Քայլող մեռյալները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլող մեռյալները
The Walking Dead
The Walking Dead 2010 logo.svg
Ժանր Հետապոկալիպտիկ
Սարսափ[1]
Դրամա
Մշակում Ֆրենկ Դարաբոնտ
Գլխավոր
դերերում
Էնդրյու Լինքոլն
Ջոն Բերնթալ
Սառա Ուեյն Քելիս
Լոուրի Հոլդեն
Ջեֆրի Դեման
Սթիվեն Յան
Չենդլեր Ռիգս
Նորման Ռիդուս
Լոուրեն Քոհեն
Դանայ Գուրիրա
Դեյվիդ Մորիսի
Սոնեքուա Մարտին-Գրին
Ջեֆրի Դին Մորգան
Երաժշտություն Բիր Մակգրերի
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու Անգլերեն
Հեռուստաալիք AMC (ԱՄՆ-ում)
Fox International (այլ երկրներում)
Եթերաշրջանների քանակ 5
Սերիաների քանակ 67 (Սերիաների ցանկ)
Պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտ
Գեյլ Էն Հարդ
Դեյվիդ Ալպերտ
Ռոբերտ Քըրքման
Չարլզ Իգլի
Գլեն Մացարա
Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտ
Օպերատոր Դեյվիդ Բոյդ
Ռոն Շմիդտ
Ընկերություն AMC Studios
Circle of Confusion
Darkwood Productions
Valhalla Motion Pictures
Ձայնի ձևաչափ Dolby Digital 5.1 (DVD)
Dolby TrueHD 5.1 (Blu-ray) Dolby TrueHD 7.1 (Blu-ray)
Էկրաններին է Հոկտեմբերի 10, 2010-ից
Սերիայի տևողություն 42-45 րոպե
66 րոպե (2 սերիա)
Կարգավիճակ Ընթացիկ
Կայք-էջ IMDb

«Քայլող մեռյալները» (անգլ.՝ The Walking Dead), ամերիկյան հետապոկալիպտիկ և սարսափ ժանրերին պատկանող բազմասերիանոց հեռուստաֆիլմ։ Ցուցադրվում է 2010 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ընդհանուր առմամբ ունենալով 6 եթերաշրջան։ Հիմնված է Ռոբերտ Քըրքմանի, Թոնի Մուրի և Չառլի Ադլարդի հեղինակած համանուն պատկերապատման (կոմիքս) վրա։

Սերիալը պատմում է շերիֆի տեղակալ Ռիք Գրայմսի մասին (Էնդրյու Լինքոլն), ով տևական կոմայից վերականգնվելուց հետո հայտնաբերում է, որ ողջ աշխարհը ենթարկվել է զոմբի ապոկալիպսիսի։ Գործողությունները կատարվում են մի քանի առանցքային կերպարների շուրջ, ովքեր տեղից տեղ են փախչում՝ փորձելով ապահով վայր գտնել և հեռու մնալ քայլող մարդկային դիակներից, ինչպես նաև վտանգավոր մարդկանցից։

Միացյալ Նահանգների ծածկույթում հեռուստասերիալը ցուցադրվում է AMC հեռուստաալիքով։[2]

Առաջին եթերաշրջանից մինչև հինգերորդ եթերաշրջանի առաջին կեսը գործողությունները զարգանում են Ատլանտայի քաղաքային ագլոմերացիայում, իսկ սկսած երկրորդ կեսից՝ Ալեքսանդրիա քաղաքում։

Հեռուստասերիալն ունենում է բավականին դրական ընդունելություն քննադատների շրջանում և արժանանում բազմաթիվ նոմինացիաների, մասնավորպես՝ Ամերիկյան սցենարիստների միության մրցանակի, ինչպես նաև Ոսկե գլոբուսի` «լավագույն դրամա ժանրի հեռուստասերիալ» անվանակարգում։ Հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանը ունեցել է ռեկորդային 10,9 միլիոն դիտորդ, որով դարձել է ամենադիտված հեռուստադրաման կաբելային հեռուստատեսության պատմության մեջ[3]։

2015 թվականի օգոստոսի 23-ին եթեր է բարձրանում «Վախեցեք քայլող մեռյալներից» զուգահեռ սպին-օֆ հեռուստադրաման[4]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան (2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիֆի տեղակալ Ռիք Գրայմսը (Էնդրյու Լինքոլն) ծառայության ժամանակ վիրավորվում է հանցագործի արձակած փամփուշտից։ Գրայմսին տեղափոխում են մոտակա հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ գտնվում է կոմայի մեջ։ Տևական ժամանակ անց Ռիքը դանդաղորեն արթնանում է կոմայից և հայտնաբերում, որ հիվանդանոցը կիսախարխուլ վիճակում է, և այնտեղ ոչ ոք չկա։ Հաջորդիվ, Գրայմսը պարզում է նաև, որ աշխարհը ենթարկվել է զոմբիական ապոկալիպսիսի. ամենուրեք երևում են քայլող մարդկային դիակներ՝ ծամծմված մարմիններով և սահմռկեցուցիչ հայացքներով։ Զոմբիները, որոնց ֆիլմում (նաև պատկերապատումներում) պայմանականորեն կոչում են քայլողներ (walkers), նախկինում եղել են շարքային մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով մահացել են, այնուհետև «վերակենդանացել» որպես վտանգավոր արարածներ։ Ռիքը հայտնաբերում է նաև, որ կինն ու որդին անհետացել են։ Ապաստան գտնելով Մորգան անունով մի մարդու և նրա որդու՝ Դուեյնի մոտ, Ռիքը որոշակի պատկերացում է կազմում քայլողների մասին։ Նրան բացատրում են, որ քայլողին սպանելու միակ ձևը ուղեղը վնասելն է, քանի որ հենց ուղեղն է կառավարում արարածի՝ արդեն մահացած մարմինը։ Մոտակա ամայացած ոստիկանատանը սպառազինվելով՝ Ռիքը ուղևորվում է դեպի Ատլանտա` համարելով, որ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման կենտրոնը ինչ-որ լուծում տված կլիներ այդ անհասկանալի համաճարակին։ Այնուամենայնիվ, մուտք գործելով քաղաք Ռիքը պարզում է, որ տեղի բնակչությունը նույնպես զոմբիացվել է։

Միևնույն ժամանակ Ատլանտայից մի քանի մղոն հեռու Ռիքի կինը` Լորին (Սառա Ուեյն Քելիս) և որդին՝ Կարլը (Չենդլեր Ռիգս) մի շարք փախստականների հետ պատսպարվում են քայլողներից։ Խումբը ղեկավարում է Ռիքի լավագույն ընկեր և ոստիկանական գործընկեր Շեյն Ուելշը (Ջոն Բերնթալ), ով սիրահարվել էր Լորիին։ Խմբի մի քանի անդամ մեկնել էր Ատլանտա, ինչը ճակատագրական դեր է ունենում Ռիքի համար, քանի որ հենց նրանք են փրկում նրան։ Ատլանտայի խումբը Ռիքի հետ միասին ուղևորվում է Շեյնի ճամբար, որտեղ Ռիքը գտնում է կնոջն ու որդուն։ Մի գիշեր խումբն հարձակման է ենթարկվում քայլողների կողմից և կրում որոշ մնարդկային կորսուստներ։ Փրկվածներն ուղևորվում են դեպի Ատլանտայի հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման կենտրոն։

Հասնելով կենտրոն, մարդիկ պարզում են, որ այնեղ միայն մեկ կենդանի մարդ կար՝ դոկտոր Էդվին Ջենները (Նոա Էմէրիչ), իսկ մնացյալը կամ փախուստի էին դիմել, կամ էլ ճարահատյալ ինքնասպանություն գործել։ Ջենները մարդկանց բացատրում է, որ չի կարողացել որևէ դեղամիջոց ստանալ այդ համաճարակի դեմ։ Շուտով հրդեհային գեներատորների համար նախատեսված վառելիքի պակասի պատճառով շինությունը ավտոմատ կերպով պատրաստվում է ինքնաոչնչացման՝ կանխելու հնարավոր մահաբեր հիվանդությունների արտանետումը։ Ջենները ցանկություն չի հայտնում լքելու շենքը։ Շենքում մնալու և պայքարը ավարտելու ցանկություն է հայտնում նաև Ջեքին, ով Ռիքի խմբի անդամներից էր։ Խումբը հաջողությամբ փախչում է կենտրոնից, որն անմիջապես պայթում է։

Երկրորդ եթերաշրջան (2011-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը լքելուց հետո Ռիքի խումբը՝ բաղկացած Շեյնից, Լորիից, Կարլից, Գլենից (Սթիվեն Յան), Քերոլից (Մելիսա Մակբրայդ), նրա դուստր Սոֆիայից (Մեդիսոն Լինթզ), Անդրեայից (Լոուրի Հոլդեն), Թեոդոր «Թի Դոգ» Դուգլասից (Այրոն Սինգլթոն), Դերիլից (Նորման Ռիդուս) և ծերունի Դեյլից (Ջեֆրի Դեման), ով առաջարկում է որպես պատսպարվելու վայր ընտրել Ֆորտ Բենինգը։ Վերջինս հանդիսանում է Միացյալ Նահանգների զինված ուժերի խոշորագուն ռազմակայաններից մեկը։ Խումբը 85-րդ միջնահանգային ճանապարհով երթևեկելիս ընկնում է լքված մեքենաների խցանման մեջ։ Ամայացած մեքենաներից խումբը փոքր քանակությամբ սնունդ և դեղամիջոցներ է գտնում։ Շուտով, սակայն, նրանց է մոտենում քայլորդների ստվար զանգված։ Գիտակցելով, որ պատրաստ չեն կռվի, հերոսները շուտափույթ թաքնվում են ամայացած մեքենաների տակ։ Դժբախտաբար, զոմբիներից մեկը նկատում է փոքրիկ Սոֆիային, ով զարհուրած փախչում է դեպի անտառ։ Ռիքը շտապում է աղջնակի հետևից։ Նկատելով, որ Սոֆիային երկու քայլող են շրջապատել՝ Ռիքը նրան շուտափույթ թաքցնում է մոտակա ծառի խոշոր արմատների տակ՝ որպեսզի կարողանա լուծել զոմբիների հարցերը։ Ծանր քարերի միջոցով զոմբիներին սպանելուց հետո Ռիքը վազում է դեպի Սոֆիայի թաքստոցը, սակայն նրան այդտեղ չի գտնում։ Ճարահատյալ Ռիքը վերադառնում է մարդկանց մոտ՝ լացակումաց Քերոլին խոստանալով, որ դեռ կգտնի նրա դստերը։

Երբ Ռիքը, Կարլը և Շեյնը անտառում մի գեղեցիկ եղնիկ են նկատում, Կարլը, դյութված կենդանու գեղեցկությամբ, ցանկանում է ավելի մոտիկից տեսնել նրան։ Հանկարծակի կրակոց է լսվում, և հրացանի փամփուշտը, անցնելով եղնիկի պարանոցով վիրավորում է Կարլին։ Կրակոցի հեղինակը Օտիս անունով մի որսորդ է լինում, ով չէր նկատել փոքրիկ Կարլին։ Օտիսը ցայտնոտված շտապում է դեպի երեխան։ Այնուհետև Խումբը շտապում է դեպի մոտակա ֆերման, որտեղ բնակվում էր նաև Օտիսը։ Ֆերմայում նրանց դիմավորում է անասնաբույժ Հերշել Գրինը (Սկոտ Ուիլսոն)։ Այնուհետև Օտիսը Շեյնի հետ մեկնում է տեղի ավագ դպրոց, որպեսզի այնտեղից դեղամիջոցներ գտնի, քանի որ Կարլի վերահատման համար Հերշելին մի շարք դեղեր էին անհրաժեշտ, հակառակ դեպքում տղան կմահանար։ Անհրաժեշտ դեղամիջոցները գտնելուց հետո Շեյնը զոհաբերում է Օտիսին և փախչում դեպի ֆերմա։ Վիրահատությունը հաջող է անցնում։ Մինչ Կարլը կապաքինվեր, Ռիքի խմբի մյուս անդամները նույնպես գալիս են ֆերմա և որոշ ժամանակ ապրում Հերշելի ընտանիքի հետ։ Դերիլը մի քանի անգամ ուղևորվում է անտառ՝ Սոֆիային փնտրելու՝ այդ կերպ ավելի մոտ հարաբերություններ հաստատելով Քերոլի հետ։ Լորին պարզում է, որ հղի է (առանց իմանալու, թե ով է երեխայի հայրը)։ Գլենը սիրավեպ է ունենում Մեգիի (Լոուրեն Քոհեն) հետ, ով Հերշելի ավագ դուստրն էր։ Գլենը նաև պարզում է, որ ֆերմայում գտնվող անասնագոմը լի է զոմբիներով, որոնցից մի քանիսը Հերշելի ընտանիքի անդամներն են եղել։ Շեյնը այդ մասին իմանալով բաց է անում գոմի դուռը և հատ-հատ սպանում քայլողներին։ Հանկարծ դուրս է գալիս վերջին զոմբին, և խմբի անդամները ճանաչում են փոքրիկ Սոֆիային։ Ռիքը կրակում է զոմբիացված Սոֆիայի վրա։

Պատահարից հետո խումբը գտնվում է բավականին ծանր հոգեբանական վիճակում։ Քերոլը դստեր մահվանից հետո գրեթե չի խոսում որևէ մեկի հետ։ Դերիլը մեկուսանում է խմբից։ Հերշելի կրտսեր դուստր Բեթն ուշաթափվում է, իսկ Հերշելն անհետանում է։ Ռիքը Գլենի հետ ուղևորվում է նրան փնտրելու։ Հերշելին գտնում են մոտակա ամայացած բարում, որտեղ նա ալկոհոլային խմիչքներ էր վայելում։ Հանկարծ բար են մտնում երկու կասկածելի անձինք և շուտով փորձում սպանել հերոսներին, սակայն Ռիքը ավելի հմուտ է գտնվում և ինքն է սպանում կասկածելի անձանց։ Հանկարծ մահացածների խմբակիցները դրսից սկսում են կրակել։ Ռիքը, Հերշելը և Գլենը շոշափելի մարդկային վնասներ են հարուցում ավազակներին, և վերջիններս նահանջում են՝ մարտի դաշտում թողնելով իրենց վիրավորված ընկերոջը՝ Ռենդալին։ Խումբը վերադառնում է ֆերմա՝ Ռենդալին տանելով իրենց հետ։ Մինչ ֆերմայում որոշում են Ռենդալի ճակատագիրը, Դեյլի վրա հարձակվում է մի քայլող և մերկ ձեռքերով սկսում է փորփրել ծերունու ստամոքսը։ Ուշացած կրակոցը տապալում է զոմբիին, սակայն Դեյլի վիճակը ծայրահեղ ծանր է լինում, ուստի Դերիլը ճարահատյալ կրակում է նրա վրա։

Խումբը դրանից հետո սկսում է փնտրել Ռենդալին, ում Շեյնը գաղտնի տարել էր անտառ և սպանել։ Դերիլը և Գլենը գտնում են Ռենդալի զոմբիացված մարմինը։ Դրան սպանելուց հետո նրանք պարզում են, որ Ռենդալը մահացել էր ոչ թե այլ զոմբիների կծոցից, այլ պարանոցի կոտրվածքից, որը կարող էր միայն մարդը անել։ Միևնույն ժամանակ Շեյնը Ռիքին տանում է անտառ՝ կեղծ փնտրում իրականացնելու համար։ Հանկարծակի Շեյնը ատրճանակը պահում է Ռիքի վրա ցանկանալով սպանել լավագույն ընկերոջը և տիրել նրա ընտանիքին։ Ռիքը, սակայն, դանակով հարվածում և սպանում է Շեյնին, որից հետո սկսում է դառնորեն լաց լինել։ Կարլը ամեն ինչ տեսնում է և սկում է ատրճանակը պահել անորոշ ուղղությամբ։ Ռիքին թվում է, թե ատրճանակը իրեն էր ուղղված, սակայն Կարլը սպանում է զոմբիացված Շեյնին, ով արդեն սկսում էր հարձակվել անտեղյակ Ռիքի վրա։

Կրակոցը գրավում է մեծ քանակությամբ զոմբիների, ովքեր հարձակվում են ֆերմայի վրա։ Արյունալի մարտի ժամանակ քայլողները հոշոտում են Բեթի ընկեր Ջիմիին և Օտիսի այրի Պատրիցիային։ Անդրեան փախչում է անտառ և միայնակ դիմակայում քայլողներին։ Նրա կյանքը փրկում է քողարկված մի կին։ Խմբի մնացյալ անդամները վերախմբավորվում են եթերաշրջանի սկզբում նկարագրված միջնահանգային ճանապարհի մոտ։ Իմանալով Ռենդալի մահվան մեջ մարդկային, այլ ոչ թե զոմբիական գործոնի առկայության մասին, Ռիքը հայտնում է ընկերներին, որ Ատլանտայում դոկտոր Ջեները խոստովանել էր այն մասին, որ բոլոր մարդիկ վարակված են զոմբիական հիվանդությամբ, այսինքն՝ էական չէ, թե մարդուն կծել են զոմբիները, թե նա մահացել է իր մահով, կարճ ժամանակ անց հանգուցյալը վերակենդանանում է որպես քայլող մեռյալ։ Եթերաշրջանի ավարտին մեծ պլանով ցուցադրվում է մի հսկայական բանտ, որին շատ մոտ գտնվում էին հերոսները։

