Jump to content

Քթըմպանի կարցինոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քթըմպանի կարցինոմա
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառԷպշտեյն-Բարիի վիրուս
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
 Nasopharynx cancer Վիքիպահեստում

Քթըմպանի կարցինոմա, կամ քթըմպանի քաղցկեղ, տարածված չարորակ քաղցկեղ, որը սկիզբ է առնում քթըմպանից։ Այն առավել հաճախ տեղակայվում է քթըմպանի հետին-կողմնային հատվածում կամ ըմպանային ծոցում (Ռոզենմյուլերի փոսիկ), ինչը կազմում է դեպքերի 50%-ը։ Քթըմպանային կարցինոման հանդիպում է և՛ երեխաների, և՛ մեծահասակների շրջանում։ Այս քաղցկեղն էապես տարբերվում է գլխի և պարանոցի շրջանի այլ քաղցկեղներից իր համաճարակաբանությամբ, պատճառներով, կլինիկական ընթացքով և բուժմամբ։ Այն զգալիորեն ավելի տարածված է Արևելյան Ասիայի և Աֆրիկայի որոշ տարածաշրջաններում, քան այլուր, ընդ որում դրա առաջացման գործում դեր ունեն վիրուսային, սննդային և ժառանգական գործոնները[1]: Այն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում: Այն չտարբերակված տիպի տափակբջջային կարցինոմա է: Տափակ էպիթելային բջիջները տափակ տիպի բջիջներ են, որոնք մաշկում և որոշ մարմնի խոռոչները պատող թաղանթներում են: Չտարբերակված բջիջներն այն բջիջներն են, որոնք չունեն իրենց բնորոշ հասուն հատկանիշները կամ գործառույթները:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթըմպանի կարցինոման կարող է դրսևորվել որպես երկկողմանի ուռուցք կամ գոյացություն՝ պարանոցի հետին հատվածում: Այս գոյացությունները սովորաբար զգայուն կամ ցավոտ չեն, բայց հայտնվում են որպես քաղցկեղի մետաստազային տարածման արդյունք դեպի ավշային հանգույցներ՝ դրանով իսկ առաջացնելով ավշային հանգույցների այտուցում: Ավշային հանգույցները գործում են որպես իմունային համակարգի մաս և տարածված են ամբողջ օրգանիզմով[2]: Պարանոցի ավշային հանգույցների այտուցը շատ մարդկանց շրջանում հիվանդության սկզբնական դրսևորումն է և քթըմպանի կարցինոմայի ախտորոշումը հաճախ կատարվում է ավշային հանգույցի բիոպսիայով: Քթըմպանի քաղցկեղի նշանները կարող են հայտնվել գլխացավերի, կոկորդի ցավի և լսողության, շնչառության կամ խոսելու խնդիրների տեսքով[3]: Քթըմպանի կարցինոմայի լրացուցիչ ախտանիշներն են՝ դեմքի ցավ կամ թմրածություն, մշուշոտ տեսողություն կամ պատկերի երկվություն, բերանը բացելու դժվարություն կամ կրկնվող ականջի վարակներ: Եթե ականջի վարակը չի ուղեկցվում վերին շնչուղիների վարակով, ապա պետք է կատարվի քթըմպանի հետազոտություն: Սա պայմանավորված է նրանով, որ մեծահասակների շրջանում ականջի վարակներն ավելի քիչ են տարածված, քան երեխաների շրջանում[2]: Առաջնային ուռուցքի նշանները և ախտանիշներն են՝ տրիզմ (ծամիչ մկանների սպազմ), ցավ, միջին ականջի բորբոքում, քթային հետհոսք՝ պայմանավորված փափուկ քիմքի պարալիչով (շարժման կորուստ կամ խանգարում), լսողության կորուստ և գանգուղեղային նյարդերի կաթված: Ավելի մեծ գոյացությունները կարող են առաջացնել քթի անցանելիության խանգարում կամ արյունահոսություն և ռնգախոսություն: Մետաստազային տարածումը կարող է հանգեցնել ոսկրային ցավի կամ օրգանների ֆունկցիայի խանգարման: Հազվադեպ, հիվանդության տարածված ձևերի դեպքում կարող է առաջանալ օստեոարթրոպաթիայի (հոդերի և ոսկրերի հիվանդություններ) պարանեոպլաստիկ համախտանիշ:

