Ֆայաս (Վալենսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հոկտեմբերի 23, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ֆայաս
La fiesta de las Fallas de Valencia
Cultural inmaterial

Քաղաքապետարանի Ֆայաս 2019 թվական, Վալենսիա
ՊաշտոնապեսԼաս Ֆայաս
Այլ կերպԿրակի փառատոն
ֆիեստա
Տեսակ
ոչ նյութական մշակութային ժառանգություն[1]
ԱմսաթիվՄարտի 19
Տոնվում էԻսպանիա Իսպանիա, Վալենսիայի համայնքի գրեթե 40քաղաքներում
սկսածմարտի 15
մինչևմարտի 19
Հաստատված2016 թվականի նոյեմբերի 30-ին
ՅՈՒՆԵՍԿՕ
N° 00859[1]
Տոնումգարնան գալուստը
Ավանդույթներնախորդ տարվա ընթացքում հուզող թեմաներով պատրաստված հսկայականֆայաների այրում
Տոնական կերակուրՊաելյա
Կրոնհեթանոսություն
Անվանված էլատին․՝ fax-ջահ
ՆմանՍուրբ Հովհաննեսի կրակներ
Ալիկանտե
Բարեկենդան
Մասլենիցա
Կապվածատաղձագործների հովանավոր Սուրբ Հովսեփի փառաբանման հետ
Կայքfallasfromvalencia.info

Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում։

Ֆայաս եզրույթը վերաբերում է ինչպես տոնակատարություններին, այնպես էլ տոնակատարության ժամանակ այրելու համար պատրաստված հուշարձաններին[2]։ Վալենսիայի համայնքի մի քանի քաղաքներում կան նմանատիպ տոներ, որոնք ներշնչված են յուրօրինակ Վալենսիական Ֆայասի (Falles de València) տոնակատարությամբ։

2016 թվականի նոյեմբերի 30-ին Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ[3]։

Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր (Casal faller), որը գործում է ողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ, երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար, որպես կանոն, տարածաշրջանի առանձնահատուկ հայտնի ուտեստի` պայեյայի[4] համտեսմամբ։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում է։ Կասալ Ֆայերը նաև հայտնի է որպես Ֆայասի հանձնաժողով (comissió fallera)[5]:

Ֆայաներ և նինոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկներ (Ninots), որոնք ներկայացնում են Բարաք Օբամային և Վլադիմիր Պուտինին (Շչելկունչիկի ծաղրապատճենավորում), 2015 թվական

Նինոտները (վալենսերեն՝ խամաճիկներ կամ տիկնիկներ)  և նրանց ֆայաները կառուցվում են ըստ համապատասխան թեմայի, որը որպես կանոն ծաղրապատճենավորված արտահայտությունն է այն բանի, ինչը տարվա ընթացքում գրավել է Վալենսիայի բնակիչներից ձևավորված խմբերի անդամների` Ֆայերների (գրանցված պատրաստող մասնակիցներ) ուշադրությունը։ Ֆայասի համար նախատեսված ֆայաների մոնտաժման աշխատանքները սկսվում են մարտի սկզբին և ավարտվում են մարտի կեսերին։ Խմբերը մեծ շքերթով դուրս են բերում իրենց պատրաստած նինոտները, ապա սկսում են մոնտաժել դրանք, խմբերց յուրաքանչյուրն իր շրջանի փողոցներից մեկում տեղադրում է բարդ-յուրօրինակ հրավառելիքներով լցված հուշարձան։ Ծաղրապատճենները բաղկացած են ամենաարտասովոր ֆիգուրներից, ավելի հաճախ սադրիչ դիրքերով անբռնազբոս հանդիսավոր մաներայով[6]։ Այս ամբողջ ասամբլը կոչվում է Ֆայա։ Դրանցից յուրաքանչյուրը կատարվում է բազմաթիվ կասալ Ֆայերներից (ֆալյա պատրաստող կազմակերպություններ) մեկի ղեկավարությամբ, որոնք մրցում են միմյանց հետ, ներգրավելով լավագույն արվեստագետների և ստեղծելով իրենց առաջ դրած նպատակին համապատասխան ամենաաղաղակող ալեգորիկ հուշարձանը։ Վալենսիայում կան մոտ 750 այդպիսի իրար հարևանությամբ գործող հասարակական կազմակերպություններ, որոնց անդամագրված են ավելի քան 200 000 մարդ կամ քաղաքի բնակչության մեկ քառորդը[7]։