Երրորդ եթերաշրջան (2012-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանը սկսվում է ֆերմայի փախուստից մի քանի ամիս անց, երբ Լորին գտնվում է հղիության վերջին շրջանում։ Խումբն արդեն նշմարելի փորձ է ձեռք բերել, և անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ի շահ ամենքի։ Հերոսները հայտնաբերում են զոմբիներով վխտացող հսկայական մի բանտ և սկսում դանդաղորեն մաքրել այն՝ դարձնելով իրենց նոր բնակատեղին։ Ենթադրելով, որ բանտը համեմատաբար շուտ է ենթարկվել ապոկալիպսիսի՝ հերոսները սկսում են մուտք գործել ներքին շինությունները՝ անհրաժեշտ պարեն և դեղորայք փնտրելու։ Մութ միջանցքներում նրանց վրա քայլողների մի զանգված է հարձակվում, ինչի արդյունքում նրանցից մեկը կծում է Հերշելի ոտքը, և Ռիքը ստիպված կացնով անդամահատում է այն, հակառակ դեպքում Հերշելը նույնպես քայլորդի կվերածվեր։ Բանտի ճաշարանում նրանք հանդիպում են պատսպարված կալանավորների մի խմբի, ովքեր կարողացել էին դիմակայել սովին ճաշարանում եղած սննդի մեծաթիվ պաշարների հաշվին։ Ռիքը նախկին հանցագործների հետ համաձայնության է գալիս սննդի դիմաց նրանց համար նոր սենյակ մաքրել՝ իր խմբից հեռու։ Մաքրման ընթացքում հանցագործների մեծ մասը տարբեր մատճառներով մահանում է։ Հերթական զոմբիական հարձակումը պառակտման է ենթարկում խումբը։ Պայքարի ժամանակ Թի-Դոգը զոմբիական վնասվածք է ստանում և զոհաբերում է իրեն՝ որպեսզի Քերոլը կարողանա փախչել։ Վերջինս անհետանում է։ Փախչողների մի այլ խումբ՝ Լորին, Կարլը և Մեգգին պատսպարվում են բանտի մութ սենյակներից մեկում, որտեղ Լորին զգում է, որ պետք է վաղաժամ ծննդաբերի։ Տեսնելով, որ ծննդաբերության փորձը ձախողվում է, Լորին խնդրում է Մեգիին Կարլի գրպանային դանակով կեսարյան հատում կատարել՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Վիրահատման արդյունքում Լորին մահանում է, և Կարլը մեծ դժվարությամբ կրակում է մոր վրա՝ դին զոմբիականացվելուց փրկելու համար։ Խումբը մի քանի օր անցկացնում է խորը վշտի մեջ։ Հայր ու որդի որոշում են նորածնի անունը Ջուդիթ կնքել։ Դերիլը գտնում է վախից թաքնված Քերոլին։

Այդ ընթացքում խմբից անջատված Անդրեան փրկվում է Միշոն (Դանայ Գուրիրա) անունով երիտասարդ սևամորթ կնոջ կողմից։ Միշոնը բավականին լավ մարտիկ էր և իր հետ կրում էր ճապոնական կատանա տեսակի սուր։ Անդրեային և Միշոնին տանում են Վուդբերի կոչվող փոքրիկ ավան, որը պարսպապատված էր և ուներ մոտավորապես 80 մարդկանցից կազմված բնակչություն։ Վուդբերիի փոքրիկ համայնքը ղեկավարվում էր մի մարդու կողմից, ով ինքն իրեն կոչում է Կառավարիչ (The Governor)։ Անդրեան պարզում է, որ Դերիլի ավագ եղբայր Մեռլը (Մայքլ Ռուքեր) կենդանի է (Մեռլը Ատլանտայում Ռիքի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով ձեռնաշղթաներով գամվել էր շենքի տանիքի վրա գտնվող խողովակներից մեկին, հետագայում երբ Ռիքը Դերիլի, Գլենի և Թի-Դոգի հետ վերադարձել էր Մեռլին փրկելու, տանիքում գտել էր միայն նրա հատված ձեռքը) և Կառավարչի գլխավոր մարդկանցից է։ Միշոնը միանգամից կասկածանքով է վերաբերվում Կառավարչին և որոշում է հեռանալ ապաստանից, սակայն Անդրեան ցանկանում է մնալ։ Հետագայում պարզվում է, որ Միշոնն իրավացի էր, քանի որ էպիզոդներից մեկում ցուցադրվում է Կառավարչի կերպարի զարգացումը. նա իր մարդկանցով հարձակվում է փոքր ռազմաբազայի վրա և սպանում բոլոր զինվորներին, բացի այդ իր տանը Կառավարիչը գաղտնի անկյուն ուներ, որտեղ ակվարիումներով մարդկային և զոմբիական գլուխներ էր պահում։ Նույն սենյակում Կառավարիչը պահում էր նաև փոքրիկ դստեր շղթայված և զոմիբիացված դիակը և ժամանակ առ ժամանակ «այցելում» էր նրան։ Անդրեան շուտով սիրավեպ է ունենում Կառավարչի հետ։ Մեռլը Կառավարչից հրահանգ է ստանում սպանելու Միշոնին, սակայն նրան հաջողվում է միայն վիրավորել։ Միշոնն էլ իր հերթին սպանում է Մեռլի մարդկանց։ Վերադարձի ճանապարհին Մեռլը անհասկանալիորեն սպանում է վերջին զինակցին։ Կառավարիչը նրան կրկին ուղարկում է Միշոնի հետևից։ Այդ ընթացքում վիրավոր Միշոնը հասնում է մի փոքր ամայացած խանութի տարածք։ Հենց այդ պահին Գլենը և Մեգգին (ովքեր նաև սիրահարներ են) դուրս են գալիս խանութից՝ ձեռքներին զամբյուղով մթերքներ։ Միշոնը իսկույն թաքնվում է։ Հանկարծ Գլենի վրա հարձակում է գործում Մեռլը և նրանց որպես գերի տանում Կառավարչի մոտ։ Միշոնը այդ ամենին ականատես լինելով գտնում է բանտ-թաքստոցը և Ռիքին, Դերիլին ու նախկին բանտարկյալ Օսկարին առաջնորդում դեպի Վուդբերի՝ փրկելու Գլենին և Մեգգիին։ Այդ ընթացքում Մեռլը ծեծի է ենթարկում Գլենին՝ որպեսզի իմանա, թե որտեղ է նրանց թաքստոցը, սակայն ապարդյուն։ Այդ տեսնելով Կառավարիչը սպառնում է Մեգիին, որ կսպանի սիրեցյալին, եթե չասի թաքստոցի տեղը, և Մեգգին ճարահատյալ խոստովանում է։

Երբ փրկիչ ջոկատը հասնում է Վուդբերի, Միշոնը լքում է մյուսներին և գնում Կառավարչի տուն։ Ներս մտնելով՝ Միշոնը հայտնաբերում է Կառավարչի գաղտնի անկյունը և սպանում զոմբիացված դստերը։ Հանկարծ Կառավարիչը վրա է հասնում։ Կռվի ժամանակ Միշոնը կոտրված ակվարիումի ապակիով կուրացնում է Կառավարչի աջ աչքը և փախչում։

Այս ընթացքում Ռիքը իր փոքրիկ ջոկատով կարողանում է փրկել Գլենին և Մեգգին։ Հրաձգության ժամանակ Օսկարը սպանվում է, իսկ Դերիլն անհետանում։

Որոշ ժամանակ անց Կառավարիչը իր բնակիչների հետ ժողով է կազմակերպում, որի ժամանակ հրապարակայնորեն մեղադրանքների տարափ է տեղում Մեռլի հասցեին։ կառավարչի զինվորները հրապարակ են բերում շղթայված Դերիլին, և նա դիմում է բնակիչներին՝ եղբայրների ճակատագիրը որոշելու համար։ Ամբոխը ցանկություն է հայտնում, որ եղբայրները գոտեմարտեն մինչև մահ։ Ռիքը Մեգգիի հետ վերադառնում է փրկում է Դիքսոն եղբայրներին, և բոլորը հաջողությամբ դուրս են գալիս Վուդբերիից։ Դիքսոնները որոշում են չվերադառնալ բանտ և երկուսով հեռանում են

Բանտում Կարլը փրկում է զոմբիների հետ պայքարի մտած մարդկանց մի խմբի՝ ոմն Թայրիզի (Չադ Քոլմեն) գլխավորությամբ, սակայն զգուշության համար նրանց փակում է առանձին սենյակում՝ մինչև հոր վերադարձը։ Երբ Ռիքը վերադառնում է իր խմբի հետ, նա ծանոթանում է Թայրիզի հետ, սակայն հանկարծակի տեսնում է կնոջ՝ Լորիի ուրվականը, ինչը նրան ցնորության է հասցնում։ Հաջորդ օրը Ռիքը սկսում է թափառել բանտի ցանկապատերից դուրս՝ ամեն տեղ նշմարելով հանգուցյալ կնոջ միրաժային պատկերը, ինչ պատճառով Գլենն է որոշում ստանձնել խմբավարի պաշտոնը։ Անսպասելիորեն ժամանում է Կառավարիչը և կրակահերթ բացում բանտի ուղղությամբ՝ սպանելով Աքսելին՝ գոյատևած վերջին բանտարկյալին։ Կառավարչի աշխատակիցներից մեկը բեռնատար մեքենայով ջարդում է բանտը շրջապատող ցանկապատի դարպասները և թափքի միջից դուրս բերում զոմբիների զանգված։ Այդ ամենից հետո Կառավարիչը նստում է օգնականի մեքենան և հեռանում։ Դերիլն ու Մեռլը վերադառնում են բանտ և օգնում ընկերներին։

Ռիքը վերադառնում է հայրենի քաղաք՝ զենք փնտրելու։ Այնտեղ Ռիքը գտնում է իր կյանքը փրկած Մորգանին։ Ռիքը պարզում է, որ Մորգանի որդի Դուեյնը մահացել էր։ Ռիքը փորձում է համոզել Մորգանին միանալու իրեն, սակայն մորգանը գերադասում է մնալ մեկուսացված քաղաքում։

Անդրեային հաջողվում է չեզոք գոտում հանդիպում ստեղծել Կառավարչի և Ռիքի միջև։ Բանակցությունների ժամանակ Կառավարիչը տեղեկացնում է Ռիքին, որ զինադադար կկնքի միայն այն պայմանով, եթե Ռիքը նրան հանձնի Միշոնին։ Կառավարիչը Ռիքին 3 օր մտածելու ժամանակ է տալիս, և եթե 3 օր անց Միշոնը չբերվի նրանց հանդիպման վայր, ապա դա կընդունվի որպես բացասական պատասխան։ Իրականում, սակայն Կառավարիչը գաղտնիորեն պատրաստվում էր համակիրների հետ հարձակվել բանտի վրա։ Անդրեան դա նկատում է և փախչում է բանտի ուղղությամբ՝ որպեսզի տեղեկացնի Ռիքին Կառավարչի դավադրության մասին, սակայն վերջինս բռնում և ետ է բերում նրան։ Անդրեային շղթայում են երկաթյա աթոռի վրա և փակում մութ խցում։

Մեռլը տեղեկանում է առաջնորդների խոսակցության մասին և և մինչ Ռիքի որոշում կայացնելը ինքն է Միշոնին առևանգում։ Երկար ճանապարհ միասին քայլելով և միասին դիմակայելով զոմբիների հարձակմանը, Մեռլը Միշոնին ազատ է արձակում և մեն-մենակ գնում հանդիպման վայրը, որտեղ Կառավարիչը գնդակահարում է նրան։ Ավելի ուշ Դերիլը գտնում է Եղբոր զոմբիացված մարմինը, որը դանդաղորեն սկսում է մոտենալ, սակայն Դերիլը ծանր ապրումներից հետո սպանում է Մեռլի քայլող մարմինը։

Կառավարիչը մի քանի անգամ դանակահարում է իր նախկին խորհրդատու Միլթոնին և նրա կիսամեռ մարմինը թողնում Անդրեայի խցում՝ որպեսզի վերջինս զոմբիանալուց հետո հարձակվեր անպաշտպան Անդրեայի վրա։

Կառավարիչն իր մարդկանցից մի քանիսի հետ հարձակվում է բանտի վրա, սակայն Ռիքի խումբը կարողանում է այնպիսի հակահարված տալ, որ ագրեսորները ետ նահանջեն։ Նահանջի ճանապարհին Կառավարիչը հորդորում է կրկին հարձակվել, սակայն մարդիկ հրաժարվում են, ինչին ի պատասխանը Կառավարիչը մեկ առ մեկ գնդակահարում է բոլորին, բացի Քերենից, ով թաքնվում է դիակների տակ և մեռած ձևանում։ Այնուհետև Կառավարիչը երկու հավատարիմ թիկնապահների՝ Մարտինեսի և Բոումենի հետ նստում է մեքենան և ուղևորվում անորոշ ուղղությամբ։ Քիչ անց դեպքի վայր են ժամանում Ռիքը, Դերիլն ու Միշոնը և գտնում Քերենին։ Ռիքի խումբը Քերենի հետ ուղևորվում է Վուդբերի։ Վուդբերիի բարիկադներում նրանց է միանում Թայրիզը և նրա քույր Սաշան (Սոնեքուա Մարտին-Գրին)։ Միացումից հետո նրանք հայտնաբերում են Անդրեաին, ով չնայած կարողացել էր սպանել Միլթոնի զոմբիին, սակայն զոմբիական վնասվածք էր ստացել։ Անդրեան վերցնում է Ռիքի ատրճանակը և մնալով Միշոնի հետ մենակ՝ Կրակում իր գլխին՝ որպեսզի չզոմբիանա։

Եթերաշրջանի վերջին դրվագում երևում է, թե ինչպես է Վուդբերիի խաղաղ բնակչությունը տեղափոխվում բանտ, իսկ Կառավարչի ճակատագիրը մնում է անհայտ։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանի դեպքերը մեկնարկում են նախկինի ավարտից մի քանի ամիս անց։ Վուդբերիի նախկին բնակիչների տեղափոխումից հետո կյանքը բանտում համեմատաբար խաղաղվում է։ Որոշակի էմոցիոնալ խնդիրների պատճառով Ռիքն ամիսներ առաջ հայտարարել էր առաջնորդի պարտականություններից հեռանալու մասին։ Ռիքին փոխարինելու համար ձևավորվել էր հատուկ խորհուրդ։ Բանտի խաղաղ կյանքը շուտով խաթարվում է գրիպանման մահացու վարակի տարածման պատճառով։ Վարակը սպանում է բազմաթիվ բնակիչների։ Շուտով վարակվում ու կարանտինացվում է նաև Քերենը (ով Թայրիզի հետ սիրավեպ էր սկսել)։ Որոշ ժամանակ անց Քերենը և մեկ այլ բնակիչ սպանվում ու այրվում են։ Պարզելով, որ կատարվածը Քերոլի ձեռքի գործն է, Ռիքն արտաքսում է նրան դեպի այլ բնակավայր։ Շուտով որոնողական խումբը վերադառնում է դեղորայքով։

Միևնույն ժամանակ, արխիվային կադրով ցուցադրվում է, թե ինչպես ձախողված հարձակումից հետո վերջին զինվորները (Մարտինեզ և Շամպերտ) լքում են Կառավարչին, ով հաջորդ օրը մեկնում է զոմբիներով վխտացող Վուդբերի և ամբողջովին այրում առանց այդ էլ մեռյալ բնակավայրը։ Արխիվային կադրերից հետո ցույց է տրվում, թե ինչպես է Կառավարիչն աննպատակ քայլում ավերակների միջով։ Ի վերջո, Կառավարիչը հասնում է մի փոքր բնակավայր՝ ծանոթանալով Չեմբլերների ընտանիքի հետ, որը բաղկացած էր Լիլի և Տարա քույրերից՝ նրանց անբուժելի հիվանդ հայր Դեյվիդից և Լիլիի դուստր Մեգանից։ Կառավարիչը դրական անձ է ձևանում և ընտանիքի համար կատարում մի շարք բարի գործեր։ Դեյվիդի մահից հետո Չեմբլերները Կառավարիչի հետ լքում են բնակարանը։ Շուտով Կառավարիչը հանդիպում է նախկին հանձնակատար Մարտինեզին, ով դարձել էր փրկվածների մի խմբի առաջնորդը։ Կառավարչին հաջողվում է գաղտնի սպանել Մարտինեզին՝ այն ներկայացնելով որպես դժբախտ պատահար։ Ստանձնելով նոր խմբավարի պաշտոնը, Կառավարիչը խմբի անդամներին պատրաստում է դեպի բանտ նոր հարձակման։

Բանտի ցանկապատերից դուրս Կառավարիչը հայտնաբերում է Միշոնին և Հերշելին, որոնց պատանդ է վերցնում։ Շուտով նորաստեղծ բանակի հետ Կառավարիչը ժամանում է բանտի դարպասների մոտ՝ պատվիրելով Ռիքին և մնացածին հանձնվել և հեռանալ բանտից, հակառակ դեպքում կսպանի պատանդներին։ Հրաժարվելով հանձնվելուց, Ռիքն առաջարկում է միավորվել և կռվելու փոխարեն բանտի ներսում միասին ապրել։ Կանխազգալով, որ առաջարկությունը կարող է որոշակիորեն հրապուրել իր մարդկանց, Կառավարիչն անմիջապես Միշոնի կատանա սրով գլխատում է Հերշելին, ինչին հաջորդում է խմբավորումների փոխհրաձգությունը։ Միևնույն ժամանակ փոքրիկ Մեգանն ստանում է զոմբիական վնասվածք։ Կառավարիչը սառնասրտորեն կրակում է փոքրիկի գլխին։ Շուտով խմբավորումների առաջնորդներն ընդհարվում և բռնվում են դաժան ձեռնամարտի։ Կառավարիչը քիչ է մնում սպանի Ռիքին, սակայն ազատված Միշոնը կատանայով խորը վնասվածք հասցնում նրան։ Ի վերջո, Կառավարիչը սպանվում է Լիլիի գնդակից։ Չնայած հարձակումը փաստացիորեն ձախողվում է, բանտ են հազարավոր քայլողներ։

