Օրանջի (անգլ.՝ Orangey, բառացի թարգմանությամբ՝ Շեկլիկ, հայտնի է նաև Ռուբարբ անունով, անգլ.՝ Rhubarb, բառացի՝ Խավարծիլ, ոչ ուշ քան 1951, ԱՄՆ - 1967, ԱՄՆ), շիկակարմիր կատու, որը նկարահանվել է 1950-1960-ական թվականների ամերիկյան ֆիլմերում։ Վարժեցնողը եղել է Ֆրենկ Իննը։ Առավել հայտնի է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961) ֆիլմում դերով, որտեղ Օրանջին խաղացել է Օդրի Հեփբըրնի հերոսուհու՝ Հոլի Գոլայթլի անանուն կատվի դերը։ Միակ կատուն է, որը երկու անգամ արժանացել է «Փեթսի» մրցանակին («Օսկար» մրցանակի ամերիկյան տարբերակը կենդանիների համար)։ Ֆիլմերի և հեռուստածրագրերի նկարահանումների համար եղել են Ռուբարբի տասնյակ կրկնորդներ, որոնցից յուրաքանչյուրը սովորել է իր հնարքը։ Երբեմն «Ռուբարբ» անունով ենթադրվել են Ֆրենկ Իննի վարժեցրած շիկակարմիր կատուների ամբողջ խումբը։
Սոված, սպիներով և թարմ վերքերով պատված Օրանջին 2-3 տարեկան հասակում հայտնվել է Շերման Օուքսում (Լոս Անջելեսի շրջան) միսիս Ագնես Մյուրեյի (անգլ.՝ Mrs. Agnes Murray) տան այգում, մինչ այն պահը, երբ «Փարամանունթ» ընկերությունը 1951 թվականին հայտարարել է, որ «Ռուբարբ» ֆիլմի գլխավոր դերի համար անհրաժեշտ է կատու «զզվելի բնավորությամբ և դնչին սպիներով»[1]։ ԶԼՄ-ից իմանալով այդ մասին՝ միսիս Մյուրեյը Օրանջիի նկարն ուղարկել է ստուդիա[2]։ Պրոդյուսերները 6 ամիս ապարդյուն փնտրել են համապատասխան կատվի[3], նայել են հինգ հարյուր կատվի, կարդացել են կատվատերերի 3000 նամակ և ուսումնասիրել ծրարներում դրված կենդանիների լուսանկարները, սակայն արդյունքում ընտրությունը կանգնել է 6,5 կիլոգրամանոց Օրանջիի վրա[4]։ Որպես վարժեցնող ընդունվել է Ֆրենկ Իննը, որն անմիջապես միսիս Մյուրեյից գնել է կատվի իրավունքները։ Կատուն նկարահանումներից հետո կարող էր Մյուրեյի տուն գնալ, սակայն Իննը ստացել է կինոյում նրան վարժեցնելու բացառիկ իրավունքը։ «Փարամաունթը» կատվին վերանվանել է Ռուբարբ, սակայն նա արդեն իսկ հասարակության մեջ հայտնի է դարձել իր նախնական անվամբ, որն օգտագործվել է անգամ գովազդներում[5]։ Չորքոտանի դերասանը շուտով ցույց է տվել իր բնավորությունը՝ ֆշշացնում էր, ճանկռում, կծում, կռվում էր մարդկանց և գործընկեր կատուների հետ։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Օրանջիին անվանել է «աշխարհի ամենաանպիտան կատուն»[6]։ Նրա մասին արտահայտվել է նաև վարժեցնողը։ Օրանջին «ավելի անբարետես էր, քան սովորական կատուն, սակայն անկասկած նույնքան մահացու էր, որքան լեռնային առյուծը կամ ցանկացած այլ մեծ կատու,-ասել է Ֆրենկ Իննը՝ մեկնաբանելով կատվի ագրեսիվ բնավորությունը,-Ձեզ կարող են վիրավորել նույնքան արագ։ Այս պատանին շատ խորն է կծում»[5]։ Կատուն երբեմն փախչում էր նկարահանման հրապարակից, ինչի պատճառով Իննը ելքի մոտ պահապան շներ է կապել, որպեսզի նրանք խոչընդոտեն չորքոտանի դերասանի դուրս գալը[6]։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Օրանջին Ռուբարբի դերի համար արժանացել է «Փեթսի» մրցանակի։