Օտար մարմնի ասպիրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտար մարմնի ասպիրացիա
Գետնանուշի ասպիրացիայից հետո երեխայի կրծքավանդակի ռենտգեն պատկեր․ բրոնխներում գետնանուշի գտնվելու հետևանքով գործարկվել է փականային մեխանիզմը, որի հետևանքով ձախ թոքը գերփքված է։
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՌեսպիրոլոգիա
ՀՄԴ-10T17
 Aspiration of foreign bodies Վիքիպահեստում

Օտար մարմնի ասպիրացիա, առաջանում է, երբ օտար մարմինը անցնում է շնչուղիներ և առաջացնում շնչահեղձություն[1]։ Օտար մարմինները կարող են բերանից անցնել կերակրափող, կամ անցնել շնչափող՝ բերանից կամ քթից[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար մարմնի ասպիրացիայի նշաններն ու ախտանիշները կարող են տատանվել՝ կախված խցանման գտնվելու մակարդակից, օտար մարմնի չափից, և խցանման աստիճանից[2]։ Օտար մարմինների 20%-ը կանգ են առնում վերին շնչուղիներում, մինչդեռ 80%-ը խցանում են հիմնական ցողունը կամ բլթային բրոնխները[3]։ Օտար մարմնի ասպիրացիայի ախտանիշները սովորաբար ունեն սուր սկիզբ` հազ, շնչահեղձություն և/կամ սուլող շնչառություն (wheezing), այնուամենայնիվ, եթե օտար մարմինը չի առաջացնում շնչուղիների խոշոր աստիճանի խցանում, ապա ախտանիշները կարող են զարգանալ ավելի դանդաղորեն[2]։

Սովորաբար պացիենտները ներկայանում են սուր սկսվող շնչահեղձությամբ[2]։ Այս դեպքերում խցանումը դասակարգվում է որպես մասնակի կամ լրիվ խցանում[2]։ Մասնակի խցանման նշաններն են շնչահեղձությունը թքահոսությամբ, ստրիդոր, պացիենտը պահպանում է խոսելու ունակությունը[2]։ Լրիվ խցանման նշաններն են շնչահեղձությունը՝ զուգորդված խոսելու ունակության կորստով կամ հազով, և ռեսպիրատոր դիսթրեսի նշաններ, օրինակ՝ ցիանոզ[2]։

Կոկորդից վերև գտնվող մարմինները առաջացնում են ստրիդոր, իսկ կոկորդից ներքև գտնվողները՝ սուլող շնչառություն[3]։ Ձայնալարերից վերև կանգ առած օտար մարմինները սովորաբար առաջացնում են դժվարացած և ցավոտ կլման ակտ՝ զուգորդված առատ թքահոսությամբ[4], իսկ ձայնալարերից ներքև գտնվող մարմինների դեպքում խոսելը և շնչելը դառնում է դժվարացած և ցավոտ[4]։ Այն երեխաների մոտ, որոնք չեն կարողանում խոսալ կամ ասել, որ կուլ են տվել որևէ օտար մարմին, միակ նշանը կարող է լինել շնչառության հաճախականության մեծացումը[3]։

Եթե օտար մարմինը չի առաջացնում խոշոր աստիճանի խցանում, ապա պացիենտը կարող է ներկայանալ քրոնիկական հազով, աուսկուլտատիվ անհամաչափ շնչառական ձայներով, կամ թոքի կոնկրետ բլթի կրկնվող թոքաբորբով[2]։ Օտար մարմնի ասպիրացիայի դեպքում աջ թոքի աջ ստորին բիլթը համարվում է կրկնվող թոքաբորբի ամենահաճախ հանդիպող վայրը[2]։ Սրա բացատրությունը կայանում է նրանում, որ աջ հիմնական բրոնխի անատոմիան այնպիսին է, որ այն ավելի լայն է և կտրուկ քան ձախ հիմնական բրոնխը, ինչը թույլ է տալիս օտար մարմիններին ավելի հեշտ անցնել դեպի աջ թոք, քան ձախ[2]։

Մեծահասակների մոտ օտար մարմնի ասպիրացիայի նշաններն ու ախտանիշները կարող են նմանվել թոքերի այլ քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ ասթմա, ԹՔՈՀ և թոքի քաղցկեղ[5]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդությունները կարող են զարգանալ օտար մարմնի հեռացումից հետո, կամ եթե օտար մարմինը մնում է շնչուղիներում[2]։ Պացիենտների մոտ կարող է զարգանալ շնչուղիների պատերի բորբոքում, կամ թոքի թարախակույտ՝ եթե օտար մարմինը մնում է շնչուղիներում[2]։ Եթե օտար մարմինը չի հեռացվում, ապա նրանից դիստալ կարող է առաջանալ շնչուղիների գերփքվածություն[5]։ Պացիենտների մոտ նաև կարող է զարգանալ թոքաբորբ՝ պահպանված օտար մարմնի հետևանքով[5]։ Թոքի նույն հատվածի կրկնվող թոքաբորբը պետք է հետազոտվի այնտեղ առկա հնարավոր օտար մարմնի կասկածի կապակցությամբ[5]։ Անգամ օտար մարմնի հեռացումից հետո կարող են զարգանալ բարդություններ, օրինակ՝ քիմիական բրոնխիտ, կարող են նաև առաջանալ լորձաթաղանթի ռեակցիաներ և զարգանալ հատիկավոր հյուսվածք[6]։

Բարդություններ կարող են առաջանալ նաև օտար մարմնի հեռացման միջամտության ընթացքում[7]։ Ռիգիդ բրոնխոսկոպիան հանդիսանում է օտար մարմնի հեռացման ոսկե ստանդարտ, սակայն այս միջամտությունը ունի պոտենցիալ ռիսկեր[7]։ Ռիգիդ բրոնխոսկոպիայի ամենահաճախ հանդիպող բարդությունը պացիենտի ատամների վնասումն է[7]։ Այլ ավելի քիչ տարածված բարդություններից են բերանի կամ կերակրափողի վերքերը և ձայնալարերի վնասումը[7]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդի կտրվածք, որտեղ երևում է ասպիրացիայի ենթարկված մսի կտոր։

Օտար մարմնի ասպիրացիայի դեպքերի մեծ մասը տեղի են ունենում 6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների մոտ, քանի որ այս տարիքային խմբի երեխաների մոտ կա սովորույթ փոքր առարկաները մտցնել բերանը կամ քիթը։ Այս տարիքի երեխաների մոտ դեռ չկան աղորիքներ, կամ նրանք քիչ են, ինչի պատճառով այս երեխաները չեն կարողանում նորմալ ծամել և հետևաբար մասնատել սնունդը փոքր մասերի՝ նորմալ կուլ տալու համար[4]։ Կլոր, փոքր առարկաները, ինչպիսին են գետնանուշը, փոքր կոնֆետները, պոպկորնը (ադի-բուդի), կարմիր լոբին և հատապտուղները հանդիսանում են օտար մարմնի ասպիրացիայի ամենահաճախ հանդիպող պատճառներ[2]։ Լատեքսային փուչիկները երեխաների մոտ հանդիսանում են շնչահեղձության լուրջ վտանգ, ինչը կարող է բերել մահվան։ Լատեքսային փուչիկը կարող է ընդունել շնչափողի ձևը՝ խցանելով շնչուղիները, ինչը շատ դժվար է դարձնում Հեյմլիխի հնարքի իրականացումը այս դեպքում[8]։

Մեծահասակների դեպքում օտար մարմնի ասպիրացիա հիմնականում դիտվում է այն անհատների մոտ, ովքեր ունեն կլման ակտի հետ կապված խանգարումներ, օրինակ՝ նևրոլոգիական խանգարումներ, ալկոհոլի օգտագործում, սեդատիվների օգտագործում, մեծ տարիք (ամենահաճախը հանդիպում է կյանքի 6-րդ տասնամյակում), և գիտակցության կորուստ[6]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ, որպես ասպիրացիայի ենթարկված օտար մարմին, հանդես է գալիս կոպեկը։

Եթե կա օտար մարմնի ասպիրացիայի կասկած, ապա խորհուրդ չի տրվում մատը մցնել հիվանդի բերանը, քանզի մեծ է օտար մարմինը դեպի շնչուղիների ավելի խորը հատվածներ բրդելու վտանգը[2]։

Պացիենտների մեծ մասը ենթարկվում են կրծքի ռենտգեն հետազոտության՝ հստակ որոշելու համար օտար մարմնի դիրքը շնչուղիներում[2]։ Սակայն ռենտգենի բացասական պատասխանը չի կարող բացառել օտար մարմնի առկայությունը շնչուղիներում[2]։ Օտար մարմնի ասպիրացիայի կասկածով պացիենտներին պետք է ենթարկել պարանwցի կողմնային, կրծքավանդակի, և պառկած դիրքում արտաշնչման վերջում երկկողմանի ռենտգեն հետազոտության[3]։ Ռենտգեն պատկերի վրա օտար մարմնի ասպիրացիայի նշաններն են օտար մարմնի վիզուալիզացիան կամ ախտահարված թոքի գերփքվածությունը[3]։ Օտար մարմնի ասպիրացիայով հիվանդի ռենտգենի այլ նշաններից են օբստրուկտիվ էմֆիզեման, ատելէկտազը կամ պնդացումը[4]։

Մինչդեռ ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս միայն տեսնել օտար մարմնի դիրքը շնչուղիներում և երբեմն նաև որոշել օտար մարմնի բնույթը, ապա ընդհանուր անզգայացման պայմաններում ռիգիդ բրոնխոսկոպիան հանդիսանում է օտար մարմնի ասպիրացիայի ախտորոշման ոսկե ստանդարտ, քանզի դրա միջոցով երևում է օտար մարմինը և միջամտության ընթացքում այն կարելի է հեռացնել[2]։ Ռիգիդ բրոնխոսկոպիան ցուցված է հետևյալ չափորոշիչներից երկուսի առկայության պայմաններում․ պացիենտի կամ ականատեսի կողմից օտար մարմնի ասպիրացիայի փաստի հաստատում, թոքերի աուսկուլտատիվ ոչ նորմալ ձայների կամ աղմուկների առկայություն, կամ կրծքի ռենտգեն պատկերում օտար մարմնի ասպիրացիայի նշաններ[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար մարմնի ասպիրացիայի բուժման տակտիկան կախված է շնչուղիների խցանման աստիճանից[2]։ Մասնակի խցանման դեպքում պացիենտները սովորաբար կարողանում են դուրս բերել օտար մարմինը հազի միջոցով[2]։ Լրիվ խցանման դեպքում ցուցված է անհապաղ միջամտություն՝ օտար մարմինը հեռացնելու համար[2]։

1 տարեկանից փոքր շնչահեղձ լինող երեխաները պետք է պահվեն դեմքով դեպի ներքև՝ փրկիչի ձեռքերի մեջ[2]։ Պետք է ձեռքի ափով իրականացնել հարվածներ երեխայի մեջքին, այնուհետև շրջել նրան դեպքով դեպի վեր և իրականացնել կրծքավանդակի սեղմումներ[2]։ Փրկիչը պետք է հերթափոխի մեջքի 5 հարվածները կրծքավանդակի 5 սեղմումներով՝ մինչև օտար մարմնի դուրս գալը[2]։ 1 տարեկանից մեծերի դեպքում օտար մարմինը դուրս բերելու համար պետք է իրականացնել Հեյմլիխի հնարքը[2]։ Եթե ֆիզիկական միջամտության ժամանակ պացիենտը դառնում է անգիտակից, ապա պետք է սկսել իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում[2]։

