Ֆարհադ և Շիրին, պոեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարհադ և Շիրին, պոեմ
ՀեղինակԱլիշեր Նավոի
Տեսակբանաստեղծություն
Ժանրպոեմ
Մասն էKhamsa?
Բնօրինակ լեզուՉագատայ
Ստեղծման տարեթիվ1484 թ.

Ֆարհադ և Շիրին (ուզբ.՝ Farhod va Shirin; فرهاد و شیرین), 15-րդ դարի ուզբեկ բանաստեղծ Ալիշեր Նավոիի հերոսական-ռոմանտիկական պոեմը, գրվել է 1484 թվականին, հանդիսանում է հեղինակի «Հնգամատյան» կոչվող պոեմների շարքի երկրորդ մասը։ Պոեմը արձագանքն է 12-րդ դարի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի «Խոսրով և Շիրին» պոեմի։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի ուզբեկ բանաստեղծ Ալիշեր Նավոիի գրական հարուստ ժառանգության մեջ աչքի է ընկնում «Հնգամատյան»-ը՝ գրված չաղաթայերենով (թյուրքերեն գրական լեզվին պայմանականորեն տրված անվանում․ հաջորդել է կարլուկա-ույղուրական գրական լեզվին)։ Իր պոեմների սյուժեները Նավոին մշակում է՝ հետևելով արևելյան հայտնի սյուժեներին ու մշակումներին։ Սակայն նոր դիտանկյունից մոտենալով վաղեմի սյուժեներին, Նավոին նոր, իր սեփական և ինքնուրույն «պատասխանն» է տալիս հրատապ խնդիրներին և այդ գրական-գեղարվեստական «պատասխանների» միջոցով առաջադրում է նոր խնդիրներ և կերտում միանգամայն նոր ու ինքնուրույն պոեմներ։ Ալիշերի պոեմները իմաստալից երկեր են։ Մանրակրկիտ կերպով ուսումնասիրելով հոգեկան կոնֆլիկտները, նա սառնարյուն դիտողի նման չի նկարագրում տառապողների ու թշվառ վիճակում հայտնվածների կյանքը, որոնում է նոր ուղիներ և ձգտում է կերտել առաջավոր գործչի «դրական հերոսի» կերպարը։ Ալիշերի այդ որոնումները վառ են արտահայտված «Հնգամատյան»-ի տարբեր հատվածներում և հատկապես «Ֆարհադ և Շիրին»-ում։ Պոեմի հիմնական սյուժեն հայտնի էր շատ վաղուց։ Իր «Խոսրով և Շիրին» մեծատաղանդ պոեմի մեջ Նիզամին կարծես կանգ էր առել սահմանագծի մոտ։ Նա տեսնում էր Խոսրովի հանդեպ կանգնած Ֆարհադին, բայց չէր վստահանում կամ չէր ցանկանում ավելի կտրուկ կերպով ընդգծել նոր հերոսի իսկական արժեքը։ Մինչ Ֆարհադի գովքը կերտելը, Ալիշերը, իր պոեմի նախերգանքի մեջ, նախ շատ ջերմ ու դրվատական տողեր է նվիրում Նիզամիին։ Այնուհետև կանգ է առնում Խոսրով Դեհլևիի ու իր մտերիմ ուսուցչի՝ Ջամիի մեծ վաստակի վրա, որից հետո հայտնում է, որ մտադիր է նոր խոսք ասել նրանցից հետո։

