Քննարկում:Թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թանգարան գիտական հիմնարկություն, որը պահպանում, ուսումնասիրում, մասսայականացնում է բնապատմական, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները` բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների սկզբնաղբյուրները: Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ և գրավեր աղբյուրներ, արվեստի ստեղծագործություններ: Թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և պրոֆիլների: Ըստ տիպերի լինում են հետազոտական- գիտալուսավորական, հետազոտական ուսումնական, ըստ պրոֆիլի` պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի: Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքսային թանգարանները: Թանգարանների նախատիպերը երևան են եկել մարդկային հասարակության զարգացման այն փուլում, երբ առարկաների բնատիպերը սկսել են պահպանել ոչ թե կիրառական-տնտեսական նշանակության կամ նյութական արժեքների համար, այլ որպես վավերական, հուշային վկայականներ և գեղագիտական արժեքներ: Այդպիսիք եին օրինակ, Հին Եգիպտոսի տաճարներում եղած հավաքածուները (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), Կոնսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ.թ.ա. 16-րդ դար) Նինվեի պալատի գրադարանը (մ.թ.ա. 7-րդ դար) և այլն: Արվեստի հուշարձանների պահպանումը և դրանց կենտրոնացումը թանգարաններում Եվրոպայում սկսվել է Վերածննդի ժամանակաշրջանում և առավել զարգացել 16-17-րդ դդ. նախ` Իտալիայում, ապա` Ֆրանսիայուն, Անգլիայում, գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում: Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները` կունստկամերները: Ներկայումս գործող թանգարանների զգալի մասն ստեղծվել է մասամբ 18-րդ դ., հիմնականում ` 19-րդ դ.: Դրանցից են Բրիտանական թանգարանը Լոնդոնում (1753), Լուվրը Փարիզում (1793), Պրադոյի գեղարվեստի թանգարանը Մադրիդում (1819), Մետրոպոլիտեն թանգարանը Նյու Յորքում (1870), Գեղարվեստա-պատմական թանգարանը Վիեննայում (1891) և այլն: Հայաստանում թանգարանների նախատիպեր կային դեռևս ուրարտուական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դդ.): Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում` Մուսասիում, Էրեբունիում (Արին-բերդ), Թեյշեբանիում (Կարմիր բլուր) կառուցվաց տաճարները Հայաստանի սկզբնական այն հաստատություններն էին, որոնցում հավաքվում էին արվեստի հնագույն կոթողները: Հետագայում այդպիսի ավանդատներ դարձան հին հայկ. հեթանոսական տաճարները և արքայական պալատները: Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական թանգարանները: Հովհաննես Դրաս խանակերտցին 9-10-րդ դդ. իր <<Հայոց պատմության>> մեջ երեք տիպի թանգարան է հիշատակում` արքունի, իշխանական տների և եկեղեցական: