Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-պարսկական պատերազմ
Թվական1723—1727
Մասն էԹուրք-պարսկական պատերազմներ
ՎայրԻրան, Քուրդիստան
ԱրդյունքՀամադանյան պայմանագիր
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրությունԻրան Սեֆյան Պարսկաստան
Հրամանատարներ
Օսմանյան կայսրությունՍուլթան Հուսեյն
Օսմանյան կայսրություն Ահմեդ III
Օսմանյան կայսրություն Հեկիմօղլու Ալի փաշա
Իրան Միր Աշրաֆ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Թուրք-պարսկական պատերազմ 1723-1727 թվականներին, վերջին ռազմական հակամարտությունը Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղասրե Շիրինի՝ 1639 թվականին կնքված հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև խաղաղություն հաստատվեց։ Քանի որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն այլ պետություններում չուներ մշտական դեսպանատներ, ապա կատարված իրադարձությունների մասին տեղեկատվությունը նրանց հասնում էր պատահականորեն, այդ իսկ պատճառով, երբ XVIII դարի սկզբին Պարսկաստանում ներքին խնդիրներ ծայր առան, 1720 թվականին սուլթան Ահմեդ III-ը շահ սուլթան Հուսեյնի մոտ որպես դեսպան ուղարկեց Ահմեդ Դյուրրի-էֆենդիին, որպեսզի սա տեղեկություններ հավաքի կատարվող իրադարձությունների մասին։ Այցի պաշտոնական նպատակը Սեֆյանների հետ խորհրդակցելն էր 1718 թվականին կնքված թուրք-ավստրիական առևտրական համաձայնագրի շուրջ, որի դրույթներից մեկը կարգավորում էր Օսմանյան կայսրության տարածքում պարսիկ առևտրականների տեղաշարժը։

1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզաների ցեղերը, որոնք հաջորդ տարի կարողացան նվաճել պարսից մայրաքաղաք Սպահանը։ Աֆղանների առաջնորդ Միր Մահմուդը իրեն նոր շահ հայտարարեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը նրան չընդունեց։ Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ դեպի հյուսիս և իրեն շահ հռչակեց այնտեղ։ Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան մարզերը։

Թահմասպը օգնության համար դիմեց Ռուսաստանին՝ խոստանալով դրա փոխարեն զիջել հյուսիսային գավառները։ Ռուսական զորքերը մտան Դաղստան և արևելյան Անդրկովկաս։ Օսմանյան կայսրությունը որոշեց օգտվել իրավիճակից և գրավել Անդրկովկասը և Քրդստանը։

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերի ներխուժումը Անդրկովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

1723 թվականին թուրքական զորքերը, խախտելով Ղասրե Շիրինի պայմանագիրը, ներխուժեցին Արևելյան Հայաստան և Արևելյան Վրաստան, ու երկու տարիների ընթացքում տիրեցին բոլոր շրջաններին` բացառությամբ Ղարաբաղի և Սյունիքի, ուր տեղի հայ իշխանները Դավիթ Բեկի, Ավան Յուզբաշու և Մխիթար Սպարապետի գլխավորությամբ գրեթե տասը տարի դիմադրում էին թուրքական ուժերի գրոհներին[1]։ Սյունիքի և Ղարաբաղի հայերը համաձայն էին ընդունել ռուսական հպատակությունը, բայց Ռուսաստանը չհամարձակվեց պատերազմել Օսմանյան կայսրության հետ։

Օսմանները կայազորեր տեղակայեց Թբիլիսիում, Նախիջևանում, Գանձակում և Երևանում։ Երևանի բերդը վերանորոգվեց և ծառայում էր որպես Օսմանյան ռազմական վարչակազմի շտաբ Արևելյան Հայաստանում[1]։

Երբ թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ 1723 թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի Գանձակ, այստեղի ադրբեջանցիները և Ղարաբաղի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան հետ նահանջել դեպի Վրաստան։ Սակայն 1724 թվականի վերջերին թուրքերին հաջողվեց գրավել Գանձակն ու մոտենալ Ղարաբաղի հայկական իշխանության սահմաններին։ Բայց հայկական զորքերը պատնեշի նման կանգնեցին նրանց առաջ։ Թուրքերին չհաջողվեց ոտք դնել Ղարաբաղի հողի վրա[2]։

