Քինգ Օլիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ Օլիվեր
Ծնվել էդեկտեմբերի 19, 1881(1881-12-19)[1]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 10, 1938(1938-04-10)[1] (56 տարեկան)
Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, փողհար, բենդ-լիդեր, երգերի հեղինակ և ջազ երաժիշտ
ԳործիքներՇեփոր և Կոռնետ
ԼեյբլVocalion
 King Oliver Վիքիպահեստում

Ջո «Քինգ» Օլիվեր (անգլ.՝ Joseph "King" Oliver, դեկտեմբերի 19, 1881(1881-12-19)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - ապրիլի 10, 1938(1938-04-10)[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկյան ջազի լեգենդ, շեփորահար, կոռնետահար և դիրիժոր։

Երաժշտական կրթութունն սկսել է որպես տրոմբոնահար, մոտ 1907 թվականից նվագել է սևամորթների տարբեր փողային և պարային նվագախմբերում՝ հանդես գալով Նոր Օռլեանի բարերում և կաբարեներում։ 1918 թվականին տեղափոխվել է Չիկագո, որտեղ երկու տարի անց ստեղծել է իր առաջին նվագախումբը՝ «Քինգ Օլիվերի Կրեոլ ջազ նվագախումբ» (անգլ.՝ King Oliver’s Creole Jazz Band): 1922 թվականին խումբը սկսեց ելույթ ունենալ «Lincoln Gardens» դահլիճում։

1925 թվականին փոքր–ինչ փոփոխված կազմով Կրեոլ ջազ նվագախումբը հաջողությամբ հանդես է եկել Չիկագոյում, բայց պայմանագրի ավարտից անմիջապես հետո՝ 1927 թվականին, նվագախումբը կազմալուծվել է։ 1930-1936 թվականներին Օլիվերը շատ է շրջագայել ԱՄՆ–ում տարբեր նվագախմբերի հետ, բայց 1931 թվականից ի վեր նա այլևս գործունեություն չի ծավալել։ Կյանքի վերջին տարիները Օլիվերն անց է կացրել Սավաննա քաղաքում։

Օլիվերը հրաշալի տիրապետում էր իր գործիքին։ Նա կոլեկտիվ իմպրովիզացիայի վարպետ էր։

Օլիվերը հանդես էր գալիս բացառապես իր խմբի հետ՝ գերազանց կատարելով իր պարտականությունները և ճիշտ համակարգելով բոլոր աշխատանքները։ Կրեոլ ջազ նվագախմբի հաջողությունը մեծապես պայմանավորված էր խիստ կարգապահությամբ, որ Օլիվերը պահանջում էր երաժիշտներից։ Նրա կատարած աշխատանքը ջազի ասպարեզում գրեթե անսահման է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Օլիվերը ծնվել է 1885 թվականի մայիսի 11-ին[~ 1] աղքատ ընտանիքում:Մայրը ծնվել է Ֆլորիդայում 1854 թվականի սեպտեմբերին, աշխատել է որպես խոհարար բամբակի պլանտացիայում։ Մահացել է 1900 թվականի հունիսի 13-ին Նոր Օռլեանում։ Հայրը, ըստ մեկ աղբյուրի, բանվոր էր, մահացել է Նոր Օռլեանում 1909 թվականի փետրվարին 64 տարեկան հասակում, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ եկեղեցու քարոզիչ՝ ծնված 1850 թվականին։

Մանուկ հասակում դժբախտ պատահարի հետևանքով Օլիվերի մի աչքը կուրացել է[3] (երբ Օլիվերը հանրության առաջ նվագում էր, գլխարկն իջեցնելով ծածկում էր կույր աչքը, որպեսզի ոչ ոք չնկատի իր արատը)։ 15 տարեկան հասակում՝ մոր մահից հետո, նա եկել է Նոր Օռլեան, ցերեկը աշխատել, իսկ ազատ ժամանակ սովորել է նվագել կոռնետ և տրոմբոն։ Միևնույն ժամանակ Օլիվերը սկսել է նվագել տեղի փողային նվագախմբերից մեկում։ Ջազի վաղ շրջանի ձևավորման ընթացքում Օլիվերը հանդես է եկել Նոր Օռլեանի հայտնի սևամորթների և կրեոլների նվագախմբերում։

1910-ական թվականների սկզբին նա աշխատել է Ստորիվիլում և տարբեր ժամանակներում ելույթ է ունեցել գրեթե բոլոր նորօռլեանական ջազային երաժիշտների հետ։ 1915 թվականին նա համարվում էր քաղաքի առաջատար ջազմեններից մեկը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականից Օլիվերը գումար էր վաստակում՝ նվագելով տարբեր նվագախմբերում՝ «Olimpia Band» (1911-1914), «Eagle Band», « Magnolia Band», «Onward Band»։ 1915 թվականին Սիդնեյ Բեշեի հետ ստեղծեց սեփական խումբը, իսկ 1918 թվականին տեղափոխվեց Չիկագո, որտեղ հասավ մեծ հաջողությունների՝ ելույթ ունենալով «Royal Gardens» և «Lincoln Gardens» ակումբներում։

