Քիմիական տարրերի անվանումների ստուգաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիական տարրերի անվանումների ստուգաբանություն
տեսակտեղեկատվական ցանկ և Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Ծանոթագրություններ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիայի պատմության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ քիմիական տարրեր։ Քանի որ դրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, քիմիական տարրերի անվանումների ստուգաբանությունը կապվում է տարբեր լեզուների և մշակույթների հետ։ Քիմիական տարրերի անվանումները կարող են ծագել տարբեր աղբյուրներից՝ երբեմն այն գիտնականի անունով, որը հայտնաբերել է այն, կամ այն վայրի անունով, որտեղ տարրը հայտնաբերվել է։ Որոշ տարրեր ունեն լատիներեն կամ հունարեն արմատներ, որոնք բխում են տարրի հատկություններից կամ կիրառությունից։

Վայրի անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

118 քիմիական տարրերից 32-ի հայերեն անվանումները կապված են Երկրի վրա գտնվող վայրերի հետ, ևս 8-ն անվանակոչվել են Արեգակնային համակարգի մարմինների անունով.

Մարդկանց անուններով[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարրերի անվանումներ կապված են 20 անձանց անունների հետ (կյուրիում տարրն անվանվել է Մարի և Պիեռ Կյուրիների անունով)։ 15 տարր անվանվել է գիտնականների անունով, ևս չորսն անուղղակիորեն կապված են այլ անձանց անունների հետ[2]։ Գլեն Սիբորգը և Յուրի Հովհաննիսյանը միակ գիտնականներն են, որոնց անունով քիմիական տարրեր են անվանակոչվել դեռևս նրանց կենդանության oրոք։ Գիտնական չհանդիսացող չորս անձանց անուններով տարրերն իրականում անվանվել են որևէ վայրի կամ հաստատության անունով, որն իր հերթին անվանված է եղել այդ մարդկանց անունով.

Դիցաբանական կերպարի անունով[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ տարրեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն անվանվել են դիցաբանական կերպարների անուններով։ Ցերիում, եվրոպիում, հելիում, իրիդիում, նեպտունիում, նիոբիում, պալադիում, պլուտոնիում, պրոմեթիում, սելեն, տիտան, թորիում, ուրան և վանադիում տարրերի անվանումները կապված են աստվածությունների և առասպելական կերպարների հետ։

Միներալների անուններով[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տարրեր անվանվել են այն միներալների անուններով, որոնցում հայտնաբերվել են։ Օրինակ` բերիլիումն այդպես է կոչվել բերիլ միներալի անունով։

Հայերեն անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական տարրերի անվանումների մեծ մասը միջազգայնորեն կիրառվող անուններ են։ Որոշ անվանումներ, սակայն, գործածվում են միայն հայերենում։ Դրանք են` ջրածին, թթվածին, ածխածին, ծծումբ, երկաթ, պղինձ, արծաթ, անագ, ծարիր, ոսկի, սնդիկ, կապար։

Տարածում չստացած անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք տարրերի համար առաջարկվել են անվանումներ, որոնք, սակայն, պաշտոնապես միջազգային ճանաչում չեն ստացել։ Դրանցից են`

Տարրերի անվանման գործող ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին երկու տասնամյակների ընթացքում քիմիական տարրերի անվանման գործընթացը վերահսկում է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը, որը նաև ժամանակավոր անվանում և քիմիական նշան է տալիս դեռևս անհայտ կամ վերջերս սինթեզված տարրերին։

Անվանումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

հ Քիմիական նշան Հայերեն անվանում Լատիներեն անվանում Անվանման ստուգաբանություն
1 H Ջրածին Hydrogenium Հայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որն իր հերթին ծագում է հին հունարեն՝ ὕδωρ` «ջուր» և γεννάω` «ծնում եմ» արմատներից[3]։
2 He Հելիում Helium Ծագում է հին հունարեն՝ ἥλιος (հելիոս)` «Արեգակ» բառից։ Այդպես է անվանվել այն պատճառով, որ առաջին անգամ հայտորոշվել է Արեգակի սպեկտրում վառ դեղին գծի միջոցով, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։
3 Li Լիթիում Lithium Ծագում է հին հունարեն՝ λίθος (լիթոս)` «քար» բառից, քանի որ հայտնաբերվել է միներալից, մինչդեռ այդ ժամանակ հայտնի մյուս ալկալիական մետաղները (նատրիում և կալիում) հայտնաբերվել էին բույսերի հյուսվածքներից։
4 Be Բերիլիում Beryllium Ծագում է բերիլ միներալի անվանումից։ «Բերիլ» անվանումն իր հերթին ծագում է հին հունարեն՝ βήρυλλος (բերիլլոս), «կապտականաչ բյուրեղ», պրակրիտ լեզուներով वॆरुलिय (վերուլիյա), պալի լեզվով वेलुरिय (վերուլիյա), भेलिरु (վելիրու) կամ भिलर् (վիլար) «գունատվել» ձևերից, որոնք վերաբերում էին բաց գույնի կիսաթանկարժեք բերիլ քարին[4]։
5 B Բոր Borum Անվանումը ծագել է արաբ․՝ بورق‎‎ (բուրակ) կամ պարս.՝ بوره (բուրաh) բառերից, որոնցով անվանում էին բորաքսը[5]։
6 C Ածխածին Carboneum Հայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որը ծագում է carbō` «ածուխ» բառից։
7 N Ազոտ Nitrogenium Հավանաբար ծագում է հին հունարեն՝ ἄζωτος (ազոտոս)՝ «անկենդան» բառից, սակայն հնարավոր է նաև սնդիկի ալքիմիական անվանումներից մեկից` ազոթ ձևից կամ անդալուսյան արաբերեն al-zuq բառից։

