Ֆեմինիզմի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆեմինիզմ (լատ.՝ femina` կին), հասարակության բոլոր ոլորտներում կանանց իրավունքների շարժումը պարզաբանող տերմին, որի նպատակն է վերացնել կանանց խտրականությունը: Այդ շարժումն առաջացել է դասական լիբերալիզմի ալիքի հետ, 18-րդ դարում, բայց ակտիվացել է 1960-ական թվականների վերջից։ Ֆեմինիստ են անվանում նրանց, ովքեր տեսական հիմնավորումների հիման վրա գիտակցում են կանանց` ենթակա լինելու կարգավիճակը, նրանց սոցիալական կարգավիճակը, որը հավասար չէ տղամարդկանց կարգավիճակին, և պաշտպանում են կանանց ազատման գաղափարը (լատ.՝ emancipatio` կախվածությունից ազատում): Նրանք քննադատում են ստեղծված հասարակական հարաբերությունները` շեշտը դնելով սեռերի անհավասարության և կանանց շահերի ու իրավունքների պաշտպանության վերլուծության վրա[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Էստել

Ֆեմինիստական ​​գաղափարների տարածման նախադրյալները ի հայտ են եկել ֆեոդալական հասարակության փլուզման ժամանակ բուրժուական հարաբերությունների առաջացման պայմաններում, որից հետո սկսվել է կանանց` վարձու աշխատողներ բանվորներ դարձնելու շրջանը: Կա նաև տեսակետ, որը ֆեմինիստական ​​գաղափարների տարածումը կապում է իտալացի առաջին կին գրողներ Իզոտա Նոգարոլայի, Լաուրա Չերետայի, Քրիստինա Պիզանսկայայի անունների հետ: Սրան առնչվում է նաև Աֆրա Բենի, Մերի Էստելի ստեղծագործությունը, որոնք Անգլիայում սովորաբար կոչվում են կանանց իրավունքների առաջին պաշտպաններ: Նրանք պաշտպանում էին կանանց` տղամարդկանց չափ ազատ և լիարժեք լինելու իրավունքները: Նաև ֆրանսիացի Պուլենա դե լա Բարան Երկու սեռերի հավասարության մասին իր էսսեում գրել է կանանց անհավասար վիճակի մասին, ինչն, ըստ նրա, տղամարդկային կոպիտ ուժին ենթարկվելու արդյունք է, այլ ոչ թե «բնությունից եկած»[2]:

Ֆեմինիզմի ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկիզբը գենդերային հավասարության գաղափարից նահանջելու շրջան է, այդ ժամանակ հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել կանացի «թուլության» («թույլ սեռի») մշակման գաղափարը: Սակայն արդեն 18-րդ դարի կեսերին ֆրանսիացի լուսավորիչները նպաստել են ֆեմինիստական գաղափարների վերածնմանը: Վոլտերը գրել է կանանց հանդեպ անարդարության մասին, Մոնտեսքյոն գրել է, որ կինը պետք է մասնակցի հասարակական կյանքին, Հելվեցիուսը պնդում էր, որ «կանանց լուսավորության բացակայությունը միայն նրա թերի և սխալ կրթության հետևանքն է»:

18-րդ դարի ողջ ընթացքում եվրոպական երկրների կանայք սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակության կյանքում։ Մեծ թվով կանայք սկսել են ունենալ տնտեսական անկախություն, աշխարհիկ կանայք փորձում էին միջամտել քաղաքականությանը: Կանայք խնդրել են ճանաչել քաղաքացիական կյանքի նկատմամբ իրենց իրավունքները` կրթություն, աշխատանք, հարգանք ընտանիքում և հասարակությունում[3]։

ԱՄՆ-ում առաջին ամերիկացի ֆեմինիստուհին համարվում է Էբիգեյլ Ադամսը։ Նա պատմության մեջ է մտել հայտնի արտահայտությամբ.

«Մենք չենք ենթարկվի այն օրենքներին, որոնց ընդունմանը չենք մասնակցել, և իշխանություններին, որոնք չեն ներկայացնում մեր շահերը[2]»:

«Առաջին ալիքի» ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ քառորդում տարբեր երկրներում ֆեմինիստների պահանջները մարմնավորվում էին մեկ ընդհանուր քարոզչության և գործողությունների մեջ: Սկզբնապես առաջնային խնդիր էր կանանց բարձրագույն կրթության հասանելիությունը, այնուհետև` օրենսդրական բարեփոխումների և կանանց ընտրելու իրավունքի հարցը` որպես օրենսդրական բարեփոխումների ապահովման միջոց:

1848 թվականին ԱՄՆ-ում, Սենեկա Ֆոլզ քաղաքում (Նյու Յորք նահանգ) Ստրկության դեմ շարժման անդամները (68 կին և 32 տղամարդ) ստորագրել են կանանց կարգավիճակի վերաբերյալ Դիրքորոշումների և բանաձևերի մասին հռչակագիրը: Հռչակագիրը շրջադարձային է դարձել ամերիկյան և համաշխարհային ֆեմինիզմի պատմության մեջ[4]:

Սուֆրաժիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերից կրթված կանայք ակտիվացել են հասարակական կյանքում` պահանջելով քաղաքական հավասարություն: Պայքարի հիմնական կենտրոնը Անգլիան էր, այդ պատճառով էլ այն իր անունն ստացել է անգլիական «սուֆրաժիզմ» տերմինից, որը նշանակում է ընտրական իրավունք, և մտել է ֆեմինիզմի քաղաքական ուղղության պատմության մեջ:

1867 թվականին Մանչեսթերում ստեղծվել է «Կանանց ընտրական իրավունքի միություն», և անդամները սկսել են «կանանց սուֆրաժիստական ամսագրի» հրատարակումը։ 1868 թվականին միությունը վերափոխվել է «Սուֆրաժիստական ընկերությունների ազգային ֆեդերացիայի» (NFSO), որը մեկ տարվա ընթացքում համախմբել է ավելի քան 5000 անդամ: NFSO-ն փորձել է սուֆրաժիզմի գաղափարները տարածել Ուելսում, Իռլանդիայում և Շոտլանդիայում:

Նոր Զելանդիայում կանայք ակտիվ ընտրական իրավունք են ստացել (բայց չեն կարող ընտրվել) 1893 թվականին, իսկ Ավստրալիայում 1902 թվականին կանայք ստացել են և՛ ակտիվ, և՛ պասիվ ընտրական իրավունքներ:

Սակայն Անգլիայում կանանց` ոչ միայն տեղական, այլև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին օրենքի ընդունումը հետաձգվում էր: Անգլիացիներն ընտրական իրավունք են ստացել սահմանափակ (միայն ամուսնացած կանանց համար) 1918 թվականին, իսկ ամբողջ ծավալով` 1928 թվականին:

20-րդ դարի 20-ական թվականներին Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջին ալիքի ֆեմինիստական շարժումը, ընտրական իրավունքներին զուգահեռ, կանանց թույլ տալով սովորել համալսարաններում և աշխատել տնից դուրս, իր խնդիրները լուծված է համարել, և կանանց կազմակերպությունների ակտիվությունն անկում է ապրել[5][6]:

«Երկրորդ ալիքի» ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնա դե Բովուարը դարձել է «երկրորդ ալիքի» ֆեմինիզմի հիմնադիրը, չնայած իրեն չէր համարում ֆեմինիստ: Բայց նա էր, որ ցրել է աշխատանքի սեռական բաժանման բնականության մասին դոգման, ստեղծել է փոխկապակցված «բնականը» (կանացի) «մշակութայինի» (առնական) հետ:

20-րդ դարի 60-ականների սկզբին կանացի սոցիալական ինքնագիտակցության արթնացումը հանգեցրել է ֆեմինիզմի «երկրորդ ալիքի» առաջացմանը:

Ֆեմինիզմն առանձնանում է հետևյալ գործոններով.

  • աշխարհագրական առումով` ամերիկյան, եվրոպական, երրորդ աշխարհ, հետխորհրդային և հետսոցիալիստական
  • էթնիկ` «սպիտակ», «սև» և «գունավոր» ֆեմինիզմ
  • դավանաբանական` քրիստոնեական, ձևավորվող իսլամական
  • գործողությունների մեթոդներով և ուղղություններով` էկոֆեմինիզմ, պացիֆիստ, անջատողական
  • գաղափարապես` լիբերալ, սոցիալիստական և մարքսիստական, արմատական
  • պատկանելով փիլիսոփայության և հոգեբանության միտումներին` արդիական, հիմնված սոցիալական կառուցվածքի հայեցակարգի վրա. պոստմոդեռն և հոգեբանական
  • ըստ սեռական կողմնորոշման և հետևորդների ինքնության` լեսբիական, քվիր-ֆեմինզմ[2]