Այն դեպքում, երբ վերը նշված միջոցառումները չեն հեռացնում օտար մարմինը և հնարավոր չի լինում հասնել թոքերի ադեկվատ օդափոխության, ապա հարկավոր է դիմել փորձառու մասնագետի[2]։ Եթե շնչուղիների մաքրման ոչ ինվազիվ մեթոդները անարդյունք են և հիվանդը անգիտակից է, ապա պետք է դիմել լարինգոսկոպիայի[3]։ Լանրինգոսկոպիայի ժամանակ բերանում տեղադրվում է հատուկ սարք՝ տեսանելի դարձնելու համար շնչուղիների հետին հատվածները[3]։ Եթե լարինգոսկոպիայի միջոցով հնարավոր է լինում հայտնաբերել օտար մարմինը, ապա այն կարելի է հեռացնել ունելիի միջոցով[3]։ Օտար մարմինը հեռացնելուց հետո պետք է տեղադրել էնդոտրախեալ խողովակ, որպեսզի կանխել միջոցառումից հետո առաջացող բորբոքման հետևանքով շնչուղիների հնարավոր խցանումը[3]։ Եթե հնարավոր չի լինում հայտնաբերել օտար մարմինը, ապա կարելի է իրականացնել ինտուբացիա, տրախեոտոմիա կամ ասեղային կրիկոթիրոտոմիա, որպեսզի վերականգնել շնչուղիների խցանման հետևանքով անգիտակից դարձած պացիենտի շնչառությունը[2]։

Եթե ոչ ինվազիվ միջոցառումները չեն կարողանում դուրս բերել օտար մարմինը, և պացիենտը կարողանում է ապահովել թոքերի ադեկվատ օդափոխություն, ապա պետք է ընդհանուր անզգայացման պայմաններում իրականացնել ռիգիդ բրոնխոսկոպիա[2]։ Պացիենտին նաև պետք է ենթարկել սրտային մոնիթորինգի, մատին դնել պուլս օքսիմետր և տալ թթվածին[3]։ Պետք է փորձել պացիենտին պահել հնարավորինս հանգիստ և չգրգռել վերջինիս՝ խուսափելու համար շնչուղիների հետագա խցանման շատացումից[3]։ Օտար մարմինը հեռացնելուց հետո պացիենտը պետք է ընդունի բետա ադրեն1րգիկ դեղամիջոցներ նեբուլայզերի միջոցով, և պետք է իրականացվի կրծքավանդակի ֆիզիոթերապիա՝ շնչուղների հետագա պաշտպանման համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Foreign Body Aspiration: Overview - eMedicine». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 Federico, Monica (2018). Current Diagnosis & Treatment: Pediatrics, 24e, "Respiratory Tract & Mediastinum". New York, NY: McGraw-Hill. ISBN 978-1259862908.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Lucia, Dominic (2017). Current Diagnosis & Treatment: Emergency Medicine, 8e, "Respiratory Distress". New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0071840613.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Weinberger, Paul (2015). Current Diagnosis & Treatment: Surgery, 14e, "Otolaryngology: Head & Neck Surgery". New York, NY: McGraw-Hill. ISBN 9781259255168.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chesnutt, Asha (2019). Current Medical Diagnosis & Treatment, "Pulmonary Disorders". New York, NY: McGraw-Hill. ISBN 978-1260117431.
  6. 6,0 6,1 Won, Christine (2015). Fishman's Pulmonary Diseases and Disorders, Fifth Edition, "Upper Airway Obstruction in Adults". New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0071807289.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Haas, Andrew (2015). Fishman's Pulmonary Diseases and Disorders, 5th Eds. "Interventional Bronchoscopy". New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0071807289.
  8. Muntz, Harlan (2009). Pediatric Otolaryngology for the Clinician: Foreign Body Management. Humana Press. էջեր 215–222. ISBN 978-1-58829-542-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտար մարմնի ասպիրացիա» հոդվածին։