Քնապարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինթետիկ քնապարկ բոժոժի տեսքով

Քնապարկ, հանգստի և քնի համար նախատեսված արշավային կենցաղի պարագա։

Քնապարկի կառուցվածքն ապահովում է ավելի լավ ջերմամեկուսացում, քան սովորական ծածկոցը, ինչպես նաև լրացուցիչ ամորտիզացիա։ Ավելի լավ ջերմամեկուսացման և ամորտիզացիայի համար սովորաբար դրվում է գորգի վրա։

Օգտագործվում է զբոսաշրջիկների, լեռնագնացների, անձավագետների և քայլարշավային պայմաններում ապրող այլ մարդկանց կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այդպիսին, քնապարկը մեկ գյուտարար չունի։ Դրա ստեղծմանն աջակցել են շատերը։ Առաջին խավե կամ բրդյա քնապարկերը «հայտնագործել» են բնագետներն ու լեռնագնացները։ Հենց նրանք էլ այն կատարելագործել են իրենց կարիքների համար։ Առաջին քնապարկը ժամանակակից իմաստով փորձարկել է Ֆրենսիս Ֆոքս Տակեթը 1861 թվականին։ Այն պատրաստված էր ուղտի բրդից, որպես վերին ծածկույթ օգտագործվել էր Չարլզ Մակինթոշի ռետինապատ գործվածք (հայտնաբերվել է 1823 թվականին)։ Խավե քնապարկն առաջին անգամ փորձարկել են Ալֆրեդ Մամերին և նրա թիմը 1892 թվականին։ 1890 թվականից նորվեգական «Ajungilak» ընկերությունը սկսել է կապոկի (բուսական բմբուլ) հիմքով քնապարկերի զանգվածային արտադրությունը։ Այն օգտագործվել է ընդհուպ մինչև սինթետիկ մանրաթելերի և տաքացուցիչների դարաշրջանի սկիզբը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկ ծածկոց
Քնապարկ բոժոժ

Քնապարկի ամենատարածված տեսակներն են.

  • Ծածկոց, այս քնապարկն ուղանկյունաձև է և ամրացվում է պարագծով կայծակաճարմանդի օգնությամբ։ Հարմար է ոչ բարդ արշավային պայմաններում հանգստի և համեմատաբար մեղմ ամառային կամ աշնանային-գարնանային եղանակին կիրառելու համար։ Այն շատ հարմարավետ է իր ընդարձակ չափսերի և որպես սովորական ծածկոց օգտագործելու հնարավորության շնորհիվ։
  • Բոժոժ, այն ունի ոտքերի մոտ նեղացող անատոմիական ձև, ինչպես նաև գլուխը տաքացնող գլխարկ։ Կայծակաճարմանդը սովորաբար չի հասնում քնապարկի ներքևի հատված։ Նման քնապարկն ավելի լավ է հարմարեցված բարդ արշավների համար, քանի որ ճանապարհորդին ավելի լավ է տաքացնում ցածր ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև թեթև է և ավելի քիչ տեղ է զբաղեցնում ծոծկոց քնապարկի համեմատ[1]։

Նախագծման ավելի քիչ տարածված տեսակներն են.

  • Կվիլտ (անգլ.՝ quilt) քնապարկ, որը զուրկ է իր ստորին (մարդու տակ գտնվող) մասի թեթևացումից։ Հատուկ տարրերով ամրացվում է զբոսաշրջային գորգին և օգտագործվում է միայն դրա հետ համատեղ։
  • Ոտք, սա բոժոժ քնապարկի կեսն է, որը ծածկում է մարմնի միայն ստորին մասը՝ մինչև գոտկատեղ։ Օգտագործվում է բաճկոնի հետ միասին։ Օգտագործվում է լեռնագնացների և Էքստրեմալ տուրիզմի զբոսաշրջիկների կողմից՝ բարձրանալիս կշռի առավելագույն նվազեցման համար։

Լցանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկի հատկությունները մեծապես կախված են դրանում կիրառվող ջերմամեկուսացնող լցանյութից.

