Քուստ-ի Կապկոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քուստ֊ի Կապկոհից)

Քուստ-ի Կապկոհ, Քուստակ–ի Կապկոհ, Քուստ–ի Ատրպատական, Սասանյան Պարսկաստանի հյուսիսային կուսակալությունը։

Նախապես (III դ․) ընդգրկել է Քուստ–ի ապախտարը՝ Ատրպատականը, Կասպից ծովի արևմտյալ և հարավային ափամերձ շրջանները։ Արևելյան Այսրկովկասի նվաճումից (IV–V դարեր) հետո Քուստ–ի ապախտարի սահմաններն ընդարձակվել են մինչև Կովկասյան լեռները, և այն կոչվել է Քուստ-ի Կապկոհ։ Ըստ «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրության՝ Քուստ-ի Կապկոհը կազմված է եղել 14 «աշխարհներից» կամ շահրերից՝ Ատրպատական, Արմն (Հայք), Վարջան (Վիրք), Ռան (Աղուանք), Բաղասական, Սիսական, ՌԷ, Գեդան, Շանճան, Դլմունք, Դմբաւանդ, Տապրստան (Տապարաստան), Ռւան (Ռուան), Ամլ (Ամեղ, Ամաւղ)։ Քուստ-ի Կապկոհի մեջ ավելի ուշ մուծվել է Սիսական աշխարհը, որը 571 թվականին առանձնացվել է Հայկական մարզպանությունից և միացվել Ատրպատականին։ Բաղասականը, որ VI դարի ինքնուրույն վարչամիավոր էր (ըստ Եղիշեի՝ Պարսկաստանին ենթակա թագավորություն), հետագայում միացվել է Ռանի կամ Աղվանքի մարզպանությանը։ «Աշխարհացոյց»-ի ընդարձակ բնագրի համառոտողները, Քուստ-ի Կապկոհի վերացումից հետո հանել են Հայք, Վիրք, Աղուանք, Սիսական և Բաղասական երկրանունները, Շանճանի փոխարեն ավելացրել Մուկանը և Ահմադանը, Մարաստանը կամ Մարքը նույնացնելով Քուստ-ի Կապկոհին։

Քուստ-ի Կապկոհ կառավարել է Սասանյան արքայից արքայի նշանակած պատգոսապանը (աթոռանիստը հավանաբար եղել է Ուտիքի Գանձակ քաղաքը), որն սկզբնապես իրականացրել է քաղաքացիական ու զինվորական իշխանությունը։ Պարսից արքա Խոսրով Անուշիրվանը (531–579), վերացնելով սպահբեդի կամ սպարապետի միասնական պաշտոնը, Սասանյան Պարսկաստանի քուստակների թվին համապատասխան՝ ստեղծել է չորս սպարապետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 503