Հրաձգություններից հետո խմբի անդամները ցրվում են։ Յուրաքանչյուր ենթախումբ ճանապարհին ընդհարվում է որոշակի խոչընդոտների։ Երկաթուղային ճանապարհի ողջ երկայնքով հերոսները հանդիպում են ցուցատախտակների, որոնք անցորդներին հրավիրում էին դեպի Տերմինուս՝ «պատսպարան բոլորի համար»։ Շուտով Ռիքին և Կարլին է միանում Միշոնը, Քերոլը գտնում է Թայրիզին (ով դեռ տեղյակ չէր, որ հենց Քերոլն է սպանել իր սիրելիին)։ Քերոլը և Թայրիզը խնդիրներ են ունենում էմոցիոնալ խանգարումներ ունեցող Լիզիի հետ, ով սպանում է կրտսեր քրոջը՝ Միկային։ Փոքրիկ Ջուդիթ և մյուսների անվտանգության համար Քերոլը սպանում է Լիզիին։ Ի վերջո Քերոլը խոստովանում է, որ ինքն է սպանել Քերենին՝ որպեսզի կանխի վարակի տարածումը։ Չնայած նախկինում Թայրիզը խոսք էր տվել անձամբ հաշվեհարդար տեսնել սիրեցյալի ոճրագործի հետ, նա ներում է Քերոլին։ Բեթը, ով Դերիլի հետ պատսպարվել էր սգո ծառայության գրասենյակում, զոմբիների հարձակման ժամանակ առևանգվում է անհայտ անձնանց կողմից։ Մեգգին, Սաշան և Բոբ Ստուկին (ով անձնակազմին էր միացել հարձակումներից ընդամենը մեկ շաբաթ առաջ) ճանապարհորդում են միասին։ Բոբը և Սաշան սիրահարված էին միմյանց։ Գլենն իր հերթին թիմակցում է Տարային։ Բանտից փախչելուց հետո Գլենը և Տարան հանդիպում են Զինված ուժերի սերժանտ Աբրահամ Ֆորդին, Ռոզիտա Էսպինոսային և գիտնական Յուջին Պորտերին։ Նոր խումբն ուներ առաքելություն հասնելու մայրաքաղաք Վաշինգտոն և պարզելու, թե արդյոք ինչ-որ բան մնացել կառավարությունից։ Յուջինը պնդում է, որ գիտի, թե ինչն է զոմբիական ապոկալիպսիսի պատճառ, սակայն չի կարող ոչինչ ասել մինչև չհասնի Վաշինգտոն, քանի որ տեղեկությունը հույժ գաղտնի է։ Ճանապարհին Գլենի և Մեգգիի խմբերը միավորվում են։ Նորաստեղծ խումբն առաջինն է ժամանում Տերմինուս, որտեղ նրանց է ողջունում ոմն Մերի անունով կին՝ հյուրերին սնունդ առաջարկելով։

Միևնույն ժամանակ, Բեթին կորցնելուց հետո Դերիլը հանդիպում է հանցագործ խմբավորման՝ ոմն Ջոյի առաջնորդությամբ։ Ջոն թույլ է տալիս Դերիլին միանալ իրենց, սակայն եթե վերջինս հետևի խմբավորման կոդեքսներին, որոնք խախտելու դեպքում նրան կսպասվեր դաժան պատիժ՝ ընդհուպ մինչև մահ։ Խմբավորումը շուտով պատանդ է վերցնում Ռիքին, Միշոնին և Կարլին՝ փորձելով վրեժ լուծել նախկին ընդհարման համար, որի հետևանքով Ռիքը մահացու խեղդել էր Ջոյի մարդկանցից մեկին։ Շուտով տեղ է հասնում Դերիլը և ի վերջո Ռիքի հետ սպանոում բոլորին։ Դերիլի հետ միավորվելուց հետո Ռիքի խումբն ուղևորվում է դեպի Տերմինուս։ Տերմինուսում նրանց են դիմավորում մի շարք մարդիկ՝ հավաստիացնելով, որ հյուրերն ապահով վայրում են։ Այնուամենայնիվ, շուտով Ռիքը նկատում է, որ որոշ տերմինուսցիներ կրում են Հերշելի ժամացույցը, Գլենի զրահաբաճկոնը և Մեգգիի թիկնոցը, ինչի պատճառով ընդհարում է տեղի ունենում։ Ուժերի խիստ անհավասարության պատճառով Ռիքի խումբը ստիպված է լինում հանձնվել, իսկ Տերմինուսի առաջնորդ Գարեթը պատվիրում է նրանց փակել գնացքի վագոնում։ Ճակատագրի հեգնանքով Ռիքի խումբը վագոնում միավորվում է Գլենի և Մեգգի խմբերի հետ։ Եթերաշրջանն ավարտվում է Ռիքի խոսքերով. «Շուտով նրանք հիմարների պես կզգան իրենց, երբ պարզեն, որ սխալ մարդկանց հետ են գործ բռնել»։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբին հաջողվում է փախչել Տերմինուսից այն բանից հետո, երբ օգնության է հասնում Քերոլը և տերմինուսցիների վրա բաց թողնում զոմբիների մի ամբողջ բազմություն, ինչպես նաև տեղանքում մեծ պայթյուն առաջացնում, ինչն էլ ավելի շատ զոմբիների է գրավում։ Թայրիզի և փոքրիկ Ջուդիթի հետ վերամիավորվելուց հետո խումբը ճանապարհին քայլողների հարձակումից փրկում է եկեղեցական քահանա Գաբրիել Սթոքսին։ Շուտով խումբն ընդհարվում է Գարեթի և կենդանի մնացած փոքրաթիվ տերմունուսցիների հետ, ովքեր փորձում են ահաբեկել Ռիքի խմբին, սակայն շուտով ոչնչացվում են։ Աբրահամ Ֆորդն ու Ռոզիտա Էսպինոսան որոշում են շարունակել Յուջինին մայրաքաղաք Վաշինգտոն հասցնելու առաքելությունը։ Նրանց են միանում Գլենը, Մեգին և Տարան։ Մի քանի անգամ մեյալների հսկայական ամբոխների հետ ընդհարվելուց հետո Յուջինն ի վերջո խոստովանում է, որ խաբել է բոլորին և ամենևին էլ գիտնական չէ և պարզապես հորինել էր այդ ամենը, որպեսզի իրեն պաշտպանեն։ Միևնույն ժամանակ Դերիլն ու Քերոլը հետևում են դեպի Ատլանտա ուղևորվող մեքենայի, որն իր ետնամասում ուներ նույն նշագիծը, ինչ այն մեքենան, որով առևանգել էին Բեթին։ Շուտով պարզվում է, որ Բեթը պահվում է մոտակայքում գտնվող մի հիվանդանոցում, որը ենթարկվում է դաժան և արատավոր բարոյականությամբ առաջնորդվող ոստիկանության նախկին սպաների։ Վիրավորված Քերոլը պատանդ է վերցվում, իսկ Դերիլը հավաքում է բոլորին, որպեսզի գրոհի։ Նրանք մի քանի ոստիկանների են պատանդ վերցնում, որպեսզի փոխանակեն Բեթի հետ։ Փոխանակումն ավարտվում է Բեթի մահվանով։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաֆիլմի դերասանական և պրոդյուսերական կազմերի մի մասը Սան Դիեգոյի Կոմիկ-կոն ամենամյա իրադարձության ժամանակ (2012)

