Jump to content

Քյոչեօղլուի համամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյոչեօղլուի համամ
Տեսակհամամ
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՔադըքյոյ
Հիմնադրված է1840
Քարտեզ
Քարտեզ

Քյոչեօղլուի համամ (թուրքերեն՝ Köçeoğlu Hamamı), հին համամ (բաղնիք) Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում: Գտնվում է Ջաֆերաղա թաղամասում, Բահարիյե թաղամասի Գեներալ Ասըմ Գյունդուզ և Նևզեմին փողոցների խաչմերուկում։ Բակի կամարակապ դարպասի և որոշ պատերի մնացորդներ դեռևս կանգուն են[1][2]։

Բաղնիքը կառուցվել է 1840-ական թվականներին որպես պոլսահայ Քյոչեյանների (Քյոչեյանների ընտանիք) մասնավոր սեփականություն։ Այդ ընտանիքին էր պատկանում փողոցի մյուս կողմում գտնված առանձնատունը։ Հակոբ Քյոչեյանը վերջին պոլսահայերից էր, ով օսմանյան ժամանակաշրջանում զբաղվում էր դրամափոխանակությամբ և բանկային գործունեությամբ: Քյոչեյանների ընտանիքը քաղաքի շատ շրջաններում կառուցել է մասնավոր կամ հասարակական օբյեկտներ, որոնցից մեկն էլ այս համամն էր[3]։ Այն գործել է մինչև 1960-ական թվականներին քանդվելը[1]:

Փայտից կառուցված միահարկ հանդերձարանի հատվածը բաժանված էր երկու մասի, որից մեկում հանդերձարանի խցիկներն էին, իսկ մյուսում՝ հանգստի գոտին։ Բաղնիքի բակում կար ևս մեկ շինություն։ Դա քարերով և աղյուսներով կառուցված շինություն էր, որն ուներ տաք և ջերմ սենյակներ, որոնք հատվածաբար ծածկված էին գմբեթով։ Արվեստի պատմաբան Սելչուկ Սեչկինի կարծիքով՝ տաք սենյակին կից հատվածը «պետք է լիներ» զուգարան։ Կրակարանին կից երկհարկանի փայտե շինության առաջին հարկում փայտի պահեստ էր, իսկ վերևի հարկում փայտահատի տունն էր, որը ծածկված էր գավակավոր տանիքով և նույնպես փայտից էր[1]։

Բաղնիքից մնացել են բակի կամարակապ դարպասի և որոշ պատերի մնացորդներ[1][2]։ Պատերից մեկին փակցված է ցուցանակ, որի վրա գրված է․ «Քյոչեօղլուի համամ․ կամարի և պատի մնացորդներ։ Աբդուլմեջիթ I սուլթանի ժամանակաշրջան (1839-1861)։ Կառուցվել է 1840 թվականին՝ պալատական գանձապահ Հակոբ Քյոչեյանի անունից»[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Düşünce-Edebiyat ve Tarih Araştırmaları. Hiperyayın. 2020. էջեր 241–262. ISBN 6052816600.
  2. 2,0 2,1 «Aziziye Hamamı». Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi. Vol. 8. Türkiye Cumhuriyeti Kültür Bakanlığı-Tarih Vakfı. 1994. էջ 264. ISBN 975-7306-08-8.
  3. admin (2022-05-05). «Köçeyan Konağı (Atlas Sineması / İstanbul Sinema Müzesi) | Her Umut Ortak Arar - Nilay Örnek». Her Umut Ortak Arar (թուրքերեն). Վերցված է 2024-09-26-ին.
  4. «Tarihi Mekanlar Kişisel Ansiklopedi Erol ŞAŞMAZ». www.turkiyenintarihieserleri.com. Վերցված է 2024-09-26-ին.