Ֆայա կառույցները երկու տարբերակով են պատրաստվում` «մեծական» և «մանկական» (falla infantil)։ Ինֆանտիլ ֆայանները չափերով ավելի փոքր են և առանց երգիծանքի։ Այն մոնտաժվում է փողոցի կամ թաղամասի գլխավոր ֆայայից մի քանի մետր հեռավորության վրա։ Ինֆանտիլ ֆայաների այրումը տեղի է ունենում մարտի 19-ին ժամը 20.00-ի, իսկ մեծերինը` չորս ժամ հետո` 24.00-ին։

Եթե Ֆայասը դա շատ ավանդական միջոցառում է, և շատ մասնակիցներ կրում են միջնադարյան հագուստ, ապա 2005 թվականի նինոտները ներառում էին այնպիսի ժամանակակից կերպարների, ինչպես Շրեկը և Ջորջ Բուշը, իսկ 2012 թվականին Ֆայասը ընդգրկել էր կերպարներ, ինչպիսիք են Բարաք Օբաման և Լեդի Գագան։

Օգտագործվող նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կասալ Ֆայերներից (casal faller) շատ ժամանակ էր պահանջվում նինոտներ պատրաստելու համար[8]։ Մեր ժամանակներում երկու շաբաթ տևողությամբ այս փառատոնը զարկ է տվել հիմնական տեղական արդյունաբերությանը այն աստիճան, որ մի ամբողջ մեծ քաղաքային շրջան ստացել է Ֆայերների քաղաք (Ciutat fallera) անվանումը։ Այստեղ արվեստագետների, արհեստավորների, քանդակագործների, գեղանկարիչների և այլ վարպետների բրիգադներ ամիսներ շարունակ աշխատում են արտադրելով բարդ կոնստրուկցիաներով վառ պատկերներ, որոնք կարող են հասնել մինչև հինգ հարկանի շենքի բարձրության։ Դրանք կառուցվում են թղթից, փայտանյութերից, մոմանյութերից, ստվարաթղթից, պապիե-մաշեից, իսկ վերջին ժամանակներում փայտն ու թուղթն իրենց տեղը զիջել են պլաստմասային, պենոպլաստին և փրփրապլաստին (Polystyrene)։ Ներկայումս օգտագործվող նյութերը հնարավորություն են տալիս ոչ միայն արագացնելֆայայի ստեղծման գործընթացը, այլև տնտեսապես ավելի մատչելի դարձել այն։ Սակայն հրդեհի մատնելիս դրանք սև ծուխ են արձակում և հեղձուցիչ են լինում[9]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքված բազմություն, Մասկլետա, 2004

Հինգ օր ու գիշեր տևող Ֆայասը կարելի է բնութագրել որպես շարունակական փողոցային տոնախմբություն։ Թափորները տարբեր են` պատմական, քաղաքական, կրոնա-կղերական և կատակերգական։ Ռեստորանների բազմությունը դուրս է գալիս փողոցներ։ Պայթյունները լսելի են ողջ օրը և նաև ժամանակ առ ժամանակ գիշերվա ընթացքում։ Բոլոր մարդկանց` փոքրից տարեց կարելի է տեսնել պիրոտեխնիկա և պայթուցիկներ նետելիս, իսկ փողոցները ծածկված են պիրոտեխնիկական աղբով։ Միջոցառումների անցկացման ժամկետները հաստատված են, և նրանք ամեն տարի նույն օրերին են անցկացվում, թեև քննարկումներ են եղել` որոշ դեպքերում միջոցառումները Ֆայասին նախորդող հանգստյան օրերին անցկացնելու մասին, որպեսզի առավելագույնս օգտագործվի փառատոնի զբոսաշրջային ներուժը[10], կամ փոփոխել ժամկետների ավարտն այն տարիներին, երբ այն համընկնում է շաբաթվա կեսին[11]։

Տիկնիկների ցուցահանդես (մարտի 1-14)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպոզիշն դել նինոտ (Exposición del Ninot) ։ Ֆայասը սկսելու նախաշեմին Վալենսիայում մեծ վրանի տակ, որը տեղադրվում է քաղաքի առևտրային կենտրոնում (Nuevo Centro), ավտոկայանի մոտակայքում, բացվում է նինոտների ցուցահանդեսը։ Ըստ ավանդույթի ցանկացած մարդ` ոչ մեծ գումար վճարելով, կարող է ցուցահանդես այցելել և քվեարկել իրեն դուր եկած ցանկացած նինոտի օգտին։ Ֆայերների խմբերի մրցույթի հաղթողը հայտնի է դառնում մարտի 15-ին` համաժողովրդական քվեարկության արդյունքում։ Հետևաբար զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները բավականաչափ հնարավորություն են ունենում հիանալ հավանության արժանացած նինոտ-կոմպոզիցիայով, որը տեղադրվում է քաղաքապետարանի հրապարակում։

