Քուվեյթի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քուվեյթի պատմությունը կապված է Բաբելոնիայի, Ասորեստանի, հին Պարսկաստանի, մ․թ․ա․ III-II դդ․՝ Սելևկյանների պետության պատմության հետ։

Քուվեյթի հին պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ I հազարամյակի վերջին ժամանակակից Քուվեյթի տարածքը մտել է Խարաքս կամ Խարականե արաբական պետության (Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում) կազմի մեջ։ Մ․թ․ VII դարից Արաբական խալիֆայության կազմում էր, XIII–XV դարերում Քուվեյթի տարածքը բազմիցս ենթարկվել է թուրքերի և պարսիկների ասպատակություններին, XVI դ․ մտել է Օսմանական կայսրության կազմի մեջ։ XVIII դարի սկզբից Քուվեյթը Օսմանական կայսրությունից փաստորեն անկախ շեյխություն էր։ XIX դ․ վերջին Քուվեյթի տարածքը դարձել է իմպեր․ տերությունների պայքարի առարկա։ Մեծ Բրիտանիան 1899 թվականին Քուվեյթին պարտադրել է գաղտնի համաձայնագիր, որով Մեծ Բրիտանիան արտակարգ իրավունքներ է ստացել Քուվեյթում, Քուվեյթի նկատմամբ փաստորեն հաստատվել է պրոտեկտորատ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ, երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, անգլիական կառավարությունը Քուվեյթի շեյխությունը ճանաչեց «անկախ պետություն բրիտանական պրոտեկտորատի ներքո»։

1920–1930-ական թվականներին Քուվեյթում գտնվեցին նավթի հարուստ հանքավայրեր։ Անգլիական և ամերիկյան մոնոպոլիաների մեջ պայքար սկսվեց Քուվեյթի նավթի համար, ստեղծվեց անգլո–ամերիկյան բաժնետիրական ընկերություն, որը 1934 թվականին ստացավ նավթի հետախուզման և արտահանման կոնցեսիա։

Երկրի տնտեսական վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրյա կապիտալի ներթափանցումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը վատթարացրին երկրի տնտեսական վիճակը։ Աճեց հակա–իմպերիստական շարժումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–1945) հետո նավթի հանույթի աճի հետևանքով Քուվեյթի տնտեսությունն արագորեն զարգանում էր, ձևավորվում էր բանվոր դասակարգը։ 1948 և 1950–1952 թվականներին տեղի ունեցան նավթագործների խոշոր ելույթներ։ 1961 թվականին Մեծ Բրիտանիան և Քուվեյթը չեղյալ հայտարարեցին 1899 թվականի պայմանագիրը՝ Քուվեյթը հռչակվեց անկախ պետություն։ 1966 թվականին դեմոկրատ, ուժերի ճնշման տակ անցկացվեցին մի շարք ռեֆորմներ։

Քաղաքական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում աշխուժացավ քաղաքական կյանքը։ Կառավարությունը արտաքին քաղաքական պաշտոնական ուղղություն հռչակեց դրական չեզոքությունը, արաբական բոլոր երկրների հետ գործուն համագործակցությունը։ Քուվեյթը դրամական օգնություն ցույց տվեց իսրայելական ագրեսիային ենթարկված արաբական պետություններին։ 1960-ական թվականներին զգալիորեն աճեցին Քուվեյթի եկամուտները նավթի հանույթից (1970 թվականներին կազմեցին ավելի քան 800 մլն դոլլար, 1971 թվականին՝ ավելի քան 1 մլրդ դոլլար, 1972 թվականին՝ ավելի քան 1,5 մլրդ դոլլար)։ Քուվեյթի արաբական մի շարք երկրների տրամադրում է փոխառություններ և վարկային հատկացումներ։ Քուվեյթը ՄԱԿ–ի անդամ է 1963 թվականից։ 1960-ական թվականների վերջին 1970-ական թվականների սկզբին ակտիվորեն մասնակցել է իսրայելական ագրեսիայի հետևանքները վերացնելու վերաբերյալ բանակցություններին։ Քուվեյթի և ԽՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1963 թվականներին։ 1965 թվականին Քուվեյթի և ԽՍՀՄ–ի միջև կնքվել է տնտեսական և տեխնիկական, 1967 թվականին՝ մշակութային համագործակցության համաձայնագիր։

Հայերը Քուվեյթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թվականից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Մինչև Ծոցի պատերազմը (1991 թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հազարի։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։ Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը 5.000 է որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։ Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503