Քարայծների կիրճը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարայծների կիրճ
en/Antelope Canyon
20030820-antelope-canyon.jpg
Քարայծների կիրճի ներսի մասը
ՏեղադրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ36/51/28/N/111/22/20/W

Քարայծների կիրճ, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Արիզոնա նահանգի հյուսիսային մասում, Փեյջ քաղաքի մոտ, Յուտայի սահմանից ոչ շատ հեռու, Կոլորադոյի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող կիրճ: Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի հաշվին, որոնք, կարծես, քարայծի մաշկ են հիշեցնում: Քարայծների կիրճն ազգային այգի չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան էլ հայտնի չէ, որքան Մեծ կամ Բրայս կիրճերը: Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի հնդկացիներին: Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել: Քարայծների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին (անգլ.՝ Upper Antelope Canyon, անգլ.՝ Lower Antelope Canyon): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի լուսանկարիչներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով: Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր: Մի քանի հարյուրամյակների ընթացքում ջուրը և քամին կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ: Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ անձրևների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով: Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ ռելիեֆային գծերը՝ ժայռերի ներսի կողմից[1]:

Քարայծերի կիրճը գտնվում է 4 մղոն դեպի արևելք 98-րդ մայրուղով գնալիս, Փեյջ քաղաքի և մեծ ածխային էլեկտրակայանի միջև: Էլեկտրակայանը չնկատելն անհնար է, քանի որ այն երևում է դեռ քաղաք չհասած՝ տասնյակ մղոններից: Ճանապարհի մոտ կան ցուցանակներ՝ «Քարայծների վերին կիրճ» և «Քարայծների ստորին կիրճ»: Բայց դրանք ամերիկյան ճանապարհային ստանդարտ ցուցանակներ չեն, այլ ցուցանակի գրվածքներն արված են ձեռքով: Այդ իսկ պատճառով այն հնարավոր է բաց թողնել տեսադաշտից: Պետք է հիշել, որ եթե Դուք դեպի արևելք գնալիս անցել եք էլեկտրակայանը, ապա պետք է վերադառնաք: Ճանապարհի մոտ, որը 98-րդ մայրուղուց տանում է դեպի վերին կիրճ, կա մի ոչ մեծ խրճիթ և հայտարարության տախտակ: Սա կարող է ծառայել որպես ևս մեկ լրացուցիչ կողմնորոշիչ:

Այցելության ամենալավ ժամանակը գարնանն ու աշնանն է՝ մարտից ապրիլ և հոկտեմբերից նոյեմբեր: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են մինչև ամենախորը հատվածները, և կիրճն այնպիսի տեսք է ստանում, կարծես, մութ դղյակի ներսում լույս է վառվում: Ձմռանը կիրճերի լուսավորությունը բավականին աղոտ է, ներսում շատ մռայլ է՝ խորը ստվերներ և հարթ ռելիեֆ: Ձմեռային լուսանկարման համար ցանկալի կլինի լրացուցիչ լուսավորում:

Կլիման մայրցամաքային է. ամռանը՝ շոգ, չորային, տեղումների քիչ քանակությամբ: Միջին ջերմաստիճանը (+30)-(+35)С°, առավելագույնը՝ +47С°: Ձմեռը մեղմ է, ոչ ցուրտ: Սովորաբար օդի ջերմաստիճանը 0С°-ից ցածր չէ, բայց երբեմն Կանադայից այստեղ են հասնում սառը օդային զանգվածներ, որի դեպքում ջերմաստիճանը նվազում է զրոյից, և ձյուն է տեղում:

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայում քարայծների կիրճում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում

Քարայծերի կիրճը պատկանում է, այսպես կոչված, ճեղքավոր կիրճերի (անգլ.՝ slot canyons) շարքին: Այն ձևավորվել է Նավահա[2] ավազային լեռան քայքայման հետևանքով: Երկրաբանները քայքայման պատճառ, առաջին հերթին, համարում են հանկարծակի հեղեղումները, երկրորդ հերթին՝ անդրերկրային գործընթացները: Անձրևաջրերը, հատկապես մուսսոն եղանակին, լցվում են մեծածավալ լողավազանի մեջ, որը տեղադրված է ավազային կիրճի բաժիններից վեր: Ապա արագություն հավաքելով և խառնվելով ավազի հետ՝ ներթափանցում են կիրճի նեղ ճեղքվածքների մեջ: Տևական ժամանակի ընթացքում ժայռի ճեղքվածքները փլուզվել են, դարձել ավելի խորունկ և ավելի ողորկ՝ ձեռք բերելով բնորոշ «սահուն» ձևեր: Ներկայումս կիրճում ջրհեղեղները ավելի հաճախակի են դարձել: Ներկա պահին վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 30-ին և շարունակվել 36 ժամ՝ հարկադրելով այգու վարչակազմին Քարայծների ներքին կիրճը փակել հինգ ամսով:

