Քերնս
Բնակավայր | ||
---|---|---|
Քերնս | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
Մակերես | 488,1 կմ² | |
ԲԾՄ | 7 մետր | |
Բնակչություն | ▼146 778 մարդ (2014) | |
Փոստային ինդեքսներ | 4870 | |
Պաշտոնական կայք | cairns.qld.gov.au | |
| ||
Քերնս (անգլ.՝ Cairns), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսարևելյան մասում, տեղական ինքնակառավարման համանուն շրջանի կենտրոնն է։ Շրջանի բնակչությունը, ըստ 2008 թվականի տվյալների, կազմում է մոտ 159 հազար մարդ[1]։ Քերնսը Ավստրալիայի տասնչորսերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Մոտակա խոշոր քաղաքը Թաունսվիլն է (գտնվում է 300 կմ դեպի հարավ)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսը գտնվում է Քեյփ Յորքի թերակղզու արևելյան ափին՝ Կորալյան ծովի և Աթերտոնի սարահարթի միջև ընկած ափամերձ գոտում, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից 700 մետր է: Սարահարթի և Քերնսի շրջանի միջև ձգվում է լեռնաշղթա, որի առանձին գագաթների բարձրությունը հասնում է 1500 մետրի, օրինակ՝ Բերթլ Ֆրիր լեռան (անգլ.՝ Bartle Frere Mount) բարձրությունը 1622 մ է: Այս լեռնաշղթան կարևոր դեր է խաղում տարածաշրջանի կլիմայական գոտիների բաշխման հարցում: Արևմտյան կողմում՝ Թեյբլլենդսի շրջանում (Աթերտոնի սարահարթում), տիրում է մերձարևադարձային կլիմա, արևելքում՝ Քերնսում՝ արևադարձային կլիմա:
Քաղաքը հարավից հյուսիս ձգվում է 35 կիլոմետր: Քերնսի տարածքով անցնում են երկու գետեր՝ Բարոն (անգլ.՝ Barron River) և Մալգրեյվ (անգլ.՝ Mulgrave River): Նրանք, ինչպես շրջանի բոլոր մյուս գետերը, կարճ են և արագընթաց, սկիզբ են առնում Աթերտոնի սարահարթում: Մալգրեյվ գետի գետաբերանը, որն այժմ փոխել է իր հունը, ինչպես պարզվել է, շատ հարմար է մեծ նավահանգստի կառուցման համար, ինչը մեծապես կանխորոշել է քաղաքի հաջող զարգացումը[2]:
Քերնսից 40 կիլոմետր հեռավորության վրա՝ Կորալյան ծովում, սկսվում է Մեծ արգելախութը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան եվրոպացիների ժամանումը Մաքքայ շրջանում ավանդաբար ապրել են վեյլուբարրա յիդինջի (անգլ.՝ Walubarra Yidinji) ցեղի ավստրալացի աբորիգենները[3]։
1770 թվականին Ջեյմս Կուկն իր առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ նկարագրել է Քերնսի ափը և նրա ծովածոցը անվանել «Տրինիտի» (անգլ.՝ Trinity Bay)։ Հաջորդ 100 տարիների ընթացքում նոր ծովային արշավախմբերը ավելի մանրամասն ուսումնասիրել են այս տարածքը և գտել հարմար վայր ապագա նավահանգստի համար։
Քերնսը հիմնադրվել է 1876 թվականին և անվանվել ի պատիվ Ուիլյամ Քերնսի (անգլ.՝ William Cairns), որը այդ ժամանակ եղել է Քվինսլենդի նահանգապետը: Նոր առափնյա բնակավայր ստեղծելու անհրաժեշտությունը կապված էր Աթերտոնի սարահարթում ոսկու մեծ հանքավայրերի հայտնաբերման հետ Պալմեր (անգլ.՝ Palmer River) և Հոդքինսոն (անգլ.՝ Hodgkinson River) գետերի շրջանում և անագի՝ Հիերբերտ գետի մոտ (անգլ.՝ Herbert River)[4]: Պահանջվել է կառուցել ճանապարհներ հանքավայրերից մինչև ափ և նավահանգիստ՝ օգտակար հանածոների արտահանման համար:
