Օդային հետախուզություն




Օդային հետախուզություն (ավիացիոն հետախուզություն, ավիահետախուզություն)՝ ռազմական հետախուզության տեսակներից մեկը, որն իրականացվում է օդից թռչող սարքերի օգնությամբ։
Օդային հետախուզությունն իրականացվում է հետախուզական ավիացիայի զորամասերի, ավիացիոն միավորումների հետախուզական ստորաբաժանումների, մարտական խնդիրներ (հետախուզական թռիչք) իրականացնող բոլոր անձնակազմերի կողմից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ, ինքնաթիռ, ավտոմատ աէրոստատ և այլն) հակառակորդի մասին տեղեկություն (օբյեկտներ, ուժեր և միջոցներ, տեղանք և այլն) ստանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի բոլոր զորատեսակների, առանձին զորատեսակների և հատուկ զորքերի կողմից մարտական գործողություններ վարելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային հետախուզության համար օգտագործվող առաջին թռչող սարքերը եղել են օդապարիկներ, որոնք օգտագործվել են Չինաստանում, ավելի ուշ՝ 1850-ականների վերջից, օգտագործվել են աէրոստատները։ 20-րդ դարի սկզբին օդային հետախուզության համար սկսեցին լայնորեն կիրառվել ինքնաթիռները։
Որպես ինքնուրույն հետախուզության տեսակ օդային հետախուզությունը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
ԱՄՆ ռազմական ավիացիայում օդային հետախուզություն վարելու համար առաջին մասնագիտացված ստորաբաժանումը (1st Photographic Squadron) 12 երկշարժիչ «Beechcraft» ինքնաթիռն էր՝ զինված տեսախցիկով և լուսավորող ռումբեր նետելու սարքով (գիշերային պայմաններում լուսանկարելու համար) ստեղծվել է 1941 թվականին «Ռայթս Ֆիլդ» օդանավակայանում[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ինքնաթիռների թռիչքների 12%-ն իրականացվել է օդային հետախուզություն իրականացնելու նպատակով։ Ռազմական գործողությունների մասշտաբների աճին զուգահեռ մեծանում էր օդային հետախուզության ինտենսիվությունը։ 1941-ին օդային հետախուզության համար օդանավերի թռիչքների թիվը կազմել է 9,2%, 1944թ-ին այն աճել է մինչև 15%, իսկ կարևորագույն հարձակողական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում հասել է 25%-30%-ի։ Օդային հետախուզությունը ոչ միայն տեղեկություններ է ձեռք բերել հակառակորդի մասին, այլև լրացրել ու փաստագրել է հետախուզության այլ տեսակների տվյալները։ Արագ փոփոխվող իրավիճակում օդային հետախուզությունը հաճախ հակառակորդի մասին տեղեկություններ ստանալու միակ միջոցն էր համազորային և ավիացիոն հրամանատարության համար։ Օրինակ, 1942/43-ի ձմռանը միայն օդային հետախուզությանը հաջողվեց ժամանակին բացահայտել երկու գերմանական տանկային դիվիզիաների տեղափոխումը Հյուսիսային Կովկասից Կոտելնիկովոյի մարզ՝ Ստալինգրադի մոտ շրջապատված իրենց զորքերը շրջափակումից հանելու համար։
Օդային հետախուզությունը պատերազմի ժամանակ իրականացվում էր երկու եղանակով՝ տեսողական դիտարկման և օդային լուսանկարահանման միջոցով։ Ընդ որում, եթե 1941 թվականին օդային լուսանկարչությունը կազմում էր բոլոր հետախուզական թռիչքների 10%-ից մի փոքր ավելին, ապա 1945 թվականին այդ ցուցանիշը գերազանցում էր 86%-ը։ Հայրենական հետախուզական ավիացիայի թույլ օղակը պատերազմի ժամանակ մասնագիտացված հետախուզական ինքնաթիռների բացակայությունն էր[2]։