Քթըմպանի կարցիոման առաջանում է վիրուսային, շրջակա միջավայրի ազդեցության և ժառանգականության գործոնների համակցման արդյունքում[4]: Վիրուսային ազդեցությունը կապված է Էպշտեյն-Բարի վիրուսով վարակման հետ[5][6]: Էպշտեյն-Բարի վիրուսը ամենատարածված վիրուսներից մեկն է. ԱՄՆ-ում մարդկանց 95%-ը շփվում է այս վիրուսի հետ մինչև 30-40 տարեկան դառնալը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի սահմանված կանխարգելիչ միջոցառումներ այս վիրուսի համար, քանի որ այն շատ հեշտությամբ է տարածվում և տարածված է ամբողջ աշխարհում: Շատ հազվադեպ է Էպշտեյն-Բարի վիրուսը հանգեցնում քաղցկեղի առաջացման, ինչը ենթադրում է մի շարք ազդող գործոնների առկայություն։

Մյուս հավանական պատճառներն են՝ գենետիկական նախատրամադրվածությունը և պահածոյացված մսի ու աղի ձկան օգտագործումը, որոնք պարունակում են քաղցկեղածին ցնդող նիտրոզամիններ[7][8][9]: Հետազոտված քթըմպանի կարցինոմայի դեպքերի գրեթե կեսում հայտնաբերվել են տարբեր մուտացիաներ, որոնք ակտիվացնում են NF-κB ազդանշանային ուղին:[10]

Էպշտեյն-Բարի վիրուսի և քթըմպանի կարցինոմայի միջև կապը միանշանակ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) II և III տիպի ուռուցքների դեպքում, սակայն ավելի քիչ է հաստատված ԱՀԿ I տիպի քթըմպանի կարցինոմայի համար, որտեղ նախնական գնահատականները հուշում են, որ մարդու պապիլոմավիրուսը կարող է կապ ունենալ[11]: Էպշտեյն-Բարի վիրուսի ԴՆԹ-ն հայտնաբերվել է չեղջերացող քթըմպանի քաղցկեղով հիվանդների 96%-ի արյան պլազմայում, մինչդեռ ստուգիչ խմբի շրջանում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7%[6]: Էպշտեյն-Բարի վիրուսի հետ կապված կորիզային հակածնի և վիրուսային ԴՆԹ-ի հայտնաբերումը 2-րդ և 3-րդ տիպի քթըմպանի քաղցկեղներում բացահայտել է, որ Էպշտեյն-Բարի վիրուսը կարող է վարակել էպիթելային բջիջները և կապված է դրանց չարորակ փոխակերպման հետ: Քթըմպանի կարցինոմայի առաջացումը (հատկապես էնդեմիկ ձևի) բազմափուլ գործընթաց է, որտեղ Էպշտեյն-Բարի վիրուսը, էթնիկ ծագումը և շրջակա միջավայրի քաղցկեղածինները կարևոր դեր են խաղում: Ավելի կարևոր է այն, որ Էպշտեյն-Բարի վիրուսի ԴՆԹ-ի մակարդակը փոխկապակցված է բուժման արդյունավետության հետ և կարող է կանխատեսել հիվանդության ախտադարձը՝ հուշելով, որ այն կարող է լինել կանխատեսման անկախ ցուցանիշ: Այն մեխանիզմը, որով Էպշտեյն-Բարի վիրուսը փոփոխում է քթըմպանի բջիջները, ներկայումս ուսումնասիրվում է՝ հիմնավորված թերապևտիկ թիրախ ապահովելու համար[12]:

Նաև քննարկվում է այն հարցը, թե արդյոք քրոնիկական սինուսիտը կարող է լինել քթըմպանի քաղցկեղի պոտենցիալ պատճառ։ Հիպոթեզի համաձայն՝ սա կարող է տեղի ունենալ այնպես, ինչպես մարմնի այլ մասերի քրոնիկական բորբոքային վիճակների դեպքում՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության պատճառով առաջացած կերակրափողի բորբոքումը հանգեցնում է Բարետի կերակրափողի զարգազմանը[13]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առանձնացրել է քթըմպանի քաղցկեղի երեք ենթատիպ.

  • տիպ 1. Տափակաբջջային եղջերացող կարցինոմա, որը սովորաբար հանդիպում է տարեց մեծահասակների մոտ,
  • տիպ 2. Չեղջերացող կարցինոմա,
  • տիպ 3. Չտարբերակված կարցինոմա:

3-րդ տիպն ամենահաճախն է հանդիպում վաղ տարիքի երեխաների և դեռահասների շրջանում, հանդիպում են նաև 2-րդ տիպի որոշ դեպքեր: Հայտնաբերվել է, որ և՛ 2-րդ, և՛ 3-րդ տիպերը կապված են Էպշտեյն-Բարի վիրուսի տիտրերի բարձր մակարդակի հետ, սակայն 1-ին տիպի դեպքում դա չի դիտվում: Բացի այդ, 2-րդ և 3-րդ տիպերին կարող է հաջորդել բորբոքային բջիջների՝ լիմֆոցիտների, պլազմային բջիջների և էոզինոֆիլների ներհոսքը, որը կոչվում է լիմֆոէպիթելիոմա[14]:

Քթըմպնի կարցինոման դասակարգվում է որպես չարորակ նորագոյացություն կամ քաղցկեղ, որն առաջանում է քթըմպանի լորձաթաղանթի էպիթելից՝ առավել հաճախ քթըմպանի կողմնային ծոցում կամ Ռոզենմյուլերի փոսիկում (եվստախյան փողի բացվածքի մուտքի հետևում գտնվող խորշ): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քթըմպանի կարցինոման դասակարգում է երեք տիպի՝ ըստ հանդիպման հաճախականության՝ չեղջերացող տափակաբջջային կարցինոմա, եղջերացող տափակաբջջային կարցինոմա և բազալոիդ տափակաբջջային կարցինոմա[15]: Ուռուցքը պետք է ցուցաբերի տափակաբջջային տարբերակման նշաններ. չեղջերացող տիպի դեպքում (որը հայտնի է նաև որպես լիմֆոէպիթելիոմա), ուռուցքն ամենաուժեղն է կապված քաղցկեղային բջիջների՝ Էպշտեյն-Բարի վիրուսով վարակվածության հետ[16]:

Քթըմպանի քաղցկեղով հիվանդի ֆտորդեզօքսիգլյուկոզ-պոզիտրոն-էմիսիոն շերտագրություն/համակարգային շերտագրությունԼայնական կտրվածք, որը ցուցադրում է ՖԴԳ-դրական առաջնային օջախը:

Փուլայնություն

Քթըմպանի կարցինոմայի փուլայնությունը հիմնված է կլինիկական և ճառագայթային հետազոտությունների վրա: Հիվանդների մեծ մասը դիմում է հիվանդության III կամ IV փուլերում:

I փուլը փոքր ուռուցք է, որը սահմանափակված է քթըմպանով:

II փուլը ուռուցք է, որը տարածվում է տեղային հատվածում կամ ուղեկցվում է պարանոցի ավշային հանգույցների սահմանափակ ախտահարման որևէ նշանով:

III փուլը մեծ ուռուցք է՝ պարանոցի ավշային հանգույցների ախտահարմամբ կամ առանց դրա, կամ ուռուցք՝ պարանոցի երկկողմանի ավշային հանգույցների ախտահարմամբ:

IV փուլը մեծ ուռուցք է, որն ընդգրկում է ներգանգային կամ ստորքունքային շրջանները, պարանոցի ավշային հանգույցների տարածուն ախտահարում և/կամ ցանկացած հեռակա մետաստազ[17]:

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթըմպանի կարցինոման դասակարգվում է որպես տափակբջջային քաղցկեղ և կապված չէ ծխախոտի օգտագործման հետ։ Այնուամենայնիվ, կան որոշակի ռիսկի գործոններ, որոնք կարող են նախատրամադրել քթըմպանի քաղցկեղի զարգացմանը՝ դրանց ազդեցությանը ենթարկվելու դեպքում։ Այս ռիսկի գործոններն են՝ չինական կամ ասիական ծագումը, Էպշտեյն-Բարի վիրուսի ազդեցությունը, անհայտ գործոնները, որոնք հանգեցնում են հազվադեպ ընտանեկան կլաստերների և ալկոհոլի չարաշահումը։

Էպշտեյն-Բարի վիրուս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բնակչության ավելի քան 90%-ը վարակված է Էպշտեյն-Բարի վիրուսով և հանդիսանում է դրա կրողը։ Այս վիրուսի փոխանցումը տեղի է ունենում թքի միջոցով և ավելի հաճախ հանդիպում է զարգացող երկրներում, որտեղ բնակելի տարածքներն ավելի խիտ են բնակեցված և պակաս հիգիենիկ: Վիրուսի բազմացումը կարող է տեղի ունենալ բերանըմպանի և քթըմպանի էպիթելային հյուսվածքներում: Էպշտեյն-Բարի վիրուսը հիմնականում թիրախավորում է B-լիմֆոցիտները: Պարզվել է, որ քթըմպանի կարցինոմա ախտորոշում ունեցող հիվանդների շրջանում Էպշտեյն-Բարի վիրուսի հակածնի նկատմամբ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է, քան այն անձանց շրջանում, որոնց մոտ քթըմպանի կարցինոմա չի ախտորոշվել[18]:

Ծխախոտի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն անձինք, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը, ունեն քթըմպանի կարցինոմայի զարգացման 2-6 անգամ ավելի բարձր ռիսկ։ Միացյալ Նահանգներում 1-ին տիպի քթըմպանի կարցինոմայով հիվանդների մոտավորապես երկու երրորդը օգտագործել ծխախոտ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ծխելու մակարդակի անկումը կարող է կապված լինել 1-ին տիպի քթըմպանի կարցինոմայի տարածվածության նվազման հետ։ Հարավային Չինաստանում և Հյուսիսային Աֆրիկայում ենթադրվում է, որ ծխի բարձր մակարդակն առաջանում է ոչ թե ծխախոտից, այլ գյուղական վայրերում փայտի վառարաններից և կրակից[18]։

Քթըմպանի կարցինոման կարող է բուժվել վիրահատության, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի[19] կամ իմունաթերապիայի միջոցով[20]։ Ճառագայթային թերապիայի տարբեր ձևեր կան, այդ թվում՝ 3D կոնֆորմալ ճառագայթային թերապիան, ինտենսիվությամբ մոդուլացված ճառագայթային թերապիան, մասնիկների փնջով թերապիան և բրախիթերապիան, որոնք սովորաբար օգտագործվում են գլխի և պարանոցի քաղցկեղների բուժման մեջ։ Չտարբերակված քթըմպանի կարցինոմայում Էպշտեյն-Բարի վիրուսի գաղտնի սպիտակուցների արտահայտումը կարող է պոտենցիալ կերպով օգտագործվել իմունային հիմքով թերապիաների համար[21]։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի բուժման երեք տարբեր տեսակ կամ մեթոդ, որոնք կարող են կիրառվել քթըմպանի կարցինոմայով հիվանդների համար։ Դրանք են՝ ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան և վիրահատությունը։ Չնայած ներկայումս գոյություն ունի բուժման երեք մեթոդ, իրականացվում են կլինիկական հետազոտություններ, որոնք կարող են մշակել քթըմպանի կարցինոմայի ավելի արդյունավետ բուժումներ։ Կլինիկական հետազոտությունը գիտական ուսումնասիրություն է, որն աշխատում է բուժման նոր մեթոդներ մշակելու կամ գործող մեթոդների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու կամ դրանք բարելավելու ուղղությամբ։ Եթե կլինիկական հետազոտության արդյունքում ի հայտ գա արդյունավետ բուժում, ապա այս մեթոդը կարող է դառնալ բուժման նոր ստանդարտ մեթոդ։ Բուժման ընթացքում կամ դրանից հետո կարող են իրականացվել թեստեր՝ որոշելու համար, թե արդյոք բուժումն ազդում է, կամ արդյոք անհրաժեշտ է դադարեցնել կամ փոխել բուժումը։ Այն թեստերը, որոնք արվում են բուժումից հետո՝ բուժման ավարտից հետո հիվանդի վիճակը պարզելու համար և կոչվում են հետագա հսկողության թեստեր, որոնք ցույց են տալիս, թե արդյոք հիվանդի վիճակը փոխվել է, կամ արդյոք քաղցկեղը կրկնվել է[18]։