Քերնսն ի սկզբանե մրցակցել է Պորտ Դուգլասի հետ (անգլ.՝ Port Douglas), որը 60 կմ դեպի հյուսիս տեղակայված նմանատիպ բնակավայր էր[5]։ Քերնսն իր դիրքերն ամրապնդել է մի շարք գյուղատնտեսական բարեփոխումների շնորհիվ։ Մոտակա գետերի հովիտները (Քերնսից դեպի հարավ և հյուսիս) սկսել են ակտիվորեն օգտագործվել գյուղատնտեսության և անասնաբուծության համար։ Շրջանի բնակչությունն աստիճանաբար ավելացել է, և 1885 թվականին շրջանն ստացել է ինքնակառավարման իրավունք[6]։
Շրջանի զարգացումը խթանող կարևոր իրադարձություն է եղել 1886 թվականին Աթերտոնի սարահարթում երկաթուղային գծի կառուցումը մինչև Հերբերտոն քաղաքը[7]: Այս նախագիծն ապահովել է բազմաթիվ նոր աշխատատեղեր և խթանել նոր տարածքների յուրացումը: Ցածրավայրերում սկսել են աճեցնել շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ, բանան և արքայախնձոր: Սարահարթում զարգացել է կաթնամթերքի և արոտավայրերի տնտեսությունը, աճեցվել են պտուղները, այդ թվում՝ ավոկադո, գետնաելակ, ցիտրուսային մրգեր և մանգո:
Քերնսը աստիճանաբար ընդլայնվել է և դարձել տարածաշրջանային կենտրոն: Մանգրովյան ճահիճները և ավազաթմբերը ծածկվել են քարհանքերի ժայռերով, երկաթուղու կառուցման թափոններով և անտառհատման մնացորդներով, նավահանգիստը ընդլայնվել է: 1903 թվականին Քերնսի բնակչության թվաքանակը ավելացել է մինչև 3500 մարդ, և այն պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ[8]:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քերնսը դաշնակից ուժերի կողմից օգտագործվել է որպես միջանկյալ կետ՝ զորքերը Խաղաղ օվկիանոսի և Նոր Գվինեայի պատերազմական գոտիներ տեղափոխելու համար: Երկրորդ աշխարհամարտից հետո Քերնսում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջային բիզնեսի զարգացման վրա: 1984 թվականին բացվել է Քերնսի միջազգային օդանավակայանը: 1997 թվականին հիմնադրվել է Քոնվենշն-կենտրոնը (անգլ.՝ Convention Center)՝ բազմաֆունկցիոնալ համալիր, որը համատեղում է համերգասրահը և փակ մարզադաշտը: Զբոսաշրջության ենթակառուցվածքների հետագա զարգացումը նպաստել է քաղաքի համար միջազգային զբոսաշրջային կենտրոնի իմիջի ստեղծմանը:
Ներկայում զբոսաշրջության արդյունաբերությունն է, որ ամենամեծ եկամուտը բերում է Քերնսի շրջանի բյուջե: Երկրորդ տեղում «շաքարի» արդյունաբերությունն է: Քաղաքի շուրջն ընկած բոլոր ազատ հողերն օգտագործվում են շաքարեղեգի աճեցման համար։ Շրջանում տեղակայված են նաև եղեգի վերամշակման մի քանի գործարաններ։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսաշրջության ոլորտը կարևոր դեր է խաղում շրջանի տնտեսության մեջ։ Օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունների թվով Քերնսը Ավստրալիայի չորրորդ շրջանն է՝ Սիդնեյից, Մելբուռնից և Բրիսբենից հետո[9]: Այս տարածքում առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մեծ արգելախութը, Քվինսլենդի խոնավ արևադարձները և Աթերտոն սարահարթը, ինչպես նաև` Կորալյան ծովի արևադարձային կլիման և ավազոտ լողափերը:
Քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքը ներառում է մեծ թվով հյուրանոցներ, հանգստյան տներ, լողափեր, սրճարաններ և ռեստորաններ։ Քաղաքի կենտրոնական մասում ծովափի երկայնքով ձգվում է Էսպլանադան (անգլ.՝ Esplanade) զբոսանքի լայն բուլվարը։ Հետաքրքիր է, որ հենց այս վայրից ծովը չի երևում։ Դրա փոխարեն կարելի է տեսնել միայն հազվագյուտ բուսականությամբ ճահիճներ և այնտեղ զբոսնող հավալուսներ ու տառեղներ։