Օսմանյան բանակի մի այլ ջոկատ 1724 թվականի գարնանը Քյոփուրլու Աբդուլլա փաշայի գլխավորությամբ Կարինից արշավեց դեպի Արևելյան Հայաստան և մարտին արդեն Շիրակի վրայով անցավ Արարատյան դաշտ։ Առաջապահ ջոկատները թևանցեցին Աշտարակը, Կարբին և հասան Եղվարդ գյուղ։

Երևանի Միհրալի խանը օսմանյան առաջապահ զորամասերի դեմ դուրս բերեց իր 12 հազարանոց բանակը, բայց Եղվարդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց և նահանջեց Երևան ու ամրացավ բերդում։ Թուրքական բանակը չշտապեց գրոհել Երևանի վրա։ Կարբի ավանում հայերը ձեռնամուխ էին եղել դիմադրություն կազմակերպելու գործին (Կարբին այն ժամանակ բավականին մեծ ավան էր, ուր բնակություն էին հաստատել հարուստ առևտրական ընտանիքներ)։ Օսմանցիները հարձակվեցին Կարբիի վրա, բայց հանդիպեցին հայերի ուժեղ դիմադրությանը։ Սարգսի, Աղաբաբի, Պողոսի և Ավագի ղեկավարությամբ կարբեցիները միառժամանակ հերոսաբար պաշտպանվում էին։ Նրանք դիմեցին Երևանի խանին, որպեսզի նա օժանդակ ուժ ուղարկի իրենց, սակայն օգնություն չստանալով` ստիպված եղան բանակցության մեջ մտնել թուրքերի հետ, քանի որ չէին կարող երկար դիմադրել օսմանյան 30-40 հազարանոց զորքին։ Բանակցությունների արդյունքում կարբեցիները համաձայնվեցին զինաթափ լինել, եթե օսմանյան զորքերը չմտնեն Կարբի։ Դրանից հետո օսմանյան բանակը գրավեց Աշտարակը, Էջմիածինը և շարժվեց դեպի Երևան։

Երևանի պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1724 թվականի ապրիլի 7-ին թուրքական բանակը մոտեցավ Երևանին և սկսեց իր գրոհները քաղաքի վրա։ Միհրալի խանը ուժեր չուներ քաղաքը տևականորեն պաշտպանելու համար. քաղաքի բնակչությունը հույսն իր ուժերի վրա պիտի դներ։ Առաջին նախաձեռնողները հայերը եղան։ Նրանք ջոկատներ կազմակերպեցին և ձեռնամուխ եղան քաղաքի պաշտպանության գործին։

Թուրքական բանակը դիրքեր գրավեց Հրազդան գետի ափին` Ձորագյուղի դիմաց, որպեսզի այնտեղից մտնի քաղաք, բայց թուրքերի գրոհներն ապարդյուն անցան։

Այդ անհաջողությունից հետո Աբդուլլա փաշան նոր համալրում պահանջեց և ստացավ 10 հազարանոց մի նոր բանակ։ Օսմանցիները թարմ ուժերով վերսկսեցին իրենց հարձակումները։ Նրանք անցան Հրազդան գետը, թափանցեցին Ձորագյուղի փողոցներ` ձգտելով մտնել քաղաք։ Սակայն հայ մարտիկները հերոսական դիմադրություն ցույց տվեցին։ Նրանք Հովհաննես Հունդիբեկյանի, Պողոս Քեչիբեկյանի, Կառչիկ Հովհաննեսի և Դավիթ Միրզեջանյանի գլխավորությամբ կասեցրին թուրքերի առաջխաղացումը, ջարդելով նրանց` հետ շպրտեցին։ Հայերի հաղթանակը փառավոր էր, բայց կորուստն էլ մեծ էր։ Նրանք այդ ճակատամարտում կորցրին 2000 մարտիկ։

Այդ ճակատամարտը լուրջ կերպով անհանգստացրեց հայերին. նրանք գիտեին, որ այդպիսի գրոհներ նորից կլինեն։ Նոր ջոկատներ կազմակերպելու և քաղաքի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով Գրիգոր վարդապետի գլխավորությամբ Սուրբ Սարգիս եկեղեցում խորհրդակցություն հրավիրվեց, որին մասնակցեցին նաև քաղաքի անվանի մարդիկ, Կոնդի հայ բոշաների առաջնորդները և քաղաքում տեղավորված շրջակա գյուղերի բնակչության ներկայացուցիչները։ Խորհրդակցությունը որոշեց դիմադրել թշնամուն և քաղաքը պաշտպանել բոլոր միջոցներով։

Թուրքական բանակը վերջին անհաջող ճակատամարտից հետո միառժամանակ դադարեցրեց իր գրոհները։ Բայց շուտով թուրքերին Եգիպտոսից օգնության եկան ընտիր զորամասեր։ Սրանք, առանց Աբդուլլա փաշայի կարգադրության, ձեռնարկեցին մի նոր գրոհ` դարձյալ Ձորագյուղի ուղղությամբ` հույս ունենալով Երևանի գրավումով փառքի արժանանալ և առատ ավար ձեռք բերել։ Նրանց հաջողվեց անցնել գետը, մտնել Ձորագյուղ և առաջ շարժվել։

Հայերի առաջապահ ջոկատները ստիպված եղան հետ քաշվել դեպի ջրաղացները։ Չնայած թշնամին առաջացավ դեպի քաղաք, սակայն մյուս թաղամասերից օգնության եկան ուրիշ ջոկատներ, որոնց հետ նաև բոշաներից կազմված ջոկատը։ Թուրքերի առաջխաղացումը կասեցվեց, նրանք մեծ կորուստ ունեցան` նահանջելով ելման դիրքեր և մարտի վայրում թողնելով վեց հազար դիակ։ Հայերի կորուստը ևս զգալի էր. այդ ճակատամարտում զոհվեց 1300 մարտիկ։

Հայերի հերոսական դիմադրությունը և թուրքական բանակի ծանր կորուստը Աբդուլլա փաշային հարկադրեցին նոր օգնություն խնդրել սուլթանից։ Վերջինս կարգադրեց Սարու Մուստաֆա և Ռաջաբ փաշաներին իրենց զորաբանակներով օգնության գնալ Աբդուլլային։

Շուտով տեղ հասավ թուրքերին օգնության եկող զորքը` 38 հազար զինվոր։ Հայերը գիտեին այդ մասին և սպասում էին, որ օսմանցիները նոր հարձակում կսկսեն, բայց հայ զորագնդերն արյունաքամ էին եղել, նոր լրացուցիչ ուժեր չկային և ոչ մի տեղից օգնություն ստանալու հույս չկար։

Հայերը սակավաթիվ ուժերով թուրքական ավելի քան 70 հազարանոց բանակի դեմ մնացել էին մենակ։ Դրությունը ահավոր էր։ Սուրբ Սարգիս եկեղեցում նորից հավաքվեցին խորհրդակցության։ Որոշվեց բանակցություններ սկսել թուրքական հրամանատարության հետ` քաղաքն առանց մարտի հանձնելու և դրանով իսկ կանխելու բնակչության կոտորածն ու ավարառությունը, սակայն բանակցություն սկսելու համար կար մի լուրջ դժվարություն. օսմանյան առաջապահ զինվորները թույլ չէին տալիս բանագնացներին հանդիպել հրամանատարության հետ և տեղնուտեղը սպանում էին։ Այդպես վարվեցին Հարություն անունով պատվիրակի հետ։ Սա իմանալով` խորհրդակցության մասնակիցներից Ախիջանյան Միրզան հանձն առավ գնալ` թեկուզ կյանքի գնով, բայց հազիվ հասավ թուրքական դիրքերի առաջին գիծ, երբ նրան սրախողխող արեցին։ Նրա թիկնապահը մի կերպ կարողացավ փախչել` իրեն նետելով Հրազդանի ջրերի մեջ, և գալով` պատմեց եղելությունը։ Հայերին մնաց կռվել, կռվել մինչև վերջին շունչը, վերջին կաթիլ արյունը։