ԽՍՀՄ Զինված ուժերի Ռազմածովային նավատորմի հետախուզական ավիացիան Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային հետախուզությունը ԽՍՀՄ Զինված ուժերի Ռազմածովային նավատորմի և նրա ավիացիայի, ինչպես նաև առափնյա ուղղություններում զորքերի գործունեության մարտական աջակցության կարևորագույն տեսակն էր։ Պատերազմից առաջ հետախուզական ավիացիան, որը բաղկացած էր առանձին գնդերից և էսկադրիլիաներից, կազմում էր Ռազմածովային նավատորմի ավիացիայի ընդհանուր կազմի 25%-ը և քանակային առումով զիջում էր միայն կործանիչ ավիացիային[3]։
Հետախուզական ավիացիայի կազմում գտնվում էին հիմնականում ՄԲՐ-2 տեսակի հիդրոինքնաթիռները։ Հյուսիսային նավատորմում հաշվվում էր 54, Կարմրադրոշ Բալթյան նավատորմում՝ 151, Սևծովյան նավատորմում՝ 140, Խաղաղօվկիանոսյան նավատորմում՝ 216 հիդրոինքնաթիռ։ Բացի այդ, Խաղաղօվկիանոսյան նավատորմում հաշվվում էր 45 անվավոր ինքնաթիռ-հետախույզ[3]։
Հիդրոինքնաթիռների աձնակազմերը հաջողությամբ գործում էին գիշերային ժամերին։ Ցերեկային ժամերին օդային հետախուզությունը վարվում էր հիմնականում ավելի արագընթաց և ավելի լավ զինված ինքնաթիռ-ռմբակոծիչներով՝ Իլ-4 կամ ՍԲ-2, ինչպես նաև տարբեր տեսակի կործանիչներով։ Պատերազմի ընթացքում հետախուզական ավիացիան ստացել է երկշարժիչ ինքնաթիռներ՝ Պե-2, Պե-3, Ա-20Ժ, ինչպես նաև միաշարժիչ Յակ-1, Յակ-7, Յակ-9 ավելի լավ մարտավարատեխնիկական բնութագրերով և նոր լուսանկարչական սարքավորումներով[3]։
Օդային հետախուզության հիմնական խնդիրն էր.
- ծովային հաղորդակցությունների վրա նավերի, շարասյունների, ռազմաճակատի ափամերձ հատվածներում ռազմածովային բազաների և նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային ուժերի օբյեկտների հետախուզում,
- ծովում սուզանավերի, ինչպես նաև բազաների և նավահանգիստների մոտակայքում տեղադրված ականների որոնում և ոչնչացում։
Պատերազմի ժամանակ հետախուզության նպատակով իրականացվել է ավելի քան 56 հազար ինքնաթիռային թռիչք, ինչը կազմում էր Ռազմածովային նավատորմի կողմից իրականացված բոլոր թռիչքների 16 տոկոսը։ Օդային հետախուզության ինտենսիվությունը կազմել է միջինում 40 ինքնաթիռային թռիչք մեկ օրվա ընթացքում։
Օդային հետախուզական մեթոդները կիրառություն են գտել տնտեսության քաղաքացիական հատվածում։ Այսպիսով, ԽՍՀՄ-ում 1950-ական թվականներին անցկացվեցին կուղբերի ամբարտակների օդային հետազոտություններ[4], 1961 թվականից սկսեցին օգտագործել սմբակավոր կենդանիների օդային տեսողական հաշվառում, իսկ ավելի ուշ մշակվեցին մեթոդներ՝ Յակ-12Ա ինքնաթիռներից, Մի-1 և Մի-4 ուղղաթիռներից որսի կենդանիների այլ խմբերի հաշվման համար։ 1968-1972 թվականներին Բնության պահպանության կենտրոնական լաբորատորիայի մասնագետները մշակել են որսահարման կենդանիների օդային հաշվառման մեթոդիկա (Յակ-12Մ ինքնաթիռից)[5][6]։
1969-1971թթ ԽՍՀՄ-ում մշակվել է ինքնաթիռից սառույցի հաստության հեռավոր չափման մեթոդ (1971-ին իրականացվել է ծովի սառույցի առաջին փորձնական չափումը, 1973-ին սկսվել է մի շարք սարքավորումների փորձնական շահագործումը, իսկ 1979-ին «Սառույց» կայանքը քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների համար ներկայացվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին[7]։
