Քսերօֆթալմիա
| Ենթադաս | շաղկապենու դեգեներացիա, չոր աչքի համախտանիշ | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | ներզատաբանություն | |

Քսերօֆթալմիա, աչքերի չորություն (հունարեն՝ xērós (ξηρός)՝ «չոր» և ophthalmos (οφθαλμός)՝ «աչք»), եղջերաթաղանթի և շաղկապենու պաթոլոգիական չորություն, որը զարգանում է արցունքագեղձերի սեկրեցիայի խանգարման հետևանքով։ Այն կարող է պայմանավորված լինել վիտամին A-ի անբավարարությամբ կամ դեֆիցիտով (ավիտամինոզ), աչքերի քիմիական այրվածքներով, լագօֆթալմ (նապաստակի աչք), որը բնութագրվում է կոպերը պատշաճ կերպով փակելու անկարողություն, դիֆթերիա, բշտախտ և ախտահարման այլ պատճառներ[1]։
Աչքերի չորությունը զարգանում է վիտամին A-ի անբավարարության կամ դեֆիցիտի հետևանքով, բնութագրվում է շաղկապենու և եղջերաթաղանթի պաթոլոգիական չորությամբ: Շաղկապենին դառնում է չոր և կնճռոտ։ Առաջին ախտանիշը՝ գիշերային վատ տեսողություն։ Ախտաբանական պրոցեսի թերի բուժման դեպքում, այն կարող է հանգեցնել չոր աչքի համախտանիշի, եղջերաթաղանթի կերատոմալացիա և, ի վերջո, կուրության՝ եղջերաթաղանթի և ցանցաթաղանթի ախտահարման հետևանքով:
Քսերօֆթալմիան սովորաբար ենթադրում է շաղկապենու էպիթելի դեստրուկտիվ չորություն՝ սննդակարգում A վիտամինի անբավարարության հետևանքով, որը հազվադեպ երևույթ է զարգացած երկրներում, բայց դեռևս տարածված է զարգացող երկրներում: Չոր աչքի այլ ձևերը կապված են ծերացման, կոպերի վատ փակման, նախկին վնասվածքներից առաջացած սպիների կամ աուտոիմուն հիվանդությունների, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտ և Շյոգրենի համախտանիշ, որոնք բոլորն էլ կարող են առաջացնել քրոնիկ կոնյուկտիվիտ: Ճառագայթային թերապիան նույնպես կարող է առաջացնել քսերօֆթալմիա, հաճախ՝ անցողիկ, չնայած որոշ հիվանդների մոտ նկատվել է ուշացած կամ կայուն աչքերի չորություն[2]։
Քսերօֆթալմիան զարգանում է շաղկապենու լորձաթաղանթի, ինչպես նաև եղջերաթաղանթի չորացման և փափկեցման հետևանքով։ Սա հանգեցնում է շաղկապենու և եղջերաթաղանթի էպիթելային բջիջների կերատինացմանը և շարակցական հյուսվածքի սինթեզին։ Քսերօֆթալմիայի ժամանակ առաջանում է՝ չորություն, այրոց, աչքերի մեջ օտար մարմնի զգացողություն, լուսավախություն և տեսողության վատթարացում։ Շաղկապենին դառնում է չոր և պղտոր, առաջանում են մածուցիկ, սպիտակ բծեր (Իսկերսկի-Բիտոյի բծեր կամ վահանիկներ), եղջերաթաղանթը կորցնում է իր փայլը, պղտորվում, ծածկվում է անոթներով, իսկ տեսողության սրությունը աստիճանաբար նվազում է։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ախտահարումը բնածին չէ և զարգանում է մի քանի ամսվա ընթացքում, քանի որ խանգարվում է արցունքագեղձերի ֆիզիոլոգիական սեկրեցիան։ Այլ հիվանդություններ, որոնք կապված են այս պաթոլոգիայի հետագա զարգացման հետ, ներառում են Բիտոյի բծերի առաջացում՝ կերատինային մնացորդների կուտակումներ, որոնք տեղակայվում են շաղկապենու ներսում, և հավկուրություն, որը նախորդում է եղջերաթաղանթի խոցոտմանը և լիարժեք կուրության: Արցունքագեղձերի ախտահարման պատճառ կարող են նաև լինել այլ հիվանդություններ, այդ թվում՝ աուտոիմուն (Շյոգրենի համախտանիշ, Բեխչետի հիվանդություն), էնդոկրին, արյան քաղցկեղ (Հոջկինի լիմֆոմա), երիկամային անբավարարություն և այլն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քսերօֆթալմիան դասակարգում է հետևյալ փուլերի[3]
- XN-Հավկուրություն
- X1A-Չոր և հաստ շաղկապենի
- X1B-Բիտոյի բծեր
- X2-Եղջերաթաղանթի փափկում
- X3A-Եղջերաթաղանթի փափկում և քայքայում (կերատոմալացիա, որը ընդգրկում է եղջերաթաղանթի մինչև մեկ երրորդը)
- X3B-Եղջերաթաղանթի փափկում և քայքայում (կերատոմալացիա, որը ընդգրկում է եղջերաթաղանթի մեկ երրորդից ավելին)
- XS- Քսերօֆթալմիայի հետևանքով եղջերաթաղանթի սպիացում
- XF-Եղջերաթաղանթի պղտորում (եղջերաթաղանթը կորցնում է իր թափանցիկությունը)
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխարգելումը ներառում է վիտամին A-ի հավելումների պարբերական ընդունում: ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ժամանակացույցը հետևյալն է՝
- 6-12 ամսական և ավելի մեծ երեխաների համար, որոնց քաշը 8 կգ-ից պակաս է՝ 100,000 ՄՄ բերանացի ընդունում՝ յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ։
- 1ից մինչև 6 տարեկան փոքր երեխաներ՝ 200,000 ՄՄ բերանացի ընդունում՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
- 6 ամսականից փոքր նորածիններ, որոնք կրծքով չեն կերակրվում՝ 50,000 ՄՄ բերանացի ընդունում՝ մինչև 6 ամսական լրանալը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը կարող է իրականացվել երկու եղանակով՝ ախտանիշների կամ վիտամինային անբավարարության բուժում։ Ախտանիշների բուժումը սովորաբար ներառում է արհեստական արցունքների օգտագործում՝ աչքի կաթիլների տեսքով, խոնավեցնող սարքերի միջոցով միջավայրի խոնավության բարձրացում, ինչպես նաև դրսում գտնվելիս արևային կամ օպտիկական ակնոցներ կրելը: Հիպովիտամինոզի բուժումը կարող է իրականացվել վիտամին A-ի կամ մուլտիվիտամինային հավելումների միջոցով, կամ վիտամին A-ով հարուստ սննդամթերքների օգտագործմամբ: Հավելումներով կամ վիտամին A-ով հարուստ սննդակարգով բուժումը կարող է հաջող լինել, եթե դեռ չի զարգացել հիվանդություն՝ վերածվելով եղջերաթաղանթի խոցի, որի դեպքում վիրաբուժական միջամտությունը կարող է տեսողությունը վերականգնելու հնարավորություն տալ:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Ասիայում, վեց տարեկանից փոքր երեխաների կեսից ավելին, տառապում է վիտամինի A–ի ենթակլինիկական անբավարարությամբ և հավկուրությամբ, մինչդեռ պրոգրեսիվող քսերօֆթալմիան վաղ հասակում կուրության հիմնական պատճառներից մեկն է[4]։ Համաձայն կատարված հետազոտությունների արդյունքների՝ յուրաքանչյուր տարի, վիտամին A–ի անբավարարության պատճառով մանկական կուրության 350,000 դեպք է գրանցվում[5]։
Պատճառներիցն են՝ հղիության ընթացքում վիտամին A-ի անբավարարություն, որին հաջորդում է կրծքով կերակրման ընթացքում վիտամին A-ի վատ յուրացում և նորածնի/երեխայի՝ վիտամին A-ի կամ բետա-կարոտինի քիչ պարունակությամբ սննդակարգ[4][5]։ Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ վիտամին A-ի անբավարարության պատճառով կուրության տարածվածությունը ավելի ցածր է, քան սպասվում էր՝ հիմնվելով միայն նոր դեպքերի հաճախությունը, քանի որ երեխաների մոտ վիտամին A-ի անբավարարությունը զգալիորեն մեծացնում է մահացության թիվը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աչքի կաթիլներ
- Կերատիտ
- Էկզօֆթալմիա
- Չոր աչքի համախտանիշ
- Շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ)
- Շյոգրենի համախտանիշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grecia, Jo-ann G.; Yap, Johannsen C.; Saraza, Alcar E. (2016). PE and HEALTH for fun (English). Quezon City, Philippines: Vibal Group. էջ 105. ISBN 978-971-07-3864-9.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Solans, R.; Bosch, J.A.; Galofre, P.; others (2001), «Salivary and lacrimal gland dysfunction (sicca syndrome) after radioiodine therapy.», Journal of Nuclear Medicine, 42 (5): 738–43, PMID 11337569
- ↑ John F., Salmon (2020). «Cornea». Kanski's clinical ophthalmology : a systematic approach (9th ed.). Edinburgh: Elsevier. էջ 247. ISBN 978-0-7020-7713-5. OCLC 1131846767.
- 1 2 Akhtar S, Ahmed A, Randhawa MA, Atukorala S, Arlappa N, Ismail T, Ali Z (2013 թ․ դեկտեմբեր). «Prevalence of vitamin A deficiency in South Asia: causes, outcomes, and possible remedies». J Health Popul Nutr. 31 (4): 413–23. doi:10.3329/jhpn.v31i4.19975. PMC 3905635. PMID 24592582.
- 1 2 3 Whitcher JP, Srinivasan M, Upadhyay MP (2001). «Corneal blindness: a global perspective». Bull World Health Organ. 79 (3): 214–21. PMC 2566379. PMID 11285665.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jellife DB. "Xerophthalmia: A World-wide Drive for Prevention." Journal of Tropical Pediatrics 1980; 26: ii-iii. 4 November 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսերօֆթալմիա» հոդվածին։ |
| ||||||||||
| Դասակարգում | |
|---|---|
| Արտաքին աղբյուրներ |