Ֆելիքս Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Մովսիսյան
Ծնվել էհունիսի 16, 1952(1952-06-16) (67 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2005)
Մասնագիտությունպատմաբան

Ֆելիքս Վազգենի Մովսիսյան (հունիսի 16, 1952(1952-06-16), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Մովսիսյանը ծնվել է 1952 թվականի հունիսի 16-ին՝ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 1969 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը: 1970 թվականին ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1974 թվականի սեպտեմբերին ընտրվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար և միաժամանակ դասախոսել բուհում: 1975 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի քարտուղար: 1976 թվականի օգոստոսին գործուղվել է Մոսկվա, որտեղ սովորել է ՀամԼԿԵՄ Կենտկոմին կից բարձրագույն կոմերիտական դպրոցում, որն ավարտելուց հետո ստացել է բարձրագույն քաղաքական կրթություն: 1978 թվականի ապրիլից 1979 թվականի օգոստոսին աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում: 1979 թվականի օգոստոսին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի երկրորդ քարտուղար, 1980 թվականի դեկտեմբերին՝ առաջին քարտուղար: 1982 թվականի հունվարին տեղափոխվել է կուսակցական աշխատանքի ՀԿԿ Կիրովականի քաղկոմում, 1982-1985 թվականներին եղել է քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, այնուհետև՝ կուսակցական-կազմակերպական բաժնի վարիչի տեղակալ: 1987 թվականին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմին առընթեր կուսակցական հանձնաժողովի նախագահ: Կոմերիտական և կուսակցական աշխատանք կատարելու տարիներին ընտրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի անդամ, ՀԼԿԵՄ 28-րդ և 29-րդ համագումարների պատգամավոր, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի բյուրոյի անդամ, ՀԿԿ 27-րդ համագումարի պատգամավոր: 1980-1995 թվականներին ընտրվել է Կիրովականի քաղաքային խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր[1]:

1991-1993 թվականներին աշխատել է «Բազում» արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ: 1996 թվականի մայիսին ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի գործկոմի քարտուղար: Նույն թվականի հոկտեմբերին նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1999 թվականի նոյեմբեր: 1993 թվականի սեպտեմբերից դասավանդում է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնում: 2010 թվականի փետրվարից Մովսիսյանը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչն է:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ հասարակական միտքը 1830-1860-ական թվականների լեհական ազատագրական պայքարի մասին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2002 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2005 թվականին Մովսիսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը» թեմայով ու ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007 թվականին Մովսիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի եվրոպական ու ամերիկյան ազգային-ազատագրական շարժումների արձագանքներին հայ պարբերական մամուլում և հասարակական մտքի պատմության մեջ:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը: [Ուսումնական ձեռնարկ]: Մովսիսյա Ֆելիքս Վազգենի, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Երևան, «Վան Արյան», 2006[2][3]:
  • XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2005:
  • Եվրոպական ազգային-ազատագրական շարժումները հայ պարբերական մամուլում 1848-1852 թվականներին, Մովսիսյան Ֆելիքս Վազգենի, Խառատյան Ալբերտ Արմենակի, Երևան, «Վան Արյան», 2004[4]:
  • Հայ հասարակական միտքը և պարբերական մամուլը XIX դարի լեհական ազգային-ազատագրական պայքարի մասին, Մովսիսյան Ֆելիքս Վազգենի, Երևան, «Զանգակ-97», 2002[5]:
  • Հայ հասարակական միտքը 1830-1860-ական թվականների լեհական ազատագրական պայքարի մասին: Սեղմագիր պատմական գիտությունների թեկնածու Մովսիսյան Ֆելիքս Վազգենի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Երևան, Ա. հ, 1996[6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 165-166:
  2. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի (2005-07-01)։ «XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը» 
  3. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի (2006)։ XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Վան Արյան։ ISBN 9789994167371 
  4. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի (2004)։ Խառատյան Ալբերտ Արմենակի, ed.։ Եվրոպական ազգային-ազատագրական շարժումները հայ պարբերական մամուլում 1848-1852 թթ։ Երևան: Վան Արյան։ ISBN 9789994138081 
  5. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի (2002)։ Հայ հասարակական միտքը և պարբերական մամուլը XIX դարի լեհական ազգային-ազատագրական պայքարի մասին։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789993023975 
  6. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի (1996-10-26)։ «Հայ հասարակական միտքը 1830-1860-ական թվականների լեհական ազատագրական պայքարի մասին» 
  7. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի (1996)։ Հայ հասարակական միտքը 1830-1860-ական թվականների լեհական ազատագրական պայքարի մասին: Սեղմագիր պատմ. գիտ. թեկն. /Է.00.01։ Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երևան: Ա. հ 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]