Լատիներեն անվանումը նշանակում է «սելիտրա ծնող»։

8 O Թթվածին Oxygenium Հայերեն անվանումը պատճենում է հունարեն անվանումից, որը ծագում է հին հունարեն՝ ὀξύς ` «թթու» և γεννάω` «ծնում եմ» բառերից[6]։
9 F Ֆտոր Fluorum Ծագում է հին հունարեն՝ φθόρος (ֆթորոս)` «ոչնչացում» բառից։

Լատիներեն անվանումը ծագում է fluere՝ «հոսել» բայից, որը կապվում է ֆլյուորիտ միներալի (կալցիումի ֆտորիդ) հետ. այն օգտագործվում էր երկաթի ձուլման ժամանակ։

10 Ne Նեոն Neon Ծագում է հին հունարեն՝ νέος (նեոս)` «նոր» բառից։
11 Na Նատրիում Natrium Ծագում է արաբ․՝ نطرون‎‎ (նատրուն)` «փրփրող նյութ», եգիպտերեն netjeri և եբրայերեն՝ נתר‎` «ալկալի» (օճառային հեղուկ)[7] բառերից։ Ի սկզբանե այդպես էին անվանում բնական սոդան (նատրիումի կարբոնատ)։ Հունարենին է անցել νίτρον (նիտրոն) ձևով։
12 Mg Մագնեզիում Magnesium Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία, Մագնիսիա) շրջանի անունից, որի շրջակայքում հնագույն ժամանակներում հայտնաբերվել են մագնեզիտ միներալի հանքավայրեր։
13 Al Ալյումին Aluminium Ծագում է լատին․՝ alumen` «պաղլեղներ» բառից։ Բառացի նշանակում է «դառը աղ»[8]։
14 Si Սիլիցիում Silicium Ծագում է լատին․՝ slilicium անվանումից, որն առաջացել է լատին․՝ silex` «կայծքարային ապարներ» բառից։
15 P Ֆոսֆոր Phosphorus Ծագում է հին հունարեն՝ φῶς (ֆոս)` «լույս» և φέρω (ֆերո)` «բերում եմ» բառերից[9]։ Բառացի նշանակում է «լուսաբեր», քանի որ սպիտակ ֆոսֆորը թթվածնի հետ շփումից թույլ լույս է արձակում։

Ֆոսֆորը նաև Վեներա մոլորակի կամ Հեսպերոսի հին անվանումն էր։

16 S Ծծումբ Sulfur Հայերեն անվանումը կազմված է կրկնությամբ՝ այլուստ չհանդիպող *ծում արմատից՝ -բ-ի հավելմամբ։ Համեմատելի է վրացերեն փոխառյալ cumcuma, cumcuba, cuncuba բառերի հետ[10]։ Պարզ չէ, թե *ծում-ը կապ ունի արդյոք հնդեվրոպական *swelp-` «այրվել» արմատի հետ, որից հավանաբար ծագում է լատին․՝ sulp(h)ur` «ծծումբ» բառը[11]։
17 Cl Քլոր Chlorum Ծագում է հին հունարեն՝ χλωρός (խլորոս)` «բաց դեղնականաչավուն» բառից։ Անվանումն ստացել է քլոր գազի գույնի պատճառով[12]։
18 Ar Արգոն Argon Ծագում է հին հունարեն՝ ἀργός (արգոս)` «ծույլ», «դանդաղ» բառից։
19 K Կալիում Kalium Ծագում է արաբ․՝ القلي կամ القلية‎‎ (ալ-կալի)` «բույսերի մոխիր» բառից։ Հնում այդպես էին անվանում պոտաշը (կալիումի կարբոնատ), քանի որ այն ստանում էին ծառերի և խոտաբույսերի մոխրից։
20 Ca Կալցիում Calcium Ծագում է լատին․՝ calx ` «կիր» բառի calcis սեռական հոլովաձևից[13]։ Կալցիումը հայտնի էր դեռևս առաջին դարում, երբ հին հռոմեացիները ստանում էին կիր և կալցիումի օքսիդ։
21 Sc Սկանդիում Scandium Անվանվել է Սկանդինավիայի լատիներեն Scandia անունով։
22 Ti Տիտան Titanium Անվանվել է հունական դիցաբանության կերպարների` տիտանների անունով։
23 V Վանադիում Vanadium Անվանվել է գեղեցկության սկանդինավյան աստվածուհի Ֆրեյայի Վանադիս (հին սկանդինավերեն` Vanadís` «Վաների դուստր») անունով։ Անվանումն ստացել է գեղեցիկ և բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ։
24 Cr Քրոմ Chromium Ծագում է հին հունարեն՝ χρῶμα (խրոմա)` գույն բառից։ Անվանումն ստացել է բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ[14]։
25 Mn Մանգան Manganum Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία) շրջանի անունից, որտեղ հայտնաբերվել է։ Մագնեսիա բառը իտալերենում վերածվել է manganese, ֆրանսերենում՝ manganèse ձևերի, որից առաջացել է մանգան անվանումը։
26 Fe Երկաթ Ferrum Հայերեն անվանումը հավանաբար ծագում է բնիկ հնդեվրոպական *d(i)u>*d(e)i - «փայլել, շողալ» արմատից՝ *u աճականով, և նույն զարգացմամբ, ինչ երկին բառում։ Երկաթ բառը կապվում է երկինք բառի հետ, քանի որ ստացվել է երկնաքարերից։ Հայերեն երկին ձևի հետ է կապվում նաև քարթվելական բառաձևերը՝ վրացերեն, մեգրելերեն՝ rkina, լազերեն՝ erkina, լատին․՝ ferrum[10]։
27 Co Կոբալտ Cobaltum Ծագում է գերմ.՝ կոբոլդ բառից, որով անվանում էին ստորգետնյա հարստությունների պահապան ոգիներին։ Հանքագործներն այդպես են անվանել մետաղը, որը թունավոր էր և խնդրահարույց, քանի որ հանդիպում էր արդյունահանվող այլ տարրերի, օրինակ՝ նիկելի հետ։