Լիբերալ ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերալ ֆեմինիզմի վերածնունդը կապված է հրեական ծագում ունեցող ամերիկուհի Բեթի Ֆրիդայի «Կանացիության առեղծվածը» գրքի հետ (1963 թվական): Շուտով ԱՄՆ-ում ստեղծվել է կանանց ազգային կազմակերպություն, որը միավորել է ավելի քան 300 000 անդամների, որոնք իրենց նպատակն են հռչակել երկու սեռերի ինքնաիրացման համար հավասար հնարավորությունների ստեղծման համար պայքարը: Իր գլխավոր խնդիրը նոր կազմակերպությունը համարել է տնտեսական ակտիվության բոլոր ոլորտներում սեռի հիմքով խտրականության օրենսդրական արգելքի ընդունումը։

ԱՄՆ-ի գենդերային քաղաքականության բարեփոխումը սկսել է 1961 թվականին նախագահ Ջ. Քենեդին, որը կանանց կարգավիճակի հանձնաժողով է ստեղծել` հետպատերազմյան Ամերիկայում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար: 1970 թվականին Հարվարդում հումանիտար և բնական ֆակուլտետների 483 դասախոսների թվում չկար ոչ մի կին: ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններում, բարձրագույն բժշկական դպրոցներում, բիզնեսի դպրոցներում 1960-ականների վերջին կանանց թիմը կազմել է ուսանողների 5-8%-ը[7]:

Արմատական ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատական ֆեմինիզմը ձևավորվել է 20-րդ դարում և այժմ իրենից ներկայացնում է ֆեմինիզմի ամենավառ ուղղությունը: Արմատական ֆեմինիստուհիների համար պետությունը վերահսկողության գործիք է նախ և առաջ կանացի սեքսուալության համար, տղամարդիկ սոցիալական խումբ են, որն օգտագործում է կանանց սեքսուալությունն իրենց կարիքների և ցանկությունների մշտական սպասարկման համար: Ցույց տալով, թե ինչպես են կանանց մարմինը և սեքսուալությունը ճնշվում և օգտագործվում հայրիշխանական համակարգում, արմատական ֆեմինիզմը հանրային քննարկման է ներկայացրել ավելի վաղ արգելված թեմաներ` սեռական ոտնձգություններ, ընտանեկան բռնություն, կանանց սեռական հաճույք[8]:

«Երրորդ ալիքի» ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիզմի «երրորդ ալիքի» վերելքը սկսվել է 20-րդ դարի 90-ականների սկզբին, ԱՄՆ-ում։ Երրորդ ալիքի ֆեմինիզմի գաղափարախոսական տարբերությունները երկրորդից վերաբերում էին սեքսուալությանը. երրորդ ալիքի ֆեմինիզմը հրաժարվում է կանանց հետերոսեքսուալության` որպես ստանդարտ և նորմայի ընկալումից և բարձր է գնահատում սեքսուալությունը` որպես կանանց ազատականացման գործիք: Երրորդ ալիքի ֆեմինիզմը քննադատում է նաև երկրորդ ալիքի էսենցալիզմը` սահմանելով կանացիությունն ու կանանց փորձը` չափազանց շատ կենտրոնացած միջին խավի սպիտակ կանանց փորձերի վրա: Այս ալիքի ֆեմինիստուհիները մեծ ուշադրություն են դարձնում միկրոքաղաքականությանը և հիմնականում հենվում են գենդերի և սեքսուալության հետկառուցողական ընկալման վրա[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История и теория феминизма»։ www.gender.cawater-info.net։ Վերցված է 2017-10-02 
  2. 2,0 2,1 2,2 «ФЕМИНИЗМ | Энциклопедия Кругосвет» (ռուսերեն)։ www.krugosvet.ru։ Վերցված է 2017-10-02 
  3. «История феминизма»։ menalmanah.narod.ru։ Վերցված է 2017-10-02 
  4. «Феминизм или история борьбы женщин за права человекаFeminisn'ts | Feminisn'ts» (ռուսերեն)։ www.feminisnts.info։ Վերցված է 2017-10-02 
  5. «ГЕНДЕРНЫЕ ИССЛЕДОВАНИЯ | Энциклопедия Кругосвет» (ռուսերեն)։ www.krugosvet.ru։ Վերցված է 2017-10-02 
  6. «Три волны феминизма: за что борются защитники прав женщин» (ռուսերեն)։ Վերցված է 2017-10-02 
  7. Administrator։ «Либеральный феминизм - О феминизме» (ռուսերեն)։ feminism.pro։ Վերցված է 2017-10-02 
  8. «Радикальный феминизм: как довести политическое движение до абсурда? — Моноклер»։ Моноклер (ռուսերեն)։ 2017-04-12։ Վերցված է 2017-10-02 
  9. «Почему не стоит путать сексизм с дискриминацией | Feminisn'ts» (ռուսերեն)։ www.feminisnts.info։ Վերցված է 2017-10-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]