Քերնսի շրջակայքում կառուցվել են բազմաթիվ հատուկ զվարճանքի պարկեր և տեսարժան վայրեր, առաջարկվում են տարբեր էքսկուրսիաներ և ժամանցային շրջագայություններ: Օրինակ, կան «գինու տուրեր», որոնք ներառում են այցելություններ գինեգործարաններ և տարբեր գինիների համտեսներ, իսկ «սուր զգացողությունների» սիրահարների համար առաջարկվում է էքսկուրսիա կոկորդիլոսների ֆերմայում (անգլ.՝ Hartley's Crocodile Adventures): Կարելի է այցելել Պարոնելլա պարկ (անգլ.՝ Paronella Park)՝ իսպանական ոճով ամրոց, որը կառուցվել է արևադարձային անտառի մեջտեղում: Քաղաքն ունի իր կենդանաբանական այգին` Քերնսի արևադարձային կենդանաբանական այգին (անգլ.՝ Cairns Tropic Zoo) և Բուսաբանական այգին (անգլ.՝ Flecker Botanical Gardens): 2012 թվականի նոյեմբերին Քերնսը եղել է արևի լրիվ խավարման «մայրաքաղաք», որը տեսնելու համար քաղաք են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Վտանգավոր կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսի շրջանի կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Դրա ներկայացուցիչներից շատերը վտանգավոր են մարդու համար: Անտառում կարելի է հանդիպել թունավոր օձեր, սարդեր, մալարիայի մոծակներ և կոկորդիլոսներ: Ափամերձ ջրերում ապրում են ծովային կոկորդիլոսներ, շնաձկներ և թունավոր ծովային օձեր: Հյուսիսարևելյան Քուինսլենդի ափերին նոյեմբերից մայիս կտրուկ աճում է թունավոր մեդուզայի հանդիպելու հավանականությունը: Այդ մասին նախազգուշացվում է ափի երկայնքով տեղակայված հատուկ նշանների միջոցով, լողալ խորհուրդ է տրվում միայն ցանկապատված լողափերում: Այստեղ ապրում են տարբեր տեսակի թունավոր մեդուզաներ, այդ թվում՝ Chironex fleckeri, որի այրվածքից մահը վրա է հասնում երեք րոպեի ընթացքում, ինչպես նաև Կորներոտներ, մեդուզա իրուկանջի և պորտուգալական նավակ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արհեստական ծովալճակ (անգլ.՝ Swimming Lagoon), կառուցվել է Քերնսի կենտրոնական բիզնես թաղամասի մոտակայքում: Այստեղ կարելի է արևայրուք ընդունել և անվտանգ լողալ մեծ արհեստական լողավազանում, որի խորությունը տատանվում է 0,8-ից 1,6 մետր:
- Լողափերը գտնվում են քաղաքի կենտրոնից հյուսիս: Դրանք մոտ 10-ն են: Դրանք սկսվում են քաղաքի սահմանագծից, ինչպիսիք են Հելլոուվեյզ Բիչը (անգլ.՝ Holloways Beach) կամ Թրինիթի Բիչը (անգլ.՝ Trinity Beach) և ավարտվում ամենահյուսիսային և վայրի ափով՝ Էլլիս Բիչ (անգլ.՝ Ellis Beach): Լողափերն ունեն լայն ավազոտ ափամերձ գոտի, լողալու տեղերը ցանկապատված են ցանցով, կա փրկարար ծառայություն: Սովորաբար, լողափերը բաց են առավոտյան 9-ից երեկոյան 6-ը[10]:
- Մեծ արգելախութը կորալային խութերի ու կղզիների շղթա է Կորալյան ծովում։ Այն աշխարհի ամենագրավիչ վայրն է դայվինգով հետաքրքրվողների համար: Գտնվում է քաղաքից մեկ ժամից քիչ հեռավորության վրա: Զբոսաշրջիկների համար մատչելի են ծովային և օդային էքսկուրսիաներ և հատուկ դայվինգ-շրջայցեր:
- Դաինթրի Ռեյնֆորեստը (անգլ.՝ Daintree Rainforest), արևադարձային անտառ է, որը գտնվում է Քերնս քաղաքի մերձակայքում, Քվինսլենդի խոնավ արևադարձներների մի մասն է: Անտառում ստեղծվել է ազգային պարկ (անգլ.՝ Daintree National Park), որը պահպանվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարածք:
- Աթերտոն սարահարթ, սարավանդ է, որն սկսվում է Քերսից 50 կմ դեպի արևմուտք: Այն հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով, լճերով, հանգած հրաբուխների խառնարաններով, բուսական և կենդանական եզակի աշխարհով:
- Կուրանդա (անգլ.՝ Kuranda), փոքր քաղաք է Քերնսից 30 կմ դեպի հյուսիս: «Կուրանդա-տուր» հատուկ շրջագայության ժամանակ զբոսաշրջիկները կարող են հին գնացքով կատարել զբոսանք հին ուղու («Կուրանդա-Սցենիկ») երկայնքով՝ անցնելով թունելներով և ձորերով, ջրվեժների և անձրևային անտառների մոտով: Կուրանդայում կարելի է այցելել հուշանվերների խանութներ, ռեստորաններ կամ արևադարձային թիթեռների բուծման վայր: Դրանից հետո զբոսաշրջիկներին առաջարկվում է իջնել ծով 7 կիլոմետրանոց ճոպանուղով, որն անցնում է անանցանելի անտառի վերևով: Ներքև կարելի է այցելել Ավստրալիայի աբորիգենների գյուղ Տջապուկաի (անգլ.՝ Tjapukai), որտեղ ոչ միայն կարող եք տեսնել, թե ինչպես են ավստրալացիները երգում և պարում կամ ինչպես են նրանք շփման միջոցով կրակ վառում, այլ նաև սովորել նիզակ և բումերանգ նետել: Նաև կարելի է ինքնուրույն Քերնսից Կուրանդա ուղևորվել մեքենայով կամ ավտոբուսով:
Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվինսլենդի ողջ տարածքում խոշոր ջրամբարների բացակայության պատճառով լինում են ժամանակահատվածներ, երբ նահանգի տարբեր շրջաններում զգացվում է քաղցրահամ ջրի պակաս։ Մի քանի կարճ, բայց ամբողջ տարին հոսող գետերի և 2200 մմ տեղումների շնորհիվ Քերնսը խուսափել է այդ խնդիրներից: Շրջանի բնակչության աճին զուգահեռ ավելացել է նաև ջրի ծախսը, և անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու արհեստական ջրամբար։
1976 թվականին Ֆրեշվոթեր Կրիկ (անգլ.՝ Freshwater Creek) փոքր լեռնային գետակի վրա կառուցվել է «Քուպպերլոուդ» (անգլ.՝ Copperlode Dam) ամբարտակը։ Գոյացած լիճը կոչվել է «Մորիս» (անգլ.՝ Luke Morris)։ Այն գտնվում է Քերնսի կենտրոնական գործարար շրջանից 12 կմ արևմուտք և պարունակում է 37,1 մլն մ³ ջուր[11]։
Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին Բարոն գետի վրա կառուցվել է Բարոն-Գոջ հիդրոէլեկտրակայանը (անգլ.՝ Barron Gorge): Էլեկտրակայանը գտնվում է քաղաքից 20 կմ հեռավորության վրա, հագեցած է երկու տուրբինով, էլեկտրական հզորությունը` 60 ՄՎտ[12]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսը կարևոր տրանսպորտային հանգույց է Քվինսլենդի հյուսիսում: Քաղաքի տարածքով անցնում են մայրուղիներ, երկաթուղի, իսկ նրա մերձակայքում տեղակայված են միջազգային օդանավակայան և ծովային նավահանգիստ:
Ավտոտրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսի բնակիչների համար ավտոտրանսպորտը տրանսպորտի հիմնական տեսակն է: Բրյուսի մայրուղին (անգլ.՝ Bruce Highway) սկիզբ է առնում Բրիսբենում, 1700 կմ ձգվում է Քվինսլենդի ծովափի երկայնքով և ավարտվում Քերնսում: Դրանից հետո դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Մոսմեն, ձգվում է Կապիտան Կուկի մայրուղին: Ներկայում տարածքում բնակիչների թվի աճի պատճառով շատ մայրուղիներ ծանրաբեռնված են, ինչպիսին է Բրյուսի մայրուղին հարավային արվարձաններում:
Արևմտյան ուղղությամբ՝ Աթերտոն սարահարթ, տանում են «Քենեդի» (անգլ․՝ Kennedy) մայրուղին և Գորդոնվեյլ (անգլ․՝ Gordonvale) խճուղին: Այդ ճանապարհներով կարելի է Քեյփ Յորք թերակղզու կենտրոնական և հյուսիսային մասերում գտնվող բնակավայրեր և հարևան նահանգի՝ Հյուսիսային տարածքի քաղաքներ:
Քերնսում գործում է միջքաղաքային ավտոբուսային ծառայություն: Գործում են ավտոբուսային երթուղիներ դեպի Բրիսբենին և շրջանային կենտրոններ հարավում: Երթուղիներ կան նաև դեպի արևմուտք՝ մինչև Մաունթ Այզ Թաունսվիլով և դեպի Ալիս Սփրինգս և Դարվին (Հյուսիսային տարածք):
Քաղաքի հասարակական տրանսպորտը ներառում է ավտոբուսային հաղորդակցություն քաղաքի բոլոր հիմնական շրջանների, ափամերձ գոտու և հարևան քաղաքների միջև, շուրջօրյա կարելի է օգտվել տաքսի ծառայություններից:
Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսում ավարտվում է Նորթ Քոսթ (անգլ.՝ North Coast railway line) երկաթգիծը, որն սկիզբ է առնում Բրիսբենում և Քվինսլենդի ծովափի երկայնքով ձգվում դեպի հյուսիս: Ամբողջ ճանապարհն անցնելը տևում է 32 ժամ: Բրիսբենից Թաունսվիլ գնացքը գնում է առավելագույն արագությամբ՝ 160 կմ/ժամ: Ճանապարհորդության վերջին հատվածը Թաունսվիլ և Քերնս քաղաքների միջև ընկած հատվածում գնացքն անցնում է 7 ժամում դիզելային քարշուժով և 80 կմ/ժ-ից պակաս առավելագույն արագությամբ, չնայած այդ հեռավորությունը մեքենայով անցնելու համար պահանջվում է ընդամենը 4 ժամ:
Քերնսից մինչև Կուրանդա քաղաք (անգլ.՝ Kuranda) զբոսաշրջիկների համար գործում է երկաթուղի` Կուրանդա Սցենիկ (անգլ.՝ Kuranda Scenic Railway): Երկաթգիծն անցնում էն հարևան լեռների երկայնքով և թույլ է տալիս հիանալ քաղաքի, արևադարձային անտառների, լեռնային ջրվեժների տեսարաններով:
Նավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսի նավահանգիստը տեղակայված է Թրինիթի Ինլեթ (անգլ.՝ Trinity Inlet) փոքրիկ ծովախորշում՝ Թրինիթի Բեյ ծոցում, որը Կորալյան ծովի ամենամեծ ծոցն է: Քերնսի նավահանգիստը համատեղում է ծովային բեռնափոխադրման նավահանգիստը և մասնավոր նավակների և զբոսանավերի կառամատույցները (անգլ.՝ Cairns Marina): Նավահանգիստը քաղաքի տուրիստական բիզնեսի ամենակարևոր բաղադրիչն է: Ամեն օր նավահանգստից դեպի Մեծ արգելախութ են մեկնում էքսկուրսիոն զբոսանավեր, որոնք կարող են տեղավորել մինչև 300 ուղևոր, ինչպես նաև փոքր մասնավոր նավակներ: Նավանհանգիստ են մտնում նաև խոշոր նավարկության նավեր, որոնք նավարկվում են Խաղաղ օվկիանոսի հարավում: Քերնսի և Պորտ Դուգլասի, հարևան ափամերձ այլ տարածքների ու խոշոր կղզիների միջև գործում են կանոնավոր լաստանավային ծառայություններ:
Ամեն տարի Քերնսի բեռնատար նավահանգստով անցնում են 1,13 մլն տոննա տարբեր բեռներ։ Նրանց գրեթե 90 %-ը սորուն կամ հեղուկ է, ներառյալ՝ նավթ, շաքար, մելասա, պարարտանյութեր, հեղուկ նավթային գազ։ Նավահանգստում կան նաև մեծ թվով ձկնորսական տրաուլերներ։
