ջրի անվտանգությունը, ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմաներով միջազգային գիտաժողով- ներ (կազմակերպիչներ՝ Թ. Վարդանյան, Ք. Հակոբյան)։ Ջրաօդերևութաբան. ուսումնասիրությունների զարգացման կարևոր խթան էր 1996-ից ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում ջրաօդերևութաբանություն մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստումը։

Թեմատիկ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Location Nagorno-Karabakh2.png

Հանրապետությունում կլիմայագիտական կարևոր իրադարձություն էր «Կլիմայի փոփոխության հիմնահարցերը» ստվարածավալ ժողովածուների հրատարակությունը (գլխավոր խմբ.՝ Ա. Հ. Գաբրիելյան, 1-ին հատորը հրատարակվել է 1999-ին, 2-րդ-ը՝ 2003-ին), որոնք ամփոփում են ՀՀ-ում վերջին 2 տասնամյակում կատարված կլիմայի փոփոխության և նրա հետևանքների ուսումնասիրությունները։ Կատարվել են նաև ագրոօդերևութաբանական տարաբնույթ ուսումնասիրություններ (Ռ. Մկրտչյան, Վ. Մարգարյան, Ա. Գրիգորյան և ուրիշներ)։ Ստեղծվել և ստեղծվում են նոր ատլասներ, արժեքավոր քարտեզներ։ «Հայաստանի ազգային ատլասի» Ա հատորի (2007, պատասխանատու խմբ.՝ Լ. Վալեսյան) քարտեզների հեղինակներն են ֆիզիկաաշխարհագետներ Խ. Նազարյանը, Ռ. Մկրտչյանը, Դ. Պողոսյանը, Բ. Սնացականյանը, Վ. Բոյնագրյանը, Ա. Թորոսյանը, Ա. Խոյեցյաևը, Ռ. Գագինյանը և ուրիշներ։ «Երևանի ատլասի» և «Լեռնային Ղարաբաղի ատլասի» հրատարակման աշխատանքներին նույնպես մասնակցել են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագետներ։ Կատարվել են նաև չորային (արիդ) լեռնային երկրների լանդշաֆտների լերկացման (դենուդացիա), դասակարգման, կառավարման և պլանավորման հարցերի վերաբերյալ մի շարք աշխատանքներ։ Ուսումնասիրվել են ՀՀ հողային բնակլիմ. տարբեր գոտիներում էրոզիային և լերկացման շարժընթացները, լանդշաֆտների չորայնության աստիճանը, կատարվել են վերջիններիս ֆիզիկա- աշխարհագր. շրջանացում և քարտեզագրում։ 1990-ական թվականների 2-րդ կեսից իրականացվում են ՀՀ լանդշաֆտների բնական և մարդածին ազդեցությունների երկրաէկոլոգիական հիմնահարցերին, լանդշաֆտների անապատացման, կլիմայի փոփոխության և կենսա- բազմազանության խախտման հիմնախնդիրների համաշխարհային, տարածաշրջանային և տեղային հարցերի վերաբերյալ աշխատանքներ։ Այդ թեմաներով ՀՀ-ում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ (կազմակերպիչներ՝ Հ. Գաբրիելյան, Խ. Նազարյան, Ա. Խոյեցյան, Կ. Դանիելյան, Ք. Հակոբյան)։ 2000-ական թվականներից գիտական հետազոտությունների շրջանակում ընդգրկվել են Հայկական լեռնաշխարհի և ՀՀ լանդշաֆտների դասակարգումն ու քարտեզագրումը, լանդշաֆտների պլանավորումն ու լանդշաֆտային էկոլոգիան, ինչպես նաև եղանակային առավել վտանգավոր երևույթների ազդեցության գնահատումը՝ ՀՀ լանդշաֆտների վատթարացման (դեգրադացիա) շարժընթացում (Հ. Գաբրիելյան, Խ. Նազարյան, Ա. Խոյեցյան, Կ. Դանիելյան, Վ. Պողոսյան, Հ. Սայադյան, Գ. Կարապետյան, Թ. Վարդանյան)։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Մատեոյի սողանքի համակարգչային սիմուլյացիան, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1997 թ հունվար

Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ (Ռ. Մկրտչյան, Թ. Վարդանյան, Դ. Պողոսյան, Վ. Խալաթով, Հ. Բալյան, Ա. Խոյեցյան և ուրիշներ)։ Երկրաձևաբանական ուսումնասիրությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի ու ՀՀ ռելիեֆի տարբեր ձևերի բնածին և մարդածին փոփոխություններին, բնական արտակարգ երևույթների (սողանքներ, սելավներ և այլն) ուսումնասիրմանն ու քարտեզագրմանը, ռելիեֆի էկոլոգիական հիմնահարցերին (Ս. Բալյան, Հ. Գաբրիելյան, Վ. Բոյնագրյան, Խ. Նազարյան, Ռ. Գագինյան, Պ. Դավթյան, Վ. Մեթանջյան)։ Աշխատանքներ են կատարել Հայկական լեռնաշխարհի և ՀՀ բնության տարբեր բաղադրիչների քարտեզագրման և տեղագրական հանույթների կատարման, աշխարհատեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ (Գ. Կարապետյան, Վ. Մեթանջյան, Հ. Բաբայան, Վ. Բոյնագրյան, Հ. Սայադյան և ուր)։ Կատարվել են նաև գեոէկոլոգիական բնույթի արժեքավոր աշխատանքներ (Խ. Նազարյան, Կ. Դանիելյան, Վ. Բոյնագրյան, Ռ. Մկրտչյան, Ա. Խոյեցյան, Թ. Վարդանյան), որոնցից կարևոր են Հասարակության կայուն զարգացման հայեցակարգի մշակման (Կ. Դանիելյան), ՀՀ բնության տարբեր բաղադրիչների վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության (Թ. Վարդանյան, Վ. Մարգարյան), բնօգտագործման էկոլոգացման (Կ. Դա- նիելյան, Ռ. Մկրտչյան, Ա. Գրիգորյան), սողանքային, սելավային երևույթների դեմ պայքարի միջոցառումների մշակման (Ս. Բալյան, հյ. Նազարյան, Վ. Բոյնագրյան, Պ. Դավթյան) ուղղությունները։ Բնության պահպանության, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, խնայողության և պահպանության հարցերին նվիրված տարբեր լեզուներով արժեքավոր մենագրություններ է հրատարակել Կ. Դանիելյանը։ ՀՀ ֆիզիկաաշխարհագետները հեղինակել են բազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքեր։ ԵՊՀ-ում 1995-ից գործում է ֆիզիկական աշխարհագրության և երկրաէկոլոգիայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png