  • Ջրլող թռչունների փետուր (սագ, բադ), նման քնապարկը շատ լավ է պահպանում ջերմությունը, սինթետիկ քնապարկի համեմատությամբ ունի ավելի քիչ կշիռ։ Սակայն խոնավ պայմաններում փետուրն ակտիվորեն կլանում է խոնավությունը և խիստ կորցնում իր ջերմամեկուսացնող կարողությունները[2]։ Հարմար է ցածր խոնավության պայմաններում` բարձր լեռնային մասերում, արկտիկական արշավներում, ձմեռային արշավներում։
  • Սինթետիկ լցանյութ, գրեթե չի ներծծում խոնավություն, արագ չորանում է։ Հարմար է օգտագործել անձրևոտ, խոնավ շրջաններում։ Սինթետիկ քնապարկերը փոքր-ինչ ավելի ծանր են, քան փետրավորները, և պակաս դիմացկուն, քանի որ լցանյութը ժամանակի ընթացքում քարանում է։

Պատյանի նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քնապարկերում հիմնականում օգտագործվում են սինթետիկ գործվածքներ, որոնք ապահովում են նվազագույն կշիռ, բարձր ամրություն և արագ չորացում։ Այնուամենայնիվ, հարմարավետ հանգստի համար նախատեսված քնապարկերում որպես պատյանի նյութ կարող են օգտագործվել բամբակյա գործվածքներ։ Էքստրեմալ զբոսաշրջության համար նախատեսված քնապարկերի արտաքին շերտը պատրաստելիս երբեմն օգտագործում են թաղանթային գործվածքներ։

Ջերմային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկում հանգստացող զբոսաշրջիկ

EN 13537-ի համաձայն՝ կա ջերմային 4 բնութագիր[3].

  • Առավելագույն (Max)՝ հարմարավետ ջերմաստիճանի վերին սահմանը (ոչ պարտադիր բնութագիր),
  • հարմարավետ (Comfort)՝ հարմարավետ ջերմաստիճանի ստորին սահմանը միջին կնոջ համար (25 տարեկան, 160 սմ հասակ, 60 կգ կշիռ),
  • սահմանային (Limit)՝ հարմարավետ ջերմաստիճանի ստորին սահմանը միջին տղամարդու համար (25 տարեկան, 173 սմ հասակ, 73 կգ կշիռ),
  • ծայրահեղ (Extreme)՝ ստորին սահմանային ջերմաստիճանը, որն ապահովում է միջին կնոջ գոյատևումը (6-ժամյա քուն՝ ցրտից հաճախակի արթնացումներով, հիպոթերմիայի վտանգ)։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական EN 13537:2012 չափանիշների համաձայն՝ քնապարկերի մակնշումը կատարվում է ներքին չափսերով.

  • Քնապարկի ներքին երկարություն, չափումը կատարվում է շրջված կողմով՝ չափելով ոտնաթաթի կրունկից մինչև քնապարկի վերևում գտնվող կարերի միջև հեռավորությունը առանց քնապարկի չափսը մեծացնելուն ուղղված ուժի կիրառման։ Թույլատրվում է պիտակի վրա նշված չափսերից շեղում ± 3 սմ սահմաններում։
  • Քնապարկի ներքին լայնություն, չափումը կատարվում է շրջված կողմով՝ չափելով շրջագիծը ամենալայն մասում` առանց ձգելու կտորը, և թիվը բաժանելով 2-ի։ Եթե քնապարկի առավելագույն լայնությունը կրծքավանդակի շրջանում չէ, ապա այն պետք է նշել պիտակի վրա։ Քնապարկի լայնության չափսի թույլատրելի շեղումը ±2 սմ է։
  • Լայնություն ոտնաթաթի հատվածում, քնապարկի ներսում ոտնաթաթի շրջանի լայնությունը պետք է նշվի ± 2 սմ ճշգրտությամբ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Анатомия спального мешка». Novasport.ru. 2017 г.
  2. «Выбираем спальник для походов и экспедиций геошколы». Геологическая школа МГУ. 2006 г.
  3. EN 13537(անգլ.) // Wikipedia. — 2016-10-24.
  4. «Особенности маркировки размеров спальных мешков. Европейский стандарт EN 13537: 2012». Pohod.by. 2014 г. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мешок спальный // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1958. — Т. V. — Стб. 667—669 — 588 с.