Ժամանակակից իրավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրների մեծ մասի զինված ուժերում օդային հետախուզության հիմնական միջոցներն են ղեկավարվող և անօդաչու հետախուզական ինքնաթիռները։ Նրանք ի վիճակի են արագորեն հասնել զգալի հեռավորության վրա գտնվող հետախուզական թիրախներին, կարճ ժամանակահատվածում զննել մեծ տարածքներ, ստանալ հուսալի հետախուզական տվյալներ հակառակորդի մասին և օպերատիվ կերպով հանձնել այն հրամանատարությանը (այդ թվում՝ օդանավից փոխանցման միջոցով)։ Մարտական գործողություններին առավել ամբողջական և ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար օդային հետախուզությունը պետք է մշտապես փոխազդի հետախուզության այլ տեսակների հետ։
Օդային հետախուզությունը բաժանվում է ռազմավարական, օպերատիվ և մարտավարական տեսակների։
Ռազմավարական օդային հետախուզությունն իրականացվում է հակառակորդի խորը թիկունքում տեղակայված ռազմավարական օբյեկտների վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալները բարձր հրամանատարությանը տրամադրելու համար։
Օպերատիվ օդային հետախուզությունն իրականացվում է զինված ուժերի և զորատեսակների միավորումների (կազմավորումների) հրամանատարության շահերից՝ ճակատային և բանակային գործողությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև նավատորմի և ռազմաօդային ուժերի կողմից իրականացվող գործողությունների համար։
Մարտավարական օդային հետախուզությունն իրականացվում է զինված ուժերի միավորումների և զորամասերի հրամանատարության և զինված ուժերի զորատեսակների շահերից՝ նրանց մարտական գործողությունների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ տրամադրելու նպատակով։ Մարտավարական օդային հետախուզության հիմնական ջանքերը կենտրոնացված են մարտադաշտում և մարտավարական խորության վրա գտնվող օբյեկտների վրա։
Օդային հետախուզության անցկացման հիմնական մեթոդներն են.
- տեսողական դիտարկում,
- հետախուզություն՝ օդալուսանկարահանման միջոցով,
- հետախուզություն՝ ռադիոէլեկտրոնային միջոցներով։
Օդային հետախուզություն իրականացնելու մեթոդի ընտրությունը կախված է կատարվող առաջադրանքից, թռչող սարքի տեսակից և դրա հետախուզական սարքավորումներից, հակառակորդի հակազդեցությունից, օրվա ժամից և օդերևութաբանական պայմաններից։
Տեսողական դիտարկումն իրականացվում է անզեն աչքով կամ օպտիկական սարքերի օգնությամբ։ Այն թույլ է տալիս արագ ուսումնասիրել մեծ տարածքներ, ստանալ ընդհանուր տվյալներ հակառակորդի խմբավորումների և գործողությունների, օբյեկտների վերաբերյալ, ուսումնասիրել տեղանքը և եղանակը, անմիջապես ամփոփել և թռչող սարքից ստացված հետախուզական տվյալները փոխանցել հրամանատարությանը։
Օդալուսանկարահանման միջոցով հետախուզությունն իրականացվում է ցերեկային և գիշերային օդային տեսախցիկների միջոցով (պլանային, հեռանկարային, պանորամային)։ Այն տրամադրում է առավել ամբողջական, հուսալի և ճշգրիտ տվյալներ հակառակորդի զորքերի, օբյեկտների և տեղանքի վերաբերյալ։
Ռադիոէլեկտրոնային միջոցների օգնությամբ հետախուզությունը բաժանվում է․
- ռադիո-,
- ռադիոտեխնիկական,
- ռադիոտեղորոշման,
- հեռուստատեսական։
Ռադիոհետախուզության համար օգտագործվում են ինքնաթիռային ռադիոընդունիչ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել հակառակորդի ռադիոհաղորդումների բովանդակությունը, որոշել նրա ուժերի կազմը և տեղակայումը, ստանալ տվյալներ նրանց գործունեության և մտադրությունների մասին։
