Jump to content

Օրենքի գերակայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրենքի գերակայություն (անգլերեն՝ rule of law), քաղաքագիտական սկզբունք, համաձայն որի՝ պետության կամ համայնքի ներսում բոլոր մարդիկ և հաստատությունները, հավասար են օրենքի առաջ, և ոչ ոք չի կարող պատժվել պետության կողմից՝ բացառությամբ օրենքի խախտման դեպքերի և օրենքով սահմանված կարգի[1][2]: Այն երբեմն վերաձևակերպվում է «ոչ ոք օրենքից բարձր չէ»[3] արտահայտությամբ։

Օրենքի գերակայություն եզրույթը սերտորեն կապված է սահմանադրականության  և իրավական պետության հետ: Բրիտանիկա հանրագիտականում օրենքի գերակայությունը սահմանվում է հետևյալ կերպ․ «մեխանիզմ, գործընթաց, ինստիտուտ, գործունեություն կամ նորմ, որը աջակցում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությանը, ապահովում է կառավարության անաչառ բնույթը և ավելի ընդհանուր իմաստով կանխում է իշխանության չարաշահումը»[4]:

«Օրենքի գերակայություն» արտահայտության գործածումը հասնում է մինչև 16-րդ դարի Մեծ Բրիտանիա։ 17-րդ դարում շոտլանդացի աստվածաբան Սամուել Ռութերֆորդը օրենքի գերակայությունը հակադրում էր թագավորների աստվածային իրավունքին[5]: Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը գրում էր, որ հասարակության մեջ ազատությունը նշանակում է ենթարկվել միայն օրենսդիր մարմնի կողմից գրված օրենքներին, որոնք վերաբերում են բոլորին, և որ դրանից զատ անձի ազատությունը չի կարող ենթարկվել սահմանափակումների։ Թեպետ օրենքի գերակայություն եզրույթը շարունակվեց հանրահռչակվել նաև ավելի ուշ՝ 19-րդ դարում, բրիտանացի իրավաբան Ալբերտ Վենն Դայսիի կողմից 19-րդ դարում, սակայն սկզբունքը ճանաչված էր անտիկ մտածողների շրջանում։ Օրինակ՝ Արիստոտելը գրում էր, որ ավելի ճիշտ է, որ օրենքը կառավարի, քան քաղաքացիներից որևէ մեկը, և որ եթե պետք է գերագույն իշխանությամբ օժտել որոշակի անձանց, ապա նրանց պետք է նշանակվեն միայն որպես օրենքի պահապաններ և սպասարկողներ[6]:

Օրենքի գերակայությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ, ներառյալ օրենսդիրները, իրավապահները և դատավորները, պետք է հավասարապես ենթարկվեն օրենքին[7]: Եվ այս սկզբունքը հակադրվում է անձի գերակայությանը, որտեղ միայն մեկ անձ կամ մարդկանց խումբ կառավարում է կամայականորեն[8]:

Վաղ պատմություն (մինչև 15-րդ դար)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի գերակայության հայեցակարգի ամենահին հիշատակումները կարելի է գտնել հնդկական Ռամայանա և Մահաբհարաթա էպոսներում, որոնց ամենավաղ տարբերակները թվագրվում են մոտ մ․թ․ա․ 9-8-րդ դարերով[9][10][11], չնայած դրանք տեքստային տեսքի են բերվել ավելի ուշ՝ շնորհիվ շրութիսմրիթիի ավանդույթի։ Մահաբհարաթայում անդրադարձ է կատարվում դհարմայի (նշանակում էր օրենքի և պարտականությունների փոխադարձելիություն), ռաջդհարմայի (թագավորի պարտականություն) և դհարմարաջայի (Յուդհիշթիրը՝ հնդկական էպոսի Պանդավա եղբայրներից ավագը) սկզբունքներին և նշվում, որ այն թագավորը, ով իր ենթականերին պաշտպանել երդվելուց հետո չի կատարում այդ խոստումը, պետք է մահապատժի ենթարկվի խելագար շան պես, և որ ժողովուրդը պետք է մահապատժի ենթարկի այն թագավորին, ով իրենց պաշտպանելու փոխարեն խլում է իրենց գույքն ու ունեցվածքը և ոչ մեկի խորհուրդն ու առաջնորդությունը չի ընդունում։ Նման թագավորը ոչ թե թագավոր է, այլ դժբախտություն[12][13]:

Օրենքի գերակայության փիլիսոփայության այլ աղբյուրներ կարելի է գտնել ուպանիշադներում, ըստ որոնց՝ «օրենքը թագավորների թագավորն է, և ոչ ոք օրենքից բարձր չէ, անգամ թագավորը»։

Ըստ մի շարք գիտնականների՝ օրենքի գերակայության սկզբունքը կարելի է գտնել նաև մ․թ․ա․ 4-րդ դարի Աթենքում՝ դիտարկելով այն կամ որպես աթենական ժողովրդավարության գերակշռող արժեք[14] կամ էլ որպես ժողովրդական ինքնիշխանության հայեցակարգին կապող տարր[15]: Սակայն այս փաստարկներն այսօր բանավեճի առարկա են, և ներկայումս տարածված մոտեցումն այն է, որ իրավունքի գերակայությունը բացառապես աթենյան իրավական համակարգին բնորոշ հայեցակարգ կամ սկզբունք չէ[16]:

9-րդ դարի անգլո-սաքսերի արքա Ալֆրեդ Մեծը բարեփոխեց իր միապետության օրենքներն ու կազմեց նոր օրենսդրություն, որը հիմնված էր աստվածաշնչային պատվիրանների վրա։ Այդ նոր օրենքները նա հրամայեց տարածել բոլորի վրա՝ անկախ հարուստ կամ աղքատ, ընկերներ կամ թշնամիներ լինելու հանգամանքից։ Հավանական է, որ Ալֆրեդ Մեծի այս բարեփոխումը ոգեշնչված էր Ղևտական գրքից 19:15. «Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո ընկերոջը»[17]:

1215 թվականին կարդինալ Սթիվեն Լանգթոնը Անգլիայում հավաքեց բարոններին և ստիպեց թագավոր Ջոն Պլանտագենետին և հետագա գահակալներին իշխել օրենքի գերակայության սկզբունքով՝ պահպանելով Մագնա Կարտայում` Ազատությունների մեծ խարտիայում, ամրագրված ազատությունները հարկ հավաքելու դիմաց[18][19]: Ժամանակի ընթացքում Մագնա Կարտայի ազդեցությունը գնալով թուլանում էր, սակայն եկեղեցին մինչև 1534 թվականը շարունակում էր մարդկանց վտարել Խարտիայի սկզբունքները խախտելու համար։ Հետագայում Մագնա Կարտան պարզապես փոխարինվեց այլ կանոններով, որոնցով միապետը պարտավորվում էր գործել «օրենքի գործընթացին» համաձայն։ Մագնա Կարտայի ազդեցությունը զգալիորեն նվազեց Հենրի VI-ի օրոք՝ Վարդերի պատերազմից հետո[20]: ԱՄՆ Սահմանադրությունը մեծապես կրում է Մագնա Կարտայում ամրագրված գաղափարների ազդեցությունը։

1481 թվականին՝ Արագոնի թագավոր Ֆերդինանտ II-ի գահակալության օրոք, Կատալոնիայի դատարանի ընդունած սահմանադրությունը հաստատեց թագավորական իշխանության (ներառյալ պաշտոնյաների) ենթարկումը Կատալոնիայի Իշխանության օրենքներին[21]:

Ժամանակակից շրջան (մոտ 1500 թվական - մեր օրեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից շրջանի առաջին հեղինակներից մեկը, ով գործածել է օրենքի գերակայություն եզրույթն ու դրել այդ եզրույթի տեսական հիմքերը, Սամուել Ռութերֆորդն էր իր “Lex, Rex” (1644) աշխատության մեջ[22]: Վերնագիրը, որ լատիներեն նշանակում է «օրենքը թագավոր է», խաթարում է ավանդական rex lex («թագավորը օրենք է») ձևակերպումը[23]:

Իսկ անգլիացի տեսաբան և հրապարակախոս Ջեյմս Հարինգթոնը իր աշխատության մեջ, հիմնականում հիմնվելով Արիստոտելի «Քաղաքականության» վրա, գրում է, որ կառավարման ձևերից «օրենքների, այլ ոչ թե մարդկանց կայսրությունը» գերադասելի է, քան «մարդկանց, այլ ոչ օրենքների  կայսրությունը»[24]:

Ջոն Լոքը նույնպես դիտարկել է այս խնդիրը իր «Երկու տրակտատ կառավարության մասին»-ում (1690)։ Ըստ նրա՝ մարդու բնական ազատությունը երկրի վրա ցանկացած գերակա ուժից զերծ լինելն է, ոչ թե մարդու կամքի կամ օրենսդրական իշխանության ներքո լինելը, այլ միայն բնության օրենքին ենթարկվելը: Հասարակության մեջ մարդու ազատությունը ոչ որևէ անձի իշխանության ներքո լինելն է և ոչ էլ որևէ մեկի կամքի տիրապետության կամ սահմանափակման ներքո գտնվելը[25]:

Օրենքի գերակայության սկզբունքը քննարկել է նաև Մոնտեսքյոն իր «Օրենքի ոգին» աշխատության մեջ (1748)[26]: «Օրենքի գերակայություն» արտահայտությունը հանդիպում է նաև Սեմյուել Ջոնսոնի Բառարանում (1755)[27]։

1776 թվականին Միացյալ Նահանգների հիմնադրման ժամանակ տարածված էր այն գաղափարը, որ ոչ ոք օրենքից վեր չէ: Օրինակ՝ Թոմաս Փեյնն իր «Առողջ դատողություն» գրքույկում գրել է․ «Ամերիկայում օրենքը թագավոր է։ Ինչպես բացարձակ կառավարություններում թագավորն է օրենք, այնպես էլ ազատ երկրներում օրենքը պետք է թագավոր լինի, և ուրիշը չպետք է լինի»[28]:

Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ազդեցությունը նպաստել է աշխարհի այլ երկրներում օրենքի գերակայության սկզբունքի տարածմանը[29][30]:

Փիլիսոփայական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև օրենքի գերակայություն արտահայտության հանրահռչակումը ժամանակակից շրջանում հաճախ վերագրվում է բրիտանացի իրավաբան Ալբերտ Դայսիին[31][32], դրա իրավական հայեցակարգի զարգացնան հիմքերը կարելի է գտնել մի քանի հին քաղաքակրթություններում, ներառյալ Հին Հռոմը, Միջագետքը, Հնդկաստանը և Հռոմը[33]:

Օրենքի գերակայության գաղափարը հաճախ կապվում է հին հույն փիլիսոփաների գաղարների հետ, ովքեր կարծում էին, որ կառավարման լավագույն ձևը լավագույնների միջոցովն է[34]: Պլատոնը ջատագովում էր իդեալիզացված փիլիսոփա-թագավորի կողմից ղեկավարվող բացարձակ միապետության համար, ով վեր կլիներ օրենքից[34]: Միաժամանակ, սակայն, նա հույս էր հայտնում, որ նման թագավորները կհարգեն հաստատված օրենքները, և այսպես էր բացատրում իր դիրոքորոշումը․ «Եթե օրենքը ենթարկվում է որևէ այլ իշխանության և չունի իր սեփականը, պետության փլուզումը, իմ կարծիքով, հեռու չէ։ Բայց եթե օրենքը իշխանության տերն է, իսկ կառավարությունը՝ նրա ստրուկը, ապա իրավիճակը խոստումնալից է, և մարդիկ վայելում են բոլոր օրհնությունները, որ աստվածները տալիս են պետությանը»[35]: Իսկ Արիստոտելը կտրականապես դեմ էր, որ բարձրագույն պաշտոնյաները իշխանություն ունենան օրենքներին ծառայելուց և դրանք պաշտպանելուց անդին[34]: Այլ կերպ ասած՝ Արիստոտելը կողմ էր օրենքի գերակայությանը. «Ավելի ճիշտ է, որ օրենքը կառավարի, քան քաղաքացիներից որևէ մեկը։ Նույն սկզբունքով եթե ավելի նպատակահարմար է գերագույն իշխանություն տալ որոշակի անձանց, ապա նրանք պետք է նշանակվեն միայն որպես օրենքների պահապաններ և ծառայողներ»[6]:

Հայտնի է նաև հռոմեացի պետական գործիչ Ցիցերոնի կարծիքը, ըստ որի՝ բոլոր մարդիկ օրենքների ստրուկներն են, որպեսզի ազատ լինեն[36]: Հռոմեական հանրապետության շրջանում մագիստրատները կարող էին դատարանի առաջ կանգնել, երբ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանա: Իսկ Հռոմեական կայսրության օրոք ինքնիշխանն անձնապես անձեռնմխելի էր (legibus solutus), բայց նրանք, ովքեր դժգոհություններ ունեն, կարող էին դատի տալ գանձապետին[31]:

