Օրալ ռեհիդրատացիոն թերապիա
Օրալ (բերանացի) ռեհիդրատացիոն թերապիա (ՕՌԹ), հեղուկի մակարդակի վերականգնման եղանակ, որն օգտագործվում է ջրազրկման կանխարգելման և բուժման համար, հատկապես փորլուծության ժամանակ[1]։ Օրալ ռեհիդրատացիան ենթադրում է չափավոր քանակությամբ շաքարով և աղերով, մասնավորապես՝ նատրիումով և կալիումով հագեցած ջրի ընդունում[1]։ Այն կարող է իրականացվել նաև նազոգաստրալ խողովակով[1]։ Թերապիան կարող է ներառել նաև ցինկի հավելումների կիրառումը՝ նորածինների և 5 տարեկանից փոքր երեխաների շրջանում՝ լուծի տևողությունը կրճատելու համար[1]: Գնահատվել է, որ օրալ ռեհիդրատացիոն թերապիայի կիրառումը մինչև 93%-ով նվազեցնում է լուծի հետևանքով մահվան ռիսկը[2]:
Կողմնակի էֆեկտներ կարող են հանդիսանալ փսխումը, հիպերնատրեմիան և հիպերկալեմիան[1]։ Փսխման առաջացման դեպքում խորհուրդ է տրվում 10 րոպեով դադարեցնել ռեհիդրատացիան, ապա աստիճանաբար վերսկսել այն[1]: Օրալ ռեհիդրատացիոն թերապիայի համար կիրառվող հեղուկի առաջարկվող բաղադրությունը ներառում է նատրիումի քլորիդ, նատրիումի ցիտրատ, կալիումի քլորիդ և գլյուկոզ[1]: Գլյուկոզը կարող է փոխարինվել սախարոզով, իսկ նատրիումի ցիտրատը՝ նատրիումի բիկարբոնատով, եթե դրանք հասանելի չեն, բայց ստացված խառնուրդը կայուն չի լինում բարձր խոնավությամբ միջավայրերում[1][3]: Գլյուկոզը մեծացնում է նատրիումի և, հետևաբար, ջրի կլանումը աղիքներից, իսկ կալիումի քլորիդը և նատրիումի ցիտրատը օգնում են կանխել հիպոկալեմիան և ացիդոզը, որոնք լուծի դեպքում տարածված կողմնակի ազդեցություններ են[4][3][5]: Հասանելի են նաև մի շարք այլ բաղադրություններով կիրառելի լուծույթներ, այդ թվում՝ տարբերակներ, որոնք կարելի է պատրաստել տանը[4][2]: Այնուամենայնիվ, տնային պատրաստման լուծույթների օգտագործումը լավ ուսումնասիրված չէ[2]:
Օրալ ռեհիդրատացիոն թերապիան մշակվել է 1940-ական թվականներին՝ էլեկտրոլիտային լուծույթների օգտագործմամբ՝ գլյուկոզով կամ առանց դրա, էմպիրիկ հիմունքներով, հիմնականում թեթև կամ ապաքինվող հիվանդների համար։ Սակայն այն ռեհիդրատացիայի և պահպանողական թերապիայի համար լայնորեն չի կիրառվել մինչև 1960-ական թվականներին խոլերայի ժամանակ գլյուկոզի կողմից նատրիումի և ջրի կլանման խթանման հայտնաբերումը[6]: Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում[7]: 2015 թվականի դրությամբ աշխարհում օրալ ռեհիդրատացիոն թերապիան օգտագործվել է լուծով երեխաների 41%-ի դեպքում[8]: Տվյալ կիրառումը կարևոր դեր է խաղացել հինգ տարեկանից փոքր երեխաների մահացության թվի կրճատման գործում[8]:
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՕՌԹ-ն պակաս ինվազիվ է, քան հեղուկի մակարդակի վերականգնման այլ եղանակները, հատկապես հեղուկի ներերակային (ն/ե) վերականգնումը։ Շտապօգնության բաժանմունքում գտնվող երեխաների շրջանում թեթևից միջին աստիճանի ջրազրկումը լավագույնս բուժվում է օրալ եղանակով: Օրալ թերապիա ընդունող անձինք պետք է սնունդ ընդունեն վեց ժամվա ընթացքում և վերադառնան իրենց լիարժեք սննդակարգին 24-48 ժամվա ընթացքում[9]:
Սահմանափակ ռեսուրսների պայմաններում օրալ ռեհիդրատացիոն թերապիան կարող է կիրառվել ջրազրկման ախտանիշների բուժման և այրվածքների ժամանակ հեղուկի մակարդակի վերականգնման համար[10]։
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՕՌԹ-ն մինչև 93%-ով նվազեցնում է լուծի հետևանքով մահացության մակարդակը[2]: Չորս զարգացող երկրներում իրականացված դեպքերի ուսումնասիրությունները նույնպես կապ են ցույց տվել օրալ ռեհիդրատացիոն լուծույթների կիրառման մակարդակի բարձրացման և մահացության նվազեցման միջև[11]։ Ռեհիդրատացիոն լուծույթը՝ իր սկզբնական բաղադրությամբ, ազդեցություն չունի լուծի տևողության կամ կորցրած հեղուկի ծավալի վրա[12], չնայած ցույց է տրվել, որ նվազեցված օսմոլյարության լուծույթները փոքրացնում են կղանքի ծավալը[13]:
Բուժման ալգորիթմ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՕՌԹ-ն սկսելուց առաջ անհրաժեշտ է գնահատել ջրազրկման աստիճանը։ Այս թերապիան հարմար է ինչպես ջրազրկում չունեցողների, այնպես էլ թեթև և միջին աստիճանի ջրազրկման նշաններ և ախտանշաններ ունեցողների համար։ Ծանր աստիճանի ջրազրկում ունեցող անձինք պետք է անհապաղ դիմեն մասնագիտացված բժշկական օգնության և հնարավորինս շուտ ստանան ներերակային ռեհիդրատացիոն թերապիա՝ օրգանիզմում հեղուկի ծավալը արագ վերականգնելու նպատակով[14]։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրալ ռեհիդրատացիոն թերապիան պետք է դադարեցվի և հեղուկի մակարդակի վերականգնումն իրականացվի ներերակային ճանապարհով, եթե պատշաճ կերպով իրականացվող ՕՌԹ-ի պայմաններում փսխումը շարունակվում է երկար ժամանակ, կամ, չնայած թերապիայի կիրառմանը, ջրազրկման նշաններն ու ախտանշանները վատթարանում են, կամ անձը չի կարողանում խմել լուծույթը գիտակցության մակարդակի նվազման պատճառով, կամ առկա են աղիքային անանցանելիության նշաններ։ ՕՌԹ-ն կարող է հակացուցված լինել նաև հեմոդինամիկ շոկի մեջ գտնվող անձանց, եթե առկա է շնչուղիների