Jump to content

Քաղաքացիների կողմից նկարահանման օրինականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիների կողմից նկարահանման օրինականություն (անգլ.՝ Legality of recording by civilians), քաղաքացիական անձանց կողմից այլ անձանց և գույքի տարբեր վայրերում լուսանկարչության, տեսագրության և ձայնագրման միջոցով տեսաձայնագրման վերաբերյալ օրենքներ: Թեև հանրային սեփականության, նրա մեջ գտնվող անձանց և հանրային սեփականությունից տեսանելի կամ լսելի՝ մասնավոր սեփականության ձայնագրումը սովորական է, ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են նման գործողություններն՝ այլոց անձնական կյանքը պաշտպանելու համար: Լուսանկարչությունը կարգավորող օրենքները զգալիորեն տարբերվում են ցանկացած տեսակի կինոլուսանկարչությունը կարգավորող օրենքներից:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապօրինի լուսանկարչության դեմ օրենքներ են ընդունվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից և տեսախցիկով հեռախոսների օգտագործման զգալի աճից հետո: Կարող են լինել տեղական օրենքներ և քաղաքականություններ, որոնք կարգավորում են կոնկրետ տեսարժան վայրը կամ գույքը, որտեղ մարդը ցանկանում է լուսանկարել, սակայն մասնավոր սեփականության վերաբերյալ օրենքները տարբեր են: Մասնավոր սեփականության սեփականատերերը շատ վայրերում պետք է թույլատրեն ձայնագրումը իրենց սեփականության վրա:

Բացառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոստիկանների լուսանկարահանումը Ամստերդամում (Նիդերլանդներ)

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կամուրջների, ներառյալ Վերազանո-Նարոուս կամրջի շուրջ փակցված նշանները հայտարարում են, որ արգելվում է այն նկարահանել։ Սակայն նման սահմանափակումների օրինականությունը խնդրահարույց է․ հաշվի առնելով ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը՝ հանրային կառույցի լուսանկարահանման սահմանափակումները կարող են համարվել Սահմանադրությանը հակասող։ Այս արգելքները, ամենայն հավանականությամբ չեն կանխի կամ չեն նվազեցնի ահաբեկչական գործողությունների վտանգը, և նույնիսկ եթե այդ արգելքները կիրառվեն, դժվար թե իրականում խոչընդոտեն հանցագործություն կատարողին։

Դատարանները այնուամենայնիվ սահմանել են, որ որոշ դեպքերում, օրինակ՝ ռազմական տարածքներում, լուսանկարահանման սահմանափակումները կարող են համարվել սահմանադրական։ Այս դեպքում, եթե որևէ կառույց գտնվում է որոշակի ռազմական տարածքում կամ վերահսկվում է զինված ուժերի կողմից, ապա դրա լուսանկարահանումն արգելելու սահմանափակումը կարող է լինել օրինական։ Սակայն անգամ այդպիսի դեպքերում սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և հիմնավորված նպատակով։

2004 թվականի օգոստոսին Վիրջինիայի Անանդեյլ քաղաքից մի տղամարդ ձերբակալվեց և կալանավորվեց այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցը նկատեց, որ նրա կինը տեսանկարահանում էր Չեսպեյք Բեյ կամուրջը մինչ նա մեքենայով անցնում էր կամրջով[1]։ Նրան պահեցին որպես կարևոր վկա, երբ պարզվեց, որ նա կապեր ունի «ՀԱՄԱՍ» կազմակերպության հետ[2]։

Շատ երկրներ արդեն ընդունել են կամ քննարկում են համապատասխան օրենքներ, որոնք արգելում է բջջային հեռախոսներով կամ այլ նմանատիպ սարքերով վոյերիզմը՝ հատկապես այն դեպքերը, որոնք հաճախ անվանվում են «ներքևից նկարահանում» կամ «վերին նկարահանում»[3][4][5]։ Այսպիսի վարքագծերը լայնորեն տարածվել են այն ժամանակից, երբ տեսախցիկով բջջային հեռախոսներն ավելի հասանելի և տարածված դարձան՝ անհանգստություններ առաջացնելով։