Մ․թ․ա․ 3-րդ դարում Չինաստանում լեգալիզմի ուսմունքի հետևորդները կարծում էին, որ օրենքը պետք է լինի կառավարման գործիք․ այսինքն նրանք կողմնակից էին օրենքի միջոցով կառավարմանը, ինչը հակադրվում է օրենքի գերակայության հիմնական սկզբունքներին, քանի որ դա նշանակում է, որ ազնվականները և կայսրը պետք է վեր դասվեն օրենքից[37][38][39][40]: Ի տարբերություն դրա՝ դաոսականությունը մերժում էր իրավական պոզիտիվությունը՝ հօգուտ բնական իրավունքի, որին պետք է ենթարկվեր անգամ տիրակալը[41]:

Մեկնաբանությունների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի անգլերենի բառարանը այսպես է սահմանում օրենքի գերակայությունը․ «Օրենքի հեղինակությունն ու ազդեցությունը հասարակության մեջ, մասնավորապես. երբ դիտվում է որպես անհատական ​​և ինստիտուցիոնալ վարքագծի սահմանափակում. (հետևաբար) սկզբունք, ըստ որի՝ հասարակության բոլոր անդամները (ներառյալ կառավարությունում գտնվողները) հավասարապես ենթարկվում են հրապարակայնորեն բացահայտված իրավական օրենսգրքերին և գործընթացներին»[42]։

Օրենքի գերակայությունը նշանակում է, որ յուրաքանչյուր անձ ենթարկվում է օրենքին և հակադրվում է այն գաղափարին, որ տիրակալն ունի աստվածային իրավունքներ և վեր է օրենքից։

Չնայած օրենքի գերակայություն եզրույթը լայնորեն կիրառվում է քաղաքական գործիչների, դատավորների, գիտնականների և այլոց կողմից, այն համարվում է«չափազանց անհասկանալի»[43], ընդհանրական հասկացություն։ Ժամանակակից իրավագետ տեսաբանների շրջանում կարելի է առանձնացնել օրենքի գերակայության առնվազն երկու հիմնական մոտեցումներ՝ ձևական (ֆորմալիստական) կամ «բարակ» սահմանում և բովանդակային կամ  «հաստ» սահմանում։ Երբեմն հանդիպում է նաև երրորդ՝ «ֆունկցիոնալ» մոտեցումը[44]: Օրենքի գերակայության ֆորմալիստական սահմանումները դատողություններ չեն անում օրենքի արդար լինելու տեսակետից, այլ ձևակերպում են որոշակի ընթացակարգային հատկանիշներ, որոնց պետք է համապաստախանի օրենքի գերակայությամբ գործող իրավական շրջանակը։ Բովանդակային սահմանումները ներառում են որոշակի բովանդակային իրավունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի և որոնցից պետք է առաջացած լինի օրենքի գերակայությունը[45]:

Շատ իրավագետ տեսաբանների կարծիքով՝ օրենքի գերակայությունը միայն ֆորմալ բնույթ ունի։ Օրինակ՝ այս մասնագետներն ասում են, որ օրենքը պահանջում է ընդհանրություն (ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են բոլորի հանդեպ, վարքագիծ՝ ընդդեմ անհատների), հանրայնություն (ոչ մի գաղտնի օրենք), օրենքների առաջադարձ ուժով կիրառելիություն (քիչ կամ ոչ մի հետադարձ ուժ ունեցող օրենքներ), հետևողականություն (իրար չհակասող օրենքներ)[46], հավասարություն (հավասարապես կիրառելի է բոլորի հանդեպ) և որոշակիություն (որոշակի կիրառելիություն տվյալ իրավիճակում)։ Սակայն ֆորմալիստները պնդում են, որ գոյություն չունեն օրենքների բովանդակությանը վերաբերող պահանջներ։ Նման մոտեցումը թույլ է տալիս ունենալ օրենքներ, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, բայց պարտադիր չէ, որ օրենքները նման հատկանիշներ ունենան։ Օրենքի գերակայության ֆորմալիստական մոտեցման օգտին փաստարկներով հայտնի են Ալբերտ Վեն Դայսին, Ֆրիդրիխ Հայեկը, Ջոզեֆ Ռազը և Ջոզեֆ Ունգերը։

Իսկ տեսաբանների մի ուրիշ խումբ՝ ներառյալ լեգալիստ տեսաբանների, կարծում է, որ օրենքի գեյակայությունը պարտադիր պետք է ներառի անհատների իրավունքների պաշտպանությունը։ Լեգալիստական տեսության համաձայն՝ օրենքի գերակայության վերաբերյալ այս երկու մոտեցումները  դիտարկվում են որպես երկու հիմնական, իրար հակադիր այլընտրանքներ՝ ձևական և բովանդակային։ Գոյություն ունեն այլ տեսակետներ ևս, օրինակ՝ որ ժողովրդավարությունը օրենքի գերակայության մաս է[47]: Օրենքի գերակայության բովանդակային մեկնաբանության կողմնակից են Դուորքինը, Լոսը, Ալլանը և այլք։

Օրենքի գերակայության բովանդակային մեկնաբանությունն զգալիորեն ամրապնդվեց Մահաթմա Գանդիի, Մարտին Լյութեր Քինգի քարոզչությունից, ինչպես նաև Նյուրնբերգյան դատավարությունից հետո։

Ձևական և բովանդակային գերակայությունն իրարից տարբերակելու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խորհուրդ է տալիս առաջինի դեպքում գործածել «օրենքի գերակայություն», իսկ երկրորդի «իրավունքի գերակայություն» հասկացությունները[48]:

Երրորդ՝ ֆունկցիոնալ մեկնաբանությունը հակադրում է օրենքի գերակայությունը անձի իշխանությանը[47]: Ըստ այս մոտեցման՝ այն հասարակությունը, որում պետական պաշտոնյաներն ունեն հայեցողությունների լայն շրջանակ, ունի օրենքի գերակայության ցածր մակարդակ, և հակառակը[47]: Օրենքի գերակայության պահպանումը երբեմն կարող է պահանջել պատիժ սահմանել այն անձանց հանդեպ, ովքեր գործում են արարքներ, որոնք կարող են արդարացվել բնական իրավունքով, բայց պետք է պատժվեն օրենքի համաձայն[49]: Այսպիսով՝ օրենքի գերակայությունը ինչ-որ իմաստով հակադրվում է ճկունությանը, նույնիսկ երբ ճկունությունը նախընտրելի է[47]:

Օրենքի գերակայության հայեցակարգը տարբերվում է օրենքի միջոցով իշխանությունից։ Տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում օրենքը գերակա է և կարող է ծառայել որպես իշխանության չարաշահման հակակշիռ, մինչդեռ երկրորդի դեպքում օրենքը պարզապես ճնշելու գործիք է կառավարության ձեռքում[43]: Օրենքի գերակայությունը որևէ երկրում լավ կառավարման որակը որոշելու առանցքային հարթություններից է[50]: Համաշխարհային կառավարման չափանիշները[51] և այլ հետազոտություներ օրենքի գերակայությունը սահմանում են որպես վստահության աստիճան, ինչպես նաև հասարակության կանոններին, մասնավորապես՝ պայմանագրային կիրարկման որակին, ոստիկանությանը, դատարաններին, հանցագործությունների կամ բռնությունների հավանականությանը, ենթարկվելու աստիճան[50]: Այս սահմանման հիման վրա Համաշխարհային կառավարման չափանիշների նախագիծը ավելի քան երկու հարյուր երկրներում ստեղծել է օրենքի գերակայության համախառն չափումներ[52]: Այլ չափումներ, օրինակ՝ Համաշխարհային արդարության նախագծի[53] Օրենքի գերակայության համաթիվը[54], ցույց են տալիս, որ 2022 թվականի դրությամբ աշխարհի երկրների 61%-ում օրենքի գերակայության սկզբունքը անկում է ապրել։ Սա նշանակում է, որ 4.4 միլիարդ մարդ ապրում է 2021 թվականին օրենքի գերակայության մակարդակի անկում ապրած երկրներում[55]:

Օրենքի գերակայություն եզրույթի տարբեր սահմանումներ են կիրառվում ԱՄՆ-ում՝ կախված տվյալ պետական մարմնի կամ այլ կազմակերպությունների սահմանված նպատակներից։ Օրինակ՝ ռազմական կամ հակահետախուզական գործունեությամբ զբաղվողները օրենքի գերակայության սահմանումներում ֆիզիկական անվտանգությունը ավելի առաջնահերթ են համարում մարդու իրավունքներից[56]: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական արդարադատությամբ զբաղվող դատավորների ձեռնարկում նշվում է, որ օրենքի գերակայությունը, առաջին հերթին պետք է պաշտպանի անիշխանությունից և բոլորը բոլորի դեմ սկզբունքով պատերազմներից։ Բացի դրանից, օրենքի գերակայությունը պետք է թույլ տա մարդկանց իրազեկված լինել իրենց արած գործողությունների իրավական հետևանքների մասին։ Այն պետք է նաև երաշխավորի, որ պաշտոնյաների կողմից առնվազն որոշ տեսակի կամայականություններ տեղի չեն ունենա[57]: Ձեռնարկում սահմանվում են օրենքի նպատակին ծառայող 5 տարրեր, որոնք պետք է բնորոշ լինեն օրենքի գերակայությանը՝ 1) իրավական կանոնների, չափանիշների և սկզբունքների՝ մարդկանց առաջնորդելու կարողություն (այսինքն՝ մարդիկ պետք է կարողանան հասկանալ օրենքը), 2) արդյունավետությունը, 3) կայունությունը, 4) իրավական իշխանության գերակայությունը, 5) անաչառ արդատադատության գործիքակազմը[56]:

Կան նաև օրենքի սահմանումներ՝ ելնելով դրանց 5 տարբեր վերջնանպատակներից՝ պետության՝ օրենքներին ենթարկվելու երաշխիքներ, օրենքի առջև հավասարություն, օրենքի և կարգի ապահովում, արդյունավետ ու անաչառ դատավարություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն[56]:

Վենետիկի հանձնաժողովը 2011 թվականին առանձնացրել է օրենքի գերակայության 8 բաղկացուցիչ մասեր․

  1. բաց հասանելիություն օրենքին (որի դրույթները պետք է լինեն պարզ և կանխատեսելի)
  2. իրավական խնդիրների օրենքահեն, այլ ոչ հայեցողական լուծում
  3. հավասարություն օրենքի առաջ
  4. իշխանության արդար և ողջամիտ իրականացում՝ համաձայն օրենքների
  5. մարդու իրավունքների պաշտպանություն
  6. վեճերն առանց ուշացումների լուծման նպատակով միջոցների տրամադրում
  7. արդար դատավարություն
  8. պետության կողմից միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների կատարում

Համաշխարհային արդարադատության նախագիծը[53]` օրենքի գերակայության համաթվի[54] հեղինակը, օրենքի գերակայությունը սահմանում է որպես օրենսդրության, պետական ​​և հանրային ինստիտուտների, սկզբունքների և կյանքի կանոնների կայուն համակարգ, որն ապահովում է չորս համընդհանուր սկզբունքների իրականացումը` պատասխանատվություն, օրենքների արդարություն, բաց կառավարում, արդարադատության մատչելիություն և անաչառություն[58]։

Նշանակությունը սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի գերակայությունը չի կարող լիարժեքորեն և հաջողությամբ գործել անցումային ու զարգացող երկրներում` առանց տնտեսական զարգացման վրա դրա ունեցած ազդեցությունը հասկանալու[59]։ Տնտեսագիտության մեջ գոյություն ունի սահմանադրական տնտեսագիտության ուղղվածություն, որն ուսումնասիրում է առկա սահմանադրական կարգի շրջանակի և հանրային իշխանությունների կողմից կայացված տնտեսական ու ֆինանսական որոշումների համատեղելիությունը։ Դա ներառում է, օրինակ դատական համակարգին առնչվող կառավարական ծախսերը, որոնք մի շարք անցումային և զարգացող երկրներում ամբողջապես վերահսկվում են գործադիր մարմինների կողմից։ Օգտակար է տարբերակել դատական մարմինների կոռուպցիայի երկու մեթոդներ` կոռուպցիա` արված գործադիր իշխանությունների կողմից, և կոռուպցիա` արված մասնավոր հատվածի կողմից։

Սահմանադրական տնտեսագիտության չափանիշները կարող են կիրառվել տարեկան բյուջետային գործընթացի ժամանակ, և եթե բյուջետային պլանավորումը թափանցիկ է, ապա դա դրական ազդեցություն կունենա նաև օրենքի գերակայության վրա։ Արդյունավետ դատական համակարգի գոյությունը օրենքի գերակայության ամրապնդման առանցքային տարր է, քանի որ դա օգտակար կլինի քաղաքացիական հասարակության համարկառավարական չարդարացված ծախսերի և նախկինում տրամադրված հատկացումների վրա կալանքի առկայության իրավիճակներում[60]:

Օրենքի գերակայությունը հատկապես կարևոր է զարգացող և անցումային երկրներում տնտեսական զարգացման վրա ունեցած ազդեցության համատեքստում։ Տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկը վերլուծել է, թե ինչպես կարող է օրենքի գերակայությունը նպաստել ազատ շուկային։ Ըստ նրա՝ օրենքի գերակայության պայմաններում անհատները կկարողանան իմաստուն, մտածված և վստահ ներդրումներ կատարել՝ դրանց վերադարձի ակնկալիքով, քանի որ «օրենքի գերակայության պայմաններում կառավարությունը չի կարող ad hoc գործողություններով խեղդել մարդկանց անհատական ջանքերը։ Խաղի՝ բոլորին հայտնի կանոնների դեպքում անհատն ազատ է որոշելու իր անձնական նպատակներն ու ցանկությունները, և կառավարությունն իր լծակները չի օգտագործի՝ անհատի ջանքերը կանխամտածված կերպով խափանելու համար»[61]:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքի գերակայության թուլությունը (օրինակ օրենքների հայեցողական կիրարկումը) վատ է անդրադառնում ներդրումների վրա։ Տնտեսագետները պարզել են, որ, օրինակ, օրենքների հայեցողական կիրարկման միտումի աճը ստիպել է ամերիկյան ընկերություններին հրաժարվել միջազգային ներդրումներ կատարելուց[62]:

Օրենքի գերակայությունը կարող է խաթարվել, երբ առկա է իրավական և ժողովրդական կոնսենսուսի միջև ջրբաժան: Նման օրինակ է մտավոր սեփականությունը: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության[63] հովանու ներքո հեղինակային իրավունքի վերաբերյալ ուժեղ օրենքներ են կիրառվել աշխարհի շատ երկրներում։ Չնայած դրան՝ մտավոր սեփականության իրավունքի խախտումները դեռ մեծ ծավալների են հասնում՝ ներառյալ նմանակումը, կեղծումը, ֆայլերի (նիշքերի) անօրինական փոխանակումը[64]։ Նմանապես տարածված է նաև հարկերից խուսափումը, օրինակ՝ Ռուսաստանում։ Այն անձը, ով ընդունում է, որ հարկեր չի վճարում, չի դատվում կամ քննադատվում իր գործընկերների և ընկերների կողմից, քանի որ հարկեր վճարելն ընդունված է անհիմն համարել[65]: Կաշառքը ևս տարբերվող նորմատիվ ազդեցություններ ունի տարբեր մշակույթներում[66]:

Կրթությունը մեծ նշանակություն ունի օրենքի գերակայության և իրավականության մշակույթի առաջխաղացման գործում։ Ըստ էության, այն կարևոր պաշտպանական գործառույթ ունի՝ ամրապնդելով սովորողների կարողությունները՝ դիմակայելու և հաղթահարելու տարաբնույթ իրավիճակներ։ Երիտասարդները կարող են մեծապես նօաստել իրավականության մշակույթի ամրապնդմանը։

Կրթության միջոցով կարելի է ձեռք բերել և զարգացնել ճանաչողական, սոցիալ-զգայական և վարքագծային փորձառություններ ու հմտություններ։ Կրթությունը կարևոր դեր ունի սոցիալ-մշակութային նորմերը վերաձևափոխման և պահպանման գործում՝ այդպիսով երաշխավորելով անընդհատ, շարունակական էվոլյուցիա[67]։ Ֆորմալ կրթության միջոցով երեխաներն ու երիտասարդները սոցիալիզացվում են և ծանոթանում որոշակի արժեքների, վարքերի, վերաբերմունքի և դերերի, որոնք ձևավորում են իրենց անձնական և սոցիալական ինքնությունն ու օգնում, որ ամենօրյա կյանքում որոշումներ կայացնում[68]: Դրա արդյունքում հնարավոր է դառնում նաև զարգացնել քննադատական մտածողությունն ու ձևավորել նոր նորմեր, որոնք արտացոլում են հասարակության շրջանում փոփոխությունները։ Այսինքն՝ արդարությանը նպաստող կրթությունը խթանում է և ամրապնդում է օրենքի գերակայությունը հետևյալ կերպ[68].

  • խրախուսելով արժևորել և կիրառել օրենքի գերակայության սկզբունքներն իրենց ամենօրյա կյանքում
  • տրամադրելով համապատասխան գիտելիք, արժեքներ, վերաբերմունք և վարքագիծ, որոնք կարևոր են ավելի լայն իմաստով հասարակության շարունակական բարելավման և վերափոխումների համար։ Դա կարող է արտահայտվել, օրինակ, թափանցիկության ավելի բարձր մակարդակի, հանրային ինստիտուտների հաշվետվողականության պահանջատիրությամբ, ինչպես նաև գիտակցմամբ, որ հասարակության անդամները պատասխանատվություն են կրում պետության կյանքում ամենօրյա որոշումների կայացման համար՝ որպես քաղաքացիներ, ընտանիքի անդամներ, աշխատողներ, գործատուներ, ընկերներ, հաճախորդներ և այլն[68]:

Հակակոռուպցիոն պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակոռուպցիոն պայքարի դերը օրենքի գերակայության ամրապնդման գործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռուպցիան խարխլում է օրենքի գերակայությունը՝ քայքայելով հանրային ինստիտուտների հանդեպ վստահությունը, խեղաթյուրելով իրավական գործընթացները և անպատժելիության հնարավորություն տալով իշխանության կրողներին։ Հակակոռուպցիոն ջանքերն այս համատեքստում օրենքի գերակայության առաջխաղացման հիմնաքարն են` երաշխավորելով հաշվետվողականություն, թափանցիկություն և օրենքի առաջ հավասարություն։ Երբ կոռուպցիայի մակարդակը ցածր է, ամուր են ինստիտուցիոնալ կառույցները, ինչի շնորհիվ դրանք գործում են անաչառ կերպով։ Սա իր հերթին նպաստում է կառավարման համակարգերի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ինչն էլ էական է օրենքի գերակայության պահպանման համար։

