Օննիկ Չիֆթե-Սարաֆ
Օննիկ Չիֆթե-Սարաֆ | |
---|---|
Ծննդյան անուն | Հովհաննես Աբիսողոմյան |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1874 |
Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 11, 1932 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | հայերեն |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Օննիկ Չիֆթե-Սարաֆ Վիքիդարանում |
Օննիկ Չիֆթե-Սարաֆ (Հովհաննես Գրիգորի Աբիսողոմյան, հոկտեմբերի 26, 1874, Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 11, 1932, Ժնև, Շվեյցարիա), հայ արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Գատը գյուղի Արամյան դպրոցում և ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Նյութական անբարենպաստ պայմանների պատճառով վերջին դասարանից դուրս է գալիս և աշխատում է որպես վաճառատան գրագիր։
1900 թ. «Սուրհանդակ» թերթում տպագրել է գրական ակնարկներ «Նժդրակի հարվածներ» ընդհանուր վերնագրով, Օննիկ Չիֆթե Սարաֆ ստորագրությամբ։ Հաջորդ տարում նա հրավիրվում է աշխատակցելու Գրիգոր Զոհրապի և Արփիար Արփիարյանի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթին, որտեղ և տպագրվում են նրա առաջին «Ճերմակներով», «Մեծ «այո»-ն» և այլ նորավեպեր։ Վերջինս արժանանում է «Մասիսի» հայտարարած մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։
1902-1903 թթ. Չիֆթե-Սարաֆը ճանապարհորդում է Եվրոպայում։ Լինում է Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Խիստ շահեկան և տպավորություններով հարուստ այդ ուղևորության արդյունք են մի շարք նորավեպեր և ճանապարհորդական ակնարկաներ՝ «Մշուշի միջեն», «Ռոմա», «Տոմոն», «Մորկեն մեջ» և այլն։ 1903 թ. «Ծաղիկ» շաբաթաթերթում հրատարակված «Միամիտի մը արկածները» վեպը ևս այդ ուղևորության արդյունք է։ Հետագա տարիներին «Մասիս», «Ծաղիկ», «Արևելյան մամուլ», «Շիրակ», «Հայ գրականություն», «Շանթ» պարբերականներում, Թեոդիկի և այլ տարեցույցներում, «Բյուզանդիոն», «Նոր լուր», «Արև» օրաթերթերում հրապարակվում են Չիֆթե-Սարաֆի նորավեպերն ու պատկերները, ուղեգրական ակնարկները, թարգմանությունները (Վիկտոր Հյուգոյից, Անատոլ Ֆրանսից, Պոլ Բուրժեից և այլ հեղինակներից) և բազում հոդվածներ[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չիֆթե-Սարաֆը բանակ է կանչվում և այս կերպ ազատվում գրչակից ընկերներին վիճակված զարհուրելի սպանդից։ Նա փախչում է բանակից և մինչև զինադադար ծպտված ապրում Պոլսում։
1919 թ. ստանձնում է «Հայ միտք» շաբաթաթերթի հրատարակությունը։ Մինչև 1922 թ. ապրել է Պոլսում, ապա քեմալական շարժման հաղթանակից հետո հայ որբերի հետ անցել է Հունաստան, պաշտոնավարել հունական Քորֆու որբանոցում։ 1923-1932 թթ. աշխատակցել է սկզբում Մարսելում, ապա՝ Ժնևում որպես ուսուցիչ։ Այս տարիներին նա գրում է «Բարի և չարի խոսքեր», «Ազգային տիպեր» պատկերոշարքերը, «Նոյան տապանեն» երգիծական ակնարկները և բազմաթիվ այլ գեղեցիկ էջեր։
Վախճանվել է ծանր վիրահատությունից հետո[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրք թերորի օրերէն։ Իմ բանտարկութիւնս, Կ. Պոլիս, 1909։
- Երկեր, Ե., 1981:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշե Պետրոսյան, Գրական դեմքեր, Ե., 1977:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ J. Hacikyan, Agop (2005). The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times. Detroit: Wayne State Univ Pr. pp. 709-711. ISBN 9780814332214. Retrieved 14 December 2012.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 119-120.
- ↑ Օննիկ Չիֆթե-Սարաֆ (1981). Երկեր. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 3-5.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օննիկ Չիֆթե-Սարաֆ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 1932 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անձինք Սկյուտարից
- Արևմտահայ արձակագիրներ
- Հայալեզու գրողներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Սկյուտարում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