Օդային նավագնացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդային նավագնացություն, օդանավագնացություն,

  • Գիտություն թռչող ապարատների (ԹԱ) վարման մեթոդների և միջոցների մասին։
  • Թռիչքի կառավարման երկրային կետերից կամ թռչող ապարատներից՝ նավագնացային տարրերի որոշման և թռչող ապարատների վարման համար դրանց օգտագործման գործողությունների համախումբ։ Օդային նավագնացության սկզբունքները սկիզբ են առնում ծովային նավագնացությունից և ծովագնացային աստղագիտությունից։ Օդային նավագնացությունը ապահովում է թռչող ապարատների վարումը տրված ծրագրով՝ թռիչքի երթուղով և պրոֆիլով որոշվող հետագծով, լուծում մասնավոր նավագնացային խնդիրներ։ Նավագնացային տարրերի (ուղղույթի, անկյան շեղման, բարձրության, թռչող ապարատների դիրքի կոորդինատների և այլն) որոշման համար կիրառում են զանազան տեխնիկական միջոցներ․
  • Երկրատեխնիկական (բարձրաչափեր, օդային և ուղեգծային արագությունների չափիչներ, մագնիսական և գիրոմագնիսական կողմնացույցներ, գիրոկիսակողմնացույցներ, օպտիկական դիտոցներ, նավագնացային իներցիալ համակարգեր),
  • Ռադիոտեխնիկական (ռադիոբարձրաչափեր, ռադիոփարոսներ, ռադիոկողմնացույցներ, ռադիոնավագնացային համակարգեր),
  • Աստղագիտական (աստղագիտական կողմնացույցներ, սեքստանտներ, աստղակողմնորոշիչներ), լուսատեխնիկական (լուսափարոսներ)։

Ցանկացած եղանակի դեպքում թռչող ապարատների՝ տրված երթուղիով ճշգրիտ թռիչք ապահովելու համար տարբեր սկզբունքով աշխատող նավագնացային միջոցներով կազմում են կոմպլեքս համակարգեր։ Ընդհանուր դեպքում նավագնացային կոմպլեքս համակարգը որոշում է թռչող ապարատների դիրքը երեք կոորդինատներով (երկայնությամբ, լայնությամբ և բարձրությամբ)։ Օդային երթևեկության հնարավոր առավելագույն անվտանգության ապահովման աճող պահանջները պայմանավորեցին օդային նավագնացության և օդային երթևեկության կառավարման ավտոմատացված կոմպլեքս համակարգերի ստեղծումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 518