Jump to content

Քրիստիանա Ֆ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիանա Ֆ.
գերմ.՝ Christiane Vera Felscherinow[1]
Ծնվել էմայիսի 20, 1962(1962-05-20)[2][3] (63 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, գրող և ինքնակենսագիր

Քրիստիանա Ֆ. (գերմ.՝ Christiane F.), իրական անուն՝ Վերա Քրիստիանա Ֆելշերինով (գերմ.՝ Vera Christiane Felscherinow, մայիսի 20, 1962(1962-05-20)[2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի գրող, հայտնի է իր ինքնակենսագրական «Մենք, Զօօ կայանից երեխաներն ենք» և դրա հիման վրա նկարահանված լիամետրաժ ֆիլմով ու հեռուստասերիալով, որը պատմում էր դեռահաս տարիքում թմրանյութերի օգտագործման հետ կապված նրա փորձառությունների մասին:

Քրիստիանան ծնվել է Համբուրգում, բայց մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Արևմտյան Բեռլին։ Ընտանիքը բնակություն է հաստատել Նոյկյոլն շրջանի սոցիալապես անապահով Գրոպիուսշտադ թաղամասի բարձրահարկ շենքում։ Քրիստիանայի հայրը ծեծել է կնոջն ու երեխաներին, և արդյունքում ծնողները բաժանվել են։

Երբ Քրիստիանան 12 տարեկան էր, նա սկսել է հաշիշ ծխել տեղի երիտասարդական ակումբում մի խումբ ընկերների հետ՝ Անդիաս Ատցեի, Էնդիս Վիտեսի և ևս երկու տղաների, որոնց անունները անհայտ են ոստիկանությանը (չորսից երեքը հետագայում մահացել են գերդոզավորումից 1977 թվականին), ովքեր նրանից երկու տարով մեծ էին:

Աստիճանաբար դեռահասները սկսեցին փորձարկել ԼՍԴ-ով, տարբեր տեսակի հաբերով և ավելի ծանր թմրանյութերով։ Ի վերջո, իր 14-ամյակից մեկ ամիս առաջ Քրիստիանան հերոին է փորձել:

15 տարեկանում աղջիկը դարձել էր թմրամոլ և մարմնավաճառ՝ իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր այդ ժամանակվա ամենամեծ քաղաքային երկաթուղային կայարանում՝ «Զօօլոգիական այգում»։ Քրիստիանան թմրամոլների և երկու սեռի մարմնավաճառների տխրահռչակ խմբի անդամ էր:

Stern լրատվական ամսագրի երկու լրագրողներ՝ Քայ Հերմանը և Հորսթ Ռիկը, ծանոթացել են Քրիստիանայի հետ 1978 թվականին Բեռլինում, որտեղ նա վկա է եղել մի տղամարդու դեմ գործով, ով անչափահաս աղջիկներին սեքսի դիմաց հերոին է տվել։ Հերմանը և Ռիկը ցանկանում էին ուսումնասիրել Բեռլինի դեռահասների շրջանում թմրանյութերի խնդիրը, որը շատ լուրջ էր, բայց միևնույն ժամանակ դրա մասին չէին խոսում: Նրանք երկու ժամ տևողությամբ հարցազրույց են անցկացրել Քրիստիանայի հետ։

Այդ երկու ժամը վերածվեց երկու ամսվա, որի ընթացքում Քրիստիանան ամբողջությամբ նկարագրեց թմրամոլների և մարմնավաճառների կյանքը, որը նա և այլ դեռահասներ ապրել են 1970-ականների Արևմտյան Բեռլինում: Լրագրողները մի շարք հոդվածներ են հրապարակել Stern ամսագրում՝ Քրիստիանայի հետ հարցազրույցների ձայնագրությունների հիման վրա։

Հարցազրույցները շատ ծավալուն էին, և ի վերջո «Stern» հրատարակչությունը որոշեց հրատարակել Քրիստիանա Ֆ.-ի «Մենք, Զօօ կայանից երեխաներն ենք» գիրքը 1979 թվականին։ Գրքում նկարագրված է Քրիստիանայի կյանքը 1975-1978 թվականներին, երբ նա 12-15 տարեկան էր։ Պատմությունը պատմվում է առաջին դեմքով՝ Քրիստիանայի տեսանկյունից, սակայն գիրքը գրել են լրագրողներ, որոնք փաստացի դարձել են գրպանային գրողներ։

Քրիստիանայի մայրը և մարդիկ, ովքեր ականատես են եղել այդ ժամանակ Բեռլինում թմրանյութերի վատթարացմանը, նույնպես իրենց ներդրումն են ունեցել գրքի ստեղծման գործում: Պատմությունը հետևում է Քրիստիանայի մի քանի ընկերներին, այլ թմրամոլների հետ միասին, ինչպես նաև նկարագրում է Բեռլինում թմրամոլության բնորոշ վայրերը:

1981 թվականին Քրիստիանայի պատմության հիման վրա նկարահանվել է ֆիլմի, որի ռեժիսորն էր Ուլի Էդելը, իսկ պրոդյուսերը՝ Բերնդ Էյխինգերը և Հանս Վեթը։ Գերմանիայում ֆիլմի անվանումը դարձավ «Wir Kinder vom Bahnhof Zoo», իսկ անգլիախոս երկրներում՝ «Christiane F»։ Սցենարը գրել է Հերման Վայգելը։ Գլխավոր դերը կատարել է գերմանացի դերասանուհի Նատյա Բրունկհորստը։

Ֆիլմի պատրաստման ժամանակ Քրիստիանան խորհուրդներ է տվել, բայց ինքը չի հայտնվել ֆիլմում։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Գրոպիուսշտադտի և Զօօ կայարանի իրական, մռայլ միջավայրում: Դեյվիդ Բոուին՝ Քրիստիանեի այն ժամանակվա սիրելի երգիչը, ֆիլմում հայտնվում է համերգի ժամանակ ինքն իր դերում։ Ֆիլմի գրեթե ամբողջ երաժշտությունը տրամադրել է Բոուին, իսկ նրա «Christiane F» սաունդթրեք ալբոմը թողարկվել է 1981 թվականին։

2019 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Amazon ընկերությունը և Constantin Television-ը մինի-սերիալ են թողարկում՝ հիմնված «Մենք, Զօօ կայանից երեխաներն ենք» գրքի վրա։ Քրիստիանայի դերը խաղում է ավստրիացի դերասանուհի Յանա ՄակՔինոնը[4][5]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրքի և ֆիլմի հաջողությունից հետո Քրիստիանան դարձել է աստղի պես: Գերմանիայում շատ աղջիկներ սկսել են հարգել նրան և ընդօրինակել նրա հագնվելու ոճը, ինչպես նաև այցելել Զօօ կայարան, որը դարձել է զբոսաշրջիկների ուխտատեղի։ Սա տարակուսանքի մեջ է գցում դեռահասների թմրամոլության փորձագետներին, ովքեր սարսափած էին, որ չնայած ֆիլմի «լոմկայի» իրատեսական տեսարաններին, երիտասարդները Քրիստիանային համարում են որպես հերոսուհի և օրինակելի:

Գիրքը աներևակայելի հաջողությամբ վաճառվել է. Գերմանիայում տպաքանակը գերազանցել է երեք միլիոն օրինակը, բայց չնայած դրան, չի կարելի ասել, որ Քրիստիանան շատ հարուստ էր, նրա հոնորարը կազմում էր միլիոն մարկ, որը քիչ ժամանակ հերիքեց։ Նա շարունակում էր պայքարել թմրամոլության դեմ, բայց դեռ ժամանակ առ ժամանակ թմրանյութեր էր օգտագործում։

Քրիստիանան մի քանի երաժշտական ​​ձայնագրություններ է թողարկել Ալեքսանդր Հակեի հետ և նկարահանվել ֆիլմերում։ Նա ապրել է ԱՄՆ-ում և Հունաստանում, իսկ 1993-ին վերադարձել է Գերմանիա: 1994-ին սկսել է օգտագործել մեթադոն: Ինչ-որ պահի նա թմրանյութերի պատճառով հայտնվել է բանտում։

Նա որդու (ծնվել է 1996 թվականին) հետ ապրում էր Թելթովում բնակարաններից մեկում։ Սակայն 2008 թվականին նա երեխայի հետ տեղափոխվել է Ամստերդամ և, ըստ տեղեկությունների, նորից սկսել է թմրանյութեր օգտագործել: Արդյունքում Քրիստիանան ժամանակավորապես կորցրել է որդու խնամակալությունը, որին իշխանություններն իրենից խլել էին 2008 թվականի օգոստոսին Բեռլին կատարած այցի ժամանակ։

Գերմանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ կնոջը տեսել են մոտ մեկ ամիս անց մետրոյի Kottbusser Tor կայարանի մոտ (Բեռլինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գլխավոր տարածքներից մեկը) թմրանյութ գնելիս: 2011 թվականի հունվարի վերջին Քրիստիանան կրկին կապի մեջ էր ոստիկանության հետ, երբ նրանք ստուգեցին նրա պայուսակը Մորիցպլացում (Բեռլինի մետրոյի մեկ այլ կայարան, որը հայտնի է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կենտրոնական կետ), սակայն թմրանյութեր չհայտնաբերվեցին: Քրիստիանան դեռևս երկրպագուների նամակներ է ստանում, և նրանով հետաքրքրվում են նաև գերմանական ԶԼՄ-ները՝ ցանկանալով իմանալ, թե ինչով է նա զբաղվում այս տարիների ընթացքում։

2013 թվականի դեկտեմբերին իր «Իմ երկրորդ կյանքը» գրքի թողարկումից հետո, Քրիստիանան հարցազրույց է տվել, որտեղ բացահայտել է, որ մեթադոնային թերապիա է անցնում և բուժվում է լյարդի ցիռոզից։

Այժմ բնակվում է Բեռլինի Տելտով արվարձանում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Wunderbar»(1982)
  • «Gesundheit!» (12"), Posh Boy (1982)
  • «Christiana — Final Church» (Maxi-single, 1982)
  • «Wunderbar / Health Dub» (12"), Playhouse (2003)
  • «Dream»
  • «Spinnen»
  • «Süchtig»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #11852061X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Amazon снимает сериал по нашумевшему немецкому роману о наркоманах "Мы, дети станции Зоо"». Журнал "Экран Онлайн". 2019 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. Leo Barraclough, Leo Barraclough (2019 թ․ հոկտեմբերի 10). «First Look: Constantin and Amazon Reveal Cast for 'We Children From Bahnhof Zoo' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]