Քանոն (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քանոն
Քանոն
Հայկական քանոն
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԱղելարային կսմիթային նվագարան և տփիկային կիթառ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ314.122-6

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից ։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով։

Քանոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր նվագարաններ, այդ թվում՝ նաև քանոն ներկայացնող հայկական մանրանկար՝ 16-րդ դարի ձեռագրից: Աշխարհում պահպանված քանոն պատկերող ամենահին նկարը:

Միջագետքում, դեռևս շումմերական պետության ժամանակաշրջանում, ծագում է լարային-հարվածային սանթուր նվագարանը, որը շուտով տարածվում է Իրանում, Հայաստանում, Ասորիքում և հասնում մինչև Միջին Արևելք։ Փոխանցվելով տարբեր ժողովուրդների, սանթուրն անցնում է զարգացման և կատարելագործման տարբեր ուղիներ՝ հիմք դնելով նվագարանի տարատեսակներին։ Սակայն սանթուրի զարգացումը հիմք է հանդիսանում նաև մի շարք այլ նվագարանների ստեղծման, որոնք կառուցվածքի, արտաքին տեսքի առումով թեև ունեն որոշ ընդհանրություններ սանթուրի հետ, սակայն արդեն ձևավորված նոր նվագարաններ էին, որոնք հետագա դարերում անցան կատարելագործման ուրույն ուղիներ։ Այդպիսի նվագարաններից մեկն էլ քանոնն է։ Քանոնը ևս Արևելքի ժողովուրդների մոտ գոյություն ունի խորը անցյալից և խիստ տարածված է արաբական աշխարհում, ներկայիս Թուրքիայում, իսկ նվագարանի տարատեսակները լայնորեն գործածվում են Հայաստանում և բալկանյան երկրներում։ Որպես հիմնական տարատեսակներ տարբերակվում են արաբական քանունը, պարսկական գանունը և հայկական քանոնը։ Քանոնը հայերին հայտնի է դեռևս վաղ միջնադարից։ Թեև քանոն նվագարանը դարավոր կատարելագործման ճանապարհ է անցել, սակայն նրա ծագումնաբանության վերաբերյալ նյութերն իրենց հարստությամբ աչքի չեն ընկնում։ Ըստ առասպելական տվյալների, քանոնի նախատիպերը Ք.ա. 2-րդ հազարամյակում հանդիպել են հեռավոր և մերձավոր արևելքում[փա՞ստ]։

Ներկայիս Ադրբեջանի տարածքում ևս քանունը լայն տարածում ուներ, որտեղ միջնադարում հաստատված թյուրքական ցեղերը ժամանակի ընթացքում յուրացրին այն նվագելու հմտությունները և ներառեցին իրենց՝ կամաց-կամաց ձևավորվող մշակույթի մեջ։ Սակայն ավելի ուշ շրջանում նվագարանն Ադրբեջանի տարածքում կարծես մոռացության է մատնվում։ Հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին քանոն էր նվագում ադրբեջանցի երգահան Մեշադի Ջամիլ Ամիրովը, և նրանից հետո մինչև 20-րդ դարի կեսերը քանոնը հազվադեպ էր գործածվում ադրբեջանական երաժշտության մեջ։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում նվագարանը Հայաստանում շարունակում էր լայնորեն կիրառվել։

Հայկական քանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարի առաջին կեսին աստվածաշնչի թարգմանության միջոցով են ընդհանրանում քանոնատիպ գործիք նշանակող ուրիշ անուններ ևս։ Ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության, գործիքային անսամբլների, գործիքային նվագի բարձրարվեստ կատարման մանրամասն նկարագրությունները մեզ են հասել՝ պատմիչների, մատենագիրների, ազգագրագետների միջոցով։ Հիշատակումները պատկանում են՝ Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Հովհաննես Երզնկացուն, Առաքել Սյունեցուն, Հակոբ Ղրիմեցուն, Նարեկացուն։ Աշխարհիկ ժանրում մեծ տարածում են գտել լարային գործիքների տարատեսակները։ Գործիքային անսամբլները, ըստ պատմիչներ՝ Խորենացու և Բուզանդի տարածում են ստացել քաղաքային կենցաղում, արքունիքում և դղյակներում։ Լարայիններից տարածված են եղել՝ քնար, տավիղ, ջնար և այլն։ Քնար հավաքական անվան ներքո են հասկացվել՝ լիրան, սազը, թամբուրը, ուդը և նմանատիպ նվագարանները։