Բացի այդ ամեն տարի խմբերը ընտրում են իրենցից լավագույնին։ Որից հետո տեղի է ունենում Ֆայերների համաքաղաքային մրցույթ, որը կարևոր նշանակություն ունի ընտրված հաղթողի համար։ Հաղթած հուշարձանը տոնակատարության ավարտին կտեղադրվի Վալենսիայի ֆայեր թանգարանում։

Տիկնիկների շքերթ (մարտի 15)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալկադա դել նինոտ (Cavalcada del Ninot)։ Մրցույթին ներկայացված նինոտները նախքան ֆայաների մեջ մոնտաժվելը դուրս են բերվում փողոցներ և ցուցադրվում են։

Փառատոնի բացում (մարտի 15-16)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտա (Plantà de la falla), փառատոնի բացում։ Մարտի 15-ին քաղաքի բոլոր թաղամասերում կարելի է տեսնել մոնտաժային աշխատանքներ, թե ինչպես են պատրաստվում փառատոնին և ինչպես են նինոտներից հավաքվում հսկայական ֆայաները։ Բոլոր ֆայաների, նաև ֆայա ինֆանտիլների (մանկական ֆայա) կառուցողական աշխատանքերը պետք է ավարտին հասցվեն։ Եվ ամենաուշը մինչև մարտի 16-ին, ժամը 08:00-ին գլխավոր ֆայաները (մեծ ֆայան) պետք է ավարտված լինեն, եթե ոչ, ապա նրանց սպառնում է որակազրկում։

Դեսպերտա (արթնացեք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպերտա. վաղ առավոտյան փոքր փողոցով փողային նվագախմբի երթը

Ֆայասի ամեն օրը սկսվում է առավոտյան 8:00-ին, "արթնացման կանչով" (La Despertà)[12]։ Շքերթը սկսվում է, երբ փողոցներում հայտնվում են փողային նվագախմբերը և սկսում են աշխույժ երաժշտություն նվագել։ Նրանց հետևում են ֆայերները, որոնք քայլում են փողոցներով` մեծ հրավառություններ անելով։

Վալենսիայի մեծ հրավառություն՝ Մասկլետա (La Mascletà), 2004

Մեծ հրավառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասկլետա (La Mascletà), մեծ հրավառություն է, հրթիռների և հրավառությունների պայթյունների համակարգված տեղատարափ, որը տեղի է ունենում փառատոնի ընթացքում ամեն օր, կեսօրից հետո։ Գլխավոր իրադարձությունը քաղաքապետարանի Մասկլետան է։ Քաղաքապետարանի հրապարակում (Plaça de l'Ajuntament), որտեղ պիրոտեխնիկները պայքարում են փառատոնի ավարտական Մասկլետայի պատվին արժանանալու համար (մարտի 19-ին), կեսօրին, ժամը 2:00-ին հնչում են ժամացույցի զանգերը և գլխավոր Ֆայերան` իր ֆայերա տարազը հագին, քաղաքապետարանի պատշգամբից բացականչում է.

«Գլխավոր պիրոտեխնիկ, դուք կարող եք սկսել Մասկլետան»։
("Senyor pirotècnic, pot començar la mascletà! )

Եվ Մասկլետան սկսվում է։ Այս հրավառությունը գրեթե անզուգական է «Վալենսիայի համայնքի» համար և շատ սիրված է Վալենսիայի բնակչության կողմից։ Ավելի փոքր թաղամասերը անցկացնում են սեփական մասկլետաները սրբերի տոների, հարսանիքների և այլ հանդիսությունների ժամանակ։

Ծաղիկների ընծայում (մարտի 17-18)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքվածների տիրամայր, 2016