պաշտպանիչ ռեֆլեքսների խանգարում[15]։ Կարճատև փսխումը հակացուցում չէ օրալ ռեհիդրատացիոն թերապիա ստանալու համար։ Փսխող անձանց կողմից օրալ ռեհիդրատացիոն լուծույթի դանդաղ և շարունակաբար ընդունումը կարող է նպաստել փսխման դադարեցմանը[9]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ մշակել են օրալ ռեհիդրատացիոն լուծույթի և դրա պատրաստման համար օգտագործվող օրալ ռեհիդրատացիոն աղերի արտադրության պաշտոնական ուղեցույցներ (երկուսն էլ հաճախ կրճատվում են որպես ՕՌԼ)։ Դրանք առաջարկում են նաև այլ կիրառելի լուծույթներ՝ կախված անհրաժեշտ նյութերի հասանելիությունից։ Վաճառվող պրեպարատները հասանելի են ինչպես պատրաստի լուծույթների, այնպես էլ ջրի հետ խառնելու համար նախատեսված փոշու փաթեթների տեսքով[16][17]։
Օրալ ռեհիդրատացիոն թերապիայի համար նախատեսված հիմնական լուծույթը կարող է պատրաստվել նաև այն դեպքում, երբ օրալ ռեհիդրատացիոն աղերի փաթեթները հասանելի չեն[18][19]։ Շաքարի և աղի մոլային հարաբերակցությունը պետք է լինի 1։1, իսկ լուծույթը չպետք է հիպերօսմոլյար լինի[20]։ Ռեհիդրատացիոն նախագիծը նշում է. «Խառնուրդը փոքր-ինչ նոսրացնելը (օգտագործելով ավելի քան 1 լիտր մաքուր ջուր) վնասակար չէ»[21]։
Օրալ ռեհիդրատացիոն լուծույթ պատրաստելու համար առավել հարմար հեղուկը մաքուր ջուրն է։ Սակայն եթե այն հասանելի չէ, պետք է օգտագործել առկա ջուրը։ Օրալ ռեհիդրատացիոն լուծույթից պետք չէ հրաժարվել միայն այն պատճառով, որ առկա ջուրը կարող է անվտանգ չլինել․ ռեհիդրատացիան առաջնահերթ նշանակություն ունի[22]։
Երբ օրալ ռեհիդրատացիոն աղերի փաթեթները և շաքարն ու աղը չափելու համար համապատասխան թեյի գդալներ հասանելի չեն, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս որպես հեղուկի մակարդակի պահպանման միջոցներ դիտարկել տնային պայմաններում պատրաստված հեղուկ սնունդը՝ շիլաները, ապուրները և այլն[23]։ 2013 թվականին «Լանցետ»-ում հրապարակված ակնարկում ընդգծվել է ջրազրկումը կանխելու համար տնային պայմաններում պատրաստվող համապատասխան հեղուկների վերաբերյալ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը[24]։ Սպորտային խմիչքները օրալ ռեհիդրատացիայի համար համապատասխան լուծույթներ չեն, սակայն կարող են օգտագործվել, եթե ավելի հարմար տարբերակներ հասանելի չեն։ Դրանցից չպետք է հրաժարվել միայն ավելի լավ տարբերակների բացակայության պատճառով․ կրկին, առաջնահերթ նշանակություն ունի ռեհիդրատացիան։ Այնուամենայնիվ, արտակարգ չհանդիսացող իրավիճակներում սպորտային ըմպելիքները չեն կարող փոխարինել օրալ ռեհիդրատացիոն լուծույթներին[25]։
Նվազեցված օսմոլյարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տվել օրալ ռեհիդրատացիոն լուծույթի օսմոլյարությունը 311մՕսմ/լ-ից նվազեցնել մինչև 245 մՕսմ/լ[26][27]։ Այս ուղեցույցները նույնպես թարմացվել են 2006 թվականին։ Տվյալ առաջարկությունը հիմնված էր բազմաթիվ կլինիկական փորձարկումների արդյունքների վրա, որոնք ցույց էին տվել, որ նվազեցված օսմոլյարությամբ լուծույթը՝ ստանդարտ օրալ ռեհիդրատացիոն լուծույթի համեմատ, փորլուծություն ունեցող երեխաների շրջանում նվազեցնում է կղանքի ծավալը մոտ 25%-ով, իսկ ներերակային թերապիայի անհրաժեշտությունը՝ մոտ 30%-ով։ Նվազում է նաև փսխման հաճախականությունը։ Նվազեցված օսմոլյարությամբ օրալ ռեհիդրատացիոն լուծույթը պարունակում է գլյուկոզի և նատրիումի քլորիդի ավելի ցածր կոնցենտրացիաներ, մինչդեռ կալիումի և ցիտրատի կոնցենտրացիաները մնում են նույնը[28][13][29][30]։
Նվազեցված օսմոլյարությամբ լուծույթը որոշ մասնագետների կողմից քննադատվել է այն պատճառով, որ խոլերայով հիվանդ մեծահասակների համար այն չի ապահովում բավարար քանակությամբ նատրիում[31]։ Այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ նվազեցված օսմոլյարությամբ լուծույթն արդյունավետ է ինչպես խոլերայով հիվանդ մեծահասակների, այնպես էլ երեխաների համար[30]։ Կոքրանի (անգլ.՝ Cochrane) համակարգված ակնարկի համաձայն՝ այն անվտանգ է, սակայն անհրաժեշտ է պահպանել որոշակի զգուշություն[30]։
| Բաղադրիչ | Ստանդարտ | Ցածր օսմոլյարությամբ | ||
|---|---|---|---|---|
| գ/լ | ու/լ | գ/լ | ու/լ | |
| NaCl (աղ) | 3.5 | 0.123 | 2.6 | 0.092 |
| Եռնատրիումական ցիտրատի դեհիդրատ | 2.9 | 0.100 | 2.9 | 0.100 |
| KCl (ոչ աղ) | 1.5 | 0.053 | 1.5 | 0.053 |
| Անջուր գլյուկոզ | 20 | 0.705 | 13.5 | 0.480 |
| Ընդհանուր | 27.9 | 0.981 | 20.5 | 0.725 |
| Բաղադրիչ | Ստանդարտ | Ցածր օսմոլյարությամբ | |
|---|---|---|---|
| մմոլ/լ | մմոլ/լ | մմոլ/լ | |
| Գլյուկոզ | 111 | 75 | <111 |
| Նատրիում | 90 | 75 | 60–90 |
| Կալիում | 20 | 20 | 15–25 |
| Քլորիդ | 80 | 65 | 50–80 |
| Ցիտրատ | 10 | 10 | 8–12 |
| Ընդհանուր | 311 | 245 | 200–310 |
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՕՌԹ-ն հիմնված է այն փաստի վրա, որ ջուրը շարունակում է ներծծվել ստամոքսաղիքային ուղուց նույնիսկ այն դեպքում, երբ հեղուկի կորուստը շարունակվում է փորլուծության կամ փսխման պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է ՕՌԹ-ի ցուցումները, պատրաստուկների բաղադրությունը և կիրառման ընթացակարգերը[22]։
ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ ուղեցույցները խորհուրդ են տալիս ՕՌԹ-ն սկսել փորլուծության առաջին իսկ նշանների ի հայտ գալու դեպքում՝ ջրազրկումը կանխելու նպատակով[28][33]։ Նորածիններին օրալ ռեհիդրատացիոն լուծույթը կարող է տրվել կաթոցիկով կամ ներարկիչով։ Երկու տարեկանից փոքր երեխաներին կարելի է յուրաքանչյուր 1–2 րոպեն մեկ տալ մեկ թեյի գդալ ՕՌԼ։ Ավելի մեծ տարիքի երեխաները և մեծահասակները պետք է հաճախակի, փոքր կումերով լուծույթ խմեն բաժակից։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր հեղուկ կղանքից հետո ընդունել 200–400 մլ լուծույթ[1]։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկու տարեկանից փոքր երեխաներին յուրաքանչյուր հեղուկ կղանքից հետո տալ քառորդից կես բաժակ հեղուկ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ կեսից մեկ բաժակ։ Եթե անձը փսխում է, խնամողը պետք է սպասի 5–10 րոպե, այնուհետև վերսկսի օրալ ռեհիդրատացիոն լուծույթի տրամադրումը։ Օրալ ռեհիդրատացիոն լուծույթը կարող է տրամադրվել օգնություն ցուցաբերող աշխատակիցների կամ բուժաշխատողների կողմից փախստականների ճամբարներում, առողջապահական կենտրոններում և հիվանդանոցներում[34]։ Մայրերը պետք է մնան իրենց երեխաների հետ և սովորեն, թե ինչպես տալ օրալ ռեհիդրատացիոն լուծույթը։ Սա կօգնի նրանց հետագայում ինքնուրույն իրականացնել օրալ ռեհիդրատացիոն թերապիա՝ տնային պայմաններում։ Կրծքով կերակրումը պետք է շարունակել թերապիայի ողջ ընթացքում[22]։
Ուղեկցող թերապիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես օրալ ռեհիդրատացիոն թերապիայի մաս, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս տասից տասնչորս օրվա ընթացքում ցինկի լրացուցիչ ընդունում (օրական 10-20 մգ)՝ հիվանդության ծանրությունն ու տևողությունը նվազեցնելու և հաջորդ երկու-երեք ամիսների ընթացքում հիվանդության կրկնության հավանականությունը նվազեցնելու համար: Պատրաստուկները հասանելի են ցինկի սուլֆատի լուծույթի ձևով՝ մեծահասակների համար, և մոդիֆիկացված լուծույթի ձևով՝ երեխաների համար և դեղահաբերի տեսքով[35]:
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանր ջրազրկման շտկումից և ախորժակի վերականգնումից հետո հիվանդին սնունդ տալն արագացնում է աղիների նորմալ ֆունկցիայի վերականգնումը, նվազագույնի է հասցնում քաշի կորուստը և նպաստում երեխաների շարունակական աճին: Առավել հեշտ են ընդունվում փոքր, հաճախակի կերակրումները (երեխային պետք է սնունդ առաջարկել յուրաքանչյուր երեք-չորս ժամը մեկ): Մայրերը պետք է շարունակեն կրծքով կերակրումը[22][11][36]: Ջրային լուծով երեխայի ախորժակը սովորաբար վերականգնվում է ջրազրկման շտկումից անմիջապես հետո, մինչդեռ արյունային լուծով երեխան հաճախ վատ է ուտում մինչև հիվանդության անցնելը: Նման երեխաներին պետք է խրախուսել՝ հնարավորինս շուտ վերսկսելու բնականոն սննդի ընդունումը: Լուծի շտկումից հետո ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երեխային երկու շաբաթվա ընթացքում ամեն օր հավելյալ սնունդ տալ, իսկ եթե երեխան թերսնուցված է, հավելյալ սնուցումը շարունակել ավելի երկար[22]։
Թերսնուցմամբ երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերսնուցված երեխաների շրջանում ջրազրկման աստիճանը կարող է գերագնահատվել, իսկ այտուցված երեխաների շրջանում՝ թերագնահատվել[37]։ Այս երեխաների խնամքը պետք է ներառի նաև նրանց թերսնուցման զգուշավոր կարգավորումը և այլ վարակների բուժումը։ Ջրազրկումը գնահատելու համար օգտակար նշաններից են խմելու ուժեղ ցանկությունը, լեթարգիան, սառը և խոնավ վերջույթները, թույլ կամ բացակայող ճաճանչային անոթազարկը (դաստակի շրջանում), ինչպես նաև միզարձակման նվազումը կամ բացակայությունը։ Ծանր թերսնուցում ունեցող երեխաների շրջանում հաճախ անհնար է հուսալիորեն տարբերակել միջին և ծանր աստիճանի ջրազրկումները։ Ծանր թերսնուցում ունեցող երեխային, որն ունի ծանր ջրազրկման նշաններ, սակայն չունի ջրիկ փորլուծության պատմություն, պետք է բուժել սեպտիկ շոկի դեմ[22]։
Օրալ դեհիդրատացիայի սկզբնական լուծույթը (90 մմոլ նատրիում/լ) և ներկայումս կիրառվող ստանդարտ՝ նվազեցված օսմոլյարությամբ ՕՌԼ-ն (75 մմոլ նատրիում/լ) պարունակում են չափազանց շատ նատրիում և չափազանց քիչ կալիում ծանր թերսնուցում ունեցող այն երեխաների համար, որոնց ջրազրկումը պայմանավորված է փորլուծությամբ։ Նման երեխաների համար խորհուրդ է տրվում անգլ.՝ ReSoMal-ը (Rehydration Solution for Malnutrition՝ թերսնուցման համար ռեհիդրատացիոն լուծույթ)։ Այն պարունակում է ավելի քիչ նատրիում (45 մմոլ/լ) և ավելի շատ կալիում (40 մմոլ/լ), քան նվազեցված օսմոլյարությամբ ՕՌԼ-ն[38]։ Այս լուծույթի բաղադրությամբ խառնուրդները հասանելի են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ արտադրողների կողմից արտադրվող փաթեթներով։