Հեթանոս Հայաստանում տարբեր կրոնածիսական արարողությունները և այլ տոնախմբությունները ուղեկցվել են բազմաբնույթ երաժշտությամբ։ Պատմիչները հիշատակում են քնարահարներից կազմված անսամբլների մասին, որոնց մասնակցությունը պարտադիր էր արքունական խնջույքներին։ Խորենացին «Հայոց պատմության» մի շարք հատվածներում նշում է ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության մեջ տեղ գտած քնարի նվագակցությամբ կատարվող երգեր, որոնք ստացել են «քնարական քերդ» անվանումը։

10-15-րդ դարերում Հովհաննես Երզնկացին հիշատակում է չորեքաղյան քնարի գոյության, իսկ Առաքել Սյունեցին՝ ութլարանի քնարի մասին։ Հակոբ Ղրիմեցին տալիս է գործիքային նվագի բարձրարվեստ կատարման մանրամասն նկարագրությունը և հիշատակում՝ սանդիր, ղանոն, ստղանոն բազմալար գործիքները[1]։ Բազմալար անկոթ գործիքներից նշում է տասնաղի քնարը և քառասուն լարանի սանդիրը, որը սանթուրն է, յոթանասուն լարանի ղանոնը, որը քանոնն է։ Նկարագրում է լարման պրոցեսը, ինչպես է քնարը ոտքերին դրվում և գործիքը ինչ փայտից է պատրաստվում։ Հայկազյան «Բառ» գրքի հեղինակները նույնպես անդրադարձել են կսմիթահար և անկոթ նվագարաններին քնարի դիմաց գրելով՝ ջնար, սաղմոսարան, կիթառ, տավիղ, փամբիռ, բարբութ։ Ըստ Բուզանդի հաղորդման, Պապ թագավորի սպանության օրը ելույթ է ունեցել գուսանների մի ամբողջ անսամբլ, որոնք իրենց նվագն են մատուցել արքային։ Նրանց կազմում ընդգրկված են եղել՝ սրնգահարներ, թմբկահարներ, քնարահարներ, փողահարներ յուրաքանչյուրն իր արվեստով պես-պես։

Քնարահարք ասելով, Բուզանդը նկատի է ունեցել միևնույն ընտանիքին պատկանող, մի քանի գործիքներ նվագող երաժիշտների։ Քանոնատիպ գործիքների մեջ ընդհանրացված են սաղմոսարանը և տասնաղի սաղմոսարանը։ Աստվածաշնչում գրված է քնարով տիրոջը գոհացնելու, տասթելավոր սաղմոսարանով սաղմոս երգելու մասին։ Մեր մանրանկարիչները ևս պատկերել են սաղմոսարանը Դավիթ մարգարեի ծնկներին, թե ինչպես է Դավիթը քնարը վերցրել ու նվագել իր ձեռքով։ Սաղմոսարան նվագարանը հիշատակվել է Նարեկացու տաղերից մեկում։ Տաղում պատկերված են քնարն ու սաղմոսարանը, որտեղ երգվել է Քրիստոսի հարության մասին։ Մատենադարանում է պահպանվում 1704 թվականին Կեսարիայում գրված սաղմոսագիրքը, որի արծաթյա կազմին պատկերված է քանոնատիպ նվագարան։

15-16-րդ դարերի հայկական տապանաքարերի վրա հանդիպում ենք հնագույն նվագարարանների քանդակների, որոնք խորհրդանշել են անսահման սերն ու հարգանքը ժողովրդական նվագարանների և վարպետ կատարողների հանդեպ։ Մարտունու շրջանի Գեղահովիտ և Սիսիանի Անգեղակոթ գյուղերի միջնադարյան գերեզմանոցներում հայտնաբերված են տապանաքարեր պատկերված՝ սազ, քամանչա, քանոն և այլ նվագարաններով[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական քանոնն ունի զուգահեռակողմ սեղանի ձև։ Երկարությունը 80-90 սմ է, լայնությունը՝ 30-40 սմ։ Գործիքի երեսի 2/3-ը դեկա է, իսկ 1/3-ը աջ կողմից պատված է թաղանթով, որի կաշին լավ մշակված է։ Թաղանթապատ հատվածի վրա է տեղադրված հենակը։ Հիմնականում ունի քսաներկու երեքական, չորս երկուական լարեր։ Քանոնի լարերի թիվը մշտապես տատանվում է, առկա են յոթանասուներկու, յոթանասունհինգ, մասնակի դեպքերում՝ յոթանասունութ։ Քանոնի ձախ հատվածում են տեղակայված հիսուն պողպատյա մանդալներ՝ երկուական շարքով։ Նվագելու ընթացքում, ձախ ձեռքով մանդալը բարձրացվում և իջեցվում է կես տոնով։ Մանդալների կողքով տեղակայված են ականջները։ Լարելու համար օգտագործվում է բանալի, որն ամրանալով ականջներին և պտտելով, ձգում կամ թուլացնում է լարը։ Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով է, ռե տոնայնությամբ, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալով՝ փոքր օկտավայի սոլից մինչև երրորդ օկտավայի ռե։ Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա։ Արևելյան կոչվող քանոնների մեջ հանդիպում են ավելի բարդ տեսակներ։