2014 թվականի մարտի 7-ին Մասաչուսեթս նահանգի Գերագույն դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի՝ կնոջը լուսանկարելն առկա օրենսդրությամբ ուղղակիորեն չէր արգելվում՝ քանզի գործող «հետախույզի օրենքները» (peeping tom laws) չէին պարունակում հստակ արգելք այդ վարքագծի համար։

Դատարանի դատավորները եզրակացրին, որ գործող օրենքները տարբերակում էին միայն՝ մասամբ կամ ամբողջությամբ մերկացված անձանց վերաբերյալ դեպքերը, սակայն չէին ընդգրկում հագնված անձանց՝ հետևաբար, նման գործողությունները տվյալ պահին Մասաչուսեթսի օրենքով համարվում էին օրինական[6][7]։ Հենց հաջորդ օրը՝ 2014 թվականի մարտի 8-ին, Մասաչուսեթսի օրենսդիր մարմնում ներկայացվեց օրինագիծ, որը լիարժեք կերպով արգելում էր << անհարիր գաղտնի նկարահանումը >> (անգլ.՝ Upskirting)։ Շատ շուտով այն ստանալով երկկուսակցական աջակցություն՝ ընդունվեց ու դարձավ օրենք նույն օրը[8]։

Հանրային հարթակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական անձանց լուսանկարահանումն ու տեսանկարահանումը հանրային ցուցադրման նպատակով արգելող օրենքները Եվրոպայի որոշ երկրներում խոչընդոտել են Google Street View ծառայության համար պատկերների հավաքագրմանը[9]։

Ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում օրենքները տարբեր են՝ կախված այն բանից, թե քանի կողմի համաձայնությունն է անհրաժեշտ զրույցը ձայնագրելու համար։ ԱՄՆ երեսունութ նահանգներում և Կոլումբիայի շրջանում թույլատրվում է ձայնագրել զրույցը, եթե ձայնագրող անձը մասնակցում է զրույցին, կամ զրույցի մասնակիցներից առնվազն մեկը տվել է երրորդ կողմին ձայնագրելու համաձայնություն։

2010 թվականի դրությամբ՝ Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Դելավեր, Ֆլորիդա, Իլինոյս, Մերիլենդ, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Փենսիլվանիա, Վերմոնտ և Վաշինգտոն նահանգներում անհրաժեշտ է ստանալ զրույցի բոլոր կողմերի համաձայնությունը՝ այն ձայնագրելու համար[10]։ Նևադա նահանգում առերես զրույցների ձայնագրության համար բավարար է մեկ կողմի համաձայնությունը, սակայն հեռախոսային զրույցների ձայնագրության համար անհրաժեշտ է ստանալ բոլոր կողմերի համաձայնությունը[11]։

Կանադայում հեռախոսային զանգերը կարող են ձայնագրվել առանց դատարանի որոշման, եթե զանգի որևէ մեկ մասնակից համաձայն է ձայնագրությանը[12]։ Արդարադատության ոլորտում դատարանի որոշումն է՝ ընդունե՞լ, թե ոչ՝ ձայնագրությունը որպես ապացույց, եթե զրույցի երկու կողմերն էլ չեն իմացել, որ այն ձայնագրվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Markon, Jerry; Rich, Eric (2004 թ․ օգոստոսի 26). «Va. Family Defends Video of Bay Bridge». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  2. Rich, Eric; Markon, Jerry (2004 թ․ օգոստոսի 25). «Va. Man Tied to Hamas Held as Witness». The Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  3. «Md. Delegate Wants 'Upskirt' Photos Banned - WTOP.com». Wtopnews.com. 2010 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  4. «'Upskirt' Photo Ban Sought». Fox News. 2005 թ․ նոյեմբերի 14.
  5. «Upskirting to become a crime». The Sydney Morning Herald. 2006 թ․ հուլիսի 28.
  6. Quinn, Garrett. «Massachusetts Supreme Judicial Court: Upskirt photos not illegal under state law». Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  7. Horn, Leslie. «Upskirts Are Totally Legal, Says Bad and Gross MA Court Ruling». Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  8. Ravitz, Jessica. «'Upskirt' ban in Massachusetts signed into law». Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  9. «Google's Street View could be unlawful in Europew». Out-law.com. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  10. «Nevada Reporter's Recording Guide». Reporters Committee for Freedom of the Press. Reporters Committee for Freedom of the Press. Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
  11. «Criminal Code of Canada s184(2)(a)». CANLii.org. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.