Օրենքի գերակայության հաստատման կամ ամրապնդման հակակոռուպցիոն կարևոր նախաձեռնություն կարող է լինել օրենքների արդար և անկողմնակալ կիրարկումը։ Կոռուպցիան հաճախ հանգեցնում է ընտրական արդարադատության, ինչի արդյունքում իշխանության կրողները խուսափում են հաշվետվողականությունից, իսկ հասարակության մարգինալիզացված հատվածը բախվում է անհարկի հետևանքների։ Այս ոլորտում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը երաշխավորում է, որ օրենքները հավասարապես իրագործվում են բոլորի համար` անկախ սոցիալական կամ տնտեսական կարգավիճակից։ Իշխանության համակարգային չարաշահումներին հասցեագրելը օգնում է կանխատեսելի, կայուն և վստահելի իրավական համակարգի ստեղծմանը, ինչը առանցքային է օրենքի գերակայության համար։ Ավելին, կոռուպցիայի դեմ պայքարը բարձրացնում է կառավարական գործառնությունների թափանցիկության մակարդակը։ Կոռուպցիան ծաղկում է այնպիսի համակարգերում, որտեղ որոշումները կայացվում են փակ դռների հետևում։ Հակակոռուպցիոն ջանքերը խրախուսում են որոշումների կայացման բաց գործընթացները, գնումների թափանցիկ համակարգերը, տեղեկատվության հասանելիությունը, ինչը նվազեցնում է ապօրինությունների հավանականությունը։ Թափանցիկությունը ոչ միայն կանխում է կոռուպցիան, այլև խրախուսում է  քաղաքացիներին պահանջել հաշվետու կառավարություն, ժողովրդավարական սկզբունքների առկայություն և օրենքի գերակայություն։

Հակակոռուպցիոն ջանքերը նաև կոտրում են անպատժելիության և շարունակական չարաշահումների ցիկլը։ Հակակոռուպցիոն ուժեղ օրենքները` զուգորդված կիրարկման գործուն մեխանիզմներով, ազդարարում են, որ ոչ ոք վեր չէ օրենքից, ինչը զսպող ազդեցություն ունի` նպաստելով պետության ներսում իրավականության մշակույթի և իջավական մրջանակի հանդեպ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Բացի դրանից, կոռուպցիայի դեմ պայքարը նպաստում է նաև կայուն զարգացմանն ու սոցիալական հավասարությանը, որոնք սերտորեն կապված են օրենքի գերակայության հետ։ Կոռուպցիան անհամաչափորեն ազդում է խոցելի բնակչությանը, քանի որ հանրային ռեսուրսները չեն ծախսվում հիմնական ծառայությունների վրա, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքները։ Հակակոռուպցիոն ջանքերը երաշխավորում են այդ ռեսուրսների արդար բաշխումը հասարակության մեջ։ Իր հերթին ավելի արդար հասարակությունն ամրապնդում է իրավական համակարգերի լեգիտիմությունը և խրախուսում է օրենքների պահանջներին կամավոր, գիտակցված կերպով հետևելը՝ այդպիսով ամրապնդելով օրենքի գերակայության հիմքերը։ Հասցեագրելով կոռուպցիան՝ հասարակությունները հիմք են ստեղծում այնպիսի իրավական և ինստիտուցիոնալ համակարգի համար, որը հարգում, պաշտպանում և կիրարկում է բոլոր անհատների իրավունքները՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ օրենքի գերակայությունը կարող է ծաղկել։

Օրենքի գերակայության դերը հակակոռուպցիոն պայքարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի գերակայությունը առանցքային դեր ունի կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ դրա շնորհիվ ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ օրենքները հստակ են, հետևողականորեն կիրարկվող և բոլորին վերաբերելի։ Կոռուպցիան ծաղկում է այնպիսի հասարակություններում, որտեղ օրենքները թույլ են, ոչ միանշանակ և ընտրականորեն կիրարկվող։ Ամուր իրավական դաշտն ու օրենքների արդար կիրարկումները նվազեցնում են կոռուպցիոն դեպքերի հավանականությունը և նպաստում են հանրային և մասնավոր հատվածներում հաշվետվողականությանն ու բարեվարքությանը։

Հակակոռուպցիոն պայքարում օրենքի գերակայության ունեցած նշանակության կարևորագույն ձևերից մեկը երաշխավորելն է, որ հակակոռուպցիոն օրենքները կիրարկվում են անկողմնակալ և առանց նախապատվությունների։ Օրենքի գերակայության պայմաններում իրավապահ մարմիններն ու դատական համակարգը գործում են անկախ և չեն ենթարկվում որևէ քաղաքական ազդեցության։ Սա երաշխավորում է, որ կոռուպցիային առնչվող հետաքննությունները, հետապնդումներն ու դատավճիռները լինեն անկողմնակալ՝ ստեղծելով հնարավոր հանցագործների համար հզոր զսպող միջոց:

Ավելին, օրենքի գերակայությունն ամրապնդում է թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները, որոնք կարևոր նշանակություն ունեն կոռուպցիայի նվազեցման գործում։ Օրենքի գերակայության վրա հիմնված իրավական շրջանակները պահանջում են, որ պետական պաշտոնյաները հանրայնացնեն իրենց ունեցվածքը, հիմնավորեն որոշումները և հաշվետու լինեն վերահսկող մարմիններին։ Նման միջոցառումներն օգնում ենհասցեագրել կոռուպցիոն գործողությունները՝ միաժամանակ թույլ տալով, որ քաղաքացիական հասարակությունը մշտադիտարկի և հանրայնացնի չարաշահումները։ Օրենքի գերակայությամբ գործող թափանցիկ համակարգը նվազագույնի է հասցնում որոշման կայացման հարցում պաշտոնյաների հայեցողությունների շրջանակը՝ նվազեցնելով կաշառակերության և իշխանության չարաշահման հնարավորությունները։

Օրենքի գերակայությունը նաև նպաստում է արդարադատության հասանելիությանը՝ ապահովելով, որ կոռուպցիայի զոհերը փոխհատուցում փնտրելու իրավական ուղիներ ունենան, և ազդարարները պաշտպանված լինեն։ Հակակոռուպցիոն իրավական համակարգը խրախուսում է կոռուպցիոն դեպքերի մասին իրազեկումն ու կոռուպցիոն ցանցերի կազմաքանդումը։ Արդար և բաց դատավարությունների երաշխավորմամբ՝ օրենքի գերակայությունը կանխում է հակակոռուպցիոն միջոցների՝ որպես քաղաքական ճնշման կամ հետապնդման գործիք կիրառումը, որպեսզի արդարադատությունը մնա անկողմնակալ և իրավաչափ։

