Քրիստոսն անապատում (բանաստեղծություն)
| Քրիստոսն անապատում Քրիստոսն անապատում | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1892 |
| Հրատարակվել է | 1892 |
| Թվային տարբերակ | toumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=2&ban=85 |
| Վիքիդարան | Քրիստոսն անապատում |
«Քրիստոսն անապատում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հունվարի 18-ին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 25-ում պահվում է մեկ ինքնագիր, որը հանվել է «Մուրճ» ամսագրի արխիվից, թվագրված՝ «92, հունվար 18»։ Նույն տեղում, № 1355-ում պահվում է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը կատարել է մեկ ուղղում[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին՝«Մուրճ» ամսագրի № 3-ում (էջ 414), այնուհետև՝ Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 118), ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երկրորդ հատորում (էջ 33)[1]։
Տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի Թումանյանի ուղղած բնագրից։
Իր ոգով Թումանյանի այս բանաստեղծությունը այնքան հարազատ է ռուս գեղանկարիչ Ի․ Ն․ Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարին, որ տեղիք է տվել թյուրիմացության, թե իբր ստեղծվել է Կրամսկոյի նկարի ազդեցությամբ[1]։
Թումանյանն այս ոտանավորը գրելուց 14 օր հետո, առաջին անգամ տեսնելով Կրամսկոյի նկարը, զարմանքով նկատել է նմանությունը և հետագայի ուսումնասիրողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող պատառիկներից մեկում թողել է գրառում[1]։