Քերնսում է գտնվում Ավստրալիայի ռազմածովային նավատորմի բազան, որտեղ գտնվում են 900 զինծառայողներ և 14 ռազմանավեր, ներառյալ չորս «Արմիդեյլ» տիպի պարեկային նավեր, «Բալիկապան» տիպի դեսանտային վեց նավերից չորսը և ռազմական հիդրոգրաֆիական ծառայության բոլոր վեց նավերը (անգլ.՝ Royal Australian Navy Hydrographic Service)[13]։
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսի միջազգային օդանավակայանը կարևոր դեր ունի տեղական տուրիստական բիզնեսի համար: Այն գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում և երկրի վեցերորդ օդանավակայանն է՝ ուղևորափոխադրումների տեսանկյունից[14]: Ամենածանրաբեռնված ներքին չվերթներն են (նվազման կարգով) Բրիսբենը, Սիդնեյը, Մելբուռնը: Միջազգային ամենաշատ թռիչքներն են դեպի Նարիթա միջազգային օդանավակայան և Տյուբույի միջազգային օդանավակայան: Օդանավակայանը նաև Թռչող բժիշկների ծառայության (անգլ.՝ Flying Doctor Service) բազան է և այստեղ տեղակայված են փրկարարական ծառայության ուղղաթիռներ:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերնսը, ըստ Կյոպպենի դասակարգման, գտնվում է տաք արևադարձային կլիմայի գոտում[15][16]: Արևադարձային մուսոններով անձրևոտ եղանակը տևում է դեկտեմբերից ապրիլ, իսկ համեմատաբար չոր եղանակը` մայիսից նոյեմբեր, չնայած այս ամիսներին անձրևները նույնպես շատ են[17]: Միջին հաշվով, Քերնսում տեղումները լինում են տարեկան մոտ 2200 մմ:
Արևադարձային անձրևները հաճախ դառնում են Քերնսի երկու գետերի՝ Բերոնի և Մալգրեյվի վարարումների պատճառ: Գետերի ջուրը կարող է ծածկել երկաթուղին և դեպի քաղաք տանող մայրուղին և դրանով իսկ կտրել կապն արտաքին աշխարհի հետ:
Քերնսը, ինչպես հյուսիսային Քվինսլենդի այլ տարածքներ, գտնվում է արևադարձային ցիկլոնների շարժման ճանապարհին, որոնք սովորաբար ձևավորվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում: Վերջին ուժեղ արևադարձային ցիկլոններից մեկը եղել է Լարրի ցիկլոնը (անգլ.՝ Cyclone Larry), որի ամենաուժեղ հարվածը հասել է Քերնսի հարավային շրջաններին 2006 թվականի մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 7-ին[18]: Քամու արագությունը հասել է 300 կմ/ժամ, և փոթորկին տրվել է հինգերորդ՝ ամենաբարձր կատեգորիան: Քերնսում և նրա արվարձաններում վնասվել է յուրաքանչյուր չորրորդ շենքը:
Քերնսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.4 (104.7) |
40.0 (104) |
37.7 (99.9) |
36.8 (98.2) |
31.3 (88.3) |
30.8 (87.4) |
30.1 (86.2) |
31.4 (88.5) |
33.9 (93) |
36.0 (96.8) |
42.6 (108.7) |
40.5 (104.9) |
42.6 (108.7) |
Միջին բարձր °C (°F) | 31.7 (89.1) |
31.4 (88.5) |
30.9 (87.6) |
29.6 (85.3) |
28.0 (82.4) |
26.5 (79.7) |
26.2 (79.2) |
27.0 (80.6) |
28.7 (83.7) |
29.9 (85.8) |
31.1 (88) |
31.7 (89.1) |
29.39 (84.92) |
Միջին օրական °C (°F) | 27.9 (82.2) |
27.8 (82) |
27.1 (80.8) |
25.8 (78.4) |
24.1 (75.4) |
22.5 (72.5) |
21.7 (71.1) |
22.2 (72) |
23.8 (74.8) |
25.4 (77.7) |
26.8 (80.2) |
27.7 (81.9) |
25.23 (77.42) |
Միջին ցածր °C (°F) | 24.0 (75.2) |
24.1 (75.4) |
23.3 (73.9) |
21.9 (71.4) |
20.2 (68.4) |
18.5 (65.3) |
17.2 (63) |
17.3 (63.1) |
18.8 (65.8) |
20.8 (69.4) |
22.5 (72.5) |
23.6 (74.5) |
21.02 (69.83) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18.2 (64.8) |
