Jump to content

Ֆեոդոր Բոնդարչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Բոնդարչուկ
ռուս.՝ Фёдор Сергеевич Бондарчук
Ծնվել էմայիսի 9, 1967(1967-05-09)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1991) և Կապցովների անվան № 1520 գիմնազիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հաղորդավար, կինոպրոդյուսեր, ռեստորատոր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր, բեմադրող ռեժիսոր, հասարակական գործիչ, կինոդերասան և ռեժիսոր
ԱմուսինՍվետլանա Բոնդարչուկ և Պաուլինա Անդրեևա
Պարգևներ
IMDbID ID 0094080
art-pictures.ru

Ֆեոդոր Սերգեևիչ Բոնդարչուկ (ռուս.՝ Фёдор Серге́евич Бондарчу́к, մայիսի 9, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, կլիպմեյքեր, ռեստորանատեր։ «Լենֆիլմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Դերասանուհի Իրինա Սկոբցևայի և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի որդին։

Նկարահանել է «Իններորդ վաշտը» ֆիլմը (2005 թվականի ամենաշահութաբեր ռուսական ֆիլմը վարձույթում[4]), որն ստացել է 7 տարբեր կինոմրցանակներ, առաջադրվել է 8 անվանակարգերում, 2006 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[5]։ Հայտնի ֆիլմերից են նաև «Բնակելի կղզին» երկմասանոց ֆիլմը (առաջին մասը 2009 թվականին դարձավ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենաշահութաբեր ֆիլմը վարձույթում)[6] և «Ստալինգրադ» լայնածավալ ռազմական դրաման (2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում)։

«Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում («Кресло», СТС) 2003 թվականին արժանացել է ՏԷՖԻ մրցանակի։ 2011 թվականին «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի[7] («Երկու օր» ֆիլմ)։

«Կինոտավր» կինոփառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նիկա» կինեմատոգրաֆիական ազգային մրցանակի ակադեմիկոս, «Ոսկե արծիվ» ազգային մրցանակաբաշխության անդամ։ «Գլավկինո» ընկերության հիմնադիր։ «Կինոսիթի» նախագծի նախաձեռնողների մեկը։ «Art Pictures Studio» կինոընկերության հիմնադիր[8]։

«Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ[9]։

Ֆեոդոր Բոնդարչուկը մանուկ ժամանակ։

Բոնդարչուկը ծնվել է 1967 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում դերասանուհի Իրինա Սկոբցևայի (ծնվ․՝ 1927) և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի (1920-1994) ընտանիքում՝ դառնալով ընտանիքի երկրորդ զավակը (ավագ քույրը՝ Ալյոնա Բոնդարչուկը (1962-2009), թատրոնի և կինոյի դերասանուհի է)։ Նրա դաստիարակմամբ հիմնականում զբաղվում էր տատը՝ Յուլիա Նիկոլաևնան։ Ֆեոդորն ավարտել է № 31 անգլիական թեքումով գեղարվեստական միջնակարգ դպրոցը Մոսկվայում։

Դպրոցը 1985 թվականին ավարտելով՝ ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ ռեժիսորաբեմադրական ֆակուլտետ (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ Ինստիտուտում մեկ տարի սովորելուց հետո գնում է բանակ։ Որոշ ժամանակ Կրասնոյարսկում ծառայելուց հետո տեղափոխում են Տամանի դիվիզիայի հեծելազորային գունդ։ 1987 թվականին կրկին վերադառնում է ինստիտուտ, սակայն արդեն Յուրի Օզերովի արվեստանոց՝ հաջողությամբ համատեղելով ուսումն իր իսկ ուսուցչի «Ստալինգրադ» կինոպատման նկարահանումների հետ։ Այս դերը Ֆեոդոր Բոնդարչուկի դերասանական կարիերայում երկրորդն էր։ Առաջին դերը կինոյում խաղացել է 1986 թվականին, որը ոչ մեծ դեր էր (ցարորդի Ֆեոդոր) իր հոր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Բորիս Գոդունով» պատմական դրամայում, որի մասին նա նշել է․ «Հայրս խիստ էր ինձ հետ։ Նա ինձ համար եղել և մնում է ֆանտաստիկ, անսասան հեղինակություն։ Դա սոսկալի պատասխանատվություն էր։ Երբ ես վերադառնում էի նկարահանումներից, բառացիորեն կարելի էր քրտինքս քամել։ Ինձ շատ դժվար էր տրվում դերը»[10]։

1991 թվականին հաջողությամբ ավարտեց ՎԳԻԿ-ը։

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Քեոսայանը (աջից), Ֆեոդոր Բոնդարչուկը (աջից երկրորդը), Յուրի Օզերովը (ձախից) «Ստալինգրադ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Ֆեոդոր Բոնդարչուկն առաջին անգամ նկարահանվել է «Բորիս Գոդունով» ֆիլմում, որը նկարահանել է հայրը 1986 թվականին։ Կատարել է ցարորդի Ֆեոդորի դերը։

1987 թվականին, լինելով ՎԳԻԿ-ի ուսանող, մասնակցում է իր ուսուցչի՝ Յուրի Օզերովի «Ստալինգրադ» ֆիլմի նկարահանումներին, որն էկրան բարձրացավ 1990 թվականին։

Այնուհետև Բոնդարչուկը նկարահանվել է իր ընկերոջ՝ Տիգրան Քեոսայանի կուրսային աշխատանքում՝ «Արևոտ լողափ»-ում՝ կատարելով երիտասարդ զինվորի դերը։ Դրանից հետո 1992 թվականին նկարահանվել է Իվան Օխլոբիստինի «Դևերը» և «Իրավարարը» ֆիլմերում։