«Օֆրենա» (L'Ofrena de flors)։ Ֆայասի արարողությունների կարևորագույն մասն է կազմում։ Գունագեղ տարազներ հագած Ֆայերներն անցնում են Վալենսիայի թաղամասերով և ուղղվում են դեպի «Plaza de la Virgen» հրապարակ։ Նրանք ծաղիկներ են ընծայում Վալենսիայի սուրբ հովանավորին` Մարիամ աստվածածնին, որպես Լքվածների Տիրամայր (Virgen de los Desamparados)։ Մարդիկ մարտի 17-18-ին, ողջ օրվա ընթացքում ծաղիկներ են ընծայում Մանկան հետ Մարիամ Աստվածածնին, որի 14 մետրանոց փայտյա հենարանով արձանը և նրա կիսանդրու մեծ պատվանդանը պատված են կարմիր-սպիտակ մեխակներով։ Աստվածածնի սնամեջ արձանը և պատվանդանն աստիճանաբար լցվում են վառ մեխակներով, որոնք նուրբ բույր են արձակում։ Արարողությունը սկսվում է 16:00-ին և ավարտվում է գիշերը[13]։

Կրակի գիշերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 15, 16, 17, 18 ի գիշերներին կատարվում են հրավառություններ Վալենսիայի գետի հին հունի մոտ։ Յուրաքանչյուր հաջորդ գիշեր աստիճանաբար ավելանում են հրավառությունները և վերջինը կոչվում է «Կրակի գիշեր» (La Nit del Foc):

Կրակի շքերթ (մարտի 19)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայասի ավարտին, մարտի 19-ի երեկոյան ժամը 7:00-ին Կոլոմ փողոցի երկայնքով և Պորտա դե լա Մար հրապարակում սկսվում է շքերթ, որը Վալենսիայում հայտնի է որպես «կրակի շքերթ» (Cavalcada del Foc)։ Սա կրակի` ֆիեստայի ոգու խորհրդանիշի տպավորիչ տոնախմբություն է, Ֆայասի հսկայածավալ եզրափակումն է ու գունագեղ, աղմկոտ միջոցառումը զանազան ծիսակատարությունների ցուցահանդես է, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս կրակի օգտագործումը։ Այն ներառում է փչովի բարձիկներ, հսկա մեխանիզմներ, զգեստավորված մարդիկ, հրթիռներ, վառոդ, փողոցային ներկայացումներ և երաժշտություն։

Այրման արարողություն (մարտի 19)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմա (La cremà), 2002

Ֆայասի բոլոր միջոցառումների գագաթնակետն է։ Հայտնի է որպես Լա Կրեմա (Cremà -այրում)։ Այս օրը Նինոտների (հսկայական տիկնիկ-արձանների) այրման օրն է և այդ պատճառով է միջոցառումը կոչվում Ֆայաս («լուսամփոփներ»)։ Տոնակատարությունը սկսվում է հզոր հրավառություններով։ Մարտի 19-ին, Ֆայասի վերջին գիշերը, կեսգիշերին մոտ (սովորաբար 10:00-ին)[14] սկսվում է այդ ֆայաների կամ Նինոտների այրումը են հսկայական խարույկով[15] Ավանդաբար Քաղաքապետարանի հրապարակի (Plaça de l'Ajuntament) ֆալյան վերջինն է այրվում։

Առաջինն այրում են Ինֆանիտիլ ֆայաները, իսկ հիմնական ֆայաները կրակի են մատնվում կեսգիշերին մոտ։ Քաղաքի կենտրոնում կառուցված վառելու ենթակա ֆալյան հաճախ ավելի ուշ են սկսում այրել։ Այն դեպքում, երբ տարբեր փողոցներում կառուցված փոքր ու մեծ ֆայաների այրումն իրականացվում է գրեթե միաժամանակ, ապա Քաղաքապետարանի կառուցածֆայան վերջինն է, որը ենթական է այրման։ Այն հանդիսանում է գլխավորֆայան, որը պահպանվում է մինչև վերջ, այնպես որ, բոլոր ցանկացողները կարողանան այն տեսնել։

Բնակիչները թաղամասային ֆայաներն այրելուց հետո շտապում են քաղաքապետարանի հրապարակ (Plaza del Ayuntamiento հրապարակ), որպեսզի տեսնեն, թե ինչպես է այրվելու քաղաքապետարանի պատրաստած ֆիգուրը։ Շատերը գալիս են այրելու նշանակված ժամից մի քանի ժամ առաջ, որպեսզի առաջին շարքերում լինեն։ Այն այրում են գիշերը` 01:00-ին։ Շեղումներ լինում են։ Օրինակ, 2005 թվականին հրշեջ պահպանությունը հետաձգել է Երուսաղեմի Կարեր դել վանքում  (Carrer del Convent de Jerusalem) Եգիպտական հուղարկավորության Ֆայասի այրելը մինչև առավոտ, երբ նրանք վստահ էին, որ անվտանգության բոլոր հարցերը լուծված են։ Քաղաքապետարանիֆայայի այրումը խորհրդանշում է գարնան գալը։