Ըստ մեկ այլ վարկածի` անվանումը կապվում է արծաթի հանքագործների այն համոզմունքի հետ, որ կոբոլտները գողանում էին արծաթը և դրա փոխարեն կոբալտ թողնում։

Կան ենթադրություններ, որ անունը կարող է ծագած լինել հին հունարեն՝ κόβαλος (կոբալոս)` «հանք» բառից, որը կարող է ընդհանուր արմատներ ունենալ «կոբոլդ», «գոբլին» և «կոբալտ» բառերի հետ։

28 Ni Նիկել Niccolum Ծագում է շվեդ.՝ kopparnickel բառից, որը նշանակում է «պղնձագույն հանքաքար»։ Խոսքը վերաբերում էր նիկոլիտ հանքաքարին, որից այն ստացվել էր[15]։
29 Cu Պղինձ Cuprum Փոխառություն է իրանական աղբյուրից, հավանաբար մեդերենից։ Համեմատելի է պարս.՝ birinĵ բառի հետ[10]։

Լատիներեն անվանումը գալիս է Կիպրոս կղզու (հին հունարեն՝ Κύπρος, լատին․՝ Cuprum) անունից, որտեղ արդյունահանվում էր պղինձ[16]։

30 Zn Ցինկ Zincum Ծագում է ունի գերմ.՝ Zinken ` «ծայր» բառից՝ հավանաբար վերաբերելով ցինկի սրածայր բյուրեղներին։ Կարող է ծագած լինել հին պարսկերենից։
31 Ga Գալիում Gallium Գալիումը որպես ազատ մետաղ ստացել է քիմիկոս Լեկոկ դը Բուաբոդրանը, որն այն անվանել է իր հայրենի երկրի` Ֆրանսիայի անունով, որի լատիներեն անվանումն էր Գալիա (լատին․՝ Gallia): Ավելի ուշ մեղադրանքներ են հնչել, թե նա քիմիական տարրն անվանել էր իր անունով, քանի որ նրա անունը` Լեկոկ, նույն կերպ է հնչում, ինչ ֆր.՝ le coq` «աքաղաղ» բառը։ Այդպես է թարգմանվում նաև լատին․՝ gallus բառը։ Սակայն նա պնդել է, որ այդպիսի մտադրություն չի ունեցել[17]։
32 Ge Գերմանիում Germanium Անվանվել է Գերմանիայի անունով։
33 As Արսեն Arsenicum Ծագում է հին հունարեն՝ ἀρσενικόν (արսենիկոն) բառից, որն իր հերթին փոխառություն էր ասորերեն՝ ܠܫܢܐܠܐ ܙܐܦܢܝܐ (ալ-զարնիկա)[18] և պարս.՝ زرنيخ (զարնիխ)` «դեղին աուրիպիգմենտ» բառերից։ Առնչվում է նաև հին հունարեն՝ ἀρσενικός (արսենիկոս)` «ուժեղ», «առնական» բառի հետ։

Արսենի հայերեն մեկ այլ անվանումը կապված է նրա միացությունների օգտագործման հետ։ Դրանք կիրառում էին մկների և առնետների դեմ պայքարելու նպատակով, որտեղից էլ ծագել է «մկնդեղ» անվանումը։

34 Se Սելեն Selenium Ծագում է հին հունարեն՝ σελήνη (սելենե)` Լուսին բառից։ Այդպես էր կոչվում նաև Լուսնի աստվածուհին հունական դիցարանում։

