Քյոչախ Մաութեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնավաճառային համայնք
Քյոչախ Մաութեն
Kötschach-Mauthen
Զինանշան

Քյոչախ Մաութենի կենտրոնական պողոտան
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Դաշնային հողԿարինթիա նահանգ
Շրջան (Ավստրիա)Հերմագոր
ՂեկավարՎալթեր Հարթլիբ
Մակերես154.14 կմ²
ԲԾՄ705 մ
Բնակչություն3359 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ04715
Փոստային ինդեքս9640
Փոստային դասիչ9640
Ավտոմոբիլային կոդHE
Պաշտոնական կայքkoetschach-mauthen.gv.at
Քյոչախ Մաութեն (Ավստրիա)##
Քյոչախ Մաութեն (Ավստրիա)
Քյոչախ Մաութենի համայնապատկերը
Մանդորֆի ամրոցը
Շատրվան Քյոչախի գլխավոր հրապարակում
Խաչուղի Լեզախթալի Սուրբ Հակոբի մերձակայքում

Քյոչախ Մաութեն (գերմ.՝ Kötschach-Mauthen, Կոչա Մուտա (սլովեն.՝ Koča-Muta)), տոնավաճառային համայնք Ավստրիայի Կարինթիա նահանգի Հերմագոր շրջանում։ Բնակավայրում ապրում է մոտ 3400 մարդ։

Քյոչախ Մաութենը կլիմայաբուժական առողջարան է[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախ Մաութենը գտնվում է Հերմագոր շրջանում, Հերմագոր Փրեսեգեր Զեե քաղաքից 34 կմ արևմուտք, մայրաքաղաք Վիեննայից` մոտ 410 կմ հարավ-արևմուտք։ Համայնքը գտնվում է Գայլիթալ հովտի վերին հատվածում, որտեղ այն միանում է Լեզախթալ հովտին։ Քյոչախ Մաութենը կարևոր ճանապարհային հանգույց է, որտեղից սկիզբ են առնում մեծ թվով ճանապարհներ. հյուսիսում՝ դեպի Գայլբերգի թամբակ, հարավում՝ դեպի Փլյոքենի լեռնանցք, արևմուտքում՝ դեպի Լեզախթալ, իսկ արևելքում` Հերմագոր։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախ Մաութենը բաժանված է չորս կադաստրային շրջանների` Քյոչախ (Կոչե), Մաութեն (Մուտա), Շթրայախ (Ստրեյախ) և Վյուրմլախ (Բումլյե)։ Կադաստրային շրջանը Ավստրիայի, Բոսնիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Նիդերլանդների և իտալական մի քանի մարզերի քաղաքներում գործող վարչական բաժանման ձև է[2]։

Համայնքը կազմված է 31 գյուղերից և 3 գյուղակներից[3]։

Գյուղերն են.

  • Այգեն
  • Բուխախ
  • Գայլբերգ
  • Գենչախ
  • Գրաթցհոֆ
  • Դոբրա
  • Դոլինգ
  • Զիթմոոս
  • Լաաս
  • Լանց
  • Լեզախթալի Սբ. Հակոբ
  • Հյոֆլինգ
  • Մալբախ
  • Մանդորֆ
  • Մաութեն
  • Նիշլվիթց
  • Շթրայախ
  • Վայդենբուրգ
  • Վեթցման
  • Վյուրդա
  • Վյուրմլախ
  • Փասաու
  • Փլյոքեն
  • Փլոն
  • Փոդլանիք
  • Քյոչախ
  • Քոսթա
  • Քրիքհոֆ
  • Քրոյթ
  • Քրոյցբերգ
  • Քրոնհոֆ

Երեք գյուղակներն են. Մայերլե, Վորհեգ, Քինցլ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախ Մաութենի տարածքում առաջին բնակավայրը հայտնի է Ք.ա 2-րդ դարից։ Վյուրմլախի քոչավայրում հայտնաբերվել է վենետերեն ժայռափոր արձանագրություն, որն Ավստրիայի հնագույն գրավոր հուշարձաններից է։ Փլյոքենի լեռնանցքով անցնում էր հռոմեական ճանապարհ, որը տանում էր դեպի Նորիկում գավառում գտնվող Լոնցիում օթանոց, որը գտնվում էր ժամանակակից Մաութենի տարածքում[4]։