Քանոնը նվագում են ծնկներին դրած՝ ձախ ոտքը աջի վրա։ Նվագարանը կսմիթային է կատարողը լարերին հպվում է հատուկ հարմարանքի միջոցով, որը կոչվում է մեդիատոր։ Մեդիատորը պատրաստված է ոսկրանյութից, մատներին ամրանում է՝ մատնոցի օգնությամբ։ Քանոն նվագարանը պատրաստվում է լորենու, ծիրանենու, եղևնու, ընկուզենու, հաճարենու, չինարու փայտից։ Նվագարանի տեմբրը զրնգուն է, առանձնանում է քաղցր, յուրատիպ հնչողությամբ։ Քանոնը մենակատարային և անսամբլային նվագարան է։ Քանոնը ոտքերին ենք դնում այնպես, որ նվագելու ժամանակ չընկնի։ Քանոնն ունի նաև մանդալներ, ականջեր և հենակ։

Բաս-քանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաս Քանոն Նվարդ

Քանոնի այս նոր տարբերակը հեղափոխություն է հայ երաժշտության մեջ։ Այս գործիքի ստեղծման գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր՝ Արա Գևորգյանը, իսկ գործիքը պատրաստել է Ալբերտ Զաքարյանը։ Ստեղծվել է քանոնից էականորեն տարբերվող գործիք։ Բաս-քանոնը աշխարհում առաջին նման գործիքն է։ Այն պատրաստված է ամուր փայտից, որը բերված է Տուապսե քաղաքից։ Գործիքն ունի կոնտրաբասի տասնվեց լար։ Քանոնը ունի մանդալներ, որոնք նվագելու ժամանակ բարձրացվում և իջեցվում են, իսկ այս գործիքը չունի մանդալներ։ Ձայնածավալը բաս-քանոնի մեկ օկտավայից ավել է։ Յուրահատուկ է նաև, որ գործիքներն կրում են հայկական կանացի անվանումներ՝ «Ալվարդ», «Նվարդ», «Գոհար»[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական քանոնի պատմություն[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների արդյունքում հնավայրերից հայտնաբերված բազմաթիվ ու բազմապիսի նվագարանների առկայությունը, գրավոր հնագույն տեղեկություններն (Մատենադարան՝ Երևան, Հայաստանի ազգային թանգարան՝ Երևան) ու այժմ գոյություն ունեցող ժողովրդական գործիքների շարունակականությունը վկայում են այն մասին, որ երաժշտական գործիքների հիմնական տիպային խմբերը, իրենց համապատասխան ընտանիքներով լայնորեն տարածված են եղել հին Հայաստանում, ինչն էլ իր հերթին փաստում է երաժշտարվեստի բարձր զարգացածության մասին։ Հարվածային`ղողանջող, աղմկային, բազմափողային և փողային`մուսշտուկային, սրնգային, լեզվական, լարային`տավղային, քնարային, կսմիթային, աղեղնային և պարկապզուկային նվագարանները ևս իրենց խմբերով ու տեսակներով գործածության մեջ են եղել հին Հայաստանում (Ք․ա), որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են և դարձել են խոսուն վկաները դրանց գոյության։ Կարելի է և դժվար չէ գուշակել նաև, որ դրանց մի մասը պատրաստված լինելով փայտից, եղեգից, ոսկորից, եղջյուրից, մորթուց, զանազան մետաղներից, տարբեր բույսերի ցողուններից, ժամանակի ընթացքում քայքայվել են և ոչնչացել։ Սակայն այդ պակասը, լրացնում են մանրանկարները, քարաքանդակները, նկարազարդ մատենագրերը, առանձին ձեռագրերի ու բարձրաքանդակների խազանկարները, որոնք պահպանվում են զգային հարստություն համարվող տարբեր ժամանակների մատենագրությունների օրրան համարվող հայտնի Մատենադարանում (Երևան)։ Երևանի Ազգային թանգարանում պահպանվում են Գառնիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ) Գառնիի (Ք․ա. I դար), և Դվինի (IV դար) պեղումներից հայտնաբերված հինգ ձայնանցք ունեցող մի շարք ոսկրյա սրինգներ։ Լարային գործիքներից հիշատակելի են միալար, երկնաղի, եռալար, քառալար ու նաև բազմալար նվագարանները։