Որպես կլիպմեյքեր Ֆեոդոր Բոնդարչուկի կարիերան սկսվել է 1990 թվականին Սերգեյ Մազաևի և «Մորալնի կոդեքս» խմբի «Ցտեսություն, մայրի՛կ» հոլովակով։ 1991 թվականին Նատալյա Վետլիցկայայի «Նայի՛ր աչքերիս» երգի համար հոլովակ է նկարահանում։ Արդյունքում Բոնդարչուկը հոլովակներ է նկարահանում գրեթե բոլոր ռուսական հայտնի խմբերի և կատարողների՝ Բորիս Գրեբենշչիկովի, Ալլա Պուգաչովայի, Քրիստինա Օրբակայտեի, Վլադիմիր Պրեսնյակովի, Լինդայի, Անժելիկա Վարումի, Ալյոնա Սվիրիդովայի, Նայկ Բորզովի, Վալերի Մելաձեի, Տատյանա Օվսիենկոյի, Ֆիլիպ Կիրկորովի և այլոց համար։

1993 թվականին երաժշտական հոլովակների ոլորտում կատարած աշխատանքի համար արժանացել է «Օվացիա» մրցանակի, որն ստացել է հոր ձեռքից։ Ավելի ուշ այսպես է խոսել կլիպմեյքերական իր աշխատանքի մասին․ «Այդ ժամանակ իմ անձը հետաքրքրում էր մարդկանց միայն այն պատճառով, որ խորհրդային մեծ ռեժիսորի որդին հանկարծ սկսեց զբաղվել անհայտ գործով։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է տեսահոլովակը կամ երաժշտական հոլովակը։ Հայտնի ռեժիսորներն այդ ամենում միայն փող ու փոքր ֆորմաներ էին տեսնում՝ անարժան մեծ նկարիչների վրձնին։ Ախր եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, սա պատկերի, մոնտաժի, ինչի հետ ցանկանում ես արարելու և փորձարկելու այսպիսի հնարավորություն է։ Եվ հորս դա սոսկալի դուր էր գալիս»[10]։

1993 թվականին էկրան բարձրացավ Բոնդարչուկ կրտսերի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ, որը կոչվում էր «Մահվան հրեշտակները»։

Նույն թվականին Ֆեոդոր Բոնդարչուկն առաջին անգամ որպես ռեժիսոր նկարահանեց «Սիրում եմ» ֆիլմը, որը Լյուդմիլա Գուրչենկոյի բենեֆիսն էր։

Դրանից հետո Բոնդարչուկը 5 տարի չի նկարահանվել, իր ժամանակը գերազանցապես նվիրել է գովազդային և երաժշտական տեսահոլովակների նկարահանումներին։ 1998 թվականին էկրան է վերադարձել Վլադ անունով արտասովոր երիտասարդի դերով Գարիկ Սուկաչյովի «Միջին տարիքի ճգնաժամ» ֆիլմում, որին հետևել է Գրիգորի Կոնստանտինոպոլսկու «8 ½ $» ֆիլմը, որտեղ Բոնդարչուկը խաղացել է միանգամից 2 դեր, որոնցից մեկը հենց իր դերն էր կատարում։ Այնուհետև նկարահանվել է ամանորյա «Ցուցափեղկ» ֆիլմում։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր Բոնդարչուկը «Բնակելի կղզին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

2001 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկը նկարահանվել է Ռոման Կաչանովի «Դաուն Հաուս» ֆիլմում։ Ֆեոդոր Դոստոևսկու հայտնի «Ապուշը» վեպի յուրօրինակ էկրանավորման մեջ Բոնդարչուկը խաղացել է իշխան Միշկինի դերը։

Քիչ անց Բոնդարչուկը նկարահանվել է ևս մեկ նախագծում՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Տղամարդու աշխատանք» հեռուստասերիալում․ այս դերը խիստ տարբերվում էր մնացած դերերից, որ խաղացել էր նախկինում։

2001 թվականին ռեժիսոր Վալերի Ռուբինչիկը նկարահանեց «Կինո կինոյի մասին» ֆիլմը, որտեղ խաղացած դերի համար Բոնդարչուկն ստացավ իր առաջին մրցանակը՝ «Սոզվեզդիե»՝ կինոդերասանների գիլդիայի կողմից։

2002 թվականին էկրան բարձրացավ Ֆիլիպ Յանկովսկու «Շարժման մեջ» ֆիլմը, որտեղ Ֆեոդոր Բոնդարչուկը ոչ միայն խաղաց գլխավոր դերերից մեկը, այլև առաջին անգամ հանդես եկավ որպես ֆիլմի պրոդյուսեր։

Նույն 2002 թվականին СТС հեռուստաալիքը նրան հրավիրեց որպես «Кресло» խաղային շոուի հաղորդավար՝ հաջողությամբ սկսելով իր հեռուստատեսային կարիերան։ Սրա ապացույցն է 2003 թվականին նրա ստացած ՏԷՖԻ մրցանակը «Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում[11]։

