Օբի Էմելոնյե (անգլ.՝ Obi Emelonye, մարտի 24, 1967(1967-03-24), Պորտ Հարկորտ, Նիգերիա[1]), նիգերիացիկինոռեժիսոր[2][3], ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մրցանակների արժանացած Last Flight to Abuja (2012), The Mirror Boy (2011), Onye Ozi (2013) ֆիլմերի շնորհիվ[4][5]։ Իր ֆիլմերը նկարահանելիս նա աշխատել է Հոլիվուդում, Եվրոպայում, Նիգերիայում արդեն իսկ անուն հանած դերասանների հետ, բայց միաժամանակ համարվում է այնպիսի ռեժիսոր, ով կարողանում է նոր, աստղային տաղանդներ հայտնաբերել, նկարահանումներում օգտագործել տեխնիկայի ու տեխնոլոգիայի ամենաարդիական նորամուծությունները։
2020 թվականինկորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով Օբի Էմելոնյեն աշխարհում առաջինը փորձեց ֆիլմ նկարահանել Zoom-ի միջոցով, Լոնդոնում ու Լագոսում գտնվող դերասանների հետ աշխատելով հեռավար։ Այդ եղանակով նրա նկարահանած Heart 2 Heart կինոնկարն արժանացել է աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների կինոքննադատների բարձր գնահատականին։
Օբի Էմելոնյեն, որ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու իրավաբան, 1990 թվականին ավարտել է Նիգերիայի Նսուկկա համալսարանը՝ ստանալով թատերարվեստի մասնագետի որակավորում (1990), ապա ուսումը շարունակել է Անգլիայում՝ Վուլվերհեմփտոնի համալսարանում, այնուհետև՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է որպես իրավաբան և նոր միայն անցել իր սիրած գործին՝ ֆիլմեր նկարահանելուն։ Միացյալ Թագավորության ռեժիսորների գիլդիայի և բրիտանական կինոինստիտուտի (British Film Institute (BFI) անդամ է։