Հայկական քնար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց աշխարհում անհիշատակ ժամանակներից այլ տեսակի գործիքների կողքին գործածության մեջ են եղել և իրենց ուրույն տեղը հաստատել նաև քնարատիպ գործիքները։ Մատենադարանի գիտաշխատող, գիտնական Նիկողոս Թահմիզյանի տեղեկացմամբ, քանոնի նախատիպերը «քնար» ընդհանուր անվանակոչության տակ անհիշելի ժամանակներից են գործածվել Հայաստանում, որոնց ծագումը թվագրվում է (Ք․Ծ․ա․) Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակին։ Այդպես է եղել նաև վաղ միջնադարում և զարգացած ֆեոդալիզմի շրջանում, «քնար» հասկացության տակ ընկալվել են սազատիպ, ուդատիպ և անկոթ լարային բոլոր գործիքները, այսինքն նաև կսմիթայիններն ու կտնտոցայինները, որոնք մեծ տարածում են ունեցել։ Իսկ որպես ամենավաղ գրավոր տեղեկություն այդ մասին, Ն․Կ․ Թահմիզյանը վկայակոչում է V դարի պատմիչ Փավստոս Բյուզանդի «Պատմություն հայոց»[6] աշխատությունը, որտեղ IV դարին վերաբերող Պապ թագավորի ծննդյան խնջույքի պատմական փաստերի նկարագրության ժամանակ պատմիչն օգտագործում է «քնարահարք» (քնար նվագողներ) հոգնակի արտահայտությունը, ինչն ինքնին քնարատիպ գործիքների բազմազանության առկայության վկայություն է․

Իբրև ընդ գինիս մտին, որպես զառաջին որախութեանցն նուագն մատուցին արքային Պապայ, և առհասարակ թմբկահարք և սրընգահարք, քնարահարք և փողահարք իւրաքանչիւր արուեստոք պեսպես ձայնիվք բարբառեցան։

Այս մասին հիշատակում են նաև Հայկազյան բառգրքի հեղինակները[7]․, (Հովհաննես Երզնկացի Պլուզը (XIII դ.), Հակոբ Ղրիմեցին (1416 թ.): Հիշատակված գործիքները նվագում էին մատնահարելով՝ մատնոցներով (քանոնատիպ) կամ փայտիկներով (սանթուրատիպ), ծնկին դրած, հենարանին դրած, թևը գցած-գրկած կամ այլ կերպ։ Այսինքն, համոզմունքը նույնն է, դրանց տեսակներն ու նվագելաձևերը բազմապիսի էին։

Փավստոս Բյուզանդը քնարատիպ գործիքների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փավստոս Բյուզանդը, որ իր «Պատմություն հայոց» աշխատության մեջ առանձնակի նշում է նաև «աղեղնական», այսինքն` աղեղնային գործիքների մասին, պարզ է դառնում, որ քնարատիպ և աղեղնային գործիքները լարային լինելով, արտաքին տեսքով իրարից խիստ տարբեր են, ինչն էլ բնականաբար հուշում է նրանց նվագելաձևի տարբերության մասին։ Ահա այս ամենը հիմք ունենալով հստակ ուրվագծվում է, որ աղեղնավորներից ծնկին դրված և մատնահարելով ու մատնոցներով նվագվող գործիքը հենց քանոնի նախատիպն էր։

Հովհաննես Երզնկացին քնարատիպ գործիքների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Երզնկացի Պլուզը գործիքները նկարագրելիս, հատկապես տարբերում է «սակավ» լարավորները բազմալար գործիքներից, որոնք բազմապիսի էին՝ աղելարից (աղիքից պատրաստված) պատրաստված և գործածությունն էր տարբեր․

Եւ բազում են ձեւք և կերպարանք գործեաց, է որ ի բազմաց լարից և աղեաց, և է որ սակավ[8]

։

Հակոբ Ղրիմեցին քնարատիպ գործիքների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ղրիմեցու[9] մանրամասն նկարագրությունից ծանոթանում ենք «տասնաղի քնարին» (սաղմոսարանն է), 40 լարանի «սանդիրին» (սանթուր), 70 լարանի «ղանոնին» և նրանց լարելու ձևերին, (սա քանոնն է, հունարեն՝ ղանոն։ Ի դեպ, երբ ասվում է 10․․․40․․․70․․․լարանի, նշվում է ոչ թե հնչյունների քանակը, այլ լարերի, իսկ յուրաքանչյուր հնչյուն ունի երեք լար)։ Պարզ է դառնում, որ այս գործիքներից քնարը մետաքսալար է, սանդիրը կամ սանթուրը աղեղնալար կամ պղնձալար, քանոնը կամ ղանոնը աղելար և այլն․

Զի թե քնարն է, որ ունի զժ-ն աղին ի լարս մետաքսեայ, և թե սանդիրն, որ է խ-աղիս ի թելս պղնձի, և թե ղանոնն որ է հ-լարի, և թե արղանոնն, որ է ճ-աղի ի թելս պղնձի․․․։

Պատմիչը շարունակելով երաժշտական բազմապիսի գործիքների նկարագրությունը, հստակ զանազանում, մանրամասնում ու տարբերակում է նաև, թե դրանցից որն ունի բամբ ձայն, որը զրնգուն, մյուսը՝ թավ, իսկ հաջորդից՝ վերից վար ու վեր նվագելիս քաղցրահնչող ձայն է գալիս (պարզ կարելի է ենթադրել, որ glissando-ի նվագելաձևն է նկարագրված)․

․․․ի միանգամայն յորժամ շարժէ զկընընդոցն ի վերուստ ի վայր ի վերայ լարից քաղցրահնչող ձայնն նուագարանին, առժամայն ճանաչէ ի տարորոշ բազմութիւնս աղեացն՝ թե ո՞րն է սուր, և որն է բութ, որն զիլ, և որն բամբ, որն սուղ և որն երկար, որն թոյլ և որն պինդ։

Հայկական քանոնի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ազգային երաժշտական գործիքների և մասնավորապես քանոնի ծագումը կապված է հեռավոր և մոտավոր Արևելքի Ք․Ծ․ ա․ II հազարամյակի հետ, իսկ ընդհանրապես և նաև ըստ Նիկողոս Կիրակոսի Թահմիզյանի, դա ազգային երաժշտակա գործիքների գոյության մոտավոր տարենիշն է համարվում[10] ։ Նրա համոզմամբ V դարում Աստվածաշնչի թարգմանությունից հետո հայտնի դարձած «սաղմոսարան» կամ «տասնաղի սաղմոսարան» գործիքները հայերի կյանքում եղել ու հարատևել են մինչև միջին դարերը։

XV-XVI դարերի հայ մանրանկարիչների պատկերած դրվագները ցույց են տալիս, որ ուշ միջնադարում Հայաստանում տարածված են եղել անկոթ բազմալար, լարային կոթավոր նվագարանները։ Այսինքն, հայ ժողովուրդը դեռ հազարամյակներ առաջ գործիքային արվեստի այս նմուշներն ունեցել ու պահպանել է մինչև ուշ միջնադար (նկ․1, Մատենադարան, ձեռ. համ. 7090), ապա նաև մինչև մեր օրերը։ Հայ մանրանկարիչների պատկերած առաջին դրվագը` Դավիթ Մարգարեն է՝ սաղմոսարանը ծնկներին նվագելիս[11] հայտնի է, որ այս գործիքի մասին հիշատակում կա «Աստվածաշնչում»/:

Երկրորդ նկարում (XVI-XVII դդ․ հայ հեղինակի մանրանկարից է) պարզ պատկերված է ազգային տարատեսակ գործիքների տիրապետող մարդկանց խումբ[12]՝ նվագելու պահին, ինչը բնականաբար նվագախմբի գոյության ևս մեկ փաստ է։ Պարզ երևում է, որ խմբի առաջին շարքում նստած նվագածուն քանոնահարն է։ Այս գործիքն իր արտաքին կառուցվածքով քանոնատիպ է. անկոթ է և բազմալար, նվագելաձևը քանոնային է, ինչն ակնառու է ձեռքերի հստակ դրվածքից։ Հաջորդ շարքերում քնարահարն է, քամանչահարն ու փողայիններն իրենց տարատեսակներով, որոնց թիկունքում մարդկանց երկու շարք է պատկերված, որը թույլ է տալիս ենթադրել, որ դա էլ երգող խմբի պատկեր է։ Դրվագը՝ նվագող-նվագակցող ազգային գործիքների և երգող խմբի համդրություն է պատկերում։ Սա երաժշտարվեստի խմբային կատարման բարդ տեսակ է։

Եթե շարունակենք դարերի հերթականությամբ թվարկել, ապա XVIII դ․ Գրիգոր Գապասաքալյանը նկարագրում է սաղմոսարանն ու բազմալար քնարի մասին[13] ։ XIX դ․ Ա․ Հիսլարյանը ներկայացնում է պոլսահայ հայտնի քանոնահարներ՝ Քանունի Մաքսուտին և Քանունի Համբարձումին, ովքեր իրենք էին պատրաստում իրենց գործիքները[14] ։

XXդ․ դարասկզբին Գ․ Լևոնյանը գրում է գուսանների և նրանց գործիքներ պատրաստողների մասին․

Հայ քնարի ինչպես ածողները, այնպես էլ շինողները, բացառապես տաճկահայ աշուղ վարպետներ են[15] ։