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Կերպարը Եթերաշրջան
1 2 3 4
Էնդրյու Լինքոլն Ռիք Գրայմս
Ջոն Բերնթալ Շեյն Ուելշ Կամեո
Սառա Ուեյն Քելիս Լորի Գրայմս
Լորի Հոլդեն Անդրեա
Ջեֆրի Դեման Դեյլ Հորվաթ
Սթիվեն Յան Գլեն Ռի
Չենդլեր Ռիգս Կարլ Գրայմս
Նորման Ռիդուս Դերիլ Դիքսոն Երկրորդական
Մելիսա Մակբրայդ Քերոլ Պելետիեր Երկրորդական
Մայքլ Ռուքեր Մեռլ Դիքսոն Երկրորդական Հյուր
Լորեն Կոուեն Մեգգի Գրին Երկրորդական
Սկոտ Ուիլսոն Հերշել Գրին Երկրորդական
Դանայ Գուրիրա Միշոն (եզրափակիչ դրվագ)
Էմիլի Քինի Բեթ Գրին Երկրորդական
Դեյվիդ Մորիսի Ֆիլիպ Բլեյք/Կառավարիչ
Չադ Քոլմեն Թայրիզ Երկրորդական
Սոնեքուա Մարտին-Գրին Սաշա Երկրորդական
Լարի Գիլիարդ կրտսեր Բոբ Ստուկի

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջան
1 2 3
Այրոն Սինգլթոն Թեոդոր Դուգլաս (Թի Դոգ)
Մեդիսոն Լինտզ Սոֆիա Պելետիեր
Էմմա Բել Էմմի Հնչյունավորում
Ջերիլ Փրեսքոթ Ջեքի Հնչյունավորում
Էնդրյու Ռոթենբերգ Ջիմ Հնրյունավորում
Ադամ Մինարովիչ Էդ Պելետիեր Հյուր
Խուան Գաբրիել Պարեհա Մորալես
Ջեյն Մաքնեյլ Պատրիցիա
Ջեյմս Ալլեն Մակքյուն Ջիմմի
Մայքլ Զեգեն Ռենդալ Կուլվեր
Լյու Թեմփլ Ակսել
Վինսենթ Ուորդ Օսկար
Դալաս Ռոբերթս Միլթոն Մամեթ
Խոսե Պաբլո Կանտիլլո Սեզար Մարտինեզ

Ռեժիսորի կապը դերասանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քայլող մեռյալների» ռեժիսոր Ֆրենք Դարաբոնտը նախկինում արդեն համագործակցել էր դերասաններից մի քանիսի հետ, որոնք են Լոուրի Հոլդենը, Ջեֆրի Դեմանը, Մելիսա Մակբրայդը, Սեմ Ուիթվերը և Խուան Գաբրիել Պարեհան։ Նախևառաջ բոլոր թվարկվածները հանդես էին եկել 2007 թվականին նկարահանված «Մառախուղ» ֆիլմում։ Լոուրի Հոլդենը Ջիմ Քերրիի հետ նկարահանվել էր Դարաբոնտի «Մաժեստիկ» ֆիլմում (2001)։ Ջեֆրի Դեմանը նույնպես նկարահանվել է Դարբոնտի բազմաթիվ ֆիլմերում, բացի այդ հանդես է եկել նաև այնպիսի հոլիվուդյան բլոքբաստերներում, ինչպիսիք են «Փախուստ Շոուշենկից» (1994) և «Կանաչ մղոն» (1999) ֆիլմերը։ Սեմյուել Ուիթվերը առաջին եթերաշրջանում մարմնավորում էր մահացած զինվորի դերը, ում զոմբիին սպանում է Ռիքը՝ փակված լինելով տանկի մեջ։[5]

Թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Ուեյն Քելիսը և Էնդրյու Լինքոլնը 2010-ին

Հեռուստասերիալի պրեմիերան Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «AMC» հեռուստաալիքով՝ 2010 թ.-ի հոկտեմբերի 31-ին։ Նահանգներից դուրս պրեմիերան կայացել է «Fox International» հեռուստաալիքով՝ նոյեմբերի առաջին շաբաթում։[6]

Առաջին եթերաշրջանի DVD և Blu-ray տարբերակներով սկավառակները լույս են տեսնում 2011 թ.-ի մարտի 8-ին։[7] Եվրոպայի համար նախատեսված սկավառակները ենթարկվում են հավելյալ մշակման, և որոշ արյունալի դրվագներ մոնտաժվում են։[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիլբերտ, Փերի։ «Քայլող մեռյալները»։ Allmovie։ Վերցված է Նոյեմբեր 21, 2012 
  2. ««Քայլող մեռյալները» մեկնարկում է հելոուինի օրը»։ AMCtv.com։ Օգոստոսի 24, 2010։ Վերցված է Օգոստոսի 24, 2010 
  3. Հիբբերդ Ջեյմս (Հոկտեմբերի 15, 2012)։ ««Քայլող մեռյալների» պրեմիերան դառնում է այս աշնան բլոքբաստերը»։ «Էնթերթեյնմենթ վիքլի»։ Վերցված է Հոկտեմբերի 15, 2012 
  4. Սլեզակ Մայքլ (հուլիսի 10, 2015)։ «Վախեցեք քայլող մեռյալներից հեռուստասերիալի թրեյլերը (ինչպես նաև պրեմիերայի ամսաթիվը)»։ TVLine։ Վերցված է հուլիս 10, 2015 
  5. Մարնել Բլեյր (Հունվարի 5, 2012)։ «AMC-ի «Քայլող մեռյալները» սերիալ վեբիզոդները»։ «Քրեյվ օնլայն»։ Վերցված է Ապրիլի 1, 2012 
  6. «Սերիա 1 - «Անցած օրեր»»։ tvb.com։ Վերցված է Օգոստոսի 31, 2011 
  7. ««Քայլող մեռյալները». առաջին եթերաշրջանի DVD-ներն արդեն հասանելի են, պատվերները կատարել նախօրոք»։ AMC։ Դեկտեմբերի 2, 2010։ Վերցված է Դեկտեմբերի 6, 2010 
  8. ««Քայլող մեռյալները»,(համեմատություն` եվրոպական տարբերակ - ամերիկյան տարբերակ)»։ Movie-Censorship.com։ Վերցված է Օգոստոսի 1, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]