Ֆեոդոր Բոնդարչուկը և Արթուր Սմոլյանինովը «Տոթը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Այս ժամանակ արդեն ընթանում էր Բոնդարչուկի լիամետրաժ ռեժիսորական առաջին ֆիլմի՝ «Իններորդ վաշտ»-ի աշխատանքները։ Ի սկզբանե ֆիլմը պետք է լիներ 1959 թվականի «Մարդու ճակատագիրը» ֆիլմի ռեմեյք, որը ժամանակին նկարահանել էր Ֆեոդորի հայրը՝ Սերգեյ Բոնդարչուկը։ Ֆիլմը պատմում էր չեչենական պատերազմի մասին։ Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ որոշվեց պատմել Աֆղանական պատերազմի մոռացված հերոսների մասին[12]։ Ֆիլմի սցենարը, Բոնդարչուկի խոսքերով, 60 տոկոսով հիմնված է իրական իրադարձությունների վրա[13]։ Ֆիլմի ռազմական խորհրդատուն Պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը դարձավ, որը հաստատեց սցենարը՝ տիտղոսաթերթի վրա գրելով․ «Սա աֆղանական պատերազմի մասին լավագույն ֆիլմն է լինելու»։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են Ղրիմում և տևել են 5 ամիս։ 2005 թվականին «Իններորդ վաշտը» դարձավ ռուսական շուկայի ամենաշահութաբեր ֆիլմը[4]։ Այն նաև 8 անգամ առաջադրվեց մրցանակների և ստացավ 7-ը, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսորական դեբյուտ»։ «Իններորդ վաշտը» 10 մլն ԱՄՆ դոլարի բյուջե ունենալով հավաքեց 25 մլն ԱՄՆ դոլար։ Ֆեոդոր Բոնդարչուկի մասնագիտական գործունեության մեջ այս նախագիծը նոր փուլ դարձավ։

2005 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկի էկրան բարձրացած դերասանական աշխատանքներից էին «Պետական խորհրդատուն», «Մայրի՛կ, մի՛ վշտացիր 2»-ը, «180 և ավել»-ը և «Կայսրության փլուզումը» հեռուստանախագիծը։

2006 թվականին էկրան բարձրացավ Ռեզո Գիգինեիշվիլիի «Տոթը» ֆիլմը՝ «Art Pictures Studio» ընկերության արտադրած առաջին կինոնախագիծը (որի ղեկավարը Բոնդարչուկն է՝ պրոդյուսեր Դմիտրի Ռուդովսկու հետ համատեղ)։ Այստեղ Բոնդարչուկը հանդես եկավ որպես պրոդյուսեր, ինչպես նաև խաղաց դերերից մեկը։ Քիչ բյուջե ունեցող երիտասարդական ֆիլմը վարձույթում հավաքեց 16.5 մլն ԱՄՆ դոլար՝ դառնալով տարվա ամենավարձույթային ռուսական կինոնախագիծը[14]։

Ֆեոդոր Բոնդարչուկը և Սերգեյ Գարմաշը «Բնակելի կղզին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Նույն 2006 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկը Բորիս Ստրուգացկուց ստացավ Ստրուգացկի եղբայրների «Բնակելի կղզին» ֆանտաստիկ վիպակի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմը նկարահանել են 222 օր, որոշվեց այն բաժանել 2 մասի։ «Բնակելի կղզին» և «Բնակելի կղզին։ Գոտեմարտ»-ը վարձույթի դուրս եկավ 2009 թվականին։ Ֆիլմի արտադրությամբ և տարածմամբ ևս զբաղվում էր «Art Pictures Studio»-ն։ Ֆեոդոր Բոնդարչուկն ինքը հանդես եկավ որպես նախագծի ռեժիսոր, պրոդյուսեր և գլխավոր դերերից մեկի կատարող։

2007 թվականին Բոնդարչուկը խաղացել է հետևյալ ֆիլմերում՝ «Սեղմակներ», «Դերասանուհին», «Ես մնում եմ», «7 խցիկ», «18-14»։

2008-2009 թվականներին, բացի «Բնակելի կղզին» ֆիլմի վրա աշխատելուց, Բոնդարչուկը նկարահանվել է «Ամենալավ ֆիլմ 2» (2009) և «Ադմիրալ» (2008) ֆիլմերում։

Նույն 2008 թվականին սկսել է աշխատել լայնածավալ նախագծի վրա՝ խոշոր կինոհամալիր՝ Գլավկինոյի ստեղծման վրա, որի բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։

2010 թվականին էկրան բարձրացան Ֆեոդոր Բոնդարչուկի մասնակցությամբ միանգամից մի քանի ֆիլմ՝ «Ֆոբոս։ Վախի ակումբ», «Դասախոսը» սերիալը, «ПираМММида», «Про любоff» , «Մոսկվա՛, ես սիրում եմ քեզ»։

2011 թվականին կայացավ Ավդոտիա Սմիրնովայի «Երկու օր» կինոպատմության պրեմիերան, որի գլխավոր դերը կատարելու համար Բոնդարչուկն ստացավ «Ոսկե արծիվ» մրցանակ[15]։ Բացի այդ, նա մասնակցել է «Հարսանիք փոխանակմամբ» ֆիլմի նկարահանումներին և Միխայիլ Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպի էկրանավորմանը, որտեղ կատարել է Շպոլյանսկու դերը։

2012 թվականին էկրան է բարձրացել «Գլավկինո» ստուդիայի առաջին նախագիծը՝ «Օգոստոս․ 8-ին», որի պրոդյուսերն էր Ֆեոդոր Բոնդարչուկը։

2012 թվականի ապրիլին էկրան բարձրացավ Բորիս Ակունինի «Լրտեսական վեպ» գրքի էկրանավորումը՝ «Լրտես» ֆիլմը, որտեղ Ֆեոդոր Բոնդարչուկը կատարեց գլխավոր դերերից մեկը։

Ֆեոդոր Բոնդարչուկը և Կոնստանտին Կրյուկովը «Իններորդ վաշտը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