1886 թվականին կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են միայն հռոմեական դիտարանի մնացորդները։ Հարակից բլուրների և թեմական եկեղեցու մոտ կատարված հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են պատի հիմքի մնացորդներ, որոնք ևս կարող էին պատկանել Լոնցիումին։ Մաութեն անվանումը ծագում է հին գերմաներեն «վճար» (հին վերին գերմ․՝ muta) բառից, որն էլ իր հերթին ծագում է գոթերեն «մաքս» (գոթ.՝ mota) բառից[5]։

Միջնադարում շրջանը տնտեսական վերելք էր ապրում երկաթաքարի, ոսկու, արծաթի և կապարի հանքարտադրության շնորհիվ։ Ժամանակակից գյուղերի մեծամասնությունն առաջին անգամ հիշատակվում է միջնադարում. Մաութեն (1276), Հյոֆլինգ (1300), Քյոչախ (1308), Փոդլանիք (1374), Վյուրմլախ (1374), Սբ. Հակոբ (1376)։ 16-րդ դարում հիշատակվում են Լաասը (1510), Մանդորֆը (1521) և Գենչախը (1590)։ 1319 թվականին գավառի դատարանը տեղափոխվել է Մաութեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն արդեն այդ ժամանակ կարևոր նշանակություն ուներ[6]։

1478 թվականի հունիսի 20-ին օսմանյան հեծելազորն Օմար իբն Բեքրի գլխավորությամբ ասպատակել է վերին Գայլթալը և հրի մատնել Քյոչախը և մերձակա քաղաքները[7]։

1485 թվականին Աքվիլեայի պատրիարքի հանձնարարությամբ Պետրոս Կաորլեացի եպիսկոպոսը Փլյոքենի լեռնանցքով ուղևորվել է դեպի Գայլթալ և Արևելյան Թիրոլ` եպիսկոպոսական գործառույթները կատարելու համար[8]։ Նրա ուղեկից Պողոս Սանտոնինոսն իր նոթերում նշել է, որ եպիսկոպոսն իջևանել է Մաութենում և Քյոչախում[9]։

1524 թվականի մարտի 25-ին Կառլոս V կայսրը Մաութեն տոնավաճառին շնորհել է զինանշանի թույլտվություն։ Զինանշանի վրա պատկերված է վիրավոր արջ կապտադեղին դաշտում[10]։

1618 թվականին մեծ հրդեհը մեծապես վնասել է քաղաքը և ոչնչացրել մեծ թվով կարևոր փաստաթղթեր։ 16-րդ դարից տարածաշրջանը պատկանել է Օրթենբուրգի կոմսությանը։ Այդտեղ կառուցվել են մեծ թվով երկաթաձուլարաններ[11]։

1800 թվականին Նապոլեոնի բանակը Փլյոքենի լեռնանցքով ներխուժել է Մաութեն և այն միացրել Իլլիրիական թագավորությանը։ Տարածաշրջանում այդ ժամանակվանից պահպանվել են ֆրանսական տեղանուններ։ 1813 թվականին ֆրանսական զորքերը դուրս են բերվել այդտեղից[12]։

Առաջին աշխարհամարտի տարիներին Մաութենը կարևոր կետ էր Փլյոքենի լեռնանցքի մերձակայքում, որտեղ գտնվում էին հիվանդանոցներ և բաղնիքներ, և անցնում էին պարենային շարասյուներ։ Իտալական հրետանին հրետակոծել է 34 անգամ։ Պատերազմից հետո իտալացիները ռազմական ճանապարհ են կառուցել դեպի Հերմագոր[13]։

1930 թվականին՝ Կարինթիայի հանրաքվեի տասնամյակի պատվին Քյոչախն ստացել է տոնավաճառի կարգավիճակ։ 1958 թվականին Քյոչախը և Մաութենը միացվել են զույգավանի մեջ։ 1973 թվականին վերին Գայլթալի և ստորին Լեզախթալի բնակավայրերը ևս միացվել են բնակավայրին[14]։

Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախի թեմական եկեղեցին
Մաութենի թեմական եկեղեցի
  • Փիթերսբերգ գյուղատեղի
  • Վայդենբուրգ գյուղատեղի
  • Մանդորֆ ամրոց. առաջին անգամ հիշատակվում է 1521 թվականին։ Կառուցել են Օրթենբուրգ մինիստերիալները։
  • Վայդենբուրգ ամրոց. կառուցվել է 1225 թվականին և պատկանել է Գորիցիայի իշխաններին։
  • Քյոչախի թեմական եկեղեցի. ուշ գոթական եկեղեցի, որն առաջին անգամ հիշատակվում է 1399 թվականին։ Այն իր նոր տեսքն ստացել է 1518-1527 թվականների վերակառուցումից հետո։ Շինարարության վարպետն է եղել Բարթիմէ Ֆիրթալերը։ Այն եռանավ ուշ գոթական եկեղեցի է։ Դրա հարավային նավն ավելի նեղ է, քանի որ ներառում է հին շինությունը։ Եկեղեցու` կլասիցիզմի օրինակ խորանը 1833 թվականին կառուցել է Ֆրանց Շթաուդերը[15]։
  • Մաութենի Սուրբ Մարկոս թեմական եկեղեցի. գմբեթավոր աշտարակը կառուցվել է 1234 թվականին։ Եկեղեցին առաջին անգամ հիշատակվում է 1466 թվականին։ 1478 թվականի օսմանյան հարձակումից ավերվելուց հետո, վերականգնվել է 1485 թվականին։
  • Լեզախթալի Սուրբ Հակոբ թեմական եկեղեցի
  • 1915–18 թվականների թանգարան. 1992 թվականին տոնավաճառային քաղաքի քաղաքապետարանում բացվել է թանգարան, որը նվիրված է 1915–1918 թվականների Լեռնային պատերազմին, որի ճակատն անցել է քաղաքից ոչ շատ հեռու։
  • Մուսեն բնապահպանական շրջան
  • Մաութենի կիրճ բնության հուշարձանը

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի տվյալներով Քյոչախ Մաութենում ապրում է մոտ 3400 մարդ։ Բնակչության 95,0%-ն ավստրիացիներ են, 1,2%-ը գերմանացիներ և 0,9%-ը` թուրքեր։ Բնակչության 89,1%-ը կաթոլիկներ են, 6,6%-ը բողոքական են, 1,3%-ը` մուսուլման, իսկ 1,8%-ը չեն պատկանում որևէ դավանանքի[16]։

Բնակչություն ըստ տարիների[խմբագրել | խմբագրել կոդը]

bevoelkerung.at/..

Տնտեսություն և ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախ Մաութենի երկաթուղային կայարան
Լեզախթալի ջրանիվներից մեկը

Քյոչախ Մաութենը կարևոր քաղաք է վերին Գայլթալում։ Քաղաքը տարածաշրջանի համար նշանակալի է անտառանյութերի և ջերմափախանակիչների արտադրությամբ։ Քաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում զբոսաշրջությունը և հասարակական սննդի ոլորտը։ Քյոչախ Մաութենը կլիմայաբուժական առողջարան է։ Քաղաքում է գտնվում տարածաշրջանի ամենախոշոր լողավազանը։ Լաասում գործում է հիվանդանոց։

1877 թվականից քաղաքում հատուկ պահպանվում են ավանդական արհեստները, օրինակ` դարբնությունը։

2016 թվականից երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, և հիմնական միջքաղաքային տրանսպորտն ավտոբուսն է։

Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից Քյոչախ Մաութենում գործում է կենսագազի արտադրություն, որն օգտագործվում է Քյոչախի ջերմակայանում, ինչպես նաև` խողովակաշարով փոխանցվում է Վիեննա։

