Քթի միջնապատի թեքություն
| Քթի միջնապատի թեքություն | |
|---|---|
| Հետևանք | քթահոսություն |
| Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
| ՀՄԴ-9 | 21.88 |
| ՀՄԴ-10 | J34.2 |
| Բուժում | septoplasty? |
Քթի միջնապատի թեքություն, միջնապատի տեղաշարժով ուղեկցվող քթի կառուցվածքային խանգարում։ Որոշակի տեղաշարժ հանդիպում է մարդկանց 80%-ի մոտ, որոնք սովորաբար տեղյակ չեն դրա մասին[1]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի միջնապատը քթի մեջ գտնվող ոսկրն ու աճառն է, որը քթի խոռոչը բաժանում է երկու քթանցքների։ Աճառը կոչվում է քառանկյուն աճառ, իսկ միջնապատը կազմող ոսկրերն են վերին ծնոտի կատարը, խոփը (լատիներեն՝ vomer) և մաղոսկրի ուղղահայաց թիթեղը: Նորմայում միջնապատը գտնվում է կենտրոնում, և հետևաբար, քթի անցուղիները համաչափ են[2]: Թեք միջնապատը կառուցվածքային խանգարում է, որի դեպքում աճառային կատարի վերին մասը թեքվում է դեպի ձախ կամ աջ՝ առաջացնելով քթի տվյալ անցուղու խցանում:
Հաճախակի հանդիպում է քթի միջնապատի թեքումը կենտրոնական հատվածից. միջնապատը համարվում է շեղված միայն այն դեպքում, եթե տեղաշարժն էական է կամ խնդիրներ է առաջացնում[3]: Թեք միջնապատը կարող է տարիներ շարունակ չնկատվել և, հետևաբար, շտկման կարիք չունենալ[3]:
Միջնապատի թեքության ախտանիշներն են քթի հարակից խոռոչների վարակները և քնի ապնոէն, խռմփոցը, կրկնվող փռշտոցները, դեմքի ցավը, քթային արյունահոսությունը, բերանային շնչառությունը, դժվարացած շնչառությունը, հոտառության թեթևից մինչև ծանր կորուստը[1][4] և հնարավոր գլխացավերը[5]: Միայն միջնապատի թեքության ծանր դեպքերն են առաջացնում շնչառության դժվարության ախտանիշներ և պահանջում բուժում[1]:
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնապատի թեքությունն ամենահաճախը առաջանում է միջնապատի անհավասարաչափ աճի հետևանքով, ինչը նպաստում է միջնապատի թեքվելուն դեպի մի կողմ[6] : Այն կարող է նաև լինել բնածին արատ, որի դեպքում միջնապատն անհամաչափ է լինում ծնվելու պահից: Այս դեպքում այն կարող է վատթարանալ տարիքի հետ, քանի որ միջնապատը շարունակում է աճել։
Միջնապատի թեքությունը կարող է առաջանալ նաև վնասվածքից, օրինակ՝ կոնտակտային մարզաձևերի ժամանակ դեմքին հասցված հարվածից կամ ավտովթարից[3] : Միջնապատի թեքության հանգեցնող վնասվածք նորածինների մոտ կարող է առաջանալ ծննդաբերության ժամանակ[7]: Վնասվածքները, ինչպիսիք են քթի կոտրվածքը, նույնպես կարող են նպաստել միջնապատի թեքությանը, սակայն այն միշտ չէ, որ ուղեկցվում է միջնապատի վնասումով: Միջնապատի թեքությունը նաև կարող է կապված լինել շարակցական հյուսվածքի գենետիկ հիվանդությունների հետ, ինչպիսիք են Մարֆանի համախտանիշը, հոմոցիստինուրիան և Էհլերս-Դանլոսի համախտանիշը[8]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի միջնապատի թեքությունը քթային անցանելիության խանգարման ամենատարածված պատճառն է[9]: Հաճախ առկա է լինում քթի վնասվածքի պատմություն, ներառյալ ծննդաբերական գործընթացի ժամանակ ստացած վնասվածքը կամ միկրոկոտրվածքները[9]: Բժիշկը, հիմնականում՝ օտորինոլարինգոլոգը (քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագետ), սովորաբար ախտորոշումը կատարում է հիվանդի պատմությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց և ֆիզիկալ զննում իրականացնելուց հետո[9]: Երբեմն քթի պատկերավորման հետազոտությունը նույնպես նպաստում է ախտորոշմանը[9]: Օտորինոլարինգոլոգը կարող է զննել միջնապատը՝ կատարելով քթի էնդոսկոպիա: Այս միջամտության ընթացքում վիրաբույժն օգտագործում է ճկուն կամ կոշտ խողովակի ծայրին ամրացված լույս և տեսախցիկ՝ քթի խորքում միջնապատի կառուցվածքը զննելու համար: Սովորաբար օգտագործվում են տեղային անոթասեղմիչ և անզգայացնող դեղամիջոցներ՝ ավելի լավ տեսանելիություն և հարմարավետություն ապահովելու համար[10]:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի միջնապատի թեքությունը շտկելու վիրահատական մեթոդը դիտարկելուց առաջ սովորաբար նախ փորձարկվում է դեղորայքային թերապիան՝ քթի ցողաշիթերի միջոցով, ներառյալ անոթասեղմիչները, հակահիստամինայինները կամ քթի կորտիկոստերոիդային ցողաշիթերը[9] : Դեղորայքը ժամանակավորապես թեթևացնում է ախտանիշները, բայց չի շտկում հիմնական խնդիրը: Ոչ դեղորայքային ախտանիշների թեթևացում կարելի է ստանալ նաև քթի սթրիպների օգտագործմամբ։
Քթի աճառային միջնապատը ծածկված է լորձաթաղանթի շերտով[11], և այս լորձաթաղանթի ժամանակավոր ուռածությունը կարող է չափազանցնել միջնապատի շեղման ակնհայտ ծանրությունը: Նման այտուցը կարող է առաջանալ ալերգիկ ռինիտի, վերին շնչուղիների վարակների, քրոնիկական ռինիտի կամ սուր սինուսիտի հետևանքով: Այս վիճակների բուժումը և տարբեր ժամանակահատվածներում քթի էնդոսկոպիկ հետազոտությունների անցկացումը կարող են օգնել ավելի ճշգրիտ գնահատել իրական կառուցվածքային շեղումը:
Սեպտոպլաստիկա կոչվող փոքր վիրահատական միջամտությունը կարող է բուժել միջնապատի թեքության հետ կապված ախտանիշները: Վիրահատությունը տևում է մոտավորապես մեկ ժամ և չի հանգեցնում որևէ կոսմետիկ փոփոխության կամ արտաքին սպիների: Վիրահատությունից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում կարող է լինել քթի փակվածություն, ցավ[12], արտադրություն կամ այտուց[13]: Միջամտությունից հետո լիարժեք ապաքինումը կարող է տևել երկու օրից մինչև չորս շաբաթ: Միջնապատի ոսկրերը երբեք չեն վերականգնվում (նորից չեն աճում): Եթե ախտանիշները կրկնվում են, ապա դրանք կապված չեն թեքվածության հետ: Ախտանիշների կրկին հայտնվելը կարող է պայմանավորված լինել քթի լորձաթաղանթի մետապլազիայով: Լինում են նաև դեպքեր, երբ վիրահատությունը անհաջող է կատարվում՝ հանգեցնելով ախտանիշների պահպանմանը:
Ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր ենթարկվել են սեպտոպլաստիկայի, 6 ամիս անց ավելի արտահայտված բարելավում են ունեցել իրենց ախտանիշների և կյանքի որակի մեջ, քան այն մարդիկ, որոնք քթի անցանելիության խնդիրները կարգավորել են քթի ցողաշիթերի միջոցով[14][15]:
Սեպտոպլաստիկայի բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- կպումներ և սինեխիաներ միջնապատի լորձաթաղանթի և քթի կողմնային պատի միջև,
- Քթի ծայրի իջեցում՝ պայմանավորված ստորին (կաուդալ) եզրի հատումով,
- Քթի արտաքին դեֆորմացիա (ձևախախտում)[9],
- Ոչ լիարժեք շտկում՝ քթային ախտանիշների պահպանմամբ[9],
- Քթի միջնապատի թափածակում (պերֆորացիա )[9]՝ պայմանավորված հակադիր կողմերում գտնվող լորձաթաղանթ-աճառային թաղանթների երկկողմանի վնասվածքով,
- Թամբաձև քիթ՝ պայմանավորված միջնապատի աճառի թիկնային պատի չափից ավելի հատումով,
- Սպիացում քթի ներսում և քթային արյունահոսություն[9],
- Միջնապատի հեմատոմա[9] և միջնապատի թարախակույտ (աբսցես):
Հայտնի օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Robinson, Jennifer (2016 թ․ դեկտեմբերի 11). «What Is a Deviated Septum?». WebMD.
- ↑ «Fact Sheet: Deviated Septum». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
- 1 2 3 Metson, Ralph; Mardon, Steven (2005 թ․ ապրիլի 5). The Harvard Medical School Guide to Healing Your Sinuses. McGraw-Hill Professional. էջեր 159–161. ISBN 978-0-07-144469-9.
- ↑ «Disorders of Smell & Taste». American Rhinologic Society. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Alghamdi, Fahad S; Albogami, Dhai; Alsurayhi, Atheer S; Alshibely, Anmar Y; Alkaabi, Tariq H; Alqurashi, Laila M; Alahdal, Ali A; Saber, Anfal A; Almansouri, Omar S (2022-11-10). «Nasal Septal Deviation: A Comprehensive Narrative Review». Cureus. Springer Science and Business Media LLC. doi:10.7759/cureus.31317. ISSN 2168-8184. PMC 9736816.
- ↑ «What Is a Deviated Septum?». Cleveland Clinic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-12-26-ին. Վերցված է 2026-01-15-ին.
- ↑ «Deviated septum-Deviated septum - Symptoms & causes». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2026-01-15-ին.
- ↑ Child, AH (2017 թ․ նոյեմբեր). «Non-cardiac manifestations of Marfan syndrome». Annals of Cardiothoracic Surgery (Review). 6 (6): 599–609. doi:10.21037/acs.2017.10.02. PMC 5721104. PMID 29270372.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Fettman, N; Sanford, T; Sindwani, R (2009 թ․ ապրիլ). «Surgical management of the deviated septum: techniques in septoplasty». Otolaryngologic Clinics of North America. 42 (2): 241–52. doi:10.1016/j.otc.2009.01.005. PMID 19328889.
- ↑ «Nasal Endoscopy: What It Is & Why You Might Need One». Cleveland Clinic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-11-27-ին. Վերցված է 2026-01-15-ին.
- ↑ Anatomy, Head and Neck, Nasal Cavity. NCBI Bookshelf. Վերցված է 2025 թ․ հուլիսի 31-ին.
{{cite book}}:|work=ignored (օգնություն) - ↑ Fujiwara, Takashi; Kuriyama, Akira; Kato, Yumi; Fukuoka, Toshio; Ota, Erika (2018 թ․ օգոստոսի 23). Cochrane ENT Group (ed.). «Perioperative local anaesthesia for reducing pain following septal surgery». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2018 (8) CD012047. doi:10.1002/14651858.CD012047.pub2. PMC 6513247. PMID 30136717.
- ↑ «Septoplasty: Recovery and Outlook». my.clevelandclinic.org. Cleveland Clinic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Carrie, Sean; O'Hara, James; Fouweather, Tony; Homer, Tara; Rousseau, Nikki; Rooshenas, Leila; Bray, Alison; Stocken, Deborah D.; Ternent, Laura; Rennie, Katherine; Clark, Emma; Waugh, Nichola; Steel, Alison J.; Dooley, Jemima; Drinnan, Michael (2023-10-18). «Clinical effectiveness of septoplasty versus medical management for nasal airways obstruction: multicentre, open label, randomised controlled trial». BMJ (անգլերեն). 383 e075445. doi:10.1136/bmj-2023-075445. ISSN 1756-1833. PMC 10583133. PMID 37852641.
- ↑ «Surgery is better than nasal sprays for people with severely blocked airways». NIHR Evidence. 2024 թ․ ապրիլի 3. doi:10.3310/nihrevidence_62708.
- ↑ «Breathe easy: Aniston loving her nose work». TODAY.com (անգլերեն). 2007-02-01. Վերցված է 2024-11-25-ին.
- ↑ Schild, Darcy. «Ashley Tisdale said she faced 'traumatic' backlash after her nose job that's taken years to process». Business Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-25-ին.
- ↑ «Josh Hutcherson's 'broken nose' was actually a deviated septum». Yahoo News (կանադական անգլերեն). 2012-05-15. Վերցված է 2024-11-25-ին.
- ↑ «Photos from Celebrities Who Got a Nose Job to Fix Their "Deviated Septum"». E! Online. Վերցված է 2024-11-25-ին.
- ↑ «Miliband nose operation 'fails to help most'». BBC News. 2011 թ․ հուլիսի 28. Վերցված է 2025 թ․ հունվարի 10-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթի միջնապատի թեքություն» հոդվածին։ |
|