Տարրն այդպես է անվանակոչվել այն պատճառով, որ նման է տելուր տարրին, որն իր անվանումն ստացել է Երկիր մոլորակի անունով, որի արբանյակն է Լուսինը։

35 Br Բրոմ Bromum Ծագում է հին հունարեն՝ βρῶμος (բրոմոս)` «գարշահոտություն» բառից[19]։ Անվանումն ստացել է բնորոշ հոտի պատաճառով։
36 Kr Կրիպտոն Krypton Ծագում է հին հունարեն՝ κρυπτός (կրիպտոս)` «թաքնված» բառից։ Այդ անվանումն է ստացել անգույն, անհոտ, անհամ լինելու և գազային հատկությունների, ինչպես նաև բնության մեջ հազվադեպ հանդիպելու պատճառով։
37 Rb Ռուբիդիում Rubidium Ծագում է լատին․՝ rubidus` «մուգ կարմիր» բառից, սպեկտրալ գծի գույնի պատճառով։
38 Sr Ստրոնցիում Strontium Անվանվել է ստրոնցիանիտ հանքանյութի անունով, որն այդպես է կոչվել Շոտլանդիայում գտնվող Ստրոնթիան բնակավայրի անունով, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է։
39 Y Իտրիում Yttrium Ծագում է իտերբիտ միներալի անունից, որից առաջին անգամ առանձնացվել է իտրիումը։ Միներալն իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 2]։
40 Zr Ցիրկոնիում Zirconium Անվանվել է ցիրկոն միներալի անունով, որից առաջին անգամ ստացվել է։ Ցիրկոն բառն իր հերթին ծագում է ասորերեն՝ ܙܐܪܓܥܢܥ (զարգոնո)[20], արաբ․՝ زركون‎‎ (զարքուն) կամ պարս.՝ زرگون (զարգուն) բառերից, որոնք նշանակում են «ոսկեգույն»։
41 Nb Նիոբիում Niobium Անվանվել է հին հունական դիցաբանության հերոսուհի Նիոբեի՝ Տանտալոսի դստեր անունով` նիոբիում և տանտալ քիմիական տարրերի նմանության պատճառով։
42 Mo Մոլիբդեն Molybdenum Ծագում է հին հունարեն՝ μόλυβδος (մոլիբդոս)` «կապար» բառից։ Այդպես է անվանվել մոլիբդենիտի (որից առաջին անգամ առանձնացվել է մոլիբդենի օքսիդը) և գալենիտի` կապարի սուլֆիդի արտաքին նմանության պատճառով։
43 Tc Տեխնեցիում Technetium Ծագում է հին հունարեն՝ τεχνητός (տեխնետոս)` «արհեստական» բառից, քանի որ առաջին արհեստականորեն ստացվող տարրն էր։
44 Ru Ռութենիում Ruthenium Անվանվել է Ռուսաստանի անունով, Կիևյան Ռուսիայի լատիներեն էկզոնիմ Ռուտենիայի (լատին․՝ Ruthenia) անունով[21]։
45 Rh Ռոդիում Rhodium Ծագում է հին հունարեն՝ ῥόδον (ռոդոն)` «վարդ» բառից, քանի որ ռոդիումի միացություններին բնորոշ է մուգ բոսորագույնը։
46 Pd Պալադիում Palladium Անվանվել է Պալաս աստղակերպի անունով, որը հայտնաբերվել էր տարրից երկու տարի առաջ։ Աստղակերպն իր հերթին անվանվել է իմաստության և հաղթանակի աստվածուհի Աթենաս Պալասի անունով։ Պալադիում բառը ծագում է Παλλάδος սեռական հոլովաձևից[22]։
47 Ag Արծաթ Argentum Հայերեն արծաթ, ինչպես և հին հունարեն՝ ἄργυρος (արգիրոս) անվանումը, ծագում է բնիկ հնդեվրոպական * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից (-աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ)։ Համեմատելի է հին հնդկերեն rajatám, ավեստերեն՝ ərəzata, լատին․՝ argentum, հին իռլանդերեն arggat` «արծաթ» բառերի հետ[10]։
48 Cd Կադմիում Cadmium Անվանվել է այն միներալի հին հունարեն՝ καδμεία (կադմեյա) անունով, որից ստանում էին կադմիում։ Միներալն իր անունը ստացել է հին հունական դիցաբանական հերոս Կադմոսի անունից։
49 In Ինդիում Indium Անվանվել է ինդիումի սպեկտրալ գծի ինդիգո գույնի անունով։ Ինդիգո բառն իր հերթին ծագում է իսպ.՝ indico և հոլանդերեն indigo (պորտուգալերեն endego-ից), լատին․՝ indicum, հին հունարեն՝ ἰνδικόν (ինդիկոն) ձևերից, որոնք նշանակում են «կապույտ ներկ Հնդկաստանից»։
50 Sn Անագ Stannum Հայերեն անվանումը փոխառություն է խուռիերեն anagi ձևից, որն իր հերթին հավանաբար ծագում է շումերերեն, ապա աքքադերեն՝ anāku ձևից[10]։