2012 թվականի ապրիլին կայացավ «Շտապելու տեղ չկա» կինոալմանախի պրեմիերան։ Սա Ռուսաստանի ՆԳՆ պետավտոտեսչության և ռուսական կինեմատոգրաֆի 5 հայտնի ռեժիսորների համատեղ նախագիծն էր, այդ թվում՝ Ֆեոդոր Բոնդարչուկի, Պյոտր Բուսլովի, Վլադիմիր Կոտի, Ալեքսանդր Լունգինի, Սերգեյ Օսիպյանի, Բորիս Խլեբնիկովի։ Ֆիլմն իրենից 5 նովել է ներկայացնում, որոնցից յուրաքանչյուրն առանձին ֆիլմ է։ Նախագծին մասնակցել են նաև ռուսական թատրոնի և կինոյի այլ աստղեր՝ Օկսանա Ակինշինան, Լյուդմիլա Արինինան, Սերգեյ Բադյուկը, Վլադիմիր Վդովիչենկովը, Սերաֆիմա Օգարյովան, Սերգեյ Պուսկեպալիսը, Քսենիա Ռապոպորտը, Ալիսա Խազանովան, Պյոտր Ֆեոդորովը, Մարիա Շալաևան։ Նախագծի վերաբերյալ Բոնդարչուկն ասել է․ «Անհրաժեշտ է փոխել մարդկանց մշակույթը, ընդ որում ոչ թե ձևական արտահայտությունների և կաղապարային քարոզի օգնությամբ, այլ այնպիսի միջոցներով, ինչպիսին կինոն է»[16]։

2012 թվականի հոկտեմբերին վարձույթի դուրս եկավ Ֆեոդոր Բոնդարչուկի պրոդյուսերական աշխատանքը՝ «Духless» կինոնախագիծը՝ Սերգեյ Մինաևի նույնանուն վեպի հիման վրա, որը դարձավ 2012 թվականի ամենաշահութաբեր ռուսական խաղարկային ֆիլմը[17]։ Նույն թվականին ավարտվեցին «Ստալինգրադ» ֆիլմի նկարահանումները, որը դարձավ IMAX ձևաչափով առաջին ռուսալեզու ֆիլմը, որը վարձույթի դուրս եկավ 2013 թվականին[18]։ 2012 թվականի փետրվարին ֆիլմի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը և պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին պաշտոնապես հայտարարեցին «IMAX Filmed Entertainment» ընկերության հետ համագործակցության մասին, ինչի առիթով ընկերության նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Գրեգ Ֆոսթերն ասել է․ «Ֆեոդորը և Ալեքսանդրն ինձ «Ստալինգրադ»-ից 15 րոպեանոց հատված ցույց տվեցին, և ես շատ ուրախ եմ, որ մենք չսխալվեցինք գործընկերոջ ընտրության հարցում»[19]։

Ֆեոդոր Բոնդարչուկը Թիլ Շվայգերի հետ խաղացել են Թուրքիայում գերմանացի և ռուս զբոսաշրջիկների արկածների մասին կատակերգությունում՝ «Անթալիագրադ» ֆիլմում։ Ֆիլմը ռուս-գերմանական հիմնադրամից գրանտ է ստացել[20]։

2015 թվականի գարնանը Բոնդարչուկը երիտասարդ դերասան Սեմյոն Տրեսկունովի հետ հատուկ «Ուրվականը» ֆիլմի համար կատարեց «Ապրի՛ր ներկայով» երգը։ Երգի հեղինակը հայտնի կատարող Վասյա Օբլոմովն էր։

1991 թվականին ավարտելով ՎԳԻԿ-ը՝ Ֆեոդոր Բոնդարչուկը, մանկության ընկերը՝ Ստեպան Միխալկովը և Սերգեյ Կոժևնիկովը հիմնեցին տեսահոլովակներ արտադրող Ռուսաստանում առաջին մասնավոր ընկերությունը՝ «Art Pictures Group»-ը։ Բացի հոլովակներ արտադրելուց, «Art Pictures Group»-ն զբաղվում էր ակումբային նախագծերով, փառատոներով, գեղարվեստական ցուցահանդեսներով։ 1993 թվականին ընկերությունը նախաձեռնեց «Սերունդ» գովազդների և տեսահոլովակների փառատոնը (1993֊1998)։

«Art Pictures Group»-ի թողարկած տեսա և գովազդային հոլովակները բազմիցս դարձել են համառուսաստանյան և միջազգային մրցույթների, ինչպես նաև «Օվացիա» ազգային երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիրներ։ «Art Pictures Group»-ի պատվիրատուների թվում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Heinz-ը, Philips-ը, Sony-ը, Zikr (Colgate total)-ը, Коммерсантъ-ը, World Class-ը, Pepsi (MTV)-ը, СладКо-ն, Տյումենի նավթագազային ընկերություն (ТНК), Евросеть-ը, Хит ФМ «107,4»-ը, Մոսէներգոն, Վնուկովոյի ավիաուղիները։

2002 թվականին ընկերությունն սկսեց զբաղվել կինոարտադրությամբ։ «Art Pictures Group»-ի և «Սլովո» ու «Non-stop Production»-ի համատեղ ստեղծած առաջին ֆիլմերից են Ֆիլիպ Յանկովսկու «Շարժման մեջ» (7 մրցանակ, այդ թվում՝ «Նիկա» մրցանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում, «Ոսկե արծիվ» մրցանակ «Լավագույն մոնտաժ» անվանակարգում), Միխայիլ Բրաշինսկու «Սառցակեղև» (3 մրցանակ, այդ թվում՝ New Director’s Showcase Award Seattle International Film Festival, 2003) և Դմիտրի Մեսխիևի «Կամիկաձեի օրագիրը» (3 մրցանակ, այդ թվում՝ «Ոսկե խոյ» 2002՝ «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում) ֆիլմերը։

