Օրքնիի կոմսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավատատիրական Օրքնիի կոմսության զինանշանը
Օրքնիի կոմսության դրոշը

Օրքնիի կոմսությունը եղել է նորվեգական ավատատիրական միավորում Շոտլանդիայում, որն առաջացել է վիկինգների ժամանակաշրջանում։ Օրքնիի կոմսի տիտղոսը եղել է ժառանգական։

Օրքնիի և Շետլանդական կղզիները հյուսիսում փռվում են շոտլանդական Քեյթնեսի ամենահյուսիսային կետից այն կողմ։ Պիկտերը եկել են Օրքնի բրոնզե դարում։ Մեզ հասած հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ պիկտերն ապրել են այնտեղ մինչև վիկինգները։ Վերջիններս եկել են Օրքնի, հավանաբար 8-րդ դարի վերջում, չնայած դա վիճելի փաստ է։ Հավանաբար նորվեգական վիկինգները կղզիներ եկել են նախ որպես հող փնտրող ֆերմերներ կամ որպես տարածք և հարստություններ փնտրող ռազմիկներ, ինչպես վիկինգ-նվաճողները այլ վայրերում։ Վիճելի է, թե արդյոք պիկտերն ամբողջությամ ոչնչացվել են եկվոր վիկինգների կողմից, հեռացել, թե խաղաղ կերպով միաձուլվել։ Այնուամենայնիվ, բացառությամբ կենցաղի հետքերի, նրանց մշակույթը մեզ չի հասել։

12-րդ դարում Օրքնին գտնվել է նորվեգական վերահսկողության ներքո, իսկ 13-րդ դարում Իսլանդիայում գրվել է Orkneyingasaga-ն, ինչն իրենից ներկայացնում է այս կղզիներում սկանդինավյան կյանքի պատմության ամենավաղ և ամենակրկնվող տարբերակներից մեկը։ Orkneyingasaga-ն հիմնականում գեղարվեստական ոճի է և, գրված լինելով Իսլանդիայում, այն չի կարող հանդիսանալ առաջնային աղբյուր։ Փոխարենը, այնտեղ ներկայացված պատմական մանրամասները պետք է ընկալվեն զգուշությամբ և այդ տվյալները պետք է համադրվեն և համեմատվեն այլ աղբյուրներից ստացված տվյալների հետ։

Նորվեգական Օրքնիի կոմսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Առաջին Հարֆագրը կամ Հարալդ Առաջին Նորվեգացին Օրքնին և Շետլանդը իր թագավորության մաս հայտարարեց շուրջ 875-ին և քաղաքական տարաձայնությունների ու խնդիրների պատճառով ստիպված եղավ ձեռնարկել ռազմական գործողություններ՝ ապահովելու համար այս կղզիների հավատարմությունն իրեն։ Հարալդի թշնամիներից որոշները Օրքնիից հեռացան Իսլանդիա, և, հնարավոր է նաև, Ֆարերյան կղզիներ։ Այդժամ Հարալդը վերցրեց իշխանությունները Օրքնիի տեղական առաջնորդներից և նշանակեց Օրքնիի կոմսերին, ովքեր պետք է լինեին կղզիների ամենաբարձրաստիճան ազնվականները և պետք է արքայի փոխարեն ձևավորեին տեղական իշխանություն։ 

1468-ին Դանիայի և Նորվեգիայի արքա Քրիստիան Առաջինը զիջեց Օրքնին և Շետլանդը  իր դստեր՝ արքայադուստր Մարգարեթի չվճարված օժիտի դիմաց, ով ամուսնացել էր Շոտլանդիայի արքայազն Հակոբ Երրորդի հետ։ Քրիստիան Առաջինը այդպես էլ չվճարեց Հակոբի հորը խոստացված գումարը և այսպիսով այս երկու կղզիախմբերը դարձան շոտլանդական թագավորության մաս։ Կոմսական գահը, առանց հստակ սկանդինավյան ժառանգական գծի կամ այդ գծի շարունակման համար անհրաժեշտ քաղաքական աջակցության կամ մեխանիզմի, հանձնվեց շոտլանդական լորդերին։ 1471-ին Հակոբը Քեյթնեսի հողերը հանձնեց Օրքնիի կոմս Վիլյամին իր հողերի փոխարեն և այսպես Օրքնին և Շետլանդը մտան Շոտլանդիայի Թագավորության կազմի մեջ։

Շոտլանդական Օրքնիի կոմսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1567 թվականին Բոթվելի չորրորդ կոմս, Մարի Ստյուարտի ամուսին Ջեյմս Հեփբերնին տրվեց Օրքնիի դքսի տիտղոսը։ Երբ Մարին կորցրեց գահի նկատմամբ իր հավակնությունները, իր ամուսինը ևս կորցրեց դրանք Օրքնիի նկատմամբ և տիտղոսը համարվեց վերացած։

Ռոբերտ Ստյուարտին տրվեց Օրքնիի կոմսի տիտղոսը և այն վերստեղծվեց, բայց իր որդին, Պատրիկ Ստյուարդը զրկվեց վերջինիցս։

Տիտղոսի երրորդ վերստեղծումը տեղի է ունեցել 1696-ին, երբ Օրքնիի կոմս հռչակվեց Ջորջ Համիլթոնը։ Հենց իր ընտանիքի և այդ տիտղոսի հետ առնչվող ընտանիքների շնորհիվ է այդ տիտղոսը պահպանվել մինչև այսօր։