Ռադիոտեխնիկական հետախուզության մեջ կիրառվում են ռադիոուղեցուցման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս որոշել հակառակորդի ռադիոտեղորոշման և ռադիոհեռուստակառավարման սարքավորումների հիմնական տեխնիկական պարամետրերը, ինչպես նաև դրանց տեղորոշումը։ Այն կարող է իրականացվել ցանկացած օդերևութաբանական պայմաններում՝ ցերեկ և գիշեր։
Ռադիոտեղորոշման հետախուզությունն իրականացվում է ինքնաթիռային ռադիոտեղորոշման կայանների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել ռադիոտեղորոշման առումով հակապատկեր օբյեկտներ, ստանալ օբյեկտների և տեղանքի ռադիոտեղորոշման պատկերների լուսանկարներ և բացահայտել հակառակորդի ռադիոտեղորոշման քողարկման միջոցները։
Հեռուստատեսական հետախուզությունն իրականացվում է հեռուստատեսային համակարգերի միջոցով, որոնք իրենց կազմի մեջ ներառում են ինքնաթիռային հաղորդման և ցամաքային ընդունման կայաններ, որոնք թույլ են տալիս դիտարկել հակառակորդի զորքերի և յուրային զորքերի օբյեկտները և գործողությունները։ Շատ երկրներ ներդնում են նաև ջերմային, լազերային և այլ հետախուզական միջոցներ։
Օդային հետախուզության միջոցով ստացված հետախուզական տվյալները ստացվում են թռչող սարքից ուղարկված ռադիոհաղորդագրությունների, ավտոմատ հետախուզական սարքավորումների տեղեկատվության, ինչպես նաև հակառակորդի թիրախների վերաբերյալ փաստաթղթային մշակված տվյալների (լուսանկարների և օդային ֆիլմերի վերծանում, ինքնաթիռային ռադիոտեղորոշման կայանների ցուցիչների էկրանների լուսանկարներ), թռչող սարքի վայրէջքից հետո անձնակազմի բանավոր և գրավոր զեկույցների տեսքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aerial mapping for modern warfare // "Popular Mechanics", November 1941 pages 34-37
- ↑ Бобров М. А. Организация и ведение воздушной разведки в период Великой Отечественной войны 1941—1945 гг. //Военно-исторический журнал. — 2006. — № 2. — С.7-11.
- ↑ 3,0 3,1 3,2 Авиация ВМФ в Великой Отечественной войне. М.: Воениздат, 1983 г.
- ↑ Коряков Б. Ф. Обследование бобровых угодий с самолёта // Рационализация охотничьего промысла. Выпуск 3. Заготиздат, 1954. ("Библиотека промыслового охотника")
- ↑ И. Кузьмин, Д. Бибиков. Опыт авиаучёта дичи // журнал «Охота и охотничье хозяйство», № 3, 1973. С. 16-18
- ↑ Ю. Барановский, М. Лавов, П. Лобанов. Опыт авиаучёта животных // журнал «Охота и охотничье хозяйство», № 4, 1973. С. 14-15.
- ↑ Толщина льда измеряется с высоты // журнал "Наука и жизнь", № 12, 1979. С. 29
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային հետախուզություն» հոդվածին։ |
|
- Հետախուզական ավիացիա։ Օդային հետախուզություն
- Օդային հետախուզություն на airforce.ru
- Լուֆթվաֆեի օդային հետախուզություն։ Պատերազմը գերմանացի օդաչուների աչքերով // Ազատ մամուլ
- Ինչպես էր վարվում օդային ճառագայթային հետախուզությունը Արխիվացված 2016-03-12 Wayback Machine
- https://elib.bashedu.ru/dl/internet/Bagautdinov%20i%20dr_sost_Luftvaffe%20v%20nebe%20Bashkirii_sb%20doc_2020.pdf/view