Օդափոխիչ


Օդափոխիչ, օդը կամ մի այլ գազային ճնշման տակ (սովորաբար մինչև 0,15 Մպա) մատուցելու հարմարանք։ Ծառայում է շենքերի և հանքերի օդափոխման, խողովակաշարերով օդային խառնուրդների փոխադրման և այլ նպատակների համար։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական տեսակներն են կենտրոնախույս (կամ շառավղային) և առանցքային օդափոխիչները։
Կենտրոնախույզ օդափոխիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնախույս օդափոխիչը բաղկացած է պարուրաձև պատյանի մեջ տեղադրված թիանվից, որի պտտման հետևանքով մուտքի անցքից մատուցվող գազն անցնում է թիակների միջև եղած կանալները և կենտրոնախույս ուժի ազդեցությամբ շարժվում դեպի պարուրաձև պատյանը, ապա՝ դեպի ելքի անցքը։
Առանցքային օդափոխիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանցքային օդափոխիչը բաղկացած է գլանաձև պատյանում տեղադրված թիանվից, որի պատման հետևանքով մատուցվող գազը տեղաշարժվում է առանցքի ուղղությամբ։ Վերջինս կենտրոնախույս օդափոխիչների համեմատությամբ ավելի պարզ է, ունի ավելի բարձր օգտակար գործողության գործակից և օժտված է դարձափոխման հատկությամբ, սակայն բարձր ճնշումներ չի ապահովում։
Տրամագծային կամ լայնական հոսքով օդափոխիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինում են նաև տրամագծային կամ լայնական հոսքով (ծռված թիակներով անիվը մասամբ գտնվում է պատյանի մեջ) օդափոխիչներ, որոնք նախորդների համեմատությամբ կարող են ստեղծել ավելի բարձր ճնշումներ և ավելի արտադրողական են։
Տարբերում են նաև ծխածծիչներ (ծխագազերի տեղափոխման համար), փոշային (մեխանիկական խառնուկներով աղտոտված օդի տեղափոխման համար) և տանիքային (տանիքում ներկառուցված) օդափոխիչներ։
Հանքային օդափոխիչներն ըստ նշանակության լինում են․
- Գլխավոր օդափոխման, որոնք հանքարանի բոլոր փորվածքներին օդ են մատուցում,
- Օժանդակ, տեղափոխվում են հանքային աշխատանքների կատարմանը զուգընթաց և ապահովում հանքարանի առանձին թևին, մեկ կամ մի քանի հանքամասերին կամ բլոկներին օդի մատուցումը,
- Մասնակի օդափոխման օդափոխիչներ՝ փակուղային փորվածքախորշերն ապահովում են օդով։
Օդափոխիչը գործողության մեջ է դրվում շարժիչով՝ փոկային փոխանցման կամ առաձգական կցորդիչի միջոցով։ Խոշոր օդափոխիչներն ունեն կարգավորիչ և թրթռամեկուսիչ հարմարանքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 520)։ ![]() |