Վերջապես, օրենքի գերակայությունը խթանում է այնպիսի հասարակության ձևավորումը, որում կոռուպցիան սոցիալական և մշակութային առումով անընդունելի է։ Երբ մարդիկ տեսնում են, որ օրենքները կիրարկվում են հավասարապես, որ ոչ ոք օրենքից վեր չէ, և որ արդարադատությունն իրականացվում է հետևողականորեն, աճում է հանրային ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Վերջինը էական նշանակություն ունի կոռուպցիայի հանդեպ անհանդուրժող սոցիալական միջավայրի ստեղծման գորխում։ Այսպիսով՝ օրենքի գերակայությունը ոչ միայն պատժում է կոռուպցիան, այլև օգնում է տրանսֆորմացնել սոցիալական նորմերը, նպաստել երկարաժամկետ մշակութային փոփոխություններին, աջակցել բարեվարքությանն ու լավ լառավարմանը։ Պահպանելով արդարությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ օրենքի գերակայությունը նաև հզոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում, ինչն օգնում է հասարակություններին ինստիտուտների հանդեպ վստահություն կառուցելու, ինչպես նաև շարունակական զարգացման և արդարության համար հիմքեր ստեղծելու գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sempill, Julian (2020-12). «The Rule of Law and the Rule of Men: History, Legacy, Obscurity». Hague Journal on the Rule of Law (անգլերեն). 12 (3): 511–540. doi:10.1007/s40803-020-00149-9. ISSN 1876-4045.
  2. «Rule of Law». education.nationalgeographic.org. Վերցված է 2024-12-24-ին.
  3. Ten, C. l. (2017-09). Goodin, Robert E.; Pettit, Philip; Pogge, Thomas (eds.). Constitutionalism and the Rule of Law (անգլերեն) (1 ed.). Wiley. էջեր 493–502. doi:10.1002/9781405177245.ch22. ISBN 978-1-4051-3653-2.
  4. «Rule of law | Definition, Implications, Significance, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2024-12-11. Վերցված է 2024-12-24-ին.
  5. Rutherford, Samuel (1644). Lex, Rex: the Law and the Prince: A Dispute for the Just Prerogative of King and People. Containing the Reasons and Causes of the Most Necessary Defensive Wars of the Kingdom of Scotland, and of Their Expedition for the Ayd and Help of Their Dear Brethren of England. In which Their Innocency is Asserted, and a Full Answer is Given to a Seditious Pamphlet, Intituled, Sacro-sancta Regum Majestas, Or The Sacred and Royall Prerogative of Christian Kings; Under the Name of J.A. But Penned by Jo: Maxwell the Excommunicate P. Prelat. With a Scripturall Confutation of the Ruinous Grounds of W. Barclay, H. Grotius, H. Arnisæus, Ant. de Domi. P. Bishop of Spalato, and of Other Late Anti-magistratical Royalists; As, the Author of Ossorianum, D. Fern, E. Symmons, the Doctors of Aberdeen, &c. In XLIV. Questions. Published by Authority. (անգլերեն). Iohn Field, and are to be sold at his house upon Addle-hill, neer Baynards-Castle.
  6. 6,0 6,1 «Politics (Ellis)/Book 3 - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  7. «The great chief justice: John Marshall and the rule of law». Choice Reviews Online. 34 (05): 57. 1997-01-01. doi:10.5860/choice.34-3010. ISSN 0009-4978.
  8. Gowder, Paul (2017). «Resisting the Rule of Men». heinonline.org. Վերցված է 2024-12-24-ին.
  9. Austin, Christopher R. (2019). Pradyumna: lover, magician, and scion of the avatāra. New York, NY: Oxford University Press. էջ 21. ISBN 978-0-19-005411-3. OCLC 1089862357.
  10. Brockington, John (1998-01-01). The Sanskrit Epics. BRILL. էջ 26. ISBN 978-90-04-49267-7.
  11. Lloyd, G.J.; McElroy, R.J. (1973-11). «On the anelastic contribution to creep». Scripta Metallurgica. 7 (11): xxiv–xxv. doi:10.1016/0036-9748(73)90265-2. ISSN 0036-9748.
  12. Cowell; Herbert (1872). «History and Constitution of the Courts and Legislative Authorities in India». University of Michigan Press: 37-56.
  13. Giri, Ananta Kumar (November 2001). «Rule of Law and Indian Society: Colonial Encounters,post-colonial experiments and beyond» (PDF). Madras Institute of Development Studies (1).
  14. Ostwald, Martin (1986). From popular sovereignty to the sovereignty of law: law, society, and politics in fifth-century Athens. Berkeley: University of California Press. էջեր 412-496. ISBN 978-0-520-06798-1.
  15. Ober, Josiah (1991). Mass and Elite in Democratic Athens: Rhetoric, Ideology, and the Power of the People. Princeton: Princeton University Press. էջեր 144–147, 299–300. ISBN 978-0-691-02864-4.
  16. Liddel, Peter P. (2007). Civic obligation and individual liberty in ancient Athens. Oxford classical monographs. Oxford New York: Oxford University Press. էջեր 130–131. ISBN 978-0-19-922658-0.
  17. «ՂԵՒՏԱԿԱՆ». armenianchurchlibrary.com. Վերցված է 2024-12-24-ին.
  18. «The Magna Carta, 1215 (translated from the Latin)». www.magnacartaplus.org. Վերցված է 2024-12-24-ին.
  19. «Magna Carta, 1225». Magna Carta: 501–511. 1992-05-07. doi:10.1017/cbo9781107049956.025.
  20. Turner, Ralph (2016-09-17). «Magna Carta». doi:10.4324/9781315837468. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  21. Ferro, Víctor (1987). El dret públic català: les institucions a Catalunya fins al Decret de Nova Planta. Referències (1a ed ed.). Vic, Osona: Eumo. ISBN 978-84-7602-203-0. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  22. Rutherford, Samuel (1644). Lex, Rex. էջեր 237.
  23. «The Rule of Law | The Constitution Society: Working to promote informed debate about constitutional reform». web.archive.org. 2014-10-06. Վերցված է 2024-12-24-ին.
  24. Harrington, James; John Adams Library (Boston Public Library) BRL; Toland, John; Hall, John; Adams, John (1747). The Oceana and other works. Internet archive: copy possessed by John Adams (3rd ed.). London: Millar. էջ 37.
  25. Locke, John (1690). Second Treatise Of Civil Government. London. էջեր Ch. IV, sec. 22. ISBN 978-1-003-58902-0.
  26. Tamanaha, Brian Z. (2004-11-18). On the Rule of Law: History, Politics, Theory (անգլերեն). Cambridge University Press. էջ 47. ISBN 978-0-521-60465-9.
