Օպերատիվ-հետախուզական գործունեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը (կրճ.՝ ՕՀԳ) պետական իրավապահ գործունեության տեսակ է։ Այս գործունեության մասին հասարակության և ինչու չէ գիտական լայն շրջանները տեղեկացան միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։ Մասնավորապես, 2007 թ.-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց "Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին" ՀՀ օրենքը[1], որում առաջին անգամ հայ իրականության մեջ օրենսդրական կարգավորման ենթարկվեց իրավապահ գործունեության այս տեսակը։ Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացության օրենսդրական սահմանումն ամրագրվեց այդ օրենքի 3-րդ հոդվածում. "Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է"։ Ի տարբերություն ՕՀԳ օրենսդրական սահմանման, ՕՀԳ տեսությունում տրվում է ՕՀԳ դոկտրինալ սահմանումը, որն առավել ծավալուն և բովանդակալից է, ներառում է պետական գործունեության այս տեսակի ավելի շատ հատկանիշներ, որոնք օրենսդիրն "աչքաթող" է արել։ Պետական գործունեության այս տեսակն առավելապես օգտագործում է գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչը հանդիսանում է պետական իրավապահ գործունեության այլ տեսակներից (օր.՝ քրեադատավարական) ՕՀԳ հիմնական տարբերությունը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երևում է ՕՀԳ օրենսդրական սահմանումից, իրավապահ գործունեության այս տեսակի բովանդակությունը (կամ՝ իրականացման մեխանիզմը) հանգում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հասկացությունը ՕՀԳ մասին ՀՀ օրենքը չի ամրագրել։ Այս հասկացության դոկտրինալ սահմանումը հանդիպում է ՕՀԳ տեսությունում #ՎԵՐԱՀՂՈւՄ։ Այսպես, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ասելով հասկանում ենք օպերատիվ-մարտավարական գործողություններ կամ դրանց համակցություն, որոնց շրջանակներում կիրառվում են օպերատիվ-հետախուզական գործունեության բացահայտ և գաղտնի ուժերը, միջոցները և մեթոդները։ Օպերատիվ-մարտավարական գործողությունները նկարագրված են ՕՀԳ մասին օրենքում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների բովանդակությունը բացահայտող հոդվածներում։ ՕՀԳ մասին ՀՀ օրենքում ամրագրված են թվով 16 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 1) օպերատիվ հարցում. 2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում. 3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում. 4) հսկիչ գնում. 5) վերահսկելի մատակարարում և գնում. 6) իրերի և փաստաթղթերի հետազոտում. 7) արտաքին դիտում. 8) ներքին դիտում. 9) անձի նույնացում. 10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում. 11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում. 12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում. 13) օպերատիվ ներդրում. 14) օպերատիվ փորձարարություն. 15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում. 16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում։

Օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՕՀԳ միջոցներն են. 1. հատուկ տեխնիկան, 2. օպերատիվ հաշվառումները, 3. հետախուզական (ծառայողական) շները։

Քաղաքացիների և այլ անձանց մասնակցությունը օպերատիվ-հետախուզական գործունեությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՕՀԳ մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք՝ պահպանելով համագործակցության գաղտնիությունը։ Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ։ Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին։ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները։ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման և վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով։ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու՝ 1) պատգամավորների. 2) նախարարների. 3) դատավորների. 4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների։ Օպերատիվ-հետախուզական գործունեությանը կամավորության հիմունքներով անձանց օգնության գաղտնի օգտագործումը ՕՀԳ էական հատկանիշներից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]