Քանոն գործիքի պարագայում այս սովորույթը պահպանվել է մինչև խորհրդային ժամանակները, Հայաստանում կային քանոնահար-վարպետներ, ովքեր իրենք էին պատրաստում իրենց գործիքները։ Այդօրինակ վապետներից էին Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի քանոնահարներ՝ Զավեն Տերմենջյանն ու Նշան Հոպյանը, ովքեր ծագումով Արևմտյան Հայաստանից էին։

1921 թվականին Հայոց աշխարհի մի մասը (Արևելյան Հայաստան) խորհրդայնացվեց, իսկ մյուս մասը (Արևմտյան Հայաստան) մնաց օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Այս տարանջատումն անջրպետ առաջացրեց, սակայն չխաթարեց դարերն ի վեր ծաղկում ապրող հայ երաժշտարվեստի շարունակականության վրա՝ մասնավորապես կատարողական արվեստի վրա։ Կարևոր փաստ․ Հայ քանոնահարների այս աստղաբույլը՝ Սարգիս Գըլճյան (ուդի Սարգիս), Գարեգին Խանիկյան (սանթուրահար), Լիդա Խանիկյան /Գարեգին Խանիկյանի դուստրը/, Արշավիր Ֆերջուլյան (Արա Սևանյան ԱՄՆ), Մարտին Հովհաննիսյան, Միհրան Օրամանյան, Լևոն Ալանակյան (Չոջուխ) Սովետական Հայաստան է ներգաղթել որոնց նվագելաձևը տարբերվում էր այժմյան կատարողական ձևից (այս մասին մանրամասն ներքևում)։ Արարչագործ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ճախրանքը չդադարեց, որովհետև հազարամյակների ճանապարհին և պատմական ցանկացած ծանր ժամանակաշրջանում նա աչքի լույսի պես պահել ու փրկել է իր ազգային արժեքները, հասցրել մեր օրերը։ Դրա ցայտուն վկայությունը՝ իրենց արտաքին տեսքով, ներքին կառուցվածքով, տեմբրային առանձնահատկություններով հարուստ ու բազմատեսակ հայկական ժողովրդական գործիքային արվեստի վառ ու ինքնատիպ նմուշների գոյությունն է, որոնցից մեկը քանոնն է։

Հայկական քանոնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը Խորհրդային Հայաստանի (Արևելյան Հայաստան) առաջին այն քանոնահարը եղավ, ով վստահաբար կարողացավ փոխել հայկական քանոնի կատարողական ոճը։ Նա ստեղծեց կատարողական նոր ոճ, մինչև այդ գոյություն ունեցող արևմտյան հայ քանոնահարների նվագաոճից տարբեր, դառնալով հայկական քանոնի Նոր դպրոցի հիմնադիրը, փոխելով նաև լարվածքը։ Արևմտյան Հայաստանից եկած քանոնահարները գործիքը լարում էին in C (դո), Խաչատուր Ավետիսյանը գործիքի լարվածքը մեկ տոն բարձրացրեց in D (ռե), հարմարեցնելով մեր երկրի տեղանքին, որն առավել պայծառություն հաղորդեց հնչողությանը։ Նա համոզված էր, որ իր ստեղծած նվագաոճն ամուր հող է, որպեսզի երաժիշտ-քանոնահարներըը չշեղվեն, արևելյան օտարամուտ ելևէջներ ներդնելով իրենց կատարումներում։ Ազգային մտածողություն և ճաշակ՝ ահա, թե ինչն էր առաջնայինը նրա համար։ Կատարողական այս ձևի մեծագույն հաստատումը եղան՝ քանոնի համար գրված դասական մակարդակի նրա ստեղծագործությունները՝ երկու կոնցերտ, չորս սոնատ, երկու երաժշտական խորեոգրաֆիկ պատկերներ («Կախարդված ծաղիկներ» և «Զարթոնք»), բազմաթիվ կոնցերտային պիեսներ և ժողովրդական երգերի մշակումներ, դասական ստեղծագործությունների փոխադրումներ, դուետներ, տրիոներ, կվարտետներ և այլն։

Խաչատուր Ավետիսյանը հիմք դրեց քանոն նվագարանի ուսուցմանն ամբողջ հանրապետությունում, դարձավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների և երգեցողության բաժնի հիմնադիրներից մեկը՝ լինելով ամբիոնի վարիչը, դասավանդելով՝ 1977-1996թթ.։ Տաղանդավոր ու բազմավաստակ ուսուցչի դասարանում ուսումնառություն են անցել այսօր արդեն ճանաչված ու վաստակաշատ քանոնահարներ՝ Հասմիկ Լեյլոյանը, Ալվարդ Միրզոյանը, Անուշ Կիրակոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Ազնիվ Մինասյանը, Անահիտ Վալեսյանը։

