Օրենքի առաջ հավասարության իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրենքի առաջ հավասարության իրավունք, կամ իրավահավասարությունը ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկն է, որը ենթադրում է բոլորի հավասարությունը օրենքի առջև՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ Այս սկզբունքի խախտումը խտրականություն է։

Բացարձակ հավասարություն գոյություն չունի ինչպես հասարակության, այնպես էլ բնության մեջ։ Իրավական հավասարությունը միջոց է մեղմելու մարդկանց միջև եղած բնական, ծագման և այլ հանգամանքներով պայմանավորված սկզբնական անհավասարության անցանկալի հետևանքները։ Օրենքի առաջ հավասարության սկզբունքը փոխկապակցված է ազատության և արդարության հասկացության հետ: Առանձին անձանց ազատությունը սահմանափակվում է հավասարության սկզբունքով, յուրաքանչյուր անհատին հատկացնելով իրեն պատկանող ազատության մի շրջանակ: Այլ կերպ ասած, ազատությունը կարող է գոյություն ունենալ միայն հավասարության սկզբունքի սահմաններում:

Մարդկանց հավասարության գաղափարն ընկած է ինչպես բնական իրավունքի, այնպես էլ ժամանակակից ժողովրդավարական և մարդասիրական իրավունքի համակարգերի հիմքում: Այս գաղափարը, սակայն, չի բացառում սեռից, տարիքից, լեզվից, կրոնից, տնտեսական վիճակից, կրթությունից և այլ հատկանիշներից ելնելով տարբեր անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքը: Տարբեր իրավիճակներում արհեստական հավասար վերաբերմունքի դրսևորումը նույնքան անարդար կլիներ, որքան հավասար իրավիճակներում տարբերակված վերաբերմունքը:Համապատասխանաբար կարող ենք ասել, որ օրենքի առջև հավասարության սկզբունքը չի նշանակում բացարձակ հավասարություն, այն է ՝անձանց նկատմամբ հավասար վերաբերմունքը առանց հաշվի առնելու անհատական, կոնկրետ հանգամանքները, բայց դա նշանակում է հարաբերական հավասարություն, այն է՝ հավասարին հավասար վերաբերելու և անհավասարին՝անհավասար սկզբունք [1]: Իրավահավասարությունը հիմնվում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց պաշտպանությունը ապահովող օրենսդրական նորմերի վրա՝ ապահովելով պետության իրավական համակարգին բոլորի հավասար հասանելիությունը:

Օրենքի առջև հավասարությունը ենթադրում է նաև օրենքը հարգելու անհատների հավասար պարտավորությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հավասար վերաբերմունքը միևնույն նորմերը խախտողների նկատմամբ՝ անկախ նրանց կարգավիճակից, պաշտոնական կամ սոցիալական դիրքից: Սույն դրույթը սերտորեն փոխկապակցված է օրենքի գերակայության սկզբունքի հետ, քանզի արձանագրում է, որ օրենքները հավասարապես պետք է կիրառվեն նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դրանք ընդունում են և օժտված են գերագույն իշխանությամբ : Արդարադատությունը չպետք է կաշկանդված լինի որևէ անձի ծագմամբ, իշխանությամբ, նյութական ապահովվածությամբ կամ սոցիալական դիրքով: Ըստ Դայսի, բոլոր քաղաքացիների գործերով որոշումներ կայացնող դատարանների իրավասությունը պետք է տարածվի անխտիր բոլոր քաղաքացիների վրա [2]:

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի առջև հավասարության հայեցակարգը ծագել է Հին Հունաստանում քաղաք-պետությունների՝ պոլիսների ձևավորման շրջանում: Հին հույները հրաժարվեցին ենթարկվել թագավորական իշխանությանը, ինչը բնորոշ էր տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթությունների մեծ մասին։ Քաղաք-պետություններում կարևորագույն որոշումներն ընդունվում էին չափահաս ազատ տղամարդկանց մասնակցությամբ, որոնք այդ իրավունքը ստացել էին ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց : Ընդ որում, իրավահավասարության սկզբունքը տարածվում էր միայն քաղաք-պետությունների ազատ քաղաքացիների վրա՝ բացառելով կանանց, անչափահասներին, ստրուկներին և ոչ քաղաքացիներին[3]:

Պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգիզմ (Մ.թ.ա VIII դարի սկիզբ): Չինաստանի Ցի իշխանության վարչապետ Գուան Չժունը հռչակեց «Տիրակալը, բարձր թե ցածր պաշտոնյաները, ազնվականները և ցածր խավը՝ բոլորը պետք է հետևեն օրենքին: Դա է կառավարման մեծ արվեստը»[4]. : Աթենացի քաղաքական գործիչ Սոլոնը (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ), որը հույն հայտնի «յոթ իմաստուններից» մեկն էր, իր արժանիքների շարքում նշում էր հավասարակշռություն պահպանելու կարողությունը [5]:

Իրավական նորմերի համընդգրկունությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքները պետք է ուրվագծեն իրենց կիրառելիության ընդհանուր պայմանները՝ չկենտրոնանալով անձանց, կազմակերպությունների կամ սոցիալական խմբերի վրա [6]: Օրենքները չպետք է ընդունվեն կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, եթե այլ պայմաններում իշխանությունների համանման գործողությունները կարող են անօրինական որակվել: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում օրենքի ընդհանրացման պահանջը դժվարությունների է հանդիպում: Օրինակ ՝ սոցիալական պետություններում որոշ նորմեր վերաբերվում են հստակ սահմանված սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող անձանց, ուստի հասարակության մի մասն այդ օրենքները չի համարում արդարացված՝ դրանք համարելով իրավական խտրականության դրսևորումներ [7].: Օրենքի առջև հավասարության սկզբունքը, բնույթով լինելով համընդգրկուն, իր մեջ ներառում է նաև դատարանի առջև բոլորի հավասարության պահանջը։ Եթե առաջին, ավելի ընդհանուր սկզբունքը բնութագրում է մարդու և քաղաքացու ընդհանուր կարգավիճակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ապա երկրորդ, մասնավոր, սկզբունքը վերաբերում է միայն արդարադատության ոլորտին։ Դատարանի առջև բոլորի հավասարության պահանջը միաժամանակ անմիջականորեն առնչվում է «իրավական պաշտպանության» սահմանադրական դրույթներին[8]։ Հետևաբար, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը դառնում է ամեն տեսակի խտրականության վերացման պահանջ, ինչը ենթադրում է, որ օրենքում չեն կարող լինել որևէ տարբերություն, բացառության կամ նախապատվության հնարավորություններ, որոնք հիմնված են սեռային, ռասայական, էթնիկական կամ այլ հատկանիշի վրա, որովհետև այդպիսի մոտեցումը հանգեցնում է մարդու և քաղաքացու իրավական հնարավորությունների հավասարության վերացմանը կամ խախտմանը։

Իրավական համակարգին հավասար հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական անհավասարության պատճառով որոշ մարդիկ իրենց շահերը պաշտպանելու համար ավելի մեծ նյութական ռեսուրսների են տիրապետում, ուստի ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթելու դատական գործընթացում[9] : Իրավահավասարությունը բացառում է նաև արտոնություններն ու առավելությունները իրավական վեճերի մասնակիցների միջև։ Այդուհանդերձ, նման միտումների կանխարգելումը հաճախ զուգորդվում է օբյեկտիվ դժվարություններով, որոնք բարդացնում են իրավական նորմերի և ընթացակարգերի համընդհանուր կիրառման պահանջը: Նույնը վերաբերում է նաև իրավունքների ու ազատությունների սահմանափակմանը, այսինքն՝ իրավունքներն ու ազատություններն իրացնելիս, պարտականությունները կատարելիս, ինչպես և իրավունքների սահմանափակման դեպքերում, օրենքի առջև բոլորը հավասար են [10]։ Օրենքի առջև հավասարության սկզբունքն, ըստ էության, վերաբերում է ամբողջ իրավական համակարգին, առանց բացառության իրավունքի բոլոր ճյուղերին և, հետևաբար, ենթադրոմ է իրավունքի կոնկրետ ճյուղի առանձնահատկություններին համապատասխան մշակել սահմանադրական այս պահանջի իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր և մեխանիզմներ[11]։

Աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավունքում կատարվեցին արմատական փոփոխություններ։ ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և մարդու իրավունքների մասին համաձայնագրերի՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի», ընդունման արդյունքում անհատը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, անհատը ձեռք բերեց որոշակի իրավունքներ և պարտականություններ՝ դառնալով միջազգային իրավահարաբերությունների մասնակից [12]։ Խախտված իրավունքների վերականգնման և պաշտպանության նպատակով անհատը կարող է իր քաղաքացիության պետությունից պահանջել կատարել ստանձնած միջազգային պարտավորություն-ները և նաև այդ նպատակով դիմել միջազգային մարմիններին[13]։ Օրենքի առջև հավասարության, ինչպես նաև խտրականության արգելման վերաբերյալ առկա են միջազգային իրավական բազմաթիվ կարգավորումներ, մասնավորապես, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 2-րդ, 7-րդ հոդվածներ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ, 26-րդ հոդվածներ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 14-րդ հոդված և այլն[14]։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 7-րդ հոդվածը սահմանում է. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և առանց որևէ տարբերության օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագիրը խախտող ցանկացած խտրականությունից, ինչպես նաև նման խտրականության ցանկացած հրահրումներից հավասար պաշտպանության իրավունք ունեն»[15] :

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հասարակական-քաղաքական և իրավական մտքի կարևորագույն կոթող է համարվում Մխիթար Գոշի 1184 թ․ շարադրված «Դատաստանագիրքը, որը հետագայում դարձավ համաշխարհային իրավական մշակույթի պատմության արժեքավոր հուշարձաններից մեկը[16]։ Դատաստանագրքի ամենից կարևոր դրույթներից մեկը հենված Աստվածաշնչի վրա մարդկանց բնական հավասարության իրավունքն է։ Մխիթար Գոշը մարդկանց անհավասարության փաստը բացատրում է սոցիալ-տնտեսական հարաբերություններով։ Գոշը, հակառակ իր դարաշրջանի գաղափարախոսությանը, մարդկանց սոցիալական անհավասարությունը հիմնավորում է տնտեսական պատճառներով։ Մխիթար Գոշը եզակի խնդիր բարձրացրեց, որը չենք գտնի այլ միջնադարյան աղբյուրներում այն է՝ գույքային իրավահավասարություն սահմանել տղամարդու և կնոջ միջև։ Կնոջն իրավունք էր վերապահվում ինքնուրույն տնօրինել իր գույքը։ Նա կարող էր իր սեփականությունը կտակել ըստ իր հայեցողության։ Երեխաները նրա ունեցվածքը ժառանգում էին անկախ հայրական ժառանգությունից։ Նման մոտեցումը կնոջ նկատմամբ առաջադիմական քայլ էր այդ ժամանակաշրջանի համար։ 1773 թ․ Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հակոբ և Շահամիր Շահամիրյանների կողմից հրատարակված «Որոգայթ փառաց»-ի առաջին մասում, որը համարվում է հայ առաջին «Սահմանադրություն»-ը, հետևողականորեն զարգացվում է այն գաղափարը, որ մարդիկ բնությունից հավասար են ծնվում և հասարակական կյանքում պետք է օգտվեն հավասար իրավունքներից: Աշխատության երկրորդ մասում այդ գաղափարին օրենքի ուժ է հաղորդվում՝ արձանագրելով, որ ամբողջ իշխանությունը ելնում է ժողովրդից և պատկանում է ժողովրդին [17]: «Որոգայթ փառաց»-ի հեղինակներն իրենց աշխատությունը կառուցել են օրենքի գերակայության, քաղաքացիների, ազգերի և ազգությունների ազատության և իրավահավասարության, երկրի տարածքում ապրող բոլոր էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանության, սովորույթների և ավանդույթների հարգելու, համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի, իշխանությունների տարանջատման, հավատի ազատության, պետությունից եկեղեցու և դպրոցի եկեղեցուց ազատելու սկզբունքների հիման վրա [18]: Օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական դրույթը ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկն է, որի վրա է կառուցված մարդու սահմանադրական