Բացառություն է այն դեպքը, երբ ծանր թերսնուցում ունեցող երեխան ունի նաև ծանր փորլուծություն (այդ դեպքում ReSoMal-ը կարող է չապահովել բավարար քանակությամբ նատրիում)․ նման իրավիճակում խորհուրդ է տրվում ստանդարտ՝ նվազեցված օսմոլյարությամբ ՕՌԼ (75 մմոլ նատրիում/լ)[22]։ Թերսնուցված երեխաների ռեհիդրատացիան պետք է դանդաղ կատարվի։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին երկու ժամերից յուրաքանչյուրի ընթացքում տալ 10 մլ ReSoMal՝ երեխայի մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով (օրինակ՝ 9 կիլոգրամ քաշ ունեցող երեխային առաջին ժամվա ընթացքում պետք է տալ 90 միլիլիտր ReSoMal, իսկ երկրորդ ժամվա ընթացքում՝ ևս 90 միլիլիտր), այնուհետև շարունակել նույն կամ ավելի դանդաղ արագությամբ՝ կախված երեխայի ծարավից և կղանքով հեղուկի շարունակական կորստից՝ հաշվի առնելով, որ ծանր ջրազրկում ունեցող երեխան կարող է լինել լեթարգիկ։ Եթե երեխան վատ է խմում, պետք է կիրառել նազոգաստրալ զոնդ։ Ներերակային ճանապարհը չպետք է օգտագործվի ռեհիդրատացիայի համար, բացառությամբ շոկի դեպքերի, և նույնիսկ այդ դեպքում այն պետք է կիրառել զգուշությամբ՝ հեղուկը դանդաղ ներարկելով՝ հեղուկով արյան շրջանառության գերբեռնումը և սրտի գերծանրաբեռնվածությունը կանխելու նպատակով[22]։
Սննդի ընդունումը հիմնականում պետք է վերսկսել ռեհիդրատացիայի սկզբից 2-3 ժամ անց և կատարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ օր ու գիշեր։ Մինչև երեխայի ախորժակի լիարժեք վերականգնումը, որպես սկզբնական հացահատիկային սննդակարգ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 1000մլ ջրի մեջ խառնել 25գ յուղազերծված կաթի փոշի, 20գ բուսական յուղ, 60գ շաքար և 60գ բրնձի ալյուր կամ այլ հացահատիկային ալյուր և հինգ րոպե մեղմ եռացնել։ 24 ժամվա ընթացքում պետք է տալ 130 մլ՝ մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով։ Երեխային, ով չի կարողանում կամ չի ցանկանում ընդունել այս նվազագույն քանակը, սնունդը պետք է տալ նազոգաստրալ զոնդի միջոցով՝ բաժանելով վեց հավասար չափաբաժինների։ Հետագայում երեխային պետք է տալ ավելի մեծ քանակությամբ յուղազերծված կաթնամթերք և բուսական յուղ, ինչպես նաև փոքր-ինչ պակաս շաքար պարունակող հացահատիկային սնունդ։ Ախորժակի լիարժեք վերականգնման դեպքում երեխան օրական պետք է ընդունի 200մլ սնունդ՝ մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով։ Ցինկը, կալիումը, վիտամին A-ն և այլ վիտամիններն ու հանքանյութերը պետք է ավելացվեն ինչպես տրվող հացահատիկային սննդամթերքներին, այնպես էլ օրալ ռեհիդրատացիոն լուծույթին։ Կրծքով կերակրվող երեխաների դեպքում պետք է շարունակել կերակրումը[22]։
Հակաբիոտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հիվանդանոց ընդունված խիստ թերսնուցված բոլոր երեխաներին տալ լայն ոլորտի հակաբիոտիկներ (օրինակ՝ գենտամիցին կամ ամպիցիլին)։ Որպես հավելում, հոսպիտալացված երեխաները ամեն օր պետք է որոշակի վարակների համար ստուգումներ անցնեն[22]։
Եթե խոլերայի կասկած կա, պետք է նշանակել հակաբիոտիկներ, որոնց հանդեպ խոլերայի վիբրիոնը զգայունություն ունի։ Սա նվազեցնում է լուծի հետևանքով հեղուկի ծավալի կորուստը մինչև 50% և կրճատում լուծի տևողությունը մինչև մոտ 48 ժամ[39]։
Ֆիզիոլոգիական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսողության ընթացքում օրգանիզմից որոշակի քանակությամբ հեղուկ արտազատվում է աղիքների լուսանցք։ Այս հեղուկը արյան հետ իզոօմոլյար է և պարունակում է նատրիումի մեծ քանակություն՝ մոտ 142 մԷկվ/լ։ Առողջ մարդու աղիքների լուսանցք օրական արտազատվում է 2000–3000 միլիգրամ նատրիում։ Այս քանակի գրեթե ամբողջ մասը հետներծծվում է, ինչի շնորհիվ օրգանիզմում նատրիումի մակարդակը կայուն է մնում։ Փորլուծության ժամանակ նատրիումով հարուստ աղիքային արտազատուկը կորչում է մինչև դրանց հետներծծումը։ Մեծ քանակությամբ հեղուկի կորուստը ժամերի ընթացքում կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող ջրազրկման կամ էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման։ Բուժման նպատակն է ՕՌԹ-ի կամ ներերակային հեղուկների միջոցով լրացնել կորցրած ջուրն ու նատրիումը[40]։
Նատրիումի ներծծումը տեղի է ունենում երկու փուլով։ Առաջին փուլում նատրիումը ներթափանցում է աղիքային էպիթելի բջիջներ (էնտերոցիտներ)՝ գլյուկոզի հետ համատեղ փոխադրման միջոցով, որը կատարվում է SGLT1 սպիտակուցի մասնակցությամբ։ Այնուհետև նատրիումը ակտիվ փոխադրման միջոցով՝ նատրիում-կալիումական պոմպով, բազոլատերալ թաղանթով տեղափոխվում է արտաբջջային տարածություն[41][42]։
Բազոլատերալ թաղանթում գտնվող նատրիում-կալիումական ԱԵՖ-ազը երեք նատրիումի իոն դուրս է մղում դեպի արտաբջջային տարածություն, իսկ երկու կալիումի իոն տեղափոխում էնտերոցիտի ներս։ Արդյունքում բջջի ներսում ձևավորվում է նատրիումի կոնցենտրացիոն գրադիենտ։ SGLT սպիտակուցները օգտագործում են այդ գրադիենտի էներգիան՝ գլյուկոզը բջջի ապիկալ թաղանթով տեղափոխելու համար՝ իր կոնցենտրացիոն գրադիենտին հակառակ։ Այս համատեղ փոխադրիչները երկրորդային ակտիվ փոխադրման օրինակ են։ Այնուհետև GLUT փոխադրիչները գլյուկոզը տեղափոխում են բազոլատերալ թաղանթով դեպի արտաբջջային տարածություն։ SGLT1-ը և SGLT2-ը համարվում են սիմպորտներ, քանի որ նատրիումն ու գլյուկոզը երկուսն էլ նույն ուղղությամբ են անցնում բջջաթաղանթով։