Լուսանկարահանում Քարայծների կիրճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայծների կիրճը հանրահայտ վայր է լուսանկարողների և զբոսաշրջիկների համար, ինչպես նաև զբոսաշրջային բիզնեսի աղբյուր, նախ և առա,ջ նավախո հնդկացիների համար: Հնդկացիների տարածքի վրայով մուտքը դեպի Քարայծերի կիրճ բացվել է միայն 1997 թվականից, երբ նավախո ցեղն իր տարածքը դարձրեց ցեղային այգի՝ սահմանափակ թույլատվությամբ: Կիրճի տարածքում լուսանկարները բավականին դժվար են ստացվում՝ չափից շատ լուսավորվածությունից կիրճի պատերին առաջացած արտացոլանքների պատճառով[3]:

Զբոսաշրջիկների լուսանկարահանում Քարայծների կիրճում

Հաճախ լուսանկարներում երևացող գույները ոչ միշտ են համընկնում այն բանի հետ, ինչը Քարայծների կիրճում կարող է տեսնել մարդու կենդանի աչքը: Այդ տարօրինակ վայրի լուսանկարները կարող են ավելի գեղեցիկ և զարմանահրաշ երևալ, քան իրականում: Կապույտ գույնի բաց երանգները հայտնվում են միայն լուսանկարներում: Ըստ երևույթին՝ մարդկային ուղեղը ֆիլտրում է երկնագույնը, երբ առավոտյան նայում ես կիրճին: Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ պետք է լուսանկարել մի քանի տասնյակ կամ ավելի վայրկյան ինտերվալում հստակ պատկեր ստանալու համար: Բրեկետինգի օգնությամբ նկարելիս տեղի է ունենում լուսանկարահանում տարբեր ռեժիմներով, որն օգնում է թաքցնել լուսավորման հաշվիչի սխալները: Լուսանկարչական սարքի ամրակալի անընդհատ օգտագործումը թույլ է տալիս ստանալ միևնույն դիրքի վերամշակված մի քանի լուսանկար, ինչի արդյունքում հնարավոր է համատեղել նկարները գծագրային խմբագրմամբ կամ վերամշակել համակարգչով և ստանալ զարմանալի արդյունքներ: Քարայծների կիրճում արված նկարները շատ գայթակղիչ են դիտողի համար[4]: Լուսանկարելու ամենանպաստավոր ժամանակահատվածը կեսօրն է, երբ արևը գտնվում է զենիթում: Ստորին կիրճի համար ավելի նախընտրելի է մինչ կեսօրը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածը (10-11-ը կամ 13-14-ը), իսկ վերինի համար՝ կեսօրի ժամանակահատվածը՝ 11-13-ը: Դա կապված է այն բանի հետ, որ վերին կիրճն ավելի խորն է, և լույսն ավելի դժվար է ներթափանցում: Իսկ ստորին կիրճում կեսօրին ուղիղ ճառագայթներն ավելի շատ են ընկնում, և առեղծվածն անհետանում է:

Քարայծների վերին կիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայծների վերին կիրճի ներսում(Upper Antelope Canyon)

Վերին կիրճի երկարությունը կազմում է մոտ 200 մետր[5], խորությունը՝ 37 մետր[6]: Նավախո ցեղն այն համարում է «տեղ, որտեղ ջուրը հոսում է ժայռերի միջով»: Զբոսաշրջիկներն այս կիրճ այցելում են երկու պատճառով: Առաջինն այն է, որ այդ կիրճն իր երկայնքով գտնվում է երկրի մակերևույթին հավասար, և մագլցելու անհրաժեշտություն չկա: Երկրորդ պատճառն արևի ուղիղ ճառագայթներն են, որոնց շնորհիվ կիրճն ավելի լավ է լուսավորվում և ավելի տեսանելի է մարդու աչքին, քան ներքին կիրճը: Արևի ճառագայթներն ավելի շատ ամռանն են լինում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ արևը երկնքում հնարավորինս բարձր լինի:

Քարայծների վերին կիրճը շատ գեղեցիկ է: Ձմռանը գույները մի քիչ մռայլ են: Ամռան ամիսներին լուսանկարահանման համար հասանելի է լուսավորման երկու ձև: Մուգ կարմիր, կապույտ և մանուշակագույն երանգներ կարելի է ստանալ առավոտյան այցելության ժամանակ: Լույսի ճառագայթները կիրճ են թափանցում մարտի 15-ից և անհետանում են հոկտեմբերի 7-ի կողմերը: Ավելի երկար լուսավորվածության ընթացքը տևում է մայիսից սեպտեմբեր:

Քարայծների ստորին կիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարայծների ստորին կիրճից դուրս բերող աստիճանները(Lower Antelope Canyon)

Քարայծների ստորին կիրճը նավախո ցեղն անվանում է «ժայռի զսպանակաձև կամարներ»: Այն գտնվում է վերին կիրճից մի քանի կիլոմետր հեռու: Նրա երկարությունը 407 մետր է[5]: Մինչ մետաղական աստիճանների տեղադրելը՝ կիրճ այցելողներն ստիպված էին բարձրանալ և իջնել պարանի միջոցով, ավելին՝ որոշակի հատվածներում պարանային աստիճանը բավականին վտանգավոր էր: Մետաղական աստիճանների տեղադրումից հետո էլ էքսկուրսիաները Քարայծների ստորին կիրճում մնացել են զգալիորեն դժվար, քան Քարայծների վերին կիրճում: Երթուղին բավականին երկար է, կան հատվածներ, որ շատ նեղ են, իսկ որոշակի մասերում անգամ հնարավոր չէ կանգնել ոտքի վրա: Երթուղու վերջում անհրաժեշտ է բարձրանալ մի քանի երկար աստիճանաշարքեր: Չնայած այդ սահմանափակումներին և Քարայծների վերին կիրճի զարմանահրաշ ռելիեֆին՝ Քարայծների ստորին կիրճն ավելի է հրապուրում լուսակարիչներին, ովքեր ցանկանում են անմահացնել այն: Այստեղի լուսավորվածությունն ավելի լավ է վաղ առավոտյան կամ ցերեկվա ուշ ժամերին:

Ջրհեղեղների վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Upper Antelope Canyon DRI 01.jpg

Քարայծների կիրճ այցելությունները հնարավոր են բացառապես տուրեր ուղեկցողների հետ, քանի որ անձրևային եղանակներին կիրճը կարող է արագ հեղեղվել: Այցելության ժամանակ մոտակա ժամանակահատվածում անձրևի հավանականություն չպետք է լինի: Ջուրը հոսանքով դեպի վեր մի քանի մղոն հեռավորությունից անգամ կարող է արագ և գրեթե աննկատ հասնել կիրճին: Ամպրոպի ժամանակ կամ անգամ նրա քիչ հավանականության դեպքում կիրճ իջնելը խստիվ արգելվում է, քանի որ հանկարծակի հեղեղման վտանգը շատ մեծ է: 1997 թվականի օգոստոսի 12-ին ստորին կիրճի հեղեղումը քշել է 12 զբոսաշրջիկի, որից 11-ը մահացել են[7][8]:

Քարայծների կիրճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսն այստեղ է թողարկել իր՝ 2001թվականի հայտնի «I’m Not a Girl, Not Yet a Woman» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում Քարայծների վերին կիրճում:
  • Որոշ ֆիլմերի դրվագներում ևս ցուցադրվում է Քարայծների կիրճը, հատկապես վերին կիրճը: Այդպիսի ֆիլմերի շարքին է պատկանում 1996 թվականի «Կոտրված նետը» ֆիլմը՝ Քրիստիան Սլեյնտերի և Ջոն Տրավոլտայի դերակատարմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Каньон Антилопы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2003 
  2. Келси Майкл (2006)։ Путешествующий по Колорадскому плато (5-е издание)։ Юта, США: Публикация Келси։ ISBN 0-944510-22-1  (անգլ.)
  3. Мартрес Лорент (2006)։ Фотографии Юго-Запада - межевые веха Аризоны (2-е Издание)։ Альта Лома, США: Фото путешествие США։ ISBN 0-916189-13-9  (անգլ.)
  4. ollley (2 января 2003)։ Каньон Антилопы։ США, Россия: Фото путешествие США 
  5. 5,0 5,1 Kelsey, Michael R. (2011). Non-Technical Canyon Hiking Guide to the Colorado Plateau (6th ed.). Provo, Utah: Kelsey Publishing. p. 324. ISBN 978-0-944510-27-8.
  6. "Antelope Canyon: Overview" Արխիվացված է Փետրվար 9, 2015 Wayback Machine-ի միջոցով:. Navajo Tours
  7. «Опасность наводнений в Каньоне Антилопы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2006-03-20  (անգլ.)
  8. «Каньон Антилопы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2006-03-20  (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]