Ամեն Ֆայա լցված է հրավառություններով, առաջինն այրվում են դրանք։ Ինքը` կոնստրուկցիան այրվում է կա՛մ հրավառությունների պայթյունից հետո, կա՛մ պայթյունի ժամանակ։ ֆայաներն այրվում են շատ արագ, և դրանցից արձակվող ջերմությունը տարածվում է ամենուրեք։ Խոշորներից արձակված ջերմությունը հաճախ ստիպում է ամբոխին մի քանի մետր հեռանալ, թեև նրանք, արդեն իսկ, հրշեջների մի քանի մետր հեռավորության վրա կանգնեցրած արգելապատնեշների ետևում են գտնվում։ Ավելի նեղ փողոցներում շոգն այրում է շրջապատող շենքերը, և հրշեջներն իրենց խողովակներով «Կրեմայի» սկզբից մինչև կրակի հանգչելը ջրցանում են ճակատամասերը, պատուհանածածկերը, փողոցային ցուցանակները և այլն՝ դրանք կրակի լեզվակներից բռնկվելուց կամ հալվելուց պաշտպանելով։

Ֆայասներից հեռու գտնվող փողոցներում մարդիկ զվարճանում են, ամբողջ քաղաքը հիշեցնում է պարահանդես բաց երկնքի տակ, բացառությամբ այն բանի, որ երաժշտության փոխարեն ամենուրեք (և երբեմն խլացնող) հնչում են մարդկանց գցած պիրոտեխնիկայի պատահական պայթյունները։ Կան բազմաթիվ մանր-մունր իրերի կրպակներ և նախուտեստների վաճառակետեր, որտեղ վաճառվում են տարածաշրջանին բնորոշ տապակած նախուտեստներ (porres, churro, bunyol), ինչպես նաև տապակած շագանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայա տոնի ծագման մասին կան տարբեր տեսակետներ։ Ըստ տեսակետներից մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն ազատվելով իրենց կոտրված իրերից և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում՝ այրում էին դրանք, որպեսզի տոնեն գարնանային գիշերահավասարը։ Վալիացի հյուսները օգտագործում էին ավանդական լապտերներ` «պարոտ» կոչվող (parots) փայտե տախտակներ, որոնցից կախում էին իրենց մոմերը ձմռան ընթացքում, քանի որ դրանք անհրաժեշտ էին աշխատանքի լուսավորման համար։ Գարնան գալուն պես, երբ մութ ժամերին աշխատելու անհրաժեշտություն այլևս չկար, դրանք արդեն պետք չէին լինում, այդ պատճառով դրանք այրում էին։ Յուրաքանչյուր արհեստավոր իր դռան առաջ խառույկ էր անում[16]։ Ժամանակի ընթացքում, և Եկեղեցու միջամտությամբ, պարոթները այրելու ամսաթիվը համընկացվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության հետ[17]։ Բոլոր արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները, թաղամասի մարդիկ բերում էին իրենց հին կահույքը և տարբեր անպետք իրեր և նետում էին խարույկի մեջ։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ավանդույթը շարունակական զարգացում է ունեցել։ Պարոտին ձեռքեր և ոտքեր էին ամրացնում, զգեստներով ձևավորում էին, որպեսզի այն մարդու տեսք ստանար, գլխարկ, զարդեր էին դնում` հաճախ որոշ առանձնահատկություններ ավելացնելու միջոցով շրջապատի մարդկանցից ինչ-որ հայտնի մեկին նմանեցնելով։ Այդ նյութերը հավաքելու համար երեխաները գնում էին տնից տուն, խնդրելով հին գորգ (una estoreta velleta) պարոտը լրացնելու համար։ Սա հայտնի երգի է վերածվել, որ երեխաները երգում էին ամեն տեսակի հին դյուրավառ կահույք և սպասք հավաքելիս, որոնք պետք է այրեին խարույկի վրա պարոտի հետ միասին։ Այդ պարոտները առաջին Նինոտներն (տիկնիկի նման ֆիգուրներ) էին։ Տարին տարվա վրա այդ տիկնիկներն ավելի ու ավելի բազմազան և գունեղ են դարձել, իսկ ինչ-որ պահից սկսած դրանք հումորային են դարձել, ծաղրելով ամենաարդիական թեմաները, որոնք այդ պահին հուզում էին տեղի բնակչությանը։ Տարիների ընթացքում տարբեր թաղամասերում մարդիկ ձեռնամուխ են եղել Ֆայասների շինարարության կազմակերպմանը, արդյունքում ստեղծելով, որպես կանոն, ներկային Նինոտներին բնորոշ բարդ կառույցներ, այդ թվում նրանց ֆիգուրների վարիացիաներ։