SGLT1 սպիտակուցի միջոցով գլյուկոզի փոխադրումը դեպի էպիթելային բջիջներ պահանջում է նատրիումի առկայություն։ SGLT1-ի միջոցով բջջաթաղանթով միաժամանակ տեղափոխվում են երկու նատրիումի իոն և մեկ գլյուկոզի (կամ գալակտոզի) մոլեկուլ։ Աղիքներում նատրիումը չի ներծծվում առանց գլյուկոզի։ Հենց այդ պատճառով օրալ ռեհիդրատացիոն աղերը պարունակում են և՛ նատրիում, և՛ գլյուկոզ։ Փոխադրման յուրաքանչյուր ցիկլի ընթացքում հարյուրավոր ջրի մոլեկուլներ օսմոտիկ հավասարակշռությունը պահպանելու նպատակով տեղափոխվում են դեպի էպիթելային բջիջ։ Արդյունքում նատրիումի և ջրի ներծծումը հնարավորություն է տալիս վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը նույնիսկ այն դեպքում, երբ փորլուծությունը դեռևս շարունակվում է[40]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների սկզբին «օրալ ռեհիդրատացիոն թերապիա» հասկացությունը ենթադրում էր միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակված պատրաստուկը: 1988 թվականին սահմանումը փոփոխվել է՝ ներառելով նաև առաջարկվող տնային պայմաններում պատրաստվող լուծույթները, քանի որ վաճառքում եղած պատրաստուկը միշտ չէր, որ հասանելի էր: Սահմանումը փոփոխվել է նաև 1988 թվականին՝ ներառելով շարունակական սնուցումը որպես ուղեկցող թերապիա: 1991 թվականին սահմանումը դարձել է «տրվող հիդրատացիոն հեղուկների ավելացում», 1993 թվականին՝ «տրվող հեղուկների ավելացում և շարունակական սնուցում»[34]:
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Հեմենդրա Նաթ Չաթրջին «Լանցետ» ամսագրում տպագրել է թեթև աստիճանի խոլերայով հիվանդների շրջանում օրալ ռեհիդրատացիոն լուծույթների կիրառման արդյունքները[43]։ Հոդվածի համաձայն[44]՝ նա 186 հիվանդի բուժել էր իր բերանացի ընդունման գլյուկոզ-նատրիում էլեկտրոլիտային լուծույթով և վերականգնել այն բոլոր հիվանդների ջրազրկումը, որոնք տառապում էին թեթևից միջին ծանրության խոլերայով[45]։ Նա լուծույթը տվել էր բերանացի և ուղիղ աղիքի միջոցով՝ պատենենու մզվածքի, հակահիստամինային և հակափսխեցուցիչ դեղամիջոցների հետ միասին, առանց վերահսկման։ Հեղուկի վերականգնման համար լուծույթի բանաձևն էր 4գ նատրիումի քլորիդ, 25գ գլյուկոզ և 1000մլ ջուր[43][46]։
Ռոբերտ Ալան Ֆիլիպսը փորձել է ստեղծել արդյունավետ օրալ ռեհիդրատացիոն լուծույթ՝ հիմնվելով իր այն բացահայտման վրա, որ խոլերայով հիվանդների օրգանիզմում գլյուկոզի առկայության դեպքում նատրիումն ու քլորիդը կարողանում են ներծծվել։ Սակայն նա ձախողել է, քանի որ մշակած լուծույթը չափազանց հիպերտոնիկ էր, և Ֆիլիպսն այն օգտագործում էր ոչ թե հիվանդներին ռեհիդրատացնելու, այլ փորլուծությունը դադարեցնելու նպատակով[47][48]։
1960-ականների սկզբին Ռոբերտ Քրեյնը նկարագրել է նատրիում-գլյուկոզ համատեղ փոխադրման մեխանիզմը և դրա դերը աղիքներում գլյուկոզի ներծծման գործընթացում[49]։ Այս հայտնագործությունը, ինչպես նաև այն փաստը, որ խոլերայի ժամանակ աղիքի լորձաթաղանթը, ըստ երևույթին, չի վնասվում, հիմք են տվել ենթադրելու, որ նույնիսկ հիվանդության ընթացքում աղիքներում գլյուկոզի և նատրիումի ներծծումը շարունակվում է։ Սա հաստատում էր այն գաղափարը, որ օրալ ռեհիդրատացիան կարող է արդյունավետ լինել նույնիսկ խոլերայով պայմանավորված ծանր փորլուծության ժամանակ։ 1967–1968 թվականներին Նորբերտ Հիրշհորնը և Նաթանիել Ֆ. Փիրսը ցույց են տվել, որ ծանր խոլերայով հիվանդների աղիները կարող են ներծծել գլյուկոզ, աղ և ջուր, ու որ այդ ներծծումը բավարար է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանելու համար[50][51]։ 1968 թվականին Դեյվիդ Ռ. Նալինը և Ռիչարդ Ա. Քեշը, Ռաֆիքուլ Իսլամի և Մաջիդ Մոլլայի աջակցությամբ, հրապարակեցին հետազոտություն, որի համաձայն՝ խոլերայով հիվանդ մեծահասակներին փորլուծությամբ կորցրած հեղուկի ծավալին հավասար քանակությամբ գլյուկոզ-էլեկտրոլիտային լուծույթ տալը 80%-ով նվազեցնում է ներերակային հեղուկներով բուժման անհրաժեշտությունը[52]։
1971 թվականին Բանգլադեշի ազատագրական պատերազմի ընթացքում իրականացված մարտական գործողությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ տեղահանվել են և փախստականների շրջանում բռնկվել է խոլերայի համաճարակ։ Երբ փախստականների ճամբարներում ներերակային հեղուկների պաշարները սպառվել են, Կալկաթայում գործող Ջոնս Հոփքինսի անվան միջազգային բժշկական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոնի բժիշկ Դիլիպ Մահալանաբիսը հրահանգել է պատրաստել օրալ ռեհիդրատացիոն լուծույթ և այն բաժանել հիվանդների ընտանիքի անդամներին ու խնամողներին։ Այս եղանակով բուժվել է խոլերայով հիվանդ ավելի քան 3000 մարդ։ Օրալ ռեհիդրատացիա ստացած հիվանդների մահացությունը կազմել է 3,6%, մինչդեռ ներերակային հեղուկներով բուժվածների շրջանում այն հասել է 30%-ի[53][46]։ Բանգլադեշի անկախացումից հետո երկրում լայնածավալ քարոզարշավ է սկսվել փորլուծության բուժման համար աղերի լուծույթների կիրառումը խթանելու նպատակով։ 1980 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է օրալ ռեհիդրատացիոն թերապիան և սկսել դրա համաշխարհային տարածման ծրագիրը։