կարգավիճակի ամբողջ հայեցակարգը։ Այդ դրույթն ունի համընդհանուր նշանակություն, վերաբերում է իրավական կարգավորման ամբողջ համակարգին և տարածվում է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում բնակվող օտարերկրցիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա [19]։ ՀՀ Սահմանադրության մեջ ընդգծված են իրավահավասարության հիմնական ասպեկտները՝ բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը, խտրականության արգելքը։ ՀՀ Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներում ամրագրված է օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքը, ինչը ենթադրում է ցանկացած տեսակի խտրականության արգելք [20], ինչպես նաև մի շարք այլ օրենսդրական ակտերով, օրինակ՝ «Աշխատանքային օրենսգրքով» (հոդվ. 3)[21], «Կրթության մասին օրենքով» (հոդվ. 5, 6) [22], «Քրեական օրենսգրքով» (հոդվ. 6, 143)[23], «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով» (հոդվ․ 40․7, 248 )[24] և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goetz Hueck (1958)։ Der Grundsatz der Gleich- massigen Behandlung in Privatreclzt։ էջ 106 
  2. Дайси А. В. (1907)։ Основы государственного права Англии. Введение в изучение английской конституции. 2-е изд.։ СПб 
  3. Мартин Т (2020)։ Древняя Греция. От доисторических времен до эпохи эллинизма М., Альпина нон-фикшн։ Альпина нон-фикшн։ էջ 20։ ISBN ISBN 978-5-00139-246-0 
  4. Цяо Чжанлу. Г. Ч. (Гуань Иу) // Чжунго гу да и чжумин чжэсюэцзя пинчжуань (Критич. биографии знаменитых философов древнего Китая). Т. 1. Цзинань, 1982.
  5. Ф.-О. Бепмюм. Опнхяунфдемхе Дпебмецпевеяйни Лшякх. Опедхякнбхе Й Псяяйнлс Хгдюмхч
  6. Фуллер Л. Мораль права. — М.: Ирисэн, 2007. ISBN 5-91066-011-X
  7. Хайек Ф. Право, законодательство и свобода: Современное понимание либеральных принципов справедливости и политики. — М.: ИРИСЭН, 2006. ISBN 5-91066-010-1
  8. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան։ «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ»։ www.osce.org 
  9. Krygier M. (2001)։ International Encyclopedia of the Social & Behavioral Sciences։ Oxford: Elsevier։ ISBN ISBN 0-08-043076-7 
  10. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան (2010)։ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ։ Երևան: «Իրավունք»։ էջ 172 
  11. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան (2010)։ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ։ Երևան: «Իրավունք»։ էջ 173 
  12. E․ А․ Лукашева, изд․ (1996)։ Общая теория прав человека։ Москва: «Норма»։ էջեր 492–493 
  13. E․ А․ Лукашева (1996,)։ Общая теория прав человека, отв․ секретарь։ Москва: «Норма»։ էջ 491 
  14. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան, (2010)։ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ։ Երևան: «Իրավունք»։ էջեր 171–172 
  15. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» 
  16. Ղազինյան Գ., Վաղարշյան Ա. (2014)։ Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը հին շրջանից մինչև մեր օրերը։ Երևան: ԵՊՀ Հրատարակչություն։ էջ 68 
  17. Ավագյան Ռ. (2002)։ Հայ իրավական մտքի գանձարան։ «ՄԱՆԻԻ ԵՄ- XXI ԴԱՐ»: Երևան։ էջ 11 
  18. Ավագյան Ռ. (2002)։ Հայ իրավական մտքի գանձարան,։ Երևան: «ՄԱՆԻԻ ԵՄ- XXI ԴԱՐ»։ էջ 12 
  19. Գ․ Հարությունյան, Ա․ Վաղարշյան, (2010)։ ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ,։ Երևան,: «Իրավունք»։ էջեր էջ 170–171 
  20. «ՀՀ Սահմանադրություն (հոդված 28, 29)» 
  21. «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք (հոդված 3)» 
  22. «ՀՀ Կրթության մասին օրենք (հոդված 5,6)» 
  23. «ՀՀ Քրեական օրենսգիրք (հոդվ. 6, 143)» 
  24. «ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով (հոդվ․ 40․7, 248)»