Քյոչախ մաութենն Ավստրիայի 24 համայնքներից մեկն է (առ 2019 թվականը), որ արժանացել է էներգախնայողության և կանաչ էներգիայի օգտագործման համար բարձր գովասանքի[17]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսվալդ Նիշելվիթցեր (1811–1894), Մաութենի քաղաքապետ, երկրամասային և պետական խորհուրդների անդամ, Պետական խորհուրդի առաջին նախագահ
  • Յոզեֆ Քլաուզ (1910–2001), ավստրիացի քաղաքական գործիչ (ԱԺԿ), Զալցբուրգի նահանգապետ (1949–1961), Ավստրիայի վարչապետ (1964–1970)
  • Ֆրանց Փիխլեր Մանդորֆ (1885–1972), ավստրիացի քաղաքական գործիչ (ԱՍԴԿ), Քլագենֆուրթի քաղաքապետ
  • Իգնաց Չուրչենթալեր (1890–1954), ավստրիացի քաղաքական գործիչ (ԱԺԿ)
  • Հայդուլֆ Գերնգրոս (ծն. 1939), ավստրիացի ճարտարապետ, արվեստագետ և ST/A/R մշակութային ամսագրի հրատարակիչ
  • Սիսի Զոնլայթներ (ծն. 1953), ավստրիուհի խոհարար, համադամագետ և հեղինակ
  • Հայմո Ցոբերնիք (ծն. 1958), ավստրիացի արվեստագետ
  • Ռիխարդ Քափլենիք (ծն. 1963), ավստրիացի արվեստագետ
  • Գերֆրիդ Զիթար (ծն. 1968), ավստրիացի հոգևորական, աչվեստագետ և հեղինակ

Քաղաքական և հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոչախ Մաութենի քաղաքապետարանը

Քյոչախ Մաութենում գործում են երիտասարդական, մշակութային և կրթական տարբեր կենտրոններ[18][19][20][21]։

2015 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո երկրամասի խորհուրդ է ընտրվել 23 անդամ.

Քյոչախ Մաութենի քաղաքապետը Վալթեր Հարթլիբն է (ԱՍԴԿ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl Klaus: Kötschach-Mauthen, Plöcken und Umgebung. Selbstverlag des Verfassers
  • H. Dolenz: Spätantiker Turm in Mauthen. Wien 1940
  • F. C. Keller: Ausgrabungen bei Mauthen. Carinthia I, Jb 1886
  • H. Koban: Die Veneter- und Römerstraße bei Mauthen, Bemerkungen über Loncium und den verschollenen Veneterstein. Carinthia I, Jg. 1948

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kötschach-Mauthen
  2. «Susanne Fuhrmann, Bundesamt für Eich- und Vermessungswesen: Der Franziszeische Kataster. Digitale Historische Geobasisdaten im Bundesamt für Eich- und Vermessungswesen (BEV). Die Urmappe des Franziszeischen Kataster, Wien o. D., S. 7 – mit einer ausführlichen Beschreibung der Vorgehensweise» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  3. Statistik Austria: Bevölkerung am 1.1.2018 nach Ortschaften (Gebietsstand 1.1.2018)
  4. Geschichte des Gemeindegebietes von Kötschach-Mauthen
  5. Bernhard Christoph Breitkopf, Versuch eines vollständigen grammatisch-kritischen Wörterbuches der Hochdeutschen Mundart mit beständiger Vergleichung der übrigen Mundarten, 1777, Band 3, S. 421
  6. Die älteste Zeit
  7. «Unsere Heimat». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  8. Chronik
  9. Das Itinerar des Paolo Santonino
  10. Die Geschichte des Gemeidewappen und –fahnen
  11. Wießner H. Literaturauszug
  12. Legende Plöckenpass
  13. «Museum 1915-1918». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  14. Herzlich Willkommen in der Marktgemeinde Kötschach-Mauthen
  15. Heinz Held: DuMont Kunst-Reiseführer. Kärnten und Steiermark. DuMont, Köln [1981] 3. Auflage 1985, S. 252.
  16. «Statistik Austria, Volkszählung, Demografische Daten» (PDF). 2001-05-15. Վերցված է 2019-03-03-ին.
  17. e5-Gemeinden in Österreich Stand März 2019
  18. the Lounge interactive design
  19. «Hochwasserschutz Kötschach-Mauthen». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  20. Herzlich willkommen!
  21. Volksschule Kötschach-Mauthen
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոչախ Մաութեն» հոդվածին։