1724 թվականի հունիսի 7-ի վաղ առավոտյան թուրքական բանակն սկսեց չորս կողմից գրոհել քաղաքի վրա։ Բազմահազար թուրք զինվորներ թափանցեցին քաղաքի փողոցները` ամենուրեք հանդիպելով հայ մարտիկների անձնուրաց և հերոսական դիմադրությանը։ Թուրքերին հաջողվեց ընկճել հայերի դիմադրությունը և գրավել Երևանը 60 օրվա հերոսական պաշտպանությունից հետո։ Երևանի պաշտպանությունը հայ ժողովրդի ազատագրական պատերազմների պատմության հերոսական էջերից մեկն է։

1724 թվականին Ռուսաստանի և Օսմանյան կայսրությունների միջև ֆրանսիական միջնորդների աջակցությամբ կնքվեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը, որում համաձայնեցված էին Պարսկական տերության հյուսիս-արևմտյան տարածքների բաժանման պայմանները։ Այս պայմանագրի հիման վրա, բայց ավելի շատ հենվելով պարզապես իրենց ուժի վրա` թուրքերը տեր դարձան ոչ միայն նրան, ինչ իրենց «զիջվել» էր, այլ նույնիսկ Ղազվինին՝ Թահմասպի պաշտոնական մայրաքաղաքին. Թահմասպը ստիպված եղավ փախչել դեպի Մազանդերանի լեռները։

Թուրքերն իրենց գործողությունները Պարսկաստանի դեմ արդարացնում էին նրանով, որ պարսիկները դավանում էին շիան՝ իսլամի «ոչ ճիշտ» տարբերակը, սակայն, այդուհանդերձ, որոշեցին ձևականորեն աջակցել ոչ թե աֆղաններին, այլ Սեֆյան դինաստիան վերականգնելուն։ Աֆղանները հանդգնեցին թուրքերի դեմ օգտագործել հենց իրենց կազուիստիկան (կեղծ փաստաբանություն). նրանք խնդրանքով դիմեցին սուլթանին՝ իրենց ճանաչել Պարսկաստանի օրինական տիրակալներ այն հիմնավորումով, որ պարսիկ շիաները հերետիկոսներ են։ Սակայն Ստամբուլում այս մարտահրավերը ոչ մի ազդեցություն չգործեց։

Այդ ընթացքում Պարսկաստանում հայտնվեցին Սեֆյան գահին հավակնող մի քանի ինքնակոչներ։ Ի պատասխան` Միր Մահմուդը հրամայեց կոտորել բոլոր իրական Սեֆյաններին, բայց 1725 թվականին ինքը զոհվեց պալատական հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում իշխանության եկավ նրա զարմիկ Միր Աշրաֆը։ Վերջինիս հաջողվեց թուրքերին կանգնեցնել բառացիորեն Սպահան մայրաքաղաքի մատույցներում։

արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1727 թվականին կնքվեց Համադանյան պայմանագիրը, ըստ որի Միր Աշրաֆը փաստացի իրեն ճանաչեց որպես սուլթանի վասալ և Օսմայան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը, ներառյալ այն շրջանը, ուր այժմ գտնվում է Թեհրանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Дж. Бурнутян «A Concise History of the Armenian People», Mazda Publishers, Inc. Costa Mesa California 2006, стр. 214:
  2. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 679

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «История Востока» (в 6 т.). Т.III «Восток на рубеже средневековья и нового времени. XVI—XVIII вв.» — Москва: издательская фирма «Восточная литература» РАН, 1999. ISBN 5-02-018102-1
  • Кэролайн Финкель «История Османской империи. Видение Османа», — Москва, АСТ, 2010. ISBN 978-5-17-043651-4
  • Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 679-696