Պոեմի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆարհադ և Շիրին» պոեմը բաղկացած է նախերգանքից, որն ունի երեք մաս՝ նվիրված Նիզամիին ու Խոսրով Դեհլևիին, Ջամիին, իսկ երրորդ մասը՝ որպես պոեմի մեկնաբանություն։ Այնուհետև հաջորդում են առանձին վերնագրված քառասուն գլուխները, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է հերոսների հետ պատահող առանձին, բայց և նախորդի տրամաբանական շարունակությունը հանդիսացող իրադարձություններին։ Պոեմը գրված է չաղաթայերենով, որը թյուրքական ժողովուրդների գրական լեզվի պայմանական անվանումն է։ Այն կազմված է երկտող տներից։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարհադի ծնունդը և դաստիարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմում Ալիշերը նախ նկարագրում է չինական մեծ խաքանի ճոխ արքունիքը, նրա ռազմական զորությունն ու հարստությունը, որին հակադրվում է ժառանգ չունենալու հանգամանքը․ ո՞ւմ են մնալու այդ ամենը, եթե խաքանը գահին իրեն փոխարինող չունի։ Նա անդադար տրտնջում է իր բախտից, իրեն նմանեցնում է ընդերքում մարգարիտ չունեցող ծովի, կայծակի, որ մեկ ակնթարթ փայլատակում է ու հավետ անհետանում։ Եվ նա իր օրերն աղոթքի մեջ էր անցկացնում, մինչև որ նրա իղձը լսելի դարձավ երկնքին, և շուտով թագուհին հղիացավ ու մի որդի ծնեց։ Եվ քանի որ նա խիստ չքնաղ ու լուսեղեն էր, հրածին, նրան Ֆարհադ են կոչում, որովհետև «ֆարր» նշանակում է փայլ, շող, իսկ «հադ»՝ խնդուն բախտ։

Ֆարհադի դաստիարակությանը նվիրված գլուխներում աչքի են ընկնում գիտության ու արվեստի մեծարմանը նվիրված տողերը։ Օրեցօր մեծացող պատանուն դաստիարակելու համար չինական խաքանը կանչում է ականավոր գիտնականին՝ արևելյան Արիստոտելին։ Նա բնագետ էր, մաթեմատիկոս, հանրագետ, որը փայլուն տիրապետում էր նաև մարդակազմության գիտելիքներին։ Նրա գլխավորությամբ գիտության բարձր արժեքները յուրացնելուց հետո Ֆարհադը փոխվում է, սրտալի ու թախծոտ երգ լսելիս նա սկսում է վշտանալ ու արտասվել։

Ֆարհադի տխրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի Ֆարհադը կարծես սկզբից ևեթ գիտեր, որ իրեն դժբախտ մի սեր է բաժին ընկնելու։ Մտահոգ հայրը հրավիրում է կախարդների ու ձեռնածուների՝ որդուն զվարճացնելու համար, սակայն իմաստնացած Ֆարհադը շուտով լուծում էր նրանց հնարքների գաղտնիքները և կորցնում հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ։ Խաքան հայրը նոր հնար է գտնում՝ իր թախծոտ որդուն զվարճացնելու․ նրա համար, տարվա ամեն եղանակի անունով, չորս պալատ է կառուցել տալիս՝ ներկելով ու զարդարելով համապատասխան գույներով ու զարդերով։

Չորս պալատների ավարտման առթիվ խաքանը մեծ խնջույք է կազմակերպում, որի ժամանակ իր գահն է առաջարկում որդուն։ Ֆարհադն ընդունում է առաջարկը, և խաքանը, ցանկանալով այդ առթիվ մի անօրինակ նվեր տալ որդուն, բացում է գանձարանի դռները և նրան պատվիրում վերցնել սիրտն ուզածը։ Ֆարհադն այնտեղ գտնում է մի աննման հայելի, որը, ինչպես պարզվում է Իսքանդարի (Ալեքսանդր Մակեդոնացու) հայելին է եղել։ Այն կախարդական էր և կարող էր իր մեջ նայողին ցույց տալ իր ցավերի իսկական պատճառը։ Բայց գաղտնիքը կարող էր ասել միայն Հունաստանում ապրող մեծագույն իմաստուն Սոկրատեսը, որի մի քանի հարյուրամյակ է, ինչ ապրում է մի քարայրում։ Եվ Ֆարհադը որոշում է մեկնել Հունաստան, հանդիպել մեծ իմաստունին։ Բայց նրա ճանապարհն անցնում էր մի ամեհի վիշապի և դև Ահրիմանի հսկած տիրույթներով։