Լատիներեն անվանումը հավանաբար ունի կելտական ծագում[23]։

51 Sb Ծարիր Stibium Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ səδiδā բառից[10]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ στίβι (ստիբի), στίμμι (ստիմմի) ձևերից, որոնք հավանաբար ծագում են արաբերեն կամ եգիպտերեն sdm արմատից, որը նշանակում է «աչքի ներկ»։

52 Te Տելուր Tellurium Ծագում է լատին․՝ tellus ` Երկիր բառի telluris սեռական հոլովաձևից։
53 I Յոդ Iodum Ծագում է հին հունարեն՝ ἰώδης ` «մանուշակագույն» բառից[24], որը կապված է ծովային ջրիմուռների մոխրի և խիտ ծծմբական թթվի հետ ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուայի կատարած փորձերի ընթացքում ստացված գոլորշու գույնի հետ։
54 Xe Քսենոն Xenon Ծագում է հին հունարեն՝ ξένος ` «օտար» բառից։
55 Cs Ցեզիում Caesium Ծագում է լատին․՝ caesius «երկնագույն կապույտ» բառից։ Տարրի հայտորոշումն առաջին անգամ կատարվել է սպեկտրի երկու վառ կապույտ գծերի միջոցով։ Ցեզիումն առաջին տարրն է, որը հայտնաբերվել է սպեկտրասկոպի միջոցով[25]։
56 Ba Բարիում Barium Ծագում է հին հունարեն՝ βαρύς ` «ծանր», քանի որ բարիումի օքսիդն ունի այդպիսի նյութերի համար անսովոր բարձր խտություն։ Հեմֆրի Դևին տարրն այդպես է անվանել, քանի որ այն ի սկզբանե գտնվել է բարիտ միներալում[26]։
57 La Լանթան Lanthanum Ծագում է հին հունարեն՝ λανθάνω ` «թաքնվում եմ» բառից։
58 Ce Ցերիում Cerium Անվանվել է ի պատիվ Սերես աստղակերպի, որը հայտնաբերվել էր երկու տարի առաջ։ Աստղակերպը, որն այժմ դասակարգվում է որպես գաճաճ մոլորակ, անվանվել է հռոմեական դիցարանի պտղաբերության աստվածուհի Կերեսի անունով։ «Կերես» բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի *ker արմատից, որը նշանակում է «աճել»[27][28]։
59 Pr Պրազեդիում Praseodymium Ծագում է հին հունարեն՝ πράσιος ` «բաց կանաչ» и δίδυμος` «երկվորյակ» բառերից։ Անվանումն ստացել է այն պատճառով, որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 3]։
60 Nd Նեոդիմ Neodymium Ծագում է հին հունարեն՝ νέος ` «նոր» и δίδυμος` «երկվորյակ» բառերից, քանի որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 3]։
61 Pm Պրոմեթիում Promethium Տարրն անվանվել է առասպելական հերոս Պրոմեթևսի անունով, որը Զևսից կրակ էր գողացել և փոխանցել մարդկանց։
62 Sm Սամարիում Samarium Անվանումը կապված է սամարսկիտ միներալի հետ, որից այն առաջին անգամ առանձնացվել է։ Վերջինս իր հերթին անվանվել է ինժեներ Վասիլի Սամարսկի-Բիխովեցի անունով։
63 Eu Եվրոպիում Europium Անվանվել է Եվրոպա մայրցամաքի անունով, որտեղ այն հայտնաբերվել է։ Մայրցամաքն իր հերթին անվանվել է փյունիկյան առասպելական արքայադուստր Եվրոպայի անունով։
64 Gd Գադոլինիում Gadolinium Անվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յոհան Գադոլինի[29], որը Հյուսիսային Եվրոպայի երկրներում քիմիայի հիմնադիրներից է և հայտնաբերել է իտրիումը։ Նրա անունով է կոչվում նաև գադոլինիտ միներալը։
65 Tb Տերբիում Terbium Անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 2]։
66 Dy Դիսպրոզիում Dysprosium Ծագում է հին հունարեն՝ δυσπρόσιτος ` «դժվարամատչելի» բառից։
67 Ho Հոլմիում Holmium Անվանվել է Ստոկհոլմքաղաքի հին լատիներեն Հոլմիա (Holmia) անվանմամբ։
68 Er Էրբիում Erbium անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 2]։
69 Tm Թուլիում Thulium Անվանվել է հեռավոր հյուսիսում գտնվող առասպելական երկրի հին հռոմեական և հունական Թուլե (հին հունարեն՝ Θούλη) անունով, որը հավանաբար Սկանդինավիան էր։
70 Yb Իտերբիում Ytterbium Անվանումը ստացել է իտերբիայից՝ իտերբիումի օքսիդային միացությունից։ Իտերբիան իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 2]։
71 Lu Լուտեցիում Lutetium Անվանվել է Փարիզի անունով` քաղաքի լատիներեն Լյուտեցիա (Lutetia) անունով (գալերենից թարգմանաբար նշանակում է «ցեխոտ տեղ»)։
72 Hf Հաֆնիում Hafnium Անվանվել է Կոպենհագենի անունով` քաղաքի լատիներեն Հաֆնիա (Hafnia) անունով։
73 Ta Տանտալ Tantalum Տարրն անվանվել է հին հունական դիցաբանության հերոս Տանտալոսի անունով[30]։
74 W Վոլֆրամ Wolframium Ծագում է գերմ.՝ Wolf Rahm` «գայլի փրփուր» անվանումից, ինչը պայմանավորված է նրանով, որ անագի հանքաքարերի հետ հանդիպող վոլֆրամը խանգարում էր անագի հալույթի ստացմանը` այն վերածելով խարամների փրփուրի)։
75 Re Ռենիում Rhenium Ծագում է Հռենոս գետի լատիներեն Rhenus անվանումից:
76 Os Օսմիում Osmium Ծագում է հին հունարեն՝ ὀσμή ` «հոտ» բառից` օսմիումի քառօքսիդիգարշահոտ լինելու պաճառով։
77 Ir Իրիդիում Iridium Ծագում է հին հունարեն՝ ἶρις ` «ծիածան» բառից` իրիդիումի աղերի բազմերանգ գույների պատճառով։
78 Pt Պլատին Platinum Անունը տրվել է իսպանացի կոնկիստադորների կողմից, որոնք 16-րդ դարի կեսերին Հարավային Ամերիկայում առաջին անգամ հանդիպեցին նոր մետաղի, որը նման էր արծաթի (իսպ.՝ plata)։ Տարրի անվանումը բառացիորեն նշանակում է «փոքրիկ արծաթ», «արծաթիկ»[31]։ Պլատինը երկար ժամանակ կիրառություն չէր գտնում բացառիկ դժվարահալության պատճառով և արծաթից երկու անգամ էժան էր գնահատվում[32]։
79 Au Ոսկի Aurum Հայերեն անվանումը չունի հավաստի ստուգաբանություն․ կասկածելի են և՛ հնդեվրոպական մեկնաբանությունները (օրինակ՝ *aues- «լուսավորել» արմատից), և՛ ոչ հնդեվրոպական (փոխառության) վարկածները (հմմտ․ ֆիններեն՝ aske «պղինձ» և շումերերեն guškin «ոսկի»)[10]։