Նորբերտ Հիրշհորնը օրալ ռեհիդրատացիոն թերապիան կիրառել է նաև Ուայթ Ռիվերի ապաչիների հնդկական հատուկ պահպանվող տարածքում[54]։ Նա նկատել էր, որ երեխաները ինքնակամ խմում էին այնքան լուծույթ, որքան անհրաժեշտ էր ջրազրկումը վերացնելու համար, իսկ վաղ ռեհիդրատացիան ու սնուցման վաղ վերականգնումը նպաստում էին նրանց օրգանիզմում սննդանյութերի մակարդակի պահպանմանը։ Այս դիտարկումները հանգեցրին երեխաների փորլուծության բուժման ընթացքում ՕՌԹ-ի ավելի լայն կիրառմանը, հատկապես զարգացող երկրներում։
1980 թվականին բանգլադեշյան ԲՌԱԿ (Բանգլադեշի ռեաբիլիտացիային աջակցության կոմիտե, անգլ.՝ BRAC) ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծել է տնետուն անցնող ուսուցողական խումբ, որի նպատակն էր մայրերին սովորեցնել, թե ինչպես տնային պայմաններում պատրաստել օրալ ռեհիդրատացիոն լուծույթ։ Տասնչորս կանանցից, մեկ խոհարարից և մեկ տղամարդ ղեկավարից կազմված խումբը շրջում էր գյուղերով։ Մի քանի գյուղերում կանանց հետ աշխատելուց հետո նրանք առաջարկում են, որ կանայք լուծույթը պատրաստեն տնային պայմաններում՝ օգտագործելով առկա կենցաղային միջոցները։ Նրանք օգտագործում էին մոտ կես լիտր ջուր, որի մեջ ավելացնում էին մեկ բուռ շաքար և երեք մատով վերցված մի պտղունց աղ։ Հետագայում այս մոտեցումը տարածվում էր հեռուստատեսության և ռադիոյի միջոցով, իսկ շուկայում հայտնվում էին օրալ ռեհիդրատացիոն աղերի պատրաստի փաթեթներ։ Երեք տասնամյակ անց ազգային հարցումները ցույց տվեցին, որ Բանգլադեշում ծանր փորլուծությամբ երեխաների գրեթե 90%-ը ստանում էր օրալ ռեհիդրատացիոն լուծույթ՝ տանը կամ բուժհաստատությունում[55]։ Բանգլադեշում ՕՌԹ-ն հայտնի է Օրոզալին կամ Օրզալին անվանումներով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ 2006–2011 թվականներին աշխարհում փորլուծությամբ հիվանդ երեխաների մոտավորապես մեկ երրորդն էր ստանում օրալ ռեհիդրատացիոն լուծույթ, ընդ որում տարբեր տարածաշրջաններում այդ ցուցանիշը տատանվում էր 30%-ից մինչև 41%[56][57]։
Օրալ ռեհիդրատացիոն թերապիան ՅՈՒՆԻՍԵՖ-ի «ԱՕԿԻ ԿԸՍ» (աճի մոնիթորինգ, ՕՌԹ, կրծքով կերակրում, իմունիզացիա, կանանց կրթություն, ընտանիքի պլանավորում և սննդային հավելումներ, անգլ.՝ GOBI FFF) ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Ծրագրի նպատակն է զարգացող երկրներում բարձրացնել երեխաների ապրելիության մակարդակը՝ գիտականորեն ապացուցված և քիչ ծախսատար միջոցառումների կիրառման միջոցով[58]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջապահության և բնակչության հետազոտության կենտրոն, Դաքքա, Բանգլադեշ, 2001 թվական․ համաշխարհային առողջապահության ոլորտում ներդրման համար շնորհվող Gates Award մրցանակ[59]։
- 2002 թվականին Նորբերտ Հիրշհորնը, Դիլիպ Մահալանաբիսը, Դեյվիդ Նալինը և Նաթանիել Փիրսը դարձան «Մանկաբուժական հետազոտությունների համար շնորհվող Փոլլինի մրցանակ»-ի առաջին դափնեկիրները[60]։
- 2006 թվականին Ռիչարդ Ա. Քեշը, Դեյվիդ Նալինը, Դիլիպ Մահալանաբիսը և Սթենլի Շուլցը արժանացան «Արքայազն Մահիդոլ» մրցանակին[61]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Stuart MC, Kouimtzi M, Hill SR, eds. (2009). WHO Model Formulary 2008. World Health Organization (WHO). էջեր 349–351. hdl:10665/44053. ISBN 978-92-4-154765-9.
- 1 2 3 4 Munos, MK; Walker, CL; Black, RE (April 2010). «The effect of oral rehydration solution and recommended home fluids on diarrhoea mortality». International Journal of Epidemiology. 39 (Suppl 1): i75–87. doi:10.1093/ije/dyq025. PMC 2845864. PMID 20348131.
- 1 2 Islam, M R (1986). «Citrate can effectively replace bicarbonate in oral rehydration salts for cholera and infantile diarrhoea». Bull World Health Organ. 64 (1): 145–150. PMC 2490925. PMID 3015443.
- 1 2 Binder, HJ; Brown, I; Ramakrishna, BS; Young, GP (March 2014). «Oral rehydration therapy in the second decade of the twenty-first century». Current Gastroenterology Reports. 16 (3): 376. doi:10.1007/s11894-014-0376-2. PMC 3950600. PMID 24562469.
- ↑ Nalin DR, Harland E, Ramlal A, Swaby D, McDonald J, Gangarosa R, Levine M, Akierman A, Antoine M, Mackenzie K, Johnson B (November 1980). «Comparison of low and high sodium and potassium content in oral rehydration solutions». J Pediatr. 97 (5): 848–853. doi:10.1016/s0022-3476(80)80287-3. PMID 7431183.
- ↑ Selendy, Janine M. H. (2011). Water and Sanitation Related Diseases and the Environment: Challenges, Interventions and Preventive Measures (անգլերեն). John Wiley & Sons. էջ 60. ISBN 978-1-118-14860-0. Արխիվացված օրիգինալից 18 September 2017-ին.