2006 թվականին Բոնդարչուկը պրոդյուսեր Դմիտրի Ռուդովսկու հետ վերակազմավորեց «Art Pictures Group»-ը՝ այն վերանվանելով «Art Pictures Studio»։ Ընկերությունը, որի գեղարվեստական ղեկավարն ու տերը դարձավ Ֆեոդոր Բոնդարչուկը, մասնավորապես զբաղվել է «Տոթը», «Բնակելի կղզին», «Բնակելի կղզին։ Գոտեմարտ», «Երկու օր» ֆիլմերի պրոդյուսերությամբ, նկարահանմամբ և վաճառքով։ Ներկայումս «Art Pictures Studio»-ն զբաղվում է կինոարտադրությամբ, ֆիլմերի վարձույթով, կինո և տեսաարտադրանքի տարածմամբ, ինչպես նաև երաժշտական և գովազդային հոլովակների արտադրությամբ։

2009 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկը և Դմիտրի Ռուդովսկին ստեղծեցին «Art Pictures Media» դիստրիբյուտորական ընկերությունը, որն զբաղվում է «Art Pictures Media»-ի, ինչպես նաև անկախ արևմտյան ստուդիաների ֆիլմերի կինոթատրոնային, հեռուստատեսային և DVD տարածմամբ։ «Art Pictures Media»-ն հանդես է գալիս որպես այնպիսի արտասահմանյան ֆիլմերի դիստրիբյուտոր, ինչպիսիք են «Հանճարեղ հայրիկ» (գլխավոր դերում՝ Քևին Սփեյսի), «Համադասարանցիներ իտալական ձևով», «Վանականը» (գլխավոր դերում՝ Վենսան Կասել), հայրենական՝ «Էլկա» մուլտֆիլմ, «Մրրկայնության գոտի» մելոդրամա (ռեժիսոր՝ Եվգենիա Տիրդատովա)։ 2010 թվականին էկրան է բարձրացել «Ֆոբոս։ Վախի ակումբ» հոգեբանական թրիլերը, որը «Art Pictures Media»-ի առաջին ֆիլմն էր, որը միաժամանակ էկրան բարձրացավ Ռուսաստանում, Գերմանիայում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում[21]։

2013 թվականի օգոստոսին «Art Pictures Media»-ի կատալոգում տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմ կար։

2008 թվականին Կոնստանտին Էռնստի և Իլյա Բաչուրինի հետ համատեղ Ֆեոդոր Բոնդարչուկը հիմնեց «Գլավկինո» ընկերությունը, որի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգային նշանակության ֆիլմերի նկարահանումը, երիտասարդ կինեմատոգրաֆներին աջակցելը, կինոարդյունաբերության զարգացման համար պայմաններ ստեղծելը և Ռուսաստան արտասահմանյան նախագծեր ներգրավելը։

Այն Ռուսաստանի խոշորագույն կինոհեռուստատեսային կոնցեռններից մեկն է՝ 33 000 մ² տարածքով, որը ներառում է նույնանուն կինոհեռուստատեսային համալիրը (այդ թվում՝ խոշորագույն նկարահանման հրապարակն Արևելյան Եվրոպայում՝ 3107 մ² մակերեսով), պրոդյուսերական ընկերություն և սցենարների լաբորատորիա։ Գործունեության հիմնական ուղղությունը՝ կինո և հեռուստաբովանդակության արտադրությունն է, հետարտադրությունը և տարածումը։ «Գլավկինո»-ի մասին Բոնդարչուկն ասել է հետևյալը․ «Գլավկինոն Ռուսաստանի խոշորագույն կինոկոնցեռններից մեկն է, որի ստեղծմամբ զբաղվել ենք վերջին 5 տարիները։ Արդյունքով հպարտանում եմ և չեմ թաքցնում դա։ Ասում են էլի, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է որդի ունենա, ծառ տնկի և տուն կառուցի։ Ես այնպիսի մեկն եմ կառուցել, որ հաստատ չեմ ամաչում։ Եվ մենք դա արել ենք համեմատաբար քիչ գումարով»[22]։

2011 թվականի գարնանը Նյու Յորքի կինոարվեստի ակադեմիան և «Գլավկինո» ընկերությունը՝ Ֆեոդոր Բոնդարչուկի գլխավորությամբ կրթաթոշակ սահմանեցին Սերգեյ Բոնդարչուկ ավագի անվամբ, որը Ռուսաստանի երիտասարդ տաղանդավոր կինեմատոգրաֆներին հնարավորություն էր տալիս Մոսկվայում՝ ամերիկացի և ռուս վարպետների մոտ պրակտիկա անցնել «Կինո և հեռուստատեսության պրոդյուսեր» մասնագիտությամբ։

Համալիրի պաշտոնական բացումը կայացավ 2012 թվականին։

2009 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկը Էդուարդ Պիչուգինի և Սերգեյ Սելյանովի հետ նախաձեռնում են «Կինո Սիթի» նախագիծը։ Ընկերությունը կատարում է Ռուսաստանի Դաշնության քաղաքների կինոֆիկացումը՝ ամբողջ երկրով մեկ մուլտիմեդիա կրթական կինոկենտրոնների կառուցման միջոցով։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Բոնդարչուկին մեծ ճանաչում բերեց նաև հեռուստատեսությունը։ 2002 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2004 թվականի օգոստոսի 28-ը СТС հեռուստաալիքով սկսեց վարել «Кресло» խաղային շոուն, որի համար 2003 թվականին արժանացավ ՏԷՖԻ մրցանակի «Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում, իսկ 2004 թվականի մարտին դարձավ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա»-ի հիմնադրամի անդամ։

