Քանանական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանանական լեզուներ, Միջերկրական ծովի և Միջագետքի միջև ընկած շրջանում մ․ թ․ ա․ 3-2–րդ հազարամյակում բնակված սեմիտների լեզուները։ Մի շարք գիտնականների կարծիքով քանանական լեզուներին են պատկանում հին արևմտյան քանաներենը, ուգարիտերենը, ամորեերենը և սրանցից ծագած իվրիտերենը (հին հրեերեն), փյունիկերենն ու մոաբիտերենը (մովաբերենը)։ Արամեերենի հետ քանանական լեզուները կազմում են սեմական լեզուների հյուսիս–արևմտյան ենթախումբը։ Հին արևմտյան քանաներենը (հին քանաներեն) ամբողջությունն է մ․ թ․ ա․ 2–րդ հազարամյակի սկզբի և կեսերի այն բարբառների, որ հայտնի են Թել–էլ–Ամառնայի (Եգիպտոս) աքքադերեն տեքստերի անհասկանալի բառերի, արտահայտությունների մեկնություններից (գլոսսաներից), եգիպտերենում քանանական փոխառություններից, սինայապաղեստինյան այբբենական գրով արված մակագրություններից։ Ամորեերենը հայտնի է մ․ թ․ ա․ 2–րդ հազարամյակի կեսի աքքադերեն հուշարձաններում եղած հատուկ անունների, մոաբիտերենը՝ մ․ թ․ ա․ 9–րդ դարի արձանագրությունների միջոցով (Մեռյալ ծովի հարավ–արևելյան ափ)։ Քանանական լեզուներից կենդանի է միայն իվրիաերենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։