Քանոնը մենանավագ գործիք լինելուց բացի, նվագախմբի բաղկացուցիչ մասն է։ Նվագարանի յուրահատկություններից է նաև այն, որ նա համակցվում է թե՛ ազգային, և թե՛ դասական գործիքների հետ։

Արևելքում սիրված ու տարածված քանոն գործիքը գործածության մեջ է նաև արաբական աշխարհում, Եգիպտոսում, Հունաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում և այլուր։ Յուրաքանչյուր երկրում այն տարատեսակ դրսևորում ունի կապված՝ նստելաձևի, կատարողական ձևի և տեխնիկայի, ձեռքերի դրվածքի, ըստ աջ և ձախ ձեռքերին տրված տեխնիկական հնարավորությունների, մինչև անգամ հարվածների տարբերության հետ, ինչպես նաև ըստ կառուցվածքային առանձնահատկությամբ՝ մանդալների քանակի, որոնք ապահովում են կիսատոների գոյությունը։

Հայկական քանոնի դեպքում մեկ նոտան ունի երկու մանդալ և չունի քառատոներ, (քանոնի ձայնասահմանը՝ Մեծ օկտավայի Սոլ-ից երրորդ օկտավայի դո) փոքր և առաջին օկտավաների լյա և սի նոտաներին ավելացված են քառատոն մանդալներ, որոնք անհրաժեշտ էին առաջացել է դասական Մուղամ նվագելու համար։ Իսկ արաբական աշխարհում կիսատոն մանդալները չորսից ավելին են։ Սակայն դրանից բացի, նվագարանի ազգային պատկանելության ամենակարևոր գործոնը` կատարողի զգացականությունն է և ազգային հատուկ ելևէջների ազնիվ արտաբերումը։ Յուրաքանչյուր ազգի կատարող ունի իր կատարողական ոճը համապատասխան նրա ազգային երգի։ Այս իմաստով, գիտելիքից բացի, կատարողից զգուշավորություն և հոգացավություն է պահանջվում իր ազգայինը պահպանելու համար։

Հետաքրքրությունն այնքան շատ է Քանոն գործիքի նկատմամբ, որ նրան անդրադառնում են և՛ երաժշտագետները և՛ քանոնահարները, երբեմն էլ ոչ պրոֆեսիոնալները։ Քանոնը մատնանվագ և կսմիթային գործիք է, բնույթով քնարական և հայ մոնոդիկ ու մեղեդային երաժշտության արտահայտման գեղեցիկ ու հրաշալի միջոց, ինչը ևս ազգային պատկանելության մի տարր է։ Այն տալիս է կատարողական բազմապիսի ու նաև մոնոդիկ երգը բազմաձայնի վերածելու և վերարտադրելու լայն հնարավորություններ։ Տարատեսակ նվագելաձևերից հիմնականը մատնահարվածներն են, որոնք կատարվում են աջ և ձախ ձեռքերի ցուցամատների միջոցով։

Նվագելաձևը բազմատեսակ է՝ վերից վար հարվածներ (հայկական քանոնի հիմնական ձև), հարվածներ վարից վեր՝ անհրաժեշտության դեպքում (ուդին ու սազին հատուկ ձև է, այդպես նվագում էին Արևմտյան Հայաստանից եկած քանոնահարները, հատուկ է նաև արաբական աշխարհի քանոնին), բազմահնչյուն ակորդներ երկու ձեռքով, ամբողջ ապլիկատուրայով վերից վար արպեջոներ՝ պարզ և բարդ։ Տրեմոլո նվագելաձևը (պահված նոտա) ստանում են աջ և ձախ ձեռքերի ցուցամատների իրար հաջորդած արագ և առավել մանր հարվածների միջոցով, երբեմն միայն ձախ կամ միայն աջ ձեռքի ցուցամատով։ Ակորդներ նվագում են՝ սկսած երկհնչյուն ինտերվալից մինչև հինգ հնչյունից բաղկացած՝ նոնակորդ, վեց հնչյունից համահնչյուն, ստեղծագործությունը բացառապես մատներով նվագելու (առանց մեդիատորի) և նվագակցելու միաժամանակյա հնարավորություն, պիցիկատոներ, լեգատո անցումներ և այլն։ Գործիքն ունի տեխնիկական և տեմպային անսահմանափակ արագ նվագելաձևի հնարավորություն, մելիզմատիկ ելևէջների և նյուանսների բազմապիսի ու բազմագույն դրսևորումներ և այլն։ Ընդհանրապես, քանոն գործիքի կատարողական անսպառ հնարավորություններն անընդհատ կատարելագործման և մելիզմների ամեմաբարդ ու նոր արտաբերման ձևերի հնարավորություն է ընձեռնում։ Սակայն այս պարագայում անհրաժեշտ է «հայ ազգային երաժշտարվեստի յուրօրինակ սահմանների պահպանումը»։