- ↑ World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. 2019. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
- 1 2 The State of the World's Children 2016 A fair chance for every child (PDF). UNICEF. June 2016. էջեր 117, 129. ISBN 978-92-806-4838-6. Արխիվացված (PDF) օրիգինալից 20 September 2016-ին. Վերցված է 14 January 2017-ին.
- 1 2 Nutrition Committee; Canadian Paediatric Society (1994). «Oral Rehydration Therapy and Early Refeeding in the Management of Childhood Gastroenteritis». The Canadian Journal of Paediatrics. 1 (5): 160–164. Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին.
- ↑ Vyas, KS; Wong, LK (2013). «Oral rehydration solutions for burn management in the field and underdeveloped regions: a review». International Journal of Burns and Trauma. 3 (3): 130–6. PMC 3712407. PMID 23875118.
- 1 2 Victora, CG; Bryce, J; Fontaine, O; Monasch, R (2000). «Reducing deaths from diarrhoea through oral rehydration therapy». Bull World Health Organ. 78 (10): 1246–55. PMC 2560623. PMID 11100619.
- ↑ Provisional Committee on Quality Improvement; Subcommittee on Acute Gastroenteritis (March 1996). «Practice parameter: the management of acute gastroenteritis in young children». Pediatrics. 97 (3): 424–435. doi:10.1542/peds.97.3.424. PMID 8604285. S2CID 8642629.
- 1 2 «Improved formula for oral rehydration salts to save children's lives». UNICEF. Արխիվացված օրիգինալից 3 August 2008-ին. Վերցված է 15 July 2008-ին.
- ↑ «Oral Rehydration Therapy». Rehydration Project. Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին. Վերցված է 29 October 2014-ին.
- ↑ King, Caleb; Glass, Roger; Bresee, Joseph; Duggan, Christopher. «Managing Acute Gastroenteritis Among Children». CDC MMWR Recommendations and Reports. Արխիվացված օրիգինալից 28 October 2014-ին. Վերցված է 29 October 2014-ին.
- ↑ "Oral rehydration salts and solutions and rice-based solutions worldwide manufacturers and suppliers." Արխիվացված 7 Դեկտեմբեր 2014 Wayback Machine Rehydration Project website. Accessed 3 January 2014.
- ↑ «Oral rehydration therapy (ORT) in children». US Department of Health and Human Services. Արխիվացված է օրիգինալից 2 January 2014-ին. Վերցված է 1 January 2014-ին.
- ↑ «The Treatment Of Diarrhea, A manual for physicians and other senior health workers» (PDF). Sometimes needs to be downloaded twice. See "4.2 Treatment Plan A: home therapy to prevent dehydration and malnutrition," "4.3 Treatment Plan B: oral rehydration therapy for children with some dehydration," and "4.4 Treatment Plan C: for patients with severe dehydration" on pages 8 to 16 (12–20 in PDF). See also "8. Management of Diarrhoea with Severe Malnutrition" on pages 22–24 (26–30 in PDF) and "Annex 2: Oral and Intravenous Rehydration Solutions" on pages 33–37 (37–41 in PDF). World Health Organization. 2005. Արխիվացված (PDF) օրիգինալից 19 October 2011-ին.
- ↑ Rehydration Project, «Diarrhoea, Diarrhea, Dehydration, Oral Rehydration, Mother and Child Nutrition, Water, Sanitation, Hygiene – Rehydration Project». Արխիվացված օրիգինալից 8 June 2015-ին. Վերցված է 22 June 2015-ին. Homemade Oral Rehydration Solution Recipe.
- ↑ Churgay CA, Aftab Z (1 June 2012). «Gastroenteritis in children: part II, prevention and management». Am Fam Physician. 85 (11): 1066–70. PMID 22962878. Արխիվացված օրիգինալից 2 January 2014-ին.
- ↑ «Diarrhoea, Diarrhea, Dehydration, Oral Rehydration, Mother and Child Nutrition, Water, Sanitation, Hygiene - Rehydration Project». rehydrate.org. Արխիվացված օրիգինալից 8 June 2015-ին. Վերցված է 22 June 2015-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «The treatment of diarrhea, a manual for physicians and other senior health workers» (PDF). World Health Organization. 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 October 2011-ին.
- ↑ Diarrhoeal Disease Control Programme (1986). Oral rehydration therapy for treatment of diarrhoea in the home (Report). Geneva: World Health Organization. hdl:10665/60117. WHO/CDD/SER/80.2.
- ↑ Sanders; և այլք: (2013). «Excellent can be the enemy of good: the case of diarrhoea management». The Lancet. 382 (9889): 307–308. doi:10.1016/S0140-6736(13)61633-5. PMID 23890040. S2CID 13337829.
- ↑ Dousma, M; և այլք: (2003), «[Sport drinks: not a suitable rehydration solution for children]», Ned Tijdschr Geneeskd, 147 (5): 213–214, PMID 12645356.
- ↑ «New formulation of Oral Rehydration Salts (ORS) with reduced osmolarity» (PDF). UNICEF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 July 2014-ին. Վերցված է 27 April 2022-ին.
- ↑ Houston KA, Gibb JG, Maitland K (27 October 2017). «Oral rehydration of malnourished children with diarrhoea and dehydration: A systematic review». Wellcome Open Research. 2: 66. doi:10.12688/wellcomeopenres.12357.1. PMC 5657219. PMID 29090271. «The current standard (hypo-osmolar) WHO ORS, with lower sodium and glucose content, was developed in order to reduce the intensity of diarrhoea in children.»
- 1 2 3 4 World Health Organization; Unicef (2006). Oral rehydration salts: production of the new ORS (PDF). WHO/FCH/CAH/06.1. hdl:10665/69227.
- ↑ Hahn, S.; Kim, S.; Garner, P. (2002). «Reduced osmolarity oral rehydration solution for treating dehydration caused by acute diarrhoea in children». The Cochrane Database of Systematic Reviews (1) CD002847. doi:10.1002/14651858.CD002847. ISSN 1469-493X. PMC 6532752. PMID 11869639.
- 1 2 3 Musekiwa A, Volmink J (2011). «Oral rehydration salt solution for treating cholera: ≤ 270 mOsm/L solutions vs ≥ 310 mOsm/L solutions». Cochrane Database Syst Rev. 2011 (12) CD003754. doi:10.1002/14651858.CD003754.pub3. PMC 6532622. PMID 22161381.
- ↑ Nalin DR, Hirschhorn N, Greenough W 3rd, Fuchs GJ, Cash RA (2 June 2004). «Clinical concerns about reduced osmolarity oral rehydration solution». JAMA. 291 (21): 2632–5. doi:10.1001/jama.291.21.2632. PMID 15173156.