2004 թվականին Ֆեոդորը դարձավ «Դու սուպերմոդել ես» ռեալիթի շոուի առաջին 2 եթերաշրջանների հաղորդավարը[23]։

Հաղորդավարի կարիերան Ֆեոդոր Բոնդարչուկը շարունակեց «Մանրամասն կինո» հաղորդմամբ (2005 թվականից)[24], որի շրջանակներում տարբեր թողարկումներում հյուրընկալել է Օլիվեր Սթոունին, Դարրեն Արոնոֆսկուն, Մայքլ Բեյին, Քրիստոֆ Վալցին, Դենիել Քրեյգին, Թիլ Շվայգերին։

2013 թվականին Ֆեոդոր Բոնդարչուկը սկսեց աշխատել որպես հեռուստապրոդյուսեր։

Ռեստորանային բիզնես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Բոնդարչուկը Մոսկվայում 3 ռեստորանների սեփականատեր է (մի քանիսը Ստեպան Միխալկովի, Արկադի Նովիկովի և Կիրիլ Գուսևի հետ համատեղ)[25]՝ «Վանիլ», «Վերտինսկի», «Bistrot»։

2009 թվականի սեպտեմբերին Եկատերինբուրգում 2 ռեստորան և 1 հրուշակեղենի արտադրամաս է բացել[26][27]։

Հասարակական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ՌԴ այն ժամանակի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր[28]։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի մշակութային գործիչների հավաքական դիմումի տակ, Ուկրաինայի և Ղրիմի հարցում նախագահին սատարելու նպատակով[29]։

2016 թվականի հունվարի 20-ին «#Քադիրովը Ռուսաստանի հայրենասեր է» տեսլականով հանդես եկավ ի աջակցություն Ռամզան Քադիրովի։ Տվյալ հայտարարությունը հասարակական հնչեղություն ձեռք բերեց[30]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՖիլմԴեր
1986Բորիս Գոդունովցարորդի Ֆեոդոր
1988Արևոտ լողափերիտասարդ զինվոր
1989Ստալինգրադդիպուկահար Իվան
1989Երազ ամառային առավոտՖեոդոր
1992ԻրավարարըՌոմա
1992ԴևերըՖեդկա
1993Մահվան հրեշտակներըդիպուկահար Իվան
1994Կրակող հրեշտակներըԻվան
1997Միջին տարիքի ճգնաժամՎլադ
1998Մարցեֆալմաֆիոզ
1999Ութուկես դոլարՖեոդոր / Ստեպան
2000Ցուցափեղկխանութի տնօրեն
2000Երջանկության բանաձև
2001Դաուն Հաուսիշխան Միշկին
2001Տղամարդու աշխատանք (հեռուստասերիալ)մայոր Ռեբրով
2002Շարժման մեջԳազիզով
2002Կինո կինոյի մասինՆիկոլայ Ժիլցով
2002Տղամարդու աշխատանք 2մայոր Ռեբրով
2003Զգո՛ւյշ, մոդեռն 2004ավազակ Ժորա
2004Յուրայիններըոստիկանապետ
2004Իմ հրաշալի դայակըկամեո
2005Իններորդ վաշտըՊոգրեբնյակ
2005180 և ավելՍավիկ Գալկին
2005Պետական խորհրդատունգնդապետ Պյոտր Բուրչինսկի
2005Վաճառվում է ամառանոցՎլադիմիր
2005Մայրի՛կ, մի՛ վշտանա 2քաղտեխնոլոգ Լյովա
2005Կայսրության փլուզումը (հեռուստասերիալ)գեներալ Դենիկին
2006Ինը ամիս (հեռուստասերիալ)Կոստյա
2006Три полуграцииՍվյատոսլավ Կուրբատով
2006Որսի սեզոն (մուլտֆիլմ)Բուգ (Մարտին Լոուրենսի ձայնը)
2006Տոթըօպերատոր
20077 խցիկթմրավաճառ
2007Ես մնում եմկոմայի մեջ գտնվողների հոգիների ուղեկցող հրահանգիչ
2007Զրոյական կիլոմետրկամեո
2007Դերասանուհինֆիլմի ռեժիսոր
2007Սեղմակներըթմրավաճառ Իգոր Վերներ
20071814կոմս Տոլստոյ
2008ԱդմիրալՍերգեյ Բոնդարչուկ (կամեո)
2008Բնակելի կղզինխելացի, դատախազ
2008Շլացուցիչ Բարրին և դիսկոյի ճիճուները (մուլտֆիլմ)Թոնի Դենիս (կրկնօրինակում)
2008Որսի սեզոն 2 (մուլտֆիլմ)Բուգ (Մարտին Լոուրենսի ձայն)
2009Լավագույն ֆիլմ 2Ֆեոդոր Բոնդարչուկ (կամեո)
2009Բնակելի կղզին։ Գոտեմարտխելացի, դատախազ
2010Մոսկվա՛, ես սիրում եմ քեզինքնասպան
2010Про любоffՎլադիմիր Վիկտորովիչ
2011ПираМММидаԲելյավսկի
2011Դասախոսը (հեռուստասերիալ, 1 եթերաշրջան)Վլադիմիր
2011Հարսանիք փոխանակմամբՌուսլան Բոգուսլավսկի, հայտնի հաղորդավար
2011Երկու օրՊյոտր Դրոզդով
2011ԱնտարբերությունՊետյա Սելյուտին
2011Սպիտակ գվարդիաՇպոլյանսկի
2012ԼրտեսըԱլեքսեյ Օկտյաբրսկի
2012Մեղքերի 7 օր / 7 dni hrichu
2012Երեք դյուցազն հեռավոր ափերինԿոլիվան (հնչունավորում)
2012Դպրոցից հետոկամեո / Ժենյա Պիտկին
2013ԵրիտասարդությունՕլեգ Կալինին
2013Одноклассники.ru: НаCLICKай удачуՖեոդոր
2014ՀրաշագործըՎիկտոր Ստավիցկի
2014Գենա Բետոնընկերության տնօրեն
2014Նվեր բնավորությամբՆիկոլայ Ժելեզնով
2015ՈւրվականըՅուրի Գորդեև
2015Լրտեսի հոգին
2015Անթալիագրադ
2015ՄարտիկըԱնդրեյ Ռոդին
2015Սաավա։ Մարտիկի սիրտըԷլզա (հնչունավորում)
2015Հետաքննիչ ՏիխոնովԿլիմ Գորելլո
2016ՌաշկինԲելոկոչանովի
2016Ձմեռ պապ։ Մոգերի պայքարըՁմեռ պապ
2017Փոքրիկ ԲոսըԹեոդոր (կրկնօրինակում)
2017Հեղափոխության դևերըԱլեքսանդր Պարվուս
ՏարիՖիլմԼրացուցիչ տեղեկություն
2005Իններորդ վաշտը
2006Խաղաղ Դոնհեռուստատարբերակի ռեժիսոր
2008Բնակելի կղզին
2009Բնակելի կղզին։ Գոտեմարտ
2012Շտապելու տեղ չկա
2013Ստալինգրադ
2015Չորս եղանակ
2017Ձգողականություն
2017Դուրովի գաղտնաբառը
ՏարիՖիլմ
2002Շարժման մեջ
2003Սառցակեղև
2005Իններորդ վաշտը
2006Տոթը
2008Բնակելի կղզին
2009Բնակելի կղզին։ Գոտեմարտ
2010Ֆոբոս։ Վախի ակումբ
2011Երկու օր
2011Ամանորյա հաղորդագրությոն
2012Օգոստոս։ Ութին
2012Շան աշխատանք
2012Духless
2013Առաջին սեր
2013Մեկ, երկու։ Սիրում եմ քեզ
2013Երիտասարդություն
2013Կենդանի մնալ հետո
2013Փախչել, հասնել, սիրահարվել
2013Այո և այո
2013Սպիտակ Լիլիա
2013Եվգենի Օնեգին
2014Հաշվարկու անձը
2015Գումարտակը
2015Духless 2
2015Սավվա։ Մարտիկի սիրտը
2015Անհապաղ կամուսնանամ
2015Միլիոններ ցանցում
2015Բարմեն
2015Մարտիկը
2015Անվերջ ցուրտ
2015Չորս եղանակ
2016Փախած հարազատներ
2016Իմ գործը չէ
2016Միայն ոչ նրանք
2016Լավ տղան
2016Պիկ դամա
2016Սեր սահմանափակումներով
2016Մարտական տապալում
2016Քնածները
2017Ձգողականություն
2017Սառույց

Փաստագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՖիլմԴեր
2004Երկնային և երկրայինը«Երրորդ Հռոմ» 5-րդ սերիայի հաղորդավար

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սոզվեզդիե 2002» դերասանների պրոֆեսիոնալ մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» («Կինո կինոյի մասին», ռեժիսոր Վալերի Ռուբինչիկ)
  • ՏԷՖԻ 2003 մրցանակ «Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» («Кресло» СТС)
  • Նիկա, 2006 - Լավագույն խաղարկային ֆիլմ («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Ոսկե արծիվ, 2006 - Լավագույն խաղարկային ֆիլմ («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Ոսկե խոյ, 2006 - Լավագույն ֆիլմ («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Ոսկե խոյ, 2006 - Լավագույն ռեժիսորական առաջնելույթ («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Ոսկե խոյ, 2006 - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Ոսկե խոյ, 2006 - Լավագույն խաղարկային ֆիլմ (համացանցային բաց քվեարկության արդյունքներով «Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Վիվատ, 2006 - փառատոնի գրան պրի («Իններորդ վաշտը», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • Բլոկբաստեր 2009 - (Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում վարձույթի առաջին հորիզոնական, «Բնակելի կղզին», ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ)
  • «Ոսկե նարինջ» պատվավոր մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար, 47-րդ միջազգային կինոփառատոն, Անթալիա, Թուրքիա, հոկտեմբեր, 2010[31]
  • Ոսկե արծիվ, 2011 - Տղամարդու լավագույն դեր («Երկու օր» ֆիլմ, ռեժիսոր՝ Ավդոտիա Սմիրնովա)
  • Ոսկե արծիվ, 2016 - Տղամարդու լավագույն դեր («Ուրվականը» ֆիլմ)
  • Մշակույթի և արվեստի ոլորտում ՌԴ պաշտպանության նախարարության մրցանակ - աուդիոտեսողական արվեստների արտադրության համար[32]
  • «Дай пять!» ազգային հեռուստատեսային մրցանակ (18.05.2017) - «Սիրելի դերասան» անվանակարգ[33]