Մինչև 20-րդ դարի սկիզբը Ֆայաները բարձր տուփեր էին` կտավից հագուստով երեք կամ չորս մոմե տիկնիկներով։ Դա փոխվեց, երբ ստեղծողները սկսեցին ստվարաթուղթ օգտագործել։ Ֆայաների պատրաստումը շարունակում է զարգանալ մեր ժամանակներում, երբ շատ մեծ նմուշները պատրաստվում են պոլիստիրենից և փափուկ խցանից, որոնք հեշտությամբ ենթարկվում են տաք կաղապարման։ Այդ մեթոդները թույլ են տալիս մինչև 30 մետր բարձրությամբ Ֆայաներ ստեղծել։

Որպես հեթանոսական տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթանոսական այս փառատոնը նման է Սուրբ Հովհաննեսի կրակներ տոնին, որը նշվում է Ալիկանտե մարզում, այն առումով, որ երկուսն էլ ծնունդ են առել լատինական ցեղերի` գարունը հրդեհներով լուսավորելով ողջունելու սովորությունից։ Վալենսիայում այդ հնագույն ավանդույթը հանգեցրել է ձմռան ընթացքում կուտակված թափոնների հրկիզման, մասնավորապես փայտանյութի այրելուն, Սուրբ Հովսեփի տոնի ժամանակ։ Հաշվի առնելով վալենսիացիների հայտնի հումորային բնույթը, բնական է, որ մարդիկ սկսել են այրել այն ֆիգուրները, որոնք պատկերում են նախորդ տարվա մարդկանց ու իրադարձությունները։ 

Այրումը խորհրդանշել է ստրկական կյանքից ազատագրումը, իսկ հետագայում այդ ժամանակաշրջանի հիշատակին է նվիրվել, կամ ներկայացրել է երևույթների և մարդկանց նկատմամբ հումորային և հաճախ քննադատական վերաբերմունքը։ Փառատոնը, այսպիսով, ձեռք է բերել ավելի երգիծական և հեգնական բնույթ, և փայտե թափոնները աստիճանաբար վերածվել են ավելի բարդ «հուշարձանների», որոնք նախապես մանրակրկիտ մշակվել և գծագրվել են` շատ դեպքերում դառնալով արվեստի իսկսկան նմուշներ։

Քննադատություն և արգելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբում, և հատկապես Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հուշարձաններն ավելի ու ավելի հակակղերական բնույթ են ձեռք բերել և հաճախ ներկայացրել են տեղական կամ ազգային կառավարությունների նկատմամբ խիստ քննադատական վերաբերմունքը[18], որոնք շատ անգամներ փորձել են արգելել Ֆայասները, բայց ապարդյուն։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության ժամանակ տոնը կորցրել է իր երգիծական բնույթի մեծ մասը՝ կառավարական գրաքննության պատճառով, բայց հուշարձանները հանրային կարծիքի այն քիչ թվով կտրուկ արտահայտություններից էին, որոնք թույլատրվեցին այն ժամանակ և նրանք ազատ կարող էին պատրաստվել Վալենսիայում։ Այդ ընթացքում շատ կրոնական սովորույթներ ընդունվեցին, ինչպիսիք էին Լքվածների Տիրամորը (Mare de Déu dels Desamparats) ծաղիկների նվիրաբերումը, որոնք այսօր փառատոնի անբաժանելի մասն են կազմում, թեև կապ չունեն փառատոնի բուն նպատակի հետ, և որոշ չափով հակասում են փառատոնի ոգուն։