Ուղևորություն դեպի Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր և մեծ զորքի ուղեկցությամբ դեպի այդ հրաշափառ երկիրն ուղևորվելիս նա հանդիպում է մի իմաստուն ծերունու և զրուցում նրա հետ։ Պարզվում է, որ իմաստունը երկար դարեր հենց նրան էր սպասում, քանի որ մեկ այլ իմաստուն և փիլիսոփա՝ Ջամասպը, նրան հայտնել էր Ֆարհադի մասին՝ ասելով, որ իր մահից հազար տարի հետո պիտի գա չինական արքայորդին։ Նա պիտի բացի Իսկանդարի թալիսմանը, պիտի հաղթի ամեհի վիշապին ու ահեղ և չար Ահրիմանին, պիտի տիրանա նրանց հարուստ գանձարաններին։ Վերջում ծերունին ևս հայտնում է, որ Իսկանդարի հայելու մեջ Ֆարհադը գտնելու է իր բախտը։ Այնուհետև նրանք զորքի հետ ճամփա են ընկնում դեպի վիշապ օձի հսկողության տակ գտնվող տարածքները, որոնք նրա կրակե շնչից սևացել էին։ Ֆարհադը հորն ու զորքին ետ փողնելով, առաջ է ընկնում, և վիշապը, մարդկային հոտն առնելով, դուրս է սողում իր անձավից՝ երախից հուր ու մոխիր թափելով։ Նա ահեղորեն հարձակվում է Ֆարհադի վրա, բայց դյուցազուն պատանին կանչում է Աստծու անունը և արձակում իր նետը։ Այն շեշտակի խրվում է վիշապի մարմնի մեջ, որին հետևում է մյուս նետերի տարափը։ Ի վերջո վիշապը թուլացած տապալվում է սեփական հրի ու կայծերի մեջ։ Դրանից հետո Ֆարհադը հայր խաքանի և չինական զորքի հետ գնում է դեպի դև Ահրիմանի տիրույթները։ Ահրիմանի մազերն ասես մի-մի սուր նիզակ լինեին, որոնք գալարվում էին օձերի նման։ Նրա մարմնից ընկած քրտինքի ամեն մի կաթիլը դառնում էր մի վիշապ, իսկ նրա ձեռքին աշտարակի չափ հսկա սոսի ծառ էր, որով հարվածներ էր տեղում աջ ու ձախ։ Այս ահեղ թշնամուն ևս սպանելուց հետո տիրանում է նաև նրա գանձարանին։ Այնտեղ կար ևս մեկ կախարդական հայելի՝ փակցված մի արձանի կրծքին։ Սա արդեն «աշխարհացույց հայելին» էր, որը զգուշությամբ վերցնում է Ֆարհադը։

Այնուհետև չինական խաքանն ու իր որդին զորքով ճամփա են ընկնում դեպի Հունաստան, որտեղ աշխարհի բոլոր իմաստուններն ասես լինեին ընդամենը քար ու փոշի, և կախարդական հայելու օգնությամբ մի քարանձավում գտնում է մեծանուն Սոկրատեսին։ Իմաստունը ևս հազար տարի Ֆարհադին էր սպասում։ Նա ճանաչում է չինական արքայազնին, որը միշտ ենթակա է սիրո հրին ու վշտին։ Նա հայտնում է, որ Ֆարհադի համբավը պետք է թնդա ամբողջ աշխարհում՝ որպես մեծ սիրահար։ Սոկրատեսը սովորեցնում է մի աղոթք և հայտնում, որ եթե վերադառնա Չինաստան ու դարձյալ նայի Իսկանդարի հայելու մեջ, կտեսնի այն աղջկան, որն իրեն նետելու է սիրո տառապանքների մեջ։ Հաղորդելով գաղտնիքը, Սոկրատեսը վախճանվում է, և Ֆարհադն ու խաքան հայրը սրտի ցավով նրա մարմինը հողին են հանձնում և հունաստանից վերադառնում Չինաստան։

