Ֆարո (պորտուգալերեն` Faro), նավահանգստային քաղաք Պորտուգալիայի հարավում, նույնանուն մարզի և Ալգարվե պատմական շրջանի կենտրոնը։ Ըստ 2011 թ մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում է 64 560 մարդ։ Քաղաքն ունի համալսարան, օդանավակայան, նավահանգիստ, 30 000 նստատեղ ունեցող մարզադաշտ, որտեղ 2004 թ. անկացվել են Եվրո 2004-ի մի քանի հանդիպումներ։
«Ալգարվե մարզադաշտ»
Քաղաքում անցկացվում են նաև մոտոցիկլային սպորտի խոշոր մրցումներ։ Քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 7-ին։
Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում այս վայրում հիմնվում է Օսսոնոբա նավահանգստային խոշոր քաղաքը։ Հետագայում այն անցնում է մավրիտանցի և արաբ նվաճողների տիրապետության տակ։ XIII դարում քաղաքն ազատագրվում է Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու III ի կողմից։ Ֆարոն խիստ տուժել է 1722 և 1755 թ. տեղի ունեցած երկրաշարժերից։ Դրանից հետո քաղաքը սկսում է զարգանալ և ներկայումս համարվում է Ալգարվե շրջանի կենտրոնը։
Քաղաքի տնտեսությունը հիմնականում հիմնված է տուրիզմի վրա։ Տարվա ընթացքում այն ընդունում է շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկ։ Ֆարոն հայտնի է նաև կերակրի աղի արտադրությամբ։