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆեոդոր Բոնդարչուկի կյանքը կարող էր միանգամայն այլ կերպ դասավորվել, եթե Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին շարադրության համար 2 չստանար։ Արդյունքում Բոնդարչուկը հոր պահանջով դիմում է ՎԳԻԿ, որպեսզի անգործ թրև չգա անխուսափելի բանակ գնալուց առաջ։ Սակայն ուսման առաջին իսկ ամիսներին Ֆեոդորը գիտակցեց, որ դա հենց այն էր, ինչին ցանկանում էր նվիրել իր ամբողջ կյանքը։
  • Ինստիտուտում սովորել է ռուսական կինեմատոգրաֆիայի ապագա շատ գործիչների հետ՝ Տիգրան Քեոսայան, Բախտիար Խուդոյնազարով, Իվան Օխլոբիստին, Ալեքսանդր Բաշիրով, Ռաշիդ Նուգմանով և այլն։ Զուգահեռ կուրսում՝ սցենարի ֆակուլտետում, միևնույն ժամանակ սովորում էին Ռենատա Լիտվինովան, Ռոման Կաչանովը և այլք։ Արդյունքում նրանցից շատերի հետ Բոնդարչուկը շարունակում է ինստիտուտից դեռևս սկսած ընկերությունն ու համագործակցությունը։
  • Ֆորբս ամսագրի տվյալներով Ֆեոդոր Բոնդարչուկը մտնում է համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից հայտնի ռուս արվեստի գործիչների տասնյակի մեջ։ Վարկանիշը կազմելիս հրատարակչությունը հաշվի է առել տվյալ անձի եկամուտները, Գուգլի որոնողական համակարգում փնտրումների քանակը[34]։
  • 2012 թվականի նախագահական ընտրություններին Ֆեոդոր Բոնդարչուկը Պուտինի վստահված անձն էր[35]։
  • Դարձավ 103 արվեստի ռուս գործիչներից մեկը, ով ստորագրեց «Pussy Riot» խմբի ձերբակալված մասնակիցներին սատարող բաց նամակը, որոնց գործը հասարակական լայն հնչեղություն առաջացրեց[36][37]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 15-ին «Росимущество»-ն հաստատեց «Լենֆիլմ» կինոստուդիայի ղեկավարների նոր կազմը, որտեղ որպես տնօրենների խորհրդի նախագահ հաստատվեց Ֆեոդոր Բոնդարչուկի թեկնածությունը[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. Deutsche Nationalbibliothek Record #139974075 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 1 2 «Кинопортал Кинобизнес сегодня – все о кино: сеансы, премьеры, новости, кинопрокат». www.kinobusiness.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Оскар-2007: „9 рота“ выходит в свободное плавание» Արխիվացված 2007-02-05 Wayback Machine (Российская газета, 27.09.2006)
  6. Արխիվացված 2012-12-18 Wayback Machine Премия «БЛОКБАСТЕР-2009»
  7. «Лауреаты премии «Золотой Орел» за 2011 год». kinoacademy.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Фёдор Бондарчук». www.art-pictures.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «Бюро Высшего совета Партии». Единая Россия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. 1 2 «Бондарчук Федор - Биография - Актеры советского и российского кино». rusactors.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «Проекты». www.tefi.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Бондарчук застраховад свой новый фильм» Արխիվացված 2015-07-21 Wayback Machine, Газета.ru
  13. «9 рота» Фёдора Бондарчука («Российская газета» — Неделя № 3887)
  14. Прокино.ru(չաշխատող հղում)
  15. «Бондарчук получил "Золотого орла" за фильм "Два дня"». РИА Новости (ռուսերեն). 20120127T2138+0400Z. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «Официальный сайт ГИБДД МВД России: Сегодня в кинотеатре «Октябрь» состоялась премьера киноальманаха «Некуда спешить»». 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «Кинопрокат России: итоги 2012 года - kinobusiness.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  18. «Закончились съёмки «Сталинграда»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  19. ««Сталинградом» Бондарчука занимаются стереографы «Хоббита»». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  20. «Федор Бондарчук и Тиль Швайгер сыграют друзей-туристов — Известия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  21. «О компании». www.art-pictures.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «№14 (825) / Искусство и культура / Кино / Главком «Главкино»». www.itogi.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Արխիվացված 2012-04-04 Wayback Machine
  23. «Смотрим телевизор. Какое послание пыталось донести телевидение до зрителя в дни майских праздников?». Радио Свобода. 2004 թ․ մայիսի 20.
  24. «Янковский и Бондарчук друг другу нравятся». Комсомольская правда. 2005 թ․ օգոստոսի 29.
  25. «Федор Бондарчук: Я хожу в свои рестораны». Дни ру. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  26. BFM.ru. «BFM.ru – деловые новости России и мира». BFM.ru - деловой портал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. «Федор Бондарчук планирует открыть два ресторана в Екатеринбурге | Rusbase». Rusbase (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  28. Бондарчук Федор Сергеевич Արխիվացված 2017-09-20 Wayback Machine «Доверенные лица»
  29. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  30. «Бондарчук и Басков выступили в поддержку Кадырова». РБК. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  31. Кинофестиваль «Золотой апельсин»(չաշխատող հղում)
  32. «Первая церемония вручения премий Минобороны РФ в области культуры и искусства состоялась в ЦАТРА : Министерство обороны Российской Федерации». function.mil.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  33. Финал телевизионной премии «Дай Пять!» Արխիվացված 2017-05-23 Wayback Machine 19 мая 2017
  34. «Анна Нетребко возглавила список российских деятелей искусства, известных во всем мире». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  35. ЦИК опубликовал полный список доверенных лиц Путина. «Комсомольская правда», 7 февраля 2012.
  36. «Хаматова, Миронов, Бондарчук поддержали Pussy Riot». snob.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  37. «Творческая элита России вступилась за Pussy Riot» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  38. «Росимущество / Пресс-служба / Новости - Федеральное агентство по управлению государственным имуществом». rosim.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Բոնդարչուկ» հոդվածին։