Օրբելյանների իշխանություն
| ||||
| Քարտեզ | ||||
| Քարտեզ2 | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Եղեգիս | |||
| Լեզու | հայերեն | |||
| Ազգություն | Հայեր | |||
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Իշխանություն | |||
| Դինաստիա | Օրբելյաններ | |||
| Պետության գլուխ | Իշխանաց իշխան | |||
Օրբելյանների իշխանություն, ավատատիրական իշխանություն Միջնադարյան Հայաստանում[1][2]։ Ստեղծվել է 13-րդ դարի առաջին կեսին վրացական Օրբելյան տոհմի իշխանների ջանքերով[1][2]։ Առավել նշանավոր ու ազդեցիկ ավատատիրական իշխանություններից մեկն է, որը գոյատևել է մինչև 14-րդ դարը Սյունիքում և հարակից տարածքներում[1]։ Իշխանական կենտրոնն էր Եղեգիսը[1]։
Միջնադարյան Հայաստանի քաղաքական համակարգում և տարածաշրջանային միջպետական հարաբերություններում ազդեցիկ դիրք գրաված Օրբելյանների իշխանությունը խթանեց երկրի ներքին կայունությունը և նպաստավոր պայմաններ ստեղծեց տնտնեսական վերականգնման, ինչպես նաև մշակութային և կրթական կյանքի աշխուժացման համար[2]։ Օրբելյան իշխանները հովանավորեցին հոգևոր և գիտական կենտրոնների գործունեությունը, որոնք իրենց հերթին խոշոր դերակատարություն ունեցան ժամանակի մտավոր շարժման ձևավորման գործում[2]։
Կարևորագույն հանգամանքներից էր այն, որ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Օրբելյանների դիվանագիտական կարողությունների շնորհիվ Սյունիքի բնակչությանն ապահովվեց հարաբերական ֆիզիկական անվտանգություն՝ փրկելով զանգվածային բռնություններից և ավերումներից, ինչին ենթարկվեցին տարածաշրջանի բազմաթիվ այլ հայկական շրջաններ[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիք նահանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատվելը Վրաց թագավորությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրաց թագավորությունում 11-12-րդ դարերին ազդեցիկ քաղաքական դիրքի հասած Օրբելյանները կարևոր դերակատարություն ունեցան պետության քաղաքկաան և ռազմական համակարգում[1]։ Սկսած Դավիթ Շինարարի (1089-1125) գահակալության տարիներից՝ Օրբելյանները մշտապես զբաղեցնում էին վրացական բանակի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի բարձրագույն պաշտոնը[1]։ Իբրև ավատատերեր, նրանք ունեին իշխանություն Լոռու և նրա հարակից շրջաններում, ինչպես նաև Շամշուլդեում[1]։
1177 թվականին, երբ Օրբելյանների իշխանական տոհմը կազմակերպեց Վրաց թագավոր Գեորգի III-ի (1156-1184) դեմ կազմակերպված ապստամբությունը՝ ի պաշտպանություն նրա փեսա Դեմետրեի (Դեմնա), որը սակայն պարտություն կրեց[1]։ Դրա հետևանքով Օրբելյանների մեծ մասը ենթարկվեց խիստ հալածանքի, մի մասը սպանվեց, իսկ մյուսները ստիպված եղան փախչել հարևան մուսուլմանական տարածքներ[1]։ Հետագայում՝ ապստամբության ճնշումից հետ, ապստամբ Իվանե Օրբելյանի կենդանի մնացած եղբայրը՝ Լիպարիտը, դեպքերի բերումով կարողանում է խույս տալ հալածանքներից և, սելջուկ-թուրքերից ստացած թույլտվությամբ, հաստատվում է Սյունիքի Ճահուկ և Շահապոնք գավառներում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
13-րդ դարի սկզբներին, երբ Զաքարյանները հաղթական պատերազմներով սելջուկ-թուրքերից ազատագրում էին Սյունիքը, Օրբելյաններն ակտիվ մասնակցություն ունեցան այդ ռազմական գործողություններին[1]։ Այդ ռազմական գործողություններում և ազատագրական պայքարում ունեցած մասնակցության դիմաց Լիպարիտ Օրբելյանը՝ Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պապը, Իվանե Զաքարյանից որպես շնորհ ստանում է Վայոց ձորում գտնվող Հրաշկաբերդը, բազում գյուղեր՝ իրենց հողատարածքներով, ինչպես նաև ընդարձակ կալվածքներ՝ Գեղարքունիքում, Կոտայքում և Կայենում[1]։ Ինչպես վկայում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Լիպարիտը, քանի որ «եղեւ առաջնորդ առման Սիւնեաց եւ այլ բերդերոյն, տայ եւ ի ձեռս նորա զՍիւնիս, զՈրոտն, զԲարկուշտ եւ զայլ բերդօրէան»[1]։ Թեպետ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ Օրբելյանների իշխանության սահմանները ձգվում էին «ի Բաղաց մինչեւ զԱյրարատ», իրականում այս տարածքների ոչ բոլոր գավառներն էին գտնվում նրանց անմիջական իշխանության ներքո[1]: Վայոց ձորի մի մասը այդ ժամանակաշրջանում գտնվում էր Պռոշյանների իշխանության տակ, որոնք որպես ավատատերեր անմիջապես ենթարկվում էին Զաքարյանների իշխանապետությանը[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 494 — 916 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սյունիքը Օրբելյանների օրոք, Գրիգոր Գրիգորյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, էջ 5։