Քուպղիդուխտ Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուպղիդուխտ Սյունի
Իշխանուհի
9-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Սյունիներ
Հայր Վասակ Սյունի
Ամուսին Հրահատ Սյունի

Քուպղիդուխտ Սյունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 9-րդ դար), Իշխանուհի Սյունիքի իշխանությունում, Սյունիքի գահերեց-իշխան՝ Վասակ Սյունու (800-821) դուստրը, իշխաններ Փիլիպե Սյունու (821-848) և Ատրներսեհ Սյունու քույրը, Կովսականի և Քաշունիքի Հրահատ Սյունի (844-870) իշխանի կինը, Սյունիների իշխանական տոհմից։

Նվիրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանուհի Քուպղիդուխտ Սյունու մասին տեղեկությունը հաղորդում է պատմագիր Ստեփանոս Օրբելյանը։ Քուպղիդուխտը և նրա ամուսինը՝ իշխան Հրահատը չեն ունեցել երեխաներ։ 857 թվականին իշխանուհի Քուպղիդուխտը գնալով Սյունիքի Սողոմոն Ա Սյունեցի եպիսկոպոսի մոտ, Բաղք գավառի Մաճ գյուղը, որը ժառանգել էր եղբորից՝ Ատրներսեհից և գնվել ամուսնու՝ Հրահատի կողմից, նվիրում է Տաթևի վանքին։ Քուպղիդուխտը գրում է նաև այսպիսի վճռագիր.

«Ես` Սիւնեաց տէր Վասակի դուստր Քուպղիդուխտս, մօտենալով ծերութեան ժամանակներին, մտաբերելով երկրային կեանքի ունայնութիւնը, յաւիտենական կեանք ցանկացայ. եւ քանի որ մարմնաւոր կեանքիս ընթացքում զրկուած էի զաւակ ունենալու բաժնից, սուրբ խաչն ու աստուածապատիւ եւ հոգեւոր տէր Սողոմոնին` Սիւնեաց եպիսկոպոսին, ինձ համար ընդունեցի հոգեւոր զաւակ` յոյս ու ապաւէն իմ մեղաւոր հոգուն. եւ Բաղաց գաւառից մի գիւղ` Մաճա նունով, որը նախապէս Սիւնեաց տէր եւ իմ եղբայր Ատրներսեհը ինձ էր տուել, իսկ նրանից յետոյ իմ տէր Հրահատը գնել էր իմ եղբօրից ու ինձ հոգեբաժին արել, ես` Քուպղիդուխտս, այդ գիւղը լեռներով ու դաշտերով, մարգով ու արտով, գետով, ջրով ու ցամաքով, ծառերով ու տունկերով տուեցի սուրբ խաչին ու Սիւնեաց եպիսկոպոս տէր-Սողոմոնին։ Իմ հոգին յանձնեցի քեզ, տէր-Սողոմոն, այժմ տնօրէնը դու ես, եւ սրբերից նրանք, ովքեր պիտի յաջորդեն Սիւնեաց այս աթոռում`միւս եպիսկոպոսները, [կարող էք] վայելել այդ գիւղն ամբողջովին` իր սահմաններով, մինչեւ յաւիտեան։ Ո՛չ ես, ո՛չ իմ եղբօր որդիները եւ ո՛չ ուրիշ աւատառուներ չհամարձակուենք վէճ յարուցել ու հակառակուել։ Իսկ եթէ մէկը յանդգնի խօսք բացել իմ կատարածի դէմ եւ ցանկանայ խախտել իմ այս նուիրատւութիւնը, Աստծուց ու այդ սուրբ խաչից դատապարտուի, հոգեւոր տէրերից նզովուի եւ իմ, ծնողներիս, կեանքիս ընկեր իշխան Հրահատի բոլոր մեղքերի ու յանցանքների համար Աստուած նրան տուժեցնի. նա սատանայի ու իր կամակատարների հետ անշէջ կրակի մէջ տանջուի։ Գրեցի հայոց երեք հարիւր տասնվեց թուականին` վկայութեամբ իմ եղբօրորդիներ իշխան Վասակի, իշխան Աշոտի, իշխան Գրիգորի, իշխան Սահակի, իրենց ազնուականների ու բոլոր շնհերցիների։ Գրածիս առաւել հաստատութեան համար նաեւ կնքել տուեցի Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւ հոգեւոր տէր Սողոմոնի վաւերական մատանիով։ Եւ եթէ մահմեդական պաշտօնէութիւն փոխարինի ու յափշտակել ջանայ, հազարից հազարն ալ լաթ ստանայ ու իր փեղամբարի կողմից մերժուած լինիե։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 223
  • «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական», Մկրտիչ Էմին, 1861 թ. Մոսկվա, Գլուխ Լթ (էջ 159-160)
  • «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան, Գլուխ Խ
  • «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Գլուխ Խ (էջ 263-265)
  • «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», Ղուկաս Ինճինճյան, 1822, Վենետիկ, Սուրբ Ղազար, Նահանգ Թ, էջ 247-248
  • «Սիսական», Ղևոնդ Ալիշան, 1898, Վենետիկ, էջ 227 (Քուպիդուխտ), 282
  • «Սյունյաց իշխանական տունը 8-րդ դարում», Ժիրայր Միրումյան, Գորիս, 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]