Ժողովրդավարության վերականգնումից և կառավարական գրաքննությանը վերջ դնելուց հետո կրկին հայտնվեցին քննադատական Ֆայաները և դրանց հետ նաև անպարկեշտ երգիծական բնույթ ունեցողները։ Չնայած խոսքի ազատության հաստատումից երեսուն տարի անցել է, բայց Ֆայասների աշխարհընկալումը կարելի է ասել, դեռևս կարող է լինել պահպանողական,  հաճախ սեռական բնույթի և կարող է ներառել Վալենսիայի քաղաքականության հակաբարոյական որոշ կողմեր։ Դա երբեմն հանգեցրել է որոշ մշակութային քննադատների, բնապահպանների և առաջադեմ գործիչների քննադատությանը։ Այնուամենայնիվ կան տարբեր գաղափարախոսությունների և խմբավորումների կողմնակիցներ, և նրանք տարբեր կերպ են մեկնաբանում տոնակատարության ոգին։ Թեև վերջին նախաձեռնությունները, ինչպիսիք են Վալենսիական հանդբոլի առաջնությունը (Pilota valenciana), գրական մրցույթներ և այլ միջոցառումներ ընդլայնել են տոնի մշակութային ինքնարտահայտումը, այնուամենայնիվ քաղաքը դեռևս ընդգրկում է այնպիսի հին ավանդույթներ, որոնք ընդգծում են իր յուրահատուկ նույնականությունը[19]։

Տարազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայասների ընթացքում շատ մարդիկ հագնում են կասալ Ֆայեր տոնական զգեստներ, որոնք Վալենսիայի պատմության տարբեր դարաշրջանների տարածաշրջանային և պատմական տարազներ են։ Ամենուրեք հնչում է դոլթաինան (Dulzaina-հոբոյանման փողային երաժշտական գործիք) և թմբուկը (այսպես կոչված Վալենսիայի թմբուկ)[20], ընդ որում ֆայա-կասալների մեծ մասն ունեն իրենց ավանդական նվագախմբերը։

Հատուկ սեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Secció Especial» - Վալենսիա քաղաքի Ֆայասի հանձնաժողովների խոշորագույն և առավել հեղինակավոր հատուկ սեսիա։ Քաղաքի յուրաքանչյուր թաղամաս ընտրում է իր Fallera Mayor (Ֆայասի թագուհի) և Fallera Mayor Infantil (Ֆայասի մանկական թագուհի)։ Տարբեր թաղամասերի հանձնաժողովները հավաքվում են Plaza del Ayuntamiento հրապարակում, քաղաքի հենց կենտրոնում, որտեղ հանձնվում են մրցանակները։ 2007 թվականին խումբը բաղկացած է եղել 14 հանձնաժողովներից։ Ֆայասի այս կարգն առաջին անգամ գործարկվել է 1942 թվականին և ի սկզբանե ներառում էին նավակները, Reina-Pau և շուկայի հրապարակը (Barques, Reina-Pau and Plaça del Mercat)։ Ներկայումս այս խմբերից ոչ մեկը չի ընդգրկվում։ 2015 թվականի տվյալներով ամենահաճախ մասնակցած հանձնաժողովը եղել է Նա Ջորդանան` 62 անգամ։

Ֆայասի տոնակատարության ծրագիրը կենտրոնացած է ամենալավ Նինոտի մրցույթի շուրջ։ Շաբաթվա վերջում ընտրվում է մրցույթում հաղթած տիկնիկը` Ninot Indultat, որը միակն է, որ այրման ենթակա չէ։ Այդպիսով Վալենսիայի բնակիչները ընդունում են, որ Նինոտը կարող է դառնալ արվեստի գործ։ Հատուկ սեսիան շնորհում է մրցանակներ և մեկ պարգևատրում քաղաքապետարանի կողմից։ Առաջին մրցանակը առավել հեղինակավոր մրցանակն է, որին կարող է արժանանալ ցանակացած ֆայա։ Մնացած Նինոտներն արժանանում են տարբեր կարգի մրցանակների (18 ըստ 2017 թվականի տվյալների), որը որոշվում է տվյալ ֆայայի ներդրած գումարներին համապատասխան։

Բոլոր տարիների հաղթած Նինոտները տեղափոխվում են Վալենսիայի Ֆայերո (Fallero) թանգարան։

2006-2018 թվականներին Հատուկ սեսիայի Գլխավոր մրցանակին արժանացած ֆայաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2018 թվականներին Քաղաքապետարանի կառուցած գլխավոր ֆայաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում հրավառությունների վերաբերյալ գործող օրենքը չի սահմանում հատուկ խստություններ, ինչպես այլ երկրներում է[21]։ Փառատոնի ժամանակ կարելի է այս ու այնտեղ տեսնել հրշեջների, որոնք փութաջան հետևում են կրակներին և փորձում են հսկել այն ու մաքրել խարույկների մնացորդները։ Ցանկացած տեղ կարող է հանկարծակի հնչել պայթյուն կամ հրդեհ բռնկվել։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի Falles անվանումը դա վալենսերեն falla (լատիներեն` ջահ) բառի հոգնակին է։ Իսպանացիներն ասում են Ֆայես կամ Լաս Ֆայես։ Բառածանցումը հետևյալն է.