1917 թվականին Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մուտք գործելու կապակցությամբ իշխանությունները Նոր Օռլեանը հայտարարեցին ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք, և այս պատրվակով փակվեցին զվարճանքի կենտրոնները, որտեղ աշխատում էին բազմաթիվ երաժիշտներ։ Այդ պատճառով սկսվեց երաժիշտների մեծ արտագաղթ դեպի հյուսիս՝ հիմնականում Չիկագո, որտեղ մինչև 1920-ական թվականների սկիզբը կենտրոնանում էին լավագույն երաժշտական ուժերը ինչպես Նոր Օռլեանից, այնպես էլ ԱՄՆ–ի այլ քաղաքներից։ Նման նվագախմբերի բնորոշ օրինակ է Օլիվերի կողմից ստեղծված «Creole Jazz Band» խումբը։ 1922 թվականին երիտասարդ Լուի Արմսթրոնգը Օլիվերի հրավերով սկսեց աշխատել «Creole Jazz Band» նվագախմբում որպես երկրորդ կոռնետահար։ Հետագայում Արմսթրոնգը խոսում էր Օլիվերի մասին որպես իր ուսուցիչի և անվանում էր նրան «Հայր Ջո»։

Իր նվագախմբի հայտնի երաժիշտների՝ կլառնետահար Ջոնի Դոդսի, թմբկահար «Բեբի» Դոդսի, Չիկագոյի երիտասարդ և կիրթ դաշնակահար Լիլ Հարդինի, տրոմբոնահար Օնորե Դյուտրեի և կոնտրաբասահար Վիլյամ Մանուել Ջոնսոնի հետ կատարում էր նորօռլեանական ջազային իմպրովիզացված նմուշներ։ Նվագախումբը ձայնագրեց այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Mabel's Dream», «Dippermouth Blues», «Chimes Blues» և «Canal Street Blues»: Օլիվերին հետագայում միացան Բարնի Բիգարդը, Ջիմմի Նոնը և Ալբերտ Նիկոլասը։ նրանց հետ միասին 1928 թվականին նվագախումբը ձայնագրեց ևս մի քանի հիթ՝ «Someday Sweetheart», «Dead Man Blues» և «West End Blues»: «Creole Jazz Band» նվագախմբի հետ Նյու Յորք տեղափոխվելուց հետո Օլիվերը թույլ տվեց մի մեծ սխալ, որը ճակատագրական ազդեցություն թողեց նրա հետագա կյանքի վրա. նա հրաժարվեց կանոնավոր կերպով ելույթ ունենալ «Cotton» ակումբում, ակումբ, որը հետագայում դարձավ Դյուկ Էլինգտոնի նվագախմբի հայտնիության գրավականը։

Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգ Օլիվերի գերեզմանաքարը Վուդլոնի գերեզմանատանը

1930-ական թվականների կեսերին Օլիվերի ժողովրդականությունը սկսեց թուլանալ։ Քաղցրավենիքի նկատմամբ անհաղթահարելի հակում ունենալու պատճառով նրա մոտ զարգացավ ատամների հիվանդություն, և փողային նվագարաններին տիրապետելու հմտությունը սկսեց վատթարանալ։ Բացի այդ, Մեծ ճգնաժամը ազդեց Օլիվերի ֆինանսական վիճակի վրա. այն բանկը, որտեղ գտնվում էին նրա փողերը, սնանկացավ, ինչի արդյունքում Օլիվերը ստիպված սկսեց աշխատել որպես հավաքարար և շվեյցար Wimberly's Recreation Hall խաղատանը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Օլիվերի մոտ զարգացել է աթերոսկլերոզ[4] և, չկարողանալով վճարել բուժման համար, նա մահացել է ուղեղի ներբջջային արյունազեղման հետևանքով[5] Սավաննա քաղաքում 1938 թվականի ապրիլի 8-ին։ Օլիվերին հուղարկավորել են Նյու Յորքի Վուդլոն գերեզմանատանը[6], որտեղ թաղված են նաև Օլիվեր Քինգի ջազի հետևորդներից շատերը՝ Մաքս Ռոուչ, Մայլս Դևիս, Լիոնել Հեմփթոն։

2007 թվականին Քինգ Օլիվերը հետմահու ներկայացվել է Ռիչմոնդ քաղաքի Փառքի սրահ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգ Օլիվերի կինը Ստելլա Դոմինիկն էր, որի հետ նա ամուսնացավ 1911 թվականի հունիսի 13-ին։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում նշվում է 1884 թվականի դեկտեմբերի 19–ը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. Hanley, Peter (2007-11). «Joe Oliver is still King» (անգլերեն). Doctorjazz.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Բ. Ֆեյերթագ (2001). «Ջազ, XX դար, Ջո Քինգ Օլիվեր». СПб.: Скифия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Փիթեր Գերլեր. «Ջազային երաժիշտների հանրագիտարան, Ջո Օլիվեր» (անգլերեն). Jazz.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Ջազ, Ջո Քինգ Օլիվերի կենսագրությունը» (անգլերեն). Allaboutjazz.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Գերեզման, Ջո Օլիվեր» (անգլերեն). Findagrave.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ Օլիվեր» հոդվածին։