Հետաքրքրական է, որ հայկական քանոնը հազարամյակների իր գոյության ընթացքում չի փոխել կառուցվածքը։ Այն ձևով սեղանաձև է. աջ կողմից ուղղանկյուն, ձախից` եռանկյուն-սուրանկյուն։ Փայտյա գեղաձև նախշաքանդակ երեսի աջ կողմում չորս մասից բաղկացած կաշվե երեսն է, որի վրա դրված նույնպես չորսոտանի հենակն իր վրա է պահում դեպի ձախ ձգվող լարերը։ Նախապես, կաշվե երեսից աջ, քանոնի կողային՝ աջ մասի գաղտնարանում լարերը կապ գցելու միջոցով ամրացվում են և ձգվում դեպի ձախ` եռանկյուն-սուրանկյուն մաս, որտեղ համապատասխան նոտաների քանակի անցքեր են արված։ Լարերը հասցվում են մինչև այդ անցքերը, հագցվում նախօրոք պատրաստված հատուկ փայտյա ամրակների՝ ականջիկների անցքին, փաթաթվում ու տեղադրվում (յուրաքանչյուր նոտա՝ կողք-կողքի տեղադրված երեք լարերի համադրություն է)։ Բանալիի միջոցով, լարերն ամրացվում, ապա լարվում են ըստ նոտայի համապատասխան բարձրության։ Գործիքի փայտյա ականջիկների գլխիկների չափերը պատրաստվում են համապատասխան բանալիի, որով ինչպես ասվեց լարվում է քանոնը։ Քանոն գործիքը կատարելագործվում է, ինչի շնորհիվ ձայնասահմանն մեծանում է ընդգրկելով փոքր օկտավայի Սոլ-ից մինչև երրորդ օկտավայի Դո (C), Ռե (D), Մի (E), Ֆա (F) հնչյունները։

Վերը նշեցինք, որ վաղ անցյալում գործիքահարներն իրենք էին պատրաստում իրենց գործիքները, իսկ այժմ հմուտ վարպետները, համագործակցելով կատարողների հետ։ Առաջին բաս քանոնի ստեղծման նախաձեռնության հեղինակն է հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Գաղափարն իրագործվեց վարպետ Ալբերտի (Ալբերտ Զաքարյան) հետ միասին, իսկ հեղինակային իրավունքը պատկանում է երկուսին էլ։ Այս քանոններն ունեն հետաքրքիր անձնանուններ 1.Քանոն-Ալվարդ, 2.Քանոն Նվարդ, 3.Քանոն-Գոհար, 4.Քանոն-Ջեմմա, 5.Քանոն-Ալիս, ըստ պատվիրողների անունների[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական նվագարաններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. «Տեսանյութ. Քանոն՝ ազգային նվագարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. Բաս-քանոն երաժշտական գործիքի հայրենիքը Հայաստանն է. շնորհանդեսը՝ շուտով
  4. «Ստեղծվել է հայկական երաժշտական նոր գործիք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  5. 5,0 5,1 Անուշ Կիրակոսյան «Հայկական քանոն և քնարահարք, քնար նվագողներ»։
  6. Փավստոս Բյուզանդ, Պատմություն հայոց. Վենետիկ. 1914. էջեր 293–294.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Նոր բառգիրք Հակազեան լեզուի, հատ․Բ, Վենետիկ, 1837թ» (PDF).
  8. «Հովհաննես Երզնկացի, Հաւաքումն քերականի մեկնութեան, Մատենադարան, ձեռ․հ․2329» (PDF).
  9. Ղրիմեցի, Մեկնություն տոմարի, Մատենադարան ձեռ. հ. 2011. էջեր 13բ.
  10. Խ․ Մ․, Առաջաբան /հեղ․ Նիկողոս Թահմիզյան/. էջ 3.
  11. Մատենադարան, ձեռ.համ. էջեր 4բ, նկ.1, նկ. 1.
  12. Մատենադարան, ձեռագիր N5472. էջեր 242, պատկեր 2.
  13. Գապասաքալյան Գր․, Գրքոյկ, որ կոչի նուագարան. Կ. Պոլիս. 1794. էջեր 176–177.
  14. Հիսարլյան Ա․, Պատմութիւն հայ ձանագրութեան և կենսագրութիւնք երաժիշտ ազգայնոց. Կ. Պոլիս. 1914. էջեր 174–179.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Լևոնյան Գ․, Հայ աշուղներ, Ազգագրական հանդես, 10-րդ տարի, 13-րդ գիրք. 1906. էջեր 97–105.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]