Լատինական fax «torch» → Լատինական facvla (փաղաքշական) → գռեհիկ լատիներեն *facla → վալենսերեն falla։

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • falla - ֆայա. փառատոնի գլխավոր հերոսն է, հսկայական հուշարձան, որը կազմված է բազմաթիվ մասերից
  • faller - ֆայեր. փառատոնի գլխավոր մասնակիցները, որոնք ֆայա ստեղծող տարբեր խմբերի անդամներ են, որոնք կարող են լինել ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները, նրանք ամբողջ տարվա ընթացքում աշխատում են ֆայայի ստեղծման վրա
  • Casal - կասալ. Ֆայերների հավաքատեղի, «մերոնքականների» սրճարաններ, որտեղ խմբի անդամները` կասալ Ֆայերները (Casal faller) ողջ տարվա ընթացքում գաղափարներով կիսվում են իրար հետ, ցույց են տալիս իրենց նախագծերը
  • ninot - նինոտ. տիկնիկներ, որոնցից կազմված է ֆայան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 La fiesta de las Fallas de Valencia.
  2. Martin, Charles B. (1973 թ․ մարտ). «The Fallas: A Folk Festival of Valencia». The Journal of Popular Culture. 6 (4): 854. doi:10.1111/j.0022-3840.1973.00854.x.
  3. «Valencia Fallas festivity included in UNESCO's intangible cultural heritage list». EPA European Pressphoto Agency b.v. European Pressphoto Agency. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Hazel Andrews; Teresa Leopold (2013 թ․ փետրվարի 8). Events and the Social Sciences. Routledge. էջ 11. ISBN 978-0-415-60560-1.
  5. Gil-Manuel Hernàndez i Martí (1996 թ․ հունվարի 1). Falles i franquisme a València. Afers. էջ 92. ISBN 978-84-86574-36-9.
  6. «El atractivo turístico de la Ciutat Fallera». El País (Spanish). No. València. Ediciones El País, S.L. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Greg Richards (2013 թ․ մարտի 7). «The Festivalization of Society or the Socialization of Festivals?». In Greg Richards (ed.). Cultural Tourism: Global and Local Perspectives. Routledge. էջ 271. ISBN 978-1-136-79234-2.
  8. Xavier Costa (2006). «Festivity and the Sacred: The Symbolic Universe in the Festival of the 'Fallas' of Saint Joseph». In Elisabeth Arweck; William J. F. Keenan (eds.). Materializing Religion: Expression, Performance and Ritual. Ashgate Publishing, Ltd. էջեր 64–65. ISBN 978-0-7546-5094-2.
  9. Фальяс – праздник огня в Валенсии. (ռուս.)
  10. Fin de fiesta de unas Fallas perfectas, ABC.es, 20 March 2012
  11. Los hosteleros quieren ´más´ Fallas Արխիվացված 2013-01-27 archive.today, Levante, 20 March 2012
  12. Encarnación Galindo García (2014 թ․ հուլիսի 30). Las fallas de Valencia: Mucho más que un sueño. Cambridge University Press. էջ 44. ISBN 978-84-9848-049-8.
  13. Фестивали в Валенсии: Лас Фальяс (Las Fallas) и другие фиесты, и праздники в городе Валенсия, Испания в 2017 (ռուս.)
  14. , ISBN 978-0-19-860977-3։
  15. Antonio Ariño (1999). El Teatre en la festa valenciana. Generalitat Valenciana. էջ 328. ISBN 978-84-482-2333-5.
  16. , ISBN 978-1-134-78858-3։
  17. , ISBN 978-1-4684-8753-4։
  18. La Valencia de los años 30: entre el paraíso y el infierno. Carena Editors, S.l. 1999. էջ 207. ISBN 978-84-87398-35-3.
  19. "Villarroya 1992, p. 13
  20. , ISBN 978-84-7658-368-5։
  21. Пиротехника в руках детей.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆայաս (Վալենսիա)» հոդվածին։