Ֆանտազիա (սրճարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտազիա
კაფე ფანტაზია
Սրճարանի տեսքը 2011 թվականին
Տեսակսրճարան
ԵրկիրՎրաստան
ՏեղագրությունԲաթում
Բացված1975
Քարտեզ
Քարտեզ

Սրճարան «Ֆանտազիա» (վրաց.՝ კაფე ფანტაზია), Բաթումում առավել հայտնի է, որպես «Ռվափեխա» (վրաց.՝ რვაფეხა — «ութոտնուկ») անվանմամբ, նախկին սրճարան, որը գտնվում է Բաթումում (Աջարիայի հանրապետություն, Վրաստան)։ Կառույցը տեղադրված է ծովափին մոտ գտնվող ծառուղում` Բաթումի համալսարանի կողքին։ Ավելի վաղ այստեղ է գտնվել «Բաթումի» առողջարանը, որի փոխարեն այսօր կառուցվում է «Բաթումի-Հիլտոն» հյուրանոցը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բացօթյա քանդակ հանդիսացող սրճարանի շենքի հիմնադիրներից են ճարտարապետ Գեորգի Չախավան[2] և Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Վրաստանի վաստակավոր նկարիչ Զուրաբ Կապանաձեն։ Սրճարանի շենքի նախագծմամբ զբաղվող ստեղծագործական խմբում են եղել նաև ճարտարապետ Զուրաբ Ջալագոնիան և «Նիանգի» ամսագրի գլխավոր նկարիչ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Նոդար Մալազոնիան։ Նախագծի վրա աշխատել է նաև տրանսպորտային ինժեներ Պաատա Դոբորջգինիձեն։ Շինարարությունը տևել է մոտ ութ ամիս։

Աշխատանքներն ավարտվել են 1975 թվականին։ Բացումից հետո «Ֆանտազիա» սրճարանը դարձել է Բաթումի բնակիչների և նավահանգստային քաղաքի բազմաթիվ հյուրերի հանգստի և հանդիպման ճանաչված վայր։ Այն հատուկ ճանաչվածություն ուներ երիտասարդության շրջանում։

Խորհրդային ժամանակներում այստեղ մատուցվում էին թուրքական սուրճ, լցնովի պաղպաղակ և ոչ ալկոհոլային խմիչքներ։ Քանի որ «Ութոտնուկ» սրճարանը շատ մոտ էր Խորհրդային Միության և Թուրքիայի սահմանին` երեկոյան 10-ից հետո արգելվում էր այցելությունները սրճարան։

Ճարտարապետական և գեղարվեստական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն իրենից ներկայացնում է 8 հենասյուների վրա կանգնած և կոնստրուկցիայի ութ խորշ ունեցող երկաթե կարկաս, որը ամրացվել է հենց տեղում նախագծային աշխատանքների ընթացքում մշակված հատուկ էսքիզների հիման վրա։ Կարկասը ծածկված է հղկված և գույնզգույն մոզաիկ քարերով` գունախճիկներով զարդարված մետաղական ցանցով։ Գունախճիկները պատրաստվել են Լենինգրադում պատենտավորված և մշակված հատուկ տեխնոլոգիաներով։ Կառույցը փաստացի թեթև կոնստրուկցիա է հանդիսանում, քանի որ նրա միջնամասը խոռոչ է, համապատասխանաբար այն պետք է ստացվեր փխրուն, չնայած մի շարք կոնստրուկտիվ առանձնահատկությունների շնորհիվ ճարտարապետներին հաջողվել է հասնել որոշակի ամրության։ Այդպիսի որոշումն է ինքնատիպ դարձրել կորագիծ ձևերի ծածկույթը, ճարտարապետի խոսքերով «դրա առանձնահատկությունն այն է, որ նրա հաստությունը, մյուս չափումների հետ համեմատած, աննշան է, այդ պատճառով էլ հնարավոր է դարձել ստեղծել զարմանալիորեն էլեգանտ, նուրբ և ձևով բարդ կոնստրուկցիա։ Վրաստանում նմանատիպ կոնստրուկցիաների առկայությունը ցույց է տալիս, որ մեր մոտ այդ դարաշրջանում տեղ ունեին այնպիսի գործառույթներ, ինչպիսիք Եվրոպայում, չնայած նրան, որ մենք ապրում էինք երկաթյա վարագույրի ետևում»[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ութոտնուկի», «մարմնին», որի վրա կառուցված է սրճարանը և որի մակերևույթը կարծես արտացոլում է ծովը, «տեղադրված» են տարատեսակ ծովային բնակիչներ, որոնց թվում Բաթումի խորհրդանիշներ դելֆինները, նաև ծովաձիեր, ծովաստղեր և գույնզգույն ձկներ։

Կառույցը բարձրացված է հատուկ առանձնացված նեղ աստիճաններով ու կասկադով մակերևույթի վրա, որը տանում է հյուրանոցից դեպի «Ութոտնուկ»։ Հարթակը ծածկված է բաց գույնի սալիկներով։

Ժամանակակից տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից սրճարանը չի գործում, դատարկ է, որն էլ պատճառ դարձավ շենքի մակերևութային վնասվածքների և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վատացման։ Կառույցը չկա ճարտարապետական հուշարձանների ոչ մի ցանկում։

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն[4], Hilton[1] ընկերությունը պլանավորում է ներդրումներ կատարել հարակից տարածքն իր սեփական կարիքների համար օգտագործելու։ Ենթադրվում է, որ սրճարանի վերակառուցումը կհանգեցնի «Ութոտնուկի» վերացման։

Բաթումի բնակչությունը, ճարտարապետները և վրաց հասարակական գործիչները հանդես են եկել նոր շինարարության դեմ։ Տեղի է ունեցել ստորագրահավաք[5]։

Մասնագետները Hilton-ի ներկայացուցիչներին խորհուրդ են տվել գնահատել կառույցի գեղարվեստական արժեքը և կատարել տարածքի վերակառուցում` նրա մեջ ներառելով «Ֆանտազիա» սրճարանը։ Մասնագետների կարծիքով գույնզգույն ապակիով երեսպատված հյուրանոցային ճակատամասերը արդեն իսկ համապատասխանում են սրճարանի մոզաիկային։

2014 թվականի դեկտեմբերի 6-ի «Հիլթոն-Բաթումի» և «Տուրինվեստ» ՍՊԸ համատեղ հայտարարության մեջ ասվում է. ««Ֆանտազիա» սրճարանի քանդումը երբեք չի մտել մեր մտադրությունների մեջ»[6]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆանտազիա» սրճարանը կարելի է տեսնել «Սեր և աղավնիներ» ֆիլմի դրվագներից մեկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hilton Batumi
  2. «კაფეს შესახებ გიორგი ჩახავას პერსონალურ საიტზე». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  3. ორმაგი სიმრუდე, ნინო ჩაჩხიანი, netgazeti.ge
  4. «ჰილტონ ბათუმი», რვაფეხა და ოფშორი, ცაგო კახაბერიძე, 27 მაისი 2014
  5. «პეტიცია ბათუმის რვაფეხას დასაცავად!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  6. «შპს «ტურინვესტის» და ჰილტონ ბათუმის ერთობლივი განცხადება, ინტერნეტ-გამოცემა ბათუმელები, 6 დეკემბერი 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]