Լատիներեն Aurum անվանումը նշանակում է «շողացող լուսաբաց»։

80 Hg Սնդիկ Hydrargyrum Հայերեն անվանման ստուգաբանությունն անհայտ է[10]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ ὕδωρ ջուր և ἀργυρός արծաթ (hydor and argyros) բառերից և բառացիորեն թարգմանվում է «հեղուկ արծաթ», քանի որ սենյակային ջերմաստիճանում հեղուկ վիճակում է և ունի արծաթյա փայլ։

81 Tl Թալիում Thallium Ծագում է հին հունարեն՝ θαλλός` «կանաչ, մատղաշ ճյուղ» բառերից։ Անվանումն ստացել է սպեկտրի բնորոշ կանաչ գծերի և բոցի կանաչ գույնի պատճառով։
82 Pb Կապար Plumbum Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ qapār կամ իրանական *kapar ձևերից։ Ավելի քիչ հավանական է հին հունարեն՝ καππαρις բառից, որն ունի կրկնակ π։ Կապպար ձևը ծագում է արաբ․՝ qabbār‎‎ ձևից[10]։

Հյուբշմանը համարում է փոխառություն հունարենից, Աճառյանը՝ ասորերենից կամ պահլավերենից։

83 Bi Բիսմութ Bismuthum Ծագում է գերմ.՝ Wismuth բառից, որը հավանաբար weisse Masse` «սպիտակ զանգված» արտահայտության աղավաղված ձևն է։
84 Po Պոլոնիում Polonium Անվանվել է տարրը հայտնաբերողներից Մարի Կյուրիի հայրենիքի` Լեհաստանի անունով` երկրի լատիներեն Պոլոնիա (Polonia) անվանումով։
85 At Աստատ Astatium Ծագում է հին հունարեն՝ ἄστατος (աստատոս)` «անկայուն» բառից։
86 Rn Ռադոն Radon Անվանումն ստացվել է radium emanation բառերի կրճատումից, քանի որ ռադոնն առաջանում է ռադիում տարրի ռադիոակտիվ քայքայումից։
87 Fr Ֆրանսիում Francium Անվանվել է Ֆրանսիայի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Փարիզի Կյուրի ինստիտուտում։
88 Ra Ռադիում Radium Ծագում է լատին․՝ radius` «ճառագայթ» բառից` ճառագայթաակտիվ լինելու պատճառով։
89 Ac Ակտինիում Actinium Ծագում է հին հունարեն՝ ἀκτίς` «ճառագայթ» բառից։
90 Th Թորիում Thorium Անվանվել է սկանդինավյան դիցարաբանությունում ամպրոպի աստված Թորի անունով։
91 Pa Պրոտակտինիում Protactinium Տարրն այդպես է անվանվել, քանի որ 231Pa-ի α-քայքայման ժամանակ առաջանում է ակտինիում (227Ac)։
92 U Ուրան Uranium Անվանվել է Ուրան մոլորակի անունով, որը հայտնաբերվել էր ութ տարի առաջ՝ 1781 թվականին։ Մոլորակն անվանվել է հունական դիցարաբանության երկնքի աստված Ուրանոսի (հին հունարեն՝ Οὐρανός) անունով։
93 Np Նեպտունիում Neptunium Անվանումն ստացել է Նեպտուն մոլորակի անունից, որն իր հերթին անվանվել է հռոմեական դիցարանի օվկիանոսների աստված Նեպտունի անունով։
94 Pu Պլուտոնիում Plutonium Անվանվել է Արեգակնային համակարգի Պլուտոն մոլորակի անունով[Ն 1]` ուրանի և նեպտունիումի համանմանությամբ։ Մոլորակն իր հերթին անվանումն ստացել է Պլուտոն աստծո անունից։
95 Am Ամերիցիում Americium Անվանվել է Ամերիկա աշխարհամասի անունով (եվրոպիումի համանմանությամբ), քանի որ հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում։ «Ամերիկա» անվանումն իր հերթին ծագում է ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունից։
96 Cm Կյուրիում Curium Անվանվել է Պիեռ և Մարի Կյուրիների անունով, որոնք հայտնաբերել են ռադիումը և ռադիոակտիվությունը։
97 Bk Բերկլիում Berkelium Անվանվել է Բերքլի քաղաքի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Քաղաքն անվանվել է Ջորջ Բերքլիի անունով։
98 Cf Կալիֆոռնիում Californium Անվանվել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է։ Ինչպես գրել են հեղինակները, այս անունն ընտրելով` նրանք ցանկանում էին նշել, որ իրենց համար նույնքան դժվար էր նոր տարր հայտնաբերելը, որքան մեկ դար առաջ Ամերիկայի նորաբնակների համար Կալիֆոռնիա հասնելը։
99 Es Էյնշտեյնիում Einsteinium Անվանվել է ի պատիվ Ալբերտ Այնշտայնի, տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։
100 Fm Ֆերմիում Fermium Անվանվել է ի պատիվ իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի։
101 Md Մենդելեևիում Mendelevium Անվանվել է ի պատիվ Դմիտրի Մենդելեևի, որը ստեղծել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։
102 No Նոբելիում Nobelium Անվանվել է ի պատիվ Ալֆրեդ Նոբելի։
103 Lr Լոուրենսիում Lawrencium Անվանվել է ի պատիվ ցիկլատրոնի հայտնագործող, ֆիզիկոս Էռնեստ Լոուրենսի։
104 Rf Ռեզերֆորդիում Rutherfordium Անվանվել է ի պատիվ անգլիացի մեծանուն ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի։
105 Db Դուբնիում Dubnium Անվանվել է Դուբնա քաղաքի անունով։ Այստեղ է գտնվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որտեղ հայտնաբերվել է տարրը։
106 Sg Սիբորգիում Seaborgium Անվանվել է ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Գլեն Սիբորգի, որը մասնակցել է պլուտոնիումի և ինը այլ տրանսուրան տարրերի հայտնաբերմանը, առաջարկել ակտինիդների տեսությունը։
107 Bh Բորիում Bohrium Անվանվել է ի պատիվ դանիացի ֆիզիկոս Նիլս Բորի, որը հիմնարար ներդրում է ունեցել ատոմի կառուցվածքի և քվանտային մեխանիկայի ուսումնասիրության բնագավառում։
108 Hs Հասիում Hassium Անվանվել է ի պատիվ Գերմանիայի Հեսսեն երկրամասի։ Հասսիան ( լատին․՝ Hassia) միջնադարյան Հեսսեն իշխանության լատիներեն անվանումն է։ Հասիում տարրը սինթեզվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում, որը գնվում է Հեսսեն երկրամասի կենտրոն Դարմշտադտ քաղաքում։
109 Mt Մայտներիում Meitnerium Անվանվել է ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մայտների, որը մասնակցել է միջուկի ճեղքման հայտնաբերմանը։
110 Ds Դարմշտադիում Darmstadtium Անվանվել է ի պատիվ Դարմշտադտ քաղաքի, որտեղ հայտնաբերվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում։
111 Rg Ռենտգենիում Roentgenium Անվանվել է ի պատիվ հայտնի գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենի, որը հայտնաբերել է ռենտգենյան ճառագայթները։
112 Cn Կոպեռնիցիում Copernicium Անվանվել է ի պատիվ Նիկոլայ Կոպեռնիկոսի։
113 Nh Նիհոնիում Nihonium Անվանվել է ի պատիվ Ճապոնիայի։ Նիհոն անվանումը Ճապոնիայի ինքնանվանումն է, որը նշանակում է «ծագող արևի երկիր»։
114 Fl Ֆլերովիում Flerovium Անվանվել է ի պատիվ խորհրդային միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտնական և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադիր Գեորգի Ֆլյորովի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 102-110 կարգաթվով տարրերը։
115 Mc Մոսկովիում Moscovium Անվանվել է ի պատիվ Մոսկվայի մարզի, որտեղ հայտնաբերվել է Դուբնա գիտական քաղաքում։
116 Lv Լիվերմորիում Livermorium Անվանվել է ի պատիվ Կալիֆոռնիայի Լիվերմոր քաղաքում գտնվող Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի, որը մասնակցել է տարրի հայտնաբերմանը։ Քաղաքն իր հերթին անվանվել է կալիֆոռնիացի ագարակատեր Ռոբերտ Լիվերմորի անունով։
117 Ts Թենեսսին Tennessium

կամ

Tennessinum

Անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի, որտեղ գտնվում են Օք Ռիջի ազգային լաբորատորիան, Վանդերբիլթի համալսարանը և Թենեսիի համալսարանը, որոնք մեծ ներդրում են ունեցել գերծանր տարրերի սինթեզման գործում։

«Թենեսի» անվանումը ծագում է չերոկիական Թանասի (չերոկի` ᏔᎾᏏ) բնակավայրի անունից։

118 Og Օգանեսոն Oganesson Անվանվել է ի պատիվ մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 114-118 կարգաթվով տարրերը։ Հովհաննիսյանն այժմ կենդանի միակ գիտնականն է, որի անունով քիմիական տարր է անվանակոչվել։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Պլուտոնիումի անվանակոչման ժամանակ Պլուտոնը դեռևս համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։ 2006 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Պլուտոնը դասվել է գաճաճ մոլորակների շարքին։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Շվեդիայի Իտերբի բնակավայրի մոտակայքում գտնվող հանքում հայտնաբերվել են մի շարք քիմիական տարրեր։ Բնակավայրի անունով չորս տարր է անվանվել՝ իտրիում (Y), տերբիում (Tb), էրբիում (Er), իտերբիում (Yb):
  3. 3,0 3,1 Դիդիմիում նյութը սկզբում սխալմամբ համարվել է առանձին քիմիական տարր։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա քայքայումից ստացվում են պրազեդիում (Pr) և նեոդիմ (Nd) տարրերը։ Մետաղներն ունեն տարբեր գույնի աղեր, որոնք օգնում են տարբերել դրանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  2. Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  3. Harper, Douglas. «hydrogen | Etymology, origin and meaning of hydrogen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  4. Harper, Douglas. «beryl | Etymology, origin and meaning of beryl by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  5. Shipley, Joseph T. (2001). The Origins of English Words: A Discursive Dictionary of Indo-European Roots. JHU Press. ISBN 9780801867842.
  6. Harper, Douglas. «oxygen | Etymology, origin and meaning of oxygen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  7. Библейская симфония с еврейским и греческим словарём
  8. Harper, Douglas. «aluminum | Etymology, origin and meaning of aluminum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  9. Harper, Douglas. «phosphorus | Etymology, origin and meaning of phosphorus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Ջահուկյան, Գ. Բ. (2010). Հայերեն ստուգաբանական բառարան. Երևան: Ասողիկ. ISBN 978-9939-50-121-5. OCLC 787877496.
  11. Mallory & Adams (2006). The Oxford introduction to Proto-Indo-European and the Proto-Indo-European world. Oxford University Press.
  12. Harper, Douglas. «chlorine | Etymology, origin and meaning of chlorine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  13. Harper, Douglas. «calcium | Etymology, origin and meaning of calcium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  14. Harper, Douglas. «chromium | Etymology, origin and meaning of chromium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  15. Harper, Douglas. «nickel | Etymology, origin and meaning of nickel by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  16. Harper, Douglas. «copper | Etymology, origin and meaning of copper by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  17. Weeks, Mary Elvira (1932-09). «The discovery of the elements. XV. Some elements predicted by Mendeleeff». Journal of Chemical Education. 9 (9): 1605. doi:10.1021/ed009p1605. ISSN 0021-9584.
  18. Harper, Douglas. «arsenic | Etymology, origin and meaning of arsenic by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  19. Harper, Douglas. «bromine | Etymology, origin and meaning of bromine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  20. Pearse, Roger. «Oriental Fathers: Syriac Literature». www.tertullian.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  21. Magocsi, Paul R. (1996 թ․ հունվարի 1). A History of Ukraine (անգլերեն). University of Toronto Press. ISBN 978-0-8020-7820-9.
  22. Harper, Douglas. «palladium | Etymology, origin and meaning of palladium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  23. «Tin | The American Heritage Dictionary entry:». www.ahdictionary.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  24. Harper, Douglas. «iodine | Etymology, origin and meaning of iodine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  25. Harper, Douglas. «cesium | Etymology, origin and meaning of cesium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  26. Harper, Douglas. «barium | Etymology, origin and meaning of barium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  27. Campbell, Mike. «Meaning, origin and history of the name Ceres». Behind the Name (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  28. Harper, Douglas. «cereal | Etymology, origin and meaning of cereal by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  29. Pyykkö, Pekka (2015-08). «Magically magnetic gadolinium». Nature Chemistry (անգլերեն). 7 (8): 680–680. doi:10.1038/nchem.2287. ISSN 1755-4349.
  30. Harper, Douglas. «tantalus | Etymology, origin and meaning of tantalus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  31. Woods, Ian (2004). The Elements: Platinum. Benchmark Books. ISBN 978-0-7614-1550-3.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  32. Harper, Douglas. «platinum | Etymology, origin and meaning of platinum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.