17.9 (64.2) |
17.7 (63.9) |
13.0 (55.4) |
10.1 (50.2) |
6.2 (43.2) |
7.3 (45.1) |
7.8 (46) |
9.3 (48.7) |
12.4 (54.3) |
14.6 (58.3) |
17.1 (62.8) |
6.2 (43.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 384.9 (15.154) |
482.0 (18.976) |
374.4 (14.74) |
182.0 (7.165) |
78.6 (3.094) |
42.7 (1.681) |
35.2 (1.386) |
27.2 (1.071) |
28.1 (1.106) |
65.6 (2.583) |
86.1 (3.39) |
185.5 (7.303) |
1981,5 (78,012) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 19.5 | 18.7 | 18.3 | 18.1 | 13.9 | 11.3 | 9.2 | 8.0 | 6.5 | 9.2 | 11.7 | 14.6 | 159 |
Միջին ամսական արևային ժամ | 210.8 | 173.6 | 201.5 | 204.0 | 210.8 | 216.0 | 229.4 | 251.1 | 261.0 | 272.8 | 255.0 | 232.5 | 2718,5 |
աղբյուր: Bureau of Meteorology[19] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Australian Bureau of Statistics
- ↑ Cairns City Council Archived 2007-09-11 at the Wayback Machine.
- ↑ Native Title Conference 2007 Archived 2008-12-11 at the Wayback Machine.
- ↑ Warners expedition notes published Brisbane Courier 14.4.1876
- ↑ Cairns Post Cairns Post Jubilee Issue 1.11.1876 p18/38
- ↑ The Cairns Post, 23.7.1885 p2
- ↑ The Cairns Post, 13.5.1886 p2
- ↑ CMC minute book «from 31 March 1903 Cairns Municipal Council became Cairns Town Council»
- ↑ International Market Tourism Facts Archived 2008-03-07 at Archive-It
- ↑ «Foreshores & Beaches»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-20-ին։ Վերցված է 2009-04-24
- ↑ «Cairns Regional Council Water & Waste»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-10-ին։ Վերցված է 2009-04-24
- ↑ «Barron Gorge Hydro»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-19-ին։ Վերցված է 2009-04-24
- ↑ HMAS Cairns
- ↑ «BITRE — publications and events»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-13-ին։ Վերցված է 2009-04-21
- ↑ Tapper Andrew, Tapper Nigel (1996)։ Gray, Kathleen, ed.։ The weather and climate of Australia and New Zealand (First ed.)։ Melbourne, Australia: Oxford University Press։ էջ 300։ ISBN 0-19-553393-3
- ↑ Linacre Edward, Geerts, Bart (1997)։ Climates and Weather Explained։ London: Routledge։ էջ 379։ ISBN 0-415-12519-7
- ↑ «Climate of Cairns»։ Bureau of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից մարտի 20, 2011-ին։ Վերցված է ապրիլի 13, 2011
- ↑ Tropical Cyclone Larry Archived 2012-09-22 at WebCite
- ↑ «Climate statistics for Cairns Aero AWS»։ Bureau of Meteorology։ Արխիվացված է օրիգինալից 11 January 2012-ին։ Վերցված է 23 October 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cairns City Council — Քերնսի քաղաքային խորհուրդ (անգլ.)
- Cairns Airport — Քերնսի օդանավակայան (անգլ.)
- Cairns Esplanade — Քերնսի տեսարժան վայրեր (անգլ.)
- Paronella Park — Պարոնելա Պարկա (անգլ.)
- Hartley’s Crocodile Adventures — Կոկորդիլոսի ֆերմա (անգլ.)
- Skyrail — Ճոպանուղի, լուսանկար և տեսանյութ (անգլ.)
- Cairns Ports — Քերնսի նավահանգիստ (անգլ.)
|