  27. Peacock, Anthony A. (2009-12-30). Freedom and the Rule of Law (անգլերեն). Rowman & Littlefield. էջ 24. ISBN 978-0-7391-3620-1.
  28. Jethro Koller Lieberman (1999). A practical companion to the Constitution. Internet Archive. University of California Press. էջ 436. ISBN 978-0-520-21280-0.
  29. Winks, Robin W. (1993-05). World Civilization: A Brief History (անգլերեն). Rowman & Littlefield. էջ 406. ISBN 978-0-939693-28-3.
  30. Billias, George Athan (2011-12). American Constitutionalism Heard Round the World, 1776-1989: A Global Perspective (անգլերեն). NYU Press. էջեր 53–56. ISBN 978-0-8147-2517-7.
  31. 31,0 31,1 Fairman, Charles; Wormuth, Francis D. (1949-03). «The Origins of Modern Constitutionalism». The Western Political Quarterly. 2 (1): 28. doi:10.2307/442354. ISSN 0043-4078.
  32. Bingham, Thomas (2010). The Rule of Law Internationally. Penguin. էջ 3. ISBN 978-0-19-956618-1.
  33. Black, Antony (2009). A world history of ancient political thought. Oxford [England] ; New York: Oxford University Press. ISBN 978-0-19-928169-5. OCLC 244417452.
  34. 34,0 34,1 34,2 Clarke, David (1998). The many meanings of the rule of law (PDF). New York: Routledge. էջեր 36–49. ISBN 978-0-203-01527-8.
  35. Cooper, John (1997). Complete Works by Plato. Hackett Publishing. էջ 1402.
  36. Cicero (2021-11-04). Cicero: Post Reditum Speeches. Oxford University Press. ISBN 978-0-19-885075-5.
  37. Xiangming, Zhang. On Two Ancient Chinese Administrative Ideas: Rule of Virtue and Rule by Law.
  38. Bevir, Mark (2010-03-18). Encyclopedia of Political Theory: A - E (անգլերեն). SAGE. էջեր 161–162. ISBN 978-1-4129-5865-3.
  39. Munro, Donald J. (1969). The concept of man in early China. Internet Archive. Stanford, CA. : Stanford University Press. էջ 4.
  40. Guo, Xuezhi (2002). The Ideal Chinese Political Leader: A Historical and Cultural Perspective (անգլերեն). Bloomsbury Academic. էջ 152. ISBN 978-0-275-97259-2.
  41. Peerenboom, Randall P. (1993-01-01). Law and Morality in Ancient China: The Silk Manuscripts of Huang-Lao (անգլերեն). SUNY Press. էջ 171. ISBN 978-0-7914-1237-4.
  42. «Օրենքի գերակայություն եզրույթի սահմանումը Օքսֆորդի անգլերենի բառարանում». Oxford English Dictionary.
  43. 43,0 43,1 Tamanaha, Brian Z. (2004-11-18). On the Rule of Law: History, Politics, Theory (անգլերեն). Cambridge University Press. էջ 3. ISBN 978-0-521-60465-9.
  44. Tamanaha, Brian Z. (2003). «The Rule of Law for Everyone?». SSRN Electronic Journal. doi:10.2139/ssrn.312622. ISSN 1556-5068.
  45. Craig, Paul (1997). Formal and Substantive Conceptions of the Rule of Law: An Analytical Framework. Public Law. էջ 467. ISBN 978-1-315-08530-2.
  46. Donelson, Raff (2019). «Legal Inconsistencies». Tulsa Law Review. 55 (1): 15–44.
  47. 47,0 47,1 47,2 47,3 Stephenson, Matthew (2008). «Rule of Law as a Goal of Development Policy». www.worldbank.org. Վերցված է 2024-12-24-ին.
  48. http://assembly.coe.int/main.asp?Link=/documents/adoptedtext/ta07/eres1594.htm
  49. Hurd, Heidi (1992-08-01). «Justifiably Punishing the Justified». Michigan Law Review. 90 (8): 2203–2324. ISSN 0026-2234.
  50. 50,0 50,1 Kaufman, Daniel (2007). «Governance Matters VI: Governance Indicators for 1996–2006, World Bank Policy Research Working Paper No. 4280». SSRN.
  51. «Home | Worldwide Governance Indicators». World Bank (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  52. «Interactive Data Access | Worldwide Governance Indicators». World Bank (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  53. 53,0 53,1 «World Justice Project | Advancing the rule of law worldwide». World Justice Project (անգլերեն). 2024-12-19. Վերցված է 2024-12-24-ին.
  54. 54,0 54,1 «WJP Rule of Law Index». worldjusticeproject.org (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  55. «WJP Rule of Law Index». worldjusticeproject.org (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  56. 56,0 56,1 56,2 «US Army Rule of Law Handbook: A Practitioner's Guide for Judge Advocates. United States Army Center for Law and Military Operations». permanent.fdlp.gov. 2010. Վերցված է 2024-12-24-ին.
  57. Fallon, Richard H. (1997). «"The Rule of Law" as a Concept in Constitutional Discourse». Columbia Law Review. 97 (1): 7–8. doi:10.2307/1123446. ISSN 0010-1958.
  58. «What is the Rule of Law?». World Justice Project (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  59. Ballesteros, Luis Flores (2008-11-15). «Corruption and development. Does the 'rule of law' factor weigh more than we think?». 54pesos.org. Վերցված է 2024-12-24-ին.
  60. Barenboim, Peter (2009-10). «Defining the rules». The European Lawyer (90).
  61. Hayek, Friedrich A. von (1994). The road to serfdom (50th anniversary ed. / with a new introd. by Milton Friedman ed.). Chicago: University of Chicago Press. էջեր 81. ISBN 978-0-226-32059-5.
  62. Graham, Brad; Stroup, Caleb (2016). «Does Anti-bribery enforcement deter foreign investment?» (PDF). Applied Economics Letters (23): 63–67.
  63. «WIPO - World Intellectual Property Organization». www.wipo.int (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  64. Bica-Huiu, Alina. White Paper: Building a Culture of Respect for the Rule of Law. American Bar Association.
  65. Pope, Ronald R. The Rule of Law and Russian Culture – Are They Compatible?. {{cite book}}: Check |title-link= value (օգնություն); External link in |title-link= (օգնություն)
  66. Licht, Amir N.; Goldschmidt, Chanan; Schwartz, Shalom H. (2007-12-01). «Culture rules: The foundations of the rule of law and other norms of governance». Journal of Comparative Economics. 35 (4): 659–688. doi:10.1016/j.jce.2007.09.001. ISSN 0147-5967.
  67. Durkheim, E (1956). «Education and sociology». New York: The Free Press.
  68. 68,0 68,1 68,2 «Strengthening the rule of law through education: A guide for policymakers». unesdoc.unesco.org. 2019. Վերցված է 2024-12-24-ին.