Հայելու տեսիլքը և նրա հետևից դեգերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասնելով հայրենիք, Ֆարհադը կրկին մտնում է հոր գանձարանը և բացում իսկանդարի հայելին։ Պատանին սկսում է ուշադիր նայել հայելու մակերեսին, որի մեջ հանկարծ բացվում է բնության մի տեսարան, կարծես դրախտը լիներ։ Բազմազան ու երփներանգ ծաղիկներով պատված մի հովիտ էր երևում, որի ծայրին երկնասլաց լեռներ էին երևում, որոնցից մեկի լանջին երևում էր մի մարդ, որը ջրանցք էր կառուցում։ Քիչ անց հեծյալների մի խումբ է երևում՝ գեղանի աղջիկներ, որոնց շարքում շողում էր փառահեղ չքնաղ մի աղջիկ։ Ֆարհադը, տեսնելով նրան, հառաչում է և ուշակորույս ընկնում։ Դրանից հետո Ֆարհադը դառնում է առավել լռակյաց ու նվաղուն։ Խիստ անհանգստացած հայր խաքանին ի վերջո բժիշկները հայտնում են, որ որդին տառապում է սիրո հիվանդությամբ, որից բուժվել կարելի է ապրելով Չինաստանից արևմուտք գտնվող կղզիներում, որոնց օդը և բնությունը խիստ կենարար են։ Ֆարհադը դարձյալ հոր ու չինական զորքի հետ ծովով ճամփա է ընկնում։ Սակայն ճանապարհին փոթորիկ է հանդիպում, որը հարվածում է նրանց նավերին։ Ֆարհադն ընկնում է ջուրը և քշվում օտար ափեր՝ մեծ վիշտ պատճառելով խաքան հորը, որը լուր չուներ՝ արդյո՞ք ողջ է իր որդին։

Ֆարհադը, կառչած մի տախտակի, լողում էր ծովի ջրերում, մինչև ալեկոծությունը հանդարտվում է։ Նրան նկատում են մոտակայքով անցնող մի նավից և փրկում։ Հանգստանալուց ու կերակրվելուց հետո Ֆարհադը պատմում է, թե իբր չինացի վաճառական է, որն իր ընկերների հետ մեկնում էր Եմեն, և ճամփին նավաբեկության ենթարկվեցին։ Հանկարծ նրանց նավի վրա է հարձակվում ծովահենների նավը, որի դեմ միայնակ մարտնչում է Ֆարհադը և ոչնչացնում բոլոր ավազակներին։ Այդ դեպքից հետո մեծապես հռչակված Ֆարհադը ծանոթանում է Շապուր անունով մի նկարչի հետ։ Նրանք շուտով մտերմանում են, և Շապուրը գլխի է ընկնում, որ Ֆարհադը տառապում է սիրուց։ Ի վերջո Ֆարհադը պատմում է նրան ամեն բան. տեսիլքի մեջ նա տեսել է մի շքեղ լեռնաշխարհ, որի նկարագրությունը մանրակրկիտ անում է Շապուրին, իսկ այնտեղ էլ տեսել է այն չքնաղ գեղեցկուհուն։ Հանկարծ տաղանդավոր նկարիչը հայտնում է, որ ինքը շատ լավ է ճանաչում այդ լուսե աշխարհը, քանզի ինքն անձամբ եղել է այնտեղ և որի նման սիրուն մի վայր աշխարհում էլ չի տեսել։ Իսկ եդեմային այդ աշխարհին անվանում են Հայաստան։ Եվ Շապուրն առաջարկում է Ֆարհադին միասին ուղևորվել դեպի Հայաստան։ Բայց Ֆարհադը տարակուսած նայում է խանդավառված խոսող Շապուրին, և վերջինս, նրա կասկածները ցրելու համար, թղթի վրա նկարում է այն դրախտ երկիրը, և չինական արքայազնը համոզվում է, որ իր փնտրած երկիրն իսկապես Հայաստանն է։ Եվ երկուսով ճամփա են ընկնում դեպի Հայաստան։ Եվ այսպես է ամփոփում այդ գլուխը բանաստեղծ Ալիշերը.

Է՜յ, մատռվակ, բե՛ր ինձ արագ գինու բաժակ վայելքի,
Ինձ խնդության լուր հաղորդեց հզոր կամարն երկնքի։

Հառաչանքիս պատճառն եղավ հայ աղջիկը լուսներես,
Թող մի քանի գավաթ ես էլ գինի խմեմ հայի պես։