- 1 2 Pulungsih, SP; Punjabi, NH; Rafli, K; Rifajati, A; Kumala, S; Simanjuntak, CH; Yuwono; Lesmana, M; Subekti, D; Sutoto; Fontaine, O (March 2006). «Standard WHO-ORS versus reduced-osmolarity ORS in the management of cholera patients». Journal of Health, Population, and Nutrition. 24 (1): 107–12. PMID 16796157.
- ↑ World Health Organization; Unicef (2006). Oral rehydration salts: production of the new ORS (PDF). WHO/FCH/CAH/06.1. hdl:10665/69227.
- 1 2 «WHO position paper on oral rehydration salts to reduce mortality from cholera». WHO. 2014. Արխիվացված է օրիգինալից 20 August 2011-ին. Վերցված է 1 January 2014-ին.
- ↑ «Pediatric zinc sulfate oral solution» (PDF). World Health Organization (WHO). 15 July 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 27 December 2021-ին.
- ↑ "Community health worker training materials for cholera prevention and control." Արխիվացված 20 Հոկտեմբեր 2011 Wayback Machine CDC.
- ↑ National Guidelines for the Management of Severely Malnourished Children in Bangladesh Արխիվացված 19 Հոկտեմբեր 2011 Wayback Machine, Institute of Public Health Nutrition, Directorate General of Health Services, Ministry of Health and Family Welfare, Government of the People's Republic of Bangladesh, May 2008, "Step 3. Treat/prevent dehydration" and "Step 4. Correct electrolyte imbalance," pages 21–23 (22-24 in PDF).
- ↑ «Technical Bulletin No. 17: RESOMAL – new sachet/carton sizes» (PDF). UNICEF. Արխիվացված (PDF) օրիգինալից 15 September 2015-ին. Վերցված է 30 June 2017-ին.
- ↑ Leibovici-Weissman, Y; Neuberger, A; Bitterman, R; և այլք: (2014). «Antimicrobial drugs for treating cholera». Cochrane Database of Systematic Reviews. Art. No.: CD008625 (6) CD008625. doi:10.1002/14651858.CD008625.pub2. PMC 4468928. PMID 24944120.
- 1 2 Guyton, Hall
- ↑ Guyton, Hall, էջ 330
- ↑ "Oral rehydration therapy and early refeeding in the management of childhood gastroenteritis." Արխիվացված 4 Սեպտեմբեր 2009 Wayback Machine Paediatrics and Child Health, Canadian Paediatric Society, nutrition committee 2006 11(8) p527–531. Accessed 17 February 2009.
- 1 2 Chatterjee, HN (21 November 1953). «Control of vomiting in cholera and oral replacement of fluid». Lancet. 265 (6795): 1063. doi:10.1016/s0140-6736(53)90668-0. PMID 13110052.
- ↑ Ruxin, J. N. (28 October 1994). «Magic bullet: the history of oral rehydration therapy». Medical History. 38 (4): 363–397. doi:10.1017/s0025727300036905. PMC 1036912. PMID 7808099.
- ↑ Wangchuk, Rinchen Norbu (17 October 2019). «How 3 Indian Doctors Pioneered the Use of ORS to Treat Diarrhoea & Saved Millions!». The Better India.
- 1 2 Ruxin JN (October 1994). «Magic bullet: the history of oral rehydration therapy». Med Hist. 38 (4): 363–97. doi:10.1017/s0025727300036905. PMC 1036912. PMID 7808099.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Ruxin_(1994)» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Nalin, David (2021). «Issues and Controversies in the Evolution of Oral Rehydration Therapy (ORT)». Tropical Medicine and Infectious Disease. 6 (1): 34. doi:10.3390/tropicalmed6010034. PMC 8005945. PMID 33808095.
- ↑ Crane R. K. et al. "The restrictions on possible mechanisms of intestinal transport of sugars." Membrane Transport and Metabolism, proceedings of a symposium held in Prague, 22–27 August 1960. Kleinzeller A. and Kotyk A. Czech Academy of Sciences, Prague, 1961, p439– 449.
- ↑ Hirschhorn, Norbert (1968). «Decrease in net stool output in cholera during intestinal perfusion with glucose-containing solutions». N. Engl. J. Med. 279 (4): 176–181. doi:10.1056/nejm196807252790402. PMID 4968807.
- ↑ Pierce, Nathaniel (1968). «Effect of intragastric glucose-electrolyte infusion upon water and electrolyte balance in asiatic cholers». Gastroenterology. 55 (3): 333–43. doi:10.1016/S0016-5085(19)34043-0. PMID 5675364.
- ↑ Nalin DR, Cash RA, Islam R, Molla M, Phillips RA (August 1968). «Oral maintenance therapy for cholera in adults». Lancet. 2 (7564): 370–3. doi:10.1016/S0140-6736(68)90591-6. PMID 4173788.
- ↑ Guerrant R. L.; և այլք: (2003). «Cholera, diarrhea, and oral rehydration therapy: triumph and indictment». Clinical Infectious Diseases. 37 (3): 398–405. doi:10.1086/376619. PMID 12884165.
- ↑ Administration, United States Health Services and Mental Health (1971). HSMHA Health Reports (անգլերեն). U.S. Health Services and Mental Health Administration.
- ↑ Gawande, Atul (29 July 2013). «SLOW IDEAS, Some innovations spread fast. How do you speed the ones that don't?». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 17 February 2014-ին. «They found that, although boiled water was preferable, contaminated water was better than nothing.»
- ↑ Oral rehydration therapy / oral rehydration solution Արխիվացված 23 Փետրվար 2014 Wayback Machine, PATH, "PATH is an international nonprofit organization that transforms global health through innovation."
- ↑ Source: UNICEF.Pneumonia and Diarrhoea: Tackling the Deadliest Diseases for the World's Poorest Children. New York: UNICEF; 2012.
- ↑ 1946–2006, sixty years for children (PDF). UNICEF. November 2006. ISBN 978-92-806-4053-3. Արխիվացված (PDF) օրիգինալից 13 April 2007-ին.
- ↑ "Centre for Health and Population Research — 2001 Gates Award for Global Health Recipient." Արխիվացված 29 Սեպտեմբեր 2011 Wayback Machine Bill and Melinda Gates Foundation. Accessed 21 February 2009.
- ↑ "First Pollin prize in pediatric research recognizing developers of revolutionary oral rehydration therapy." Արխիվացված 6 Սեպտեմբեր 2008 Wayback Machine NewYork-Presbyterian Hospital Accessed 22 February 2009.
- ↑ "Prince Mahidol Award 2006." Արխիվացված 9 Մայիս 2009 Wayback Machine Prince Mahidol Award Foundation. Accessed 22 February 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oral rehydration salts: production of the new ORS (PDF). World Health Organization. 2006. hdl:10665/69227. WHO/FCH/CAH/06.1.