Քիմիական ինդիկատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Indikator-Blaukraut.JPG

Ինդիկատորներ կամ հայտանյութեր, քիմիական նյութեր, որոնք հնարավորություն են տալիս որոշելու քիմիական ռեակցիայի ավարտը կամ ջրածնի իոնների կոնցենտրացիան լուծույթում։ Ինդիկատորները կիրառվում են գլխավորապես տիտրաչափության մեջ համարժեքության կետը (տիտրման վերջնակետը) որոշելու համար։ Ինդիկատորի ներկայությամբ հիշյալ կետում դիտվում է գույնի փոփոխություն, պղտորության առաջացում կամ անհետացում, լուսարձակում։
Ինդիկատորները բաժանվում են հինգ խմբի՝ թթվահիմնային, օքսիդավերականգնման, կոմպլեքսաչափական, ադսորբումային և քեմիլյումենեսցենտային։

Թթվա֊հիմնային ինդիկատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվա֊հիմնային ինդիկատորներն այն նյութերն են, որոնք փոխում են իրենց գույնը միջավայրի ջրածնային ցուցչի (PH) փոփոխումից։ Այդ ինդիկատորները օրգանական թույլ թթուներ են կամ հիմքեր (ըստ Օստվալդի տեսության), կիրառվում են չեզոքացման եղանակներում, ինչպես նաև գունաչափության եղանակով PH-ը որոշելիս։ Չեզոքացման եղանակով վերլուծության ժամանակ կիրառում են մեթիլօրանժ, լակմուս, ֆենոլֆտալեին, ավելի հաճախ՝ երկու ինդիկատորների խառնուրդ՝ խառը ինդիկատորներ (օրինակ, թիմոլկապույտ + ֆենոլֆտալեին), որոնք կարող են կարճ ժամանակահատվածում հստակորեն փոխել իրենց գույնը։

Օքսիդավերականգնման ինդիկատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիդավերականգնման ինդիկատորներն այն նյութերն են, որոնք կարող են օքսիդանալ կամ վերականգնվել օքսիդացման պոտենցիալի որոշակի արժեքի դեպքում և փոխել իրենց գույնը։ Այդ ինդիկատորները (օրինակ, մեթիլենային կապույտ, դիֆենիլամին, օսլա) կիրառվում են վերլուծության տիտրաչափական եղանակներում, որոնք հիմնված են օքսիդավերականգնման ռեակցիաների վրա։

Կոմպլեքսաչափական ինդիկատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպլեքսաչափական ինդիկատորներն այն նյութերն են, որոնք որոշվող իոնների հետ առաջացնում են գունավոր կոմպլեքս միացություններ։ Այդ ինդիկատորները (կոչվում են նաև մետաղաքրոմային կամ մետաղ-ինդիկատորներ) կիրառվում են վերլուծության տիտրաչափական եղանակներում։ Այդպիսի ինդիկատորներից են ջրում լուծվող օրգանական ներկանյութերը՝ էրիոքրոմ սև T, քսիլենոլօրանժը և այլն։

Ադսորբումային ինդիկատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադսորբումային ինդիկատորներն այն նյութերն են, որոնց ներկայությամբ համարժեքության կետում փոխվում է նստվածքի գույնը։ Որպես ադսորբումային ինդիկատորներ կիրառվում են գլխավորապես ներկանյութեր (օրինակ, էոզին, ֆլուորեսցեին)։

Քեմիլյումի նեսցենտային ինդիկատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմիլյումի նեսցենտային ինդիկատորներն այն նյութերն են, որոնք կարող են համարժեքության կետում լուսավորվել տեսանելի լույսով։ Կիրառվում են խիստ գունավորված լուծույթները տիտրելու համար։ Այդպիսի ինդիկատորներից են լյումինոլը և սիլօքսենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334 CC-BY-SA-icon-80x15.png