Օլիվերա Դեսպինա
Օլիվերա Դեսպինա | |
---|---|
Ծնվել է | 1372 |
Ծննդավայր | Կրուշևաց, Արևմտյան Մորավիա[1] |
Մահացել է | 1444[2] |
Քաղաքացիություն | Արևմտյան Մորավիա |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Բայազիդ I |
Ծնողներ | հայր՝ Լազար Հրեբելյանովիչ, մայր՝ Միլիցա Հրեբելյանովիչ |
Օլիվերա Դեսպինա (սերբ.՝ Оливера Лазаревић, 1372, Կրուշևաց, Արևմտյան Մորավիա[1] - 1444[2]), Սերբիայի իշխան Լազարի դուստրը, թուրքական սուլթան Բայազիդ I-ի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայի իշխան Լազար Հրեբելյանովիչի և Սերբիայի արքայադուստր Միլիցայի կրտսեր դուստրը։ Ծնվել է մոտավորապես 1373-1376 թվականներին, ծննդյան հստակ տարեթիվը հայտնի չէ։ Նա ունեցել է չորս քույր և երկու եղբայր։ Այդ ժամանակ իշխանական երեխաները լավ կրթություն էին ստանում․ էթիկետ, ընթերցանություն, գրագրություն, մաթեմատիկա, երգեցողություն, լատիներեն և հունարեն, քրիստոնեական աստվածաբանություն և փիլիսոփայություն[3]։ Դեսպինան իր սեփական անունը չէ, այն նշանակում է դեսպոտի (տիտղոս) կին կամ դուստր՝ այսպես էր կոչվում սերբական իշխանի տիտղոսը[4]։
1389 թվականին Օլիվերայի հոր զորքը պարտություն է կրել Կոսովոյի դաշտի ճակատամարտում թուրքական սուլթան Մուրադ I-ից։ Լազար գերի է ընկել թուրքերի մոտ և մահապատժի ենթարկվել, ինչպես սերբական ազնվականության շատ այլ ներկայացուցիչներ։ Նույն ճակատամարտում Մուրադը ևս մահացավ, նոր սուլթան դարձավ նրա որդին՝ Բայազիդը։
Սուլթանի կին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիան դառնում է Օսմանյան կայսրության վասալը և խոստանում է վճարել տուրք, ինչպես նաև մատակարարել օսմանյան բանակի զորքերին։ Երկիրը ղեկավարում էր Օլիվերայի եղբայրը՝ Ստեֆան Լազարևիչը։ Օլիվերային ուղարկել են Բայազիդի հարեմ, նա դարձել էր սուլթանի մի քանի կանանցից մեկը։ Սուլթանի հարեմը գտնվում էր Օսմանյան կայսրության այն ժամանակվա եվրոպական մայրաքաղաքում, Ադրիանապոլիս քաղաքում։ Օլիվերայի եղբայրները, Ստեֆանն ու Վուկը, նույնպես գնացել են սուլթանի մոտ, ընդունելու իրենց վասալական կարգավիճակը։ Սերբ հեղինակները գրում են, որ Օլիվերան ամուսնության մեջ չի ընդունել իսլամը, պահպանելով քքրիստոնեական հավատը։ Ըստ աղբյուրների, Օլիվերան շատ գեղեցիկ էր և մեծ ազդեցություն է ունեցել սուլթանի վրա, նրան նախասիրությունները ուղղորդելով իր եղբոր Ստեֆանի օգտին[5]։ Պատմաբան ու աստվածաբան Նիկոլա Գիլյենը Օլիվերի ամուսնությունը այդ պահին գնահատում է որպես սերբ ժողովրդի և սերբական պետության գոյատևման առավել խելամիտ որոշում[6]։
Օլիվերայի մայրը՝ արքայադուստր Միլիցան, 1393 թվականին (միանձնուհի Եվգենիայի կարգավիճակում), գնացել է սուլթանի մոտ, խնդրելով թույլ տալ սբ․ Սերբիայի Պարասկևայի մասունքները տեղափոխել Վալախիայից Բելգրադ։ Պատմաբան Վլադիմիր Չորովիչը գրում է, որ Օլիվերայի շնորհիվ Միլիցային լավ են ընդունել[7]։ Այնուհետև հաջորդել է Ստեֆանի այցը, որի վրա վտանգ էր կախված դավաճանության մեջ կասկածով։ Ավելի վաղ Ստեֆանը, որն ակտիվ քաղաքական գործունեություն էր վարում, միավորվել էր Հունգարիայի թագավոր Սիգիզմունդի հետ։ Պատմաբանների կարծիքով, Օլիվերը մեծ դեր է խաղացել այն բանում, որ Ստեֆանը խուսափել է Սուլթանի զայրույթից և նույնիսկ ամրապնդել է նրա հետ լավ հարաբերությունները։ Լազարի ընտանիքը առավել բարձր դիրք է զբաղեցրել Բայազիդի արքունիքում՝ համեմատած մյուս սերբ ազնվականության հետ, առաջին հերթին՝ Բրանկովիչների հետ համեմատ։
Լենկթեմուրի գերի
[խմբագրել | խմբագրել կոդը]1402 թվականին Կենտրոնական Ասիայի հրամանատար Լենկթեմուրը հաղթել է օսմանյան բանակին Անգորայի ճակատամարտում, որտեղ Բայազիդի կողմից կռվում էին սերբերը՝ Ստեֆանի գլխավորությամբ։ Օլիվերան և նրա ամուսինը գերի են ընկել Լենկթեմուրի մոտ։ Մոտ մեկ տարի անց Լենկթեմուրը ազատ է արձակել Օլիվերային, դա տեղի է ունեցել նրա ամուսնու մահից հետո։ Գոյություն ունեն գերության մեջ գտնվելու հանգամանքների տարբեր վարկածներ։ Մի տարբերակի համաձայն, Օլիվերան և Բայազիդը ենթարկվել են տարբեր նվաստացումների. Բայազիդին պահել են վանդակի մեջ, կերակրել են մնացորդներով, իսկ Օլիվերային ստիպել են մերկ ծառայել խնջույքների ժամանակ Լենկթեմուրին և նրա պալատականներին[7]։ Հուսահատության մեջ Բայազիդը կոտրել է իր գլուխը վանդակի ճաղերի վրա, չկարողացավ տեսնել կնոջ նվաստացումը[7]։ Նման նկարագրություն տվել է բյուզանդացի ժամանակագիր Լաոնիկ Խալկոկոնդիլը, ապա՝ Մավրո Օրբինին իր «Սլավոնական պատմության մեջ»[7]։ Այլ աղբյուրներ, մասնավորապես, Կոնստանտինը Օստրովիցայից, թուրքական և մոնղոլական աղբյուրները, Կոնստանտին Փիլիսոփան, Ջորջե Բրանկովիչը, Յովան Ռեյխը, կարծում են, որ Լենկթեմուրը հարգալից կերպով է վերաբերվել բանտարկյալներին[7]։ Այնուամենայնիվ, աղբյուրները համամիտ են այն բանում, որ Բայազիդը ինչ-ինչ պատճառներով մահացել է գերության մեջ, և Օլիվերան անմիջապես ազատ է արձակվել։ Սերբ պատմաբան Ստոյան Նովակովիչը և այլ պատմաբաններ ենթադրում են, որ այս լեգենդը, նույնիսկ մտացածին լինելով (գերության մեջ նվաստացումները և Բայազիդի ինքնասպանությունը), ցույց է տալիս կնոջ հանդեպ սուլթանի մեծ զգացմունքային կապվածությունը[8]։ Նովակովիչը գրում է, որ այստեղ իր արտացոլումն է գտնում այն, որ Օլիվերան հարեմում գրավել է Բայրիզիդի սիրտը (որը նկարագրվում է որպես շատ կրքոտ անձնավորություն), և սրանով է բացատրվում Լազարի ընտանիքի արտոնյալ դիրքը[8]։ Օլիվերան 1403 թվականի գարնանը վերադարձավ Սերբիա։
Կյանք Սերբիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիա վերադառնալուց հետո Օլիվերան կարճ ժամանակ ապրել է Կլադովոյի մոտակայքի Մանաստրիիցա գյուղում գտնվող վանքում։ Այնուհետև նա տեղափոխվել է Սերբիայի նոր մայրաքաղաք Բելգրադ, որտեղ նա ապրել է Ստեֆանի արքունիքում, եղել է նրա խորհրդականը։ Օլիվերան հատկապես օգտակար էր իր եղբորը Օսմանյան կայսրության իշխանության համար թեկնածուների պայքարի ժամանակաշրջանում, որի մեջ ներգրավված էր Ստեֆանը, քանի որ գիտեր Բայազիդի որդիներին։ 1427 թվականին Ստեֆանի մահից հետո և հունգարացիների ձեռքը Բելգրադի փոխանցումից Օլիվերան ապրել է Սմեդերևոյում իր զարմիկ Գեորգի Բրանկովիչի հետ, որտեղ նրանք տեղափոխել էին մայրաքաղաքը։ Մահացել է 1444 թվականին, թաղման վայրը հայտնի չէ։
Ստեֆանի «Սիրո խոսք» բանաստեղծությունը, գրված 1409 թվականին ըստ մի վարկածի, նվիրված է Օլիվերային (մյուս վարկածներով՝ իր հարսնացուին կամ, ամենայն հավանականությամբ, իր եղբայր Վուկին)[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եֆիմիա
- Սերբիայի արքայադուստր Միլիցա
- Սերբիայի սբ․ Անգելինա
- Մարա Բրանկովիչ
- Ելենա Բալշիչ
- Հելեն Անժուի
- Սիմոնիդա
- Մարիա Անգելինա Դուկաինա Պալաիոլոգինա
- Նիկոդեմուս Տիսմանայի
- Կասիա
- Աննա Կոմնենե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #14203147X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Pod sedam velova | Ostali članci | Novosti.rs
- ↑ Записки янычара (комментарии к тексту)
- ↑ Miljenica sultana | Ostali članci | Novosti.rs
- ↑ Za spas naroda | Ostali članci | Novosti.rs
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Princeza Olivera Lazarević najmladja kći kneza Lazara i kneginje Milice
- ↑ 8,0 8,1 Zajedno zatočeni | Ostali članci | Novosti.rs
- ↑ Журнальный зал | Слово любви
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ćirković, Sima (2004). The Serbs. Malden: Blackwell Publishing.
- Princess Olivera, a forgotten Serbian Heroine, Princess Olivera Foundation, Belgrade 2009 (978-86-912875-2-8)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Princess Olivera - Foundation Фонд „Принцеза Оливера“
- Оливера - принцеза у харему („Вечерње новости“, фељтон 1-10. новембар 2009) Արխիվացված 2019-06-08 Wayback Machine - sr
|