Ճառագայթային թերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթներ կամ այլ տեսակի ճառագայթում, որոնց նպատակն է կանխել քաղցկեղային բջիջների աճը կամ ամբողջությամբ ոչնչացնել դրանք: Այս տեսակի թերապիան հիվանդին կարող է տրվել արտաքին կամ ներքին եղանակով: Արտաքին ճառագայթման դեպքում օգտագործվում է սարք, որը թիրախավորված ճառագայթում է ուղարկում քաղցկեղի օջախ: Հիվանդի տրվում է ցանցավոր դիմակ՝ գլուխը և պարանոցը անշարժ պահելու համար, մինչ սարքը պտտվում է՝ արձակելով ճառագայթների փնջեր: Այս տեսակի բուժման ընթացքում առողջ բջիջները նույնպես կարող են վնասվել: Հետևաբար, գոյություն ունեն ճառագայթային թերապիայի ևս երկու ձևեր, որոնք նվազեցնում են մոտակա առողջ բջիջների վնասման հավանականությունը՝ ինտենսիվությամբ մոդուլացված ճառագայթային թերապիա և ստերեոտակտիկ ճառագայթային թերապիա: Ինտենսիվությամբ մոդուլացված ճառագայթային թերապիան օգտագործում է ուռուցքի չափի և ձևի եռաչափ պատկերներ՝ ճառագայթման բարակ փնջերը տարբեր անկյուններից և տարբեր ինտենսիվությամբ ուղղելու համար: Ստերեոտակտիկ ճառագայթային թերապիայի դեպքում ճառագայթումն ուղղվում է անմիջապես ուռուցքին: Այս թերապիայի ժամանակ ճառագայթման ընդհանուր չափաբաժինը բաժանվում է ավելի փոքր դոզաների, որոնք տրվում են մի քանի օրվա ընթացքում:

Ճառագայթային թերապիայի՝ որպես քաղցկեղի բուժման մեթոդի կիրառումը կախված է քաղցկեղի տեսակից և փուլից, սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին ճառագայթային թերապիաները կարող են օգտագործվել քթըմպանի քաղցկեղի բուժման համար: Եթե արտաքին ճառագայթային թերապիան ուղղված է վահանաձև գեղձի հատվածին, ապա դա կարող է ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա: Այդ պատճառով, ճառագայթումից առաջ և հետո կատարվում են արյան հետազոտություններ՝ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը ստուգելու համար[18]:

Քիմիաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիաթերապիան աշխատում է որպես քաղցկեղի բուժման մեթոդ՝ օգտագործելով դեղամիջոցներ, որոնք կանգնեցնում են քաղցկեղային բջիջների աճը՝ կա՛մ սպանելով դրանց, կա՛մ կանխելով դրանց բաժանումը։ Այս տեսակի թերապիան կարող է տրվել համակարգային կամ տեղային եղանակով։ Համակարգային քիմիաթերապիայի ժամանակ դեղամիջոցն ընդունվում է ներքին ընդունման եղանակով, ներերակային կամ միջմկանային եղանակով։ Այս մեթոդի դեպքում դեղամիջոցը շրջանառվում է արյան համակարգով և կարող է հասնել մարմնի բոլոր հատվածներում գտնվող քաղցկեղային բջիջներին։ Տեղային քիմիաթերապիան այն է, երբ դեղամիջոցը ներմուծվում է անմիջապես ողնուղեղային հեղուկի, որևէ օրգանի կամ մարմնի խոռոչի մեջ (օրինակ՝ որովայնի խոռոչ)։ Այս եղանակով դեղերը հիմնականում ազդում են տվյալ հատվածի քաղցկեղային բջիջների վրա։ Այնուամենայնիվ, քիմիաթերապիայի տեսակը, որը նշանակվում է հիվանդին, կախված է քաղցկեղի տեսակից և փուլից։ Բացի այդ, քիմիաթերապիան կարող է օգտագործվել որպես ադյուվանտ թերապիա ճառագայթումից հետո՝ հիվանդի մոտ հիվանդության ախտադարձերը նվազեցնելու համար։ Եթե քիմիաթերապիան տրվում է ճառագայթումից հետո, ապա այն կարող է օգտագործվել մնացած ցանկացած քաղցկեղային բջիջ ոչնչացնելու համար[18]։

Իմունաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է տորիպալիմաբ-tpzi-ն ցիսպլատինի և գեմցիտաբինի հետ համակցված՝ մետաստազային կամ ռեցիդիվող, տեղային տարածված քթըմպանի կարցինոմայով չափահաս հիվանդների առաջին գծի բուժման համար։ Սննդի և դեղերի վարչությունը նաև հաստատել է տորիպալիմաբ-tpzi-ն որպես մոնոթերապիա այն չափահասների համար, որոնք ունեն կրկնվող, անվիրահատելի կամ մետաստազային քթըմպանի կարցինոմա, որի դեպքում հիվանդությունը հարաճել է պլատին պարունակող քիմիաթերապիայի ընթացքում կամ դրանից հետո[22]։

Վիրահատական բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատությունը կարող է օգտագործվել որպես քաղցկեղի առկայությունը որոշելու կամ այն հեռացնելու մեթոդ: Եթե ուռուցքը չի արձագանքում ճառագայթային թերապիային, ապա հիվանդը կարող է վիրահատվել, որպեսզի հեռացվի ուռուցքը: Այն դեպքերում, երբ քաղցկեղը տարածվել է դեպի ավշային հանգույցներ, ապա անհրաժեշտ է հեռացնել ավշային հանգույցները կամ պարանոցի այլ հյուսվածքներ[18]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ՝ ամբողջ աշխարհում քթըմպանի կարցինոմայից գրանցվել է 65,000 մահվան դեպք՝ 1990 թվականի 45,000-ի դիմաց[23]:

Քթըմպանի կարցինոման հազվադեպ է հանդիպում Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում՝ կազմելով 1 դեպքից պակաս յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով[5]։ Սակայն այն չափազանց տարածված է Չինաստանի հարավային շրջաններում[24], հատկապես Գուանդունում, որտեղ այն կազմում է Չինաստանի բոլոր քաղցկեղների 18%-ը[9]։ Այն երբեմն անվանում են «կանտոնյան քաղցկեղ», քանի որ այս տարածաշրջանում գրանցվում է մոտ 25 դեպք 100,000 մարդու հաշվով, ինչը 25 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի մնացած մասերում[9]։ Այն նաև բավականին տարածված է Թայվանում[9]։ Սա կարող է պայմանավորված լինել հարավարևելյան ասիական սննդակարգով[9] կամ այն հանգամանքով, որ հարավային չինացիները (օրինակ՝ կանտոնացիները և թայվանցիները) ունեն հարավարևելյան ասիական ծագում՝ հյուսիսարևելյան Ասիայի Հան չինացիների հետ հնագույն միջէթնիկ ամուսնությունների միջոցով, ինչը հանգեցրել է քթըմպանի կարցինոմայի գենետիկական ռիսկի փոխանցմանը[25]։ Թեև Ասիայում քթըմպանի կարցինոման հիմնականում հանդիպում է միջին տարիքի անձանց շրջանում, աֆրիկյան դեպքերի զգալի մասը հանդիպում է երեխաների շրջանում: Այս էնդեմիկ շրջաններում քթըմպանի կարցինոմայի բարձր ռիսկի պատճառը դեռևս լիովին պարզ չէ[16]: Ցածր ռիսկային բնակչության շրջանում, ինչպիսին է ԱՄՆ-ը, դիտվում է երկգագաթ տարիքային բաշխում. առաջին գագաթնակետը տեղի է ունենում ուշ դեռահասության/վաղ չափահասության շրջանում (15–24 տարեկան), որին հաջորդում է երկրորդ գագաթնակետը կյանքի ավելի ուշ շրջանում (65–79 տարեկան):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chang, Ellen T.; Adami, Hans-Olov (2006). «The Enigmatic Epidemiology of Nasopharyngeal Carcinoma». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 15 (10): 1765–1777. doi:10.1158/1055-9965.EPI-06-0353. PMID 17035381. S2CID 29670301.
  2. 2,0 2,1 «Signs and Symptoms of Nasopharyngeal Cancer». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2020-04-27-ին.
  3. «Nasopharyngeal Cancer Treatment (Adult) (PDQ®)–Patient Version - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2020-04-13. Վերցված է 2020-04-27-ին.
  4. Zhang F, Zhang J (1999 թ․ փետրվար). «Clinical hereditary characteristics in nasopharyngeal carcinoma through Ye-Liang's family cluster». Chinese Medical Journal. 112 (2): 185–187. PMID 11593591.
  5. 5,0 5,1 «Initiative for Vaccine Research (IVR): Viral cancers». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 Lo KW, Chung GT, To KF (2012 թ․ ապրիլ). «Deciphering the molecular genetic basis of NPC through molecular, cytogenetic, and epigenetic approaches». Seminars in Cancer Biology. 22 (2): 79–86. doi:10.1016/j.semcancer.2011.12.011. PMID 22245473.
  7. Barsouk, Adam; Aluru, John Sukumar; Rawla, Prashanth; Saginala, Kalyan; Barsouk, Alexander (2023-06-13). «Epidemiology, Risk Factors, and Prevention of Head and Neck Squamous Cell Carcinoma». Medical Sciences (անգլերեն). 11 (2): 42. doi:10.3390/medsci11020042. ISSN 2076-3271. PMC 10304137. PMID 37367741.
  8. Lian, Mei (2022 թ․ հունվարի 30). «Salted fish and processed foods intake and nasopharyngeal carcinoma risk: a dose–response meta-analysis of observational studies». European Archives of Oto-Rhino-Laryngology (անգլերեն). 279 (5): 2501–2509. doi:10.1007/s00405-021-07210-9. ISSN 0937-4477. PMID 35094122.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chang ET, Adami HO (2006 թ․ հոկտեմբեր). «The enigmatic epidemiology of nasopharyngeal carcinoma». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 15 (10): 1765–1777. doi:10.1158/1055-9965.EPI-06-0353. PMID 17035381.
  10. Li YY, Chung GT, Lui VW, To KF, Ma BB, Chow C, և այլք: (2017 թ․ հունվար). «Exome and genome sequencing of nasopharynx cancer identifies NF-κB pathway activating mutations». Nature Communications. 8 14121. Bibcode:2017NatCo...814121L. doi:10.1038/ncomms14121. PMC 5253631. PMID 28098136.
  11. Lo EJ, Bell D, Woo JS, Li G, Hanna EY, El-Naggar AK, Sturgis EM (2010 թ․ հոկտեմբեր). «Human papillomavirus and WHO type I nasopharyngeal carcinoma». The Laryngoscope. 120 (10): 1990–1997. doi:10.1002/lary.21089. PMC 4212520. PMID 20824783.
  12. Lo AK, Lo KW, Ko CW, Young LS, Dawson CW (2013 թ․ հուլիս). «Inhibition of the LKB1-AMPK pathway by the Epstein-Barr virus-encoded LMP1 promotes proliferation and transformation of human nasopharyngeal epithelial cells». The Journal of Pathology. 230 (3): 336–346. doi:10.1002/path.4201. PMID 23592276. S2CID 10765689.
  13. Tsou YA, Lin CC, Tai CJ, Tsai MH, Tsai TC, Chen CM (2014 թ․ հուլիսի 1). «Chronic rhinosinusitis and the risk of nasopharyngeal cancer in a Taiwanese health study». American Journal of Rhinology & Allergy. 28 (4): 168–172. doi:10.2500/ajra.2014.28.4083. PMID 25197911. S2CID 30791737.
  14. Brennan B (2006 թ․ հունիս). «Nasopharyngeal carcinoma». Orphanet Journal of Rare Diseases. 1: 23. doi:10.1186/1750-1172-1-23. PMC 1559589. PMID 16800883.
  15. Petersson BF, Bell D, El-Mofty SK, և այլք: (2017-01-23). Nasopharyngeal carcinoma: Tumours of the Nasopharynx, in World Health Organization Classification of Head and Neck Tumours (4th ed.). International Agency for Research on Cancer. էջեր 65–70. ISBN 978-92-832-2438-9.
  16. 16,0 16,1 Cote R, Suster S, Weiss L (2002). Weidner N (ed.). Modern Surgical Pathology. London: W B Saunders. ISBN 978-0-7216-7253-3.[Հղում աղբյուրներին]
  17. AJCC Cancer Staging Manual (7th ed.). New York, NY: Springer. 2010. էջեր 41–56.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Chang ET, Adami HO (2006 թ․ հոկտեմբեր). «The enigmatic epidemiology of nasopharyngeal carcinoma». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 15 (10): 1765–1777. doi:10.1158/1055-9965.EPI-06-0353. PMID 17035381.
  19. Brennan B (2006 թ․ հունիս). «Nasopharyngeal carcinoma». Orphanet Journal of Rare Diseases. 1: 23. doi:10.1186/1750-1172-1-23. PMC 1559589. PMID 16800883.
  20. Research, Center for Drug Evaluation and (2023-10-30). «FDA approves toripalimab-tpzi for nasopharyngeal carcinoma». FDA (անգլերեն).
  21. Khanna R, Moss D, Gandhi M (2005 թ․ մարտ). «Technology insight: Applications of emerging immunotherapeutic strategies for Epstein-Barr virus-associated malignancies». Nature Clinical Practice. Oncology. 2 (3): 138–149. doi:10.1038/ncponc0107. PMID 16264907. S2CID 7615720.
  22. Research, Center for Drug Evaluation and (2023-10-30). «FDA approves toripalimab-tpzi for nasopharyngeal carcinoma». FDA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  23. Lozano R, Naghavi M, Foreman K, Lim S, Shibuya K, Aboyans V, և այլք: (2012 թ․ դեկտեմբեր). «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2095–2128. doi:10.1016/S0140-6736(12)61728-0. hdl:10536/DRO/DU:30050819. PMC 10790329. PMID 23245604. S2CID 1541253.
  24. Fang W, Li X, Jiang Q, Liu Z, Yang H, Wang S, և այլք: (2008 թ․ հունիս). «Transcriptional patterns, biomarkers and pathways characterizing nasopharyngeal carcinoma of Southern China». Journal of Translational Medicine. 6: 32. doi:10.1186/1479-5876-6-32. PMC 2443113. PMID 18570662.
  25. Wee JT, Ha TC, Loong SL, Qian CN (2010 թ․ մայիս). «Is nasopharyngeal cancer really a "Cantonese cancer"?». Chinese Journal of Cancer. 29 (5): 517–526